Սերբիայում եւ Հունգարիայում այս կիրակի կայացած ընտրություններում հաղթել են գործող նախագահները՝ իրենց ղեկավարած կուսակցություններով։ Ընտրությունները տեղի են ունեցել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին եւ ինքնըստինքյան ազդեցություն են ունեցել դրանց արդյունքների վրա։ Երկու երկրների ղեկավարներն աչքի են ընկնում պրոռուսական հայացքներով, իրավիճակի սրման ընթացքում աշխատում են վարել «չեզոք» քաղաքականություն՝ հնարավորինս խուսափելով միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչը քննադատության է արժանանում թե՛ Կիեւի, թե՛ Արեւմուտքի կողմից։
Սերբիայի հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Վուչիչը հաղթել Է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 59.55 տոկոս ձայներ։ Երկրորդ տեղում Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոսն է՝ 18.35 տոկոսով։ Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (ՍՊԿ) գլխավորած «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան էլ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 43 տոկոսը, երկրորդ տեղում «Միավորված հանուն Սերբիայի հաղթանակի» կուսակցությունն է՝ 13 տոկոսով։
Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, ստացել է ձայների 53.1 տոկոսը եւ զգալիորեն առաջ է անցել Պետեր Մարկի-Զայի գլխավորած ընդդիմադիր «Հունգարիան բոլորի համար» դաշինքից, որին աջակցել է ընտրողների 35 տոկոսը։ Արդյունքում «Ֆիդեսը» խորհրդարանում կստանա 199 մանդատներից 135-ը։ Սա Օրբանի չորրորդ հաղթանակն է խորհրդարանական ընտրություններում։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ զարգացումներ եւ քայլեր կարելի է սպասել, նշենք, որ դա նախեւառաջ նշանակում է կայունություն արդեն իսկ ունեցած մոտեցումներում եւ դիրքորոշումներում։ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության համատեքստում թե Սերբիան, թե Հունգարիան ձգտում են պահպանել չեզոքություն, ինչը նշանակում է համագործակցություն Ռուսաստանի հետ էներգետիկ եւ ցանկացած այլ ոլորտներում։ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի առաջադիմական կուսակցության կենտրոնակայանում լրագրողների հետ ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ Սերբիան մնալու է ռազմական չեզոք երկիր եւ փորձելու է լավ հարաբերություններ պահպանել բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Նա նաեւ նշել է, որ Սերբիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ. «Ես կարծում եմ, որ առջեւում շատ խնդիրներ կան, բայց Սերբիայի համար ամենակարեւորը տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենալն է, եվրոպական ուղին շարունակելը, բայց ավանդական բարեկամական հարաբերությունները չկորցնելը»։
«Progressive Policy» հիմնադրամի տնօրեն, «Բալկանիստ» պորտալի գլխավոր խմբագիր Օլեգ Բոնդարենկոն գրում է, որ հատկապես փետրվարի 24-ից հետո սահմանած պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի համար Եվրոպայի հետ հարաբերությունների գրեթե միակ հնարավորության պատուհանը մնում է չեզոք Սերբիան։ «Ինքնաթիռները դադարեցրել են թռիչքները շատ երկրներ, մի քանի բանկերի համար անջատվել է Swift համակարգը, արեւմտյան առաջատար ապրանքանիշերը լքել են Ռուսաստանի Դաշնությունը։ Ներմուծվող ապրանքների պակասը՝ դեղերից մինչեւ կատուների կեր, դժվարացնում է ռուսների կյանքը»,- ասում է փորձագետը։ Սերբիան միակն է, որն ունի ազատ առեւտրի գոտու համաձայնագրեր եւ՛ Եվրամիության, եւ՛ Ռուսաստանի հետ, եւ երկրի չեզոք կարգավիճակն ամրագրված է Սահմանադրությամբ։ Չնայած հսկայական ճնշումներին, Բելգրադը չի փակել ուղիղ չվերթները դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ։
Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա այս երկրի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը ձեռնտու է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլեւ այլ հանգամանքներից ելնելով։ Մասնավորապես՝ Բուդապեշտի հարաբերություններն իր արեւմտյան գործընկերների հետ բավական լարված են։ Տարբեր առիթներով Եվրոպական կառույցը մատնանշել է, որ Հունգարիան փորձում է առաջ մղել իր ինքնուրույն գիծը, որն այնքան էլ չի համընկնում ԵՄ ներկայիս մոդելի հետ։ Հունգարացիները ցանկանում են կառուցել Եվրամիություն՝ ունենալով ազգային պետությունների ավելի մեծ իրավունքներ եւ լիազորություններ։ Հունգարիայի վարչապետի քննադատները, օրինակ, նշում են, որ վերջինս խարխլում է ժողովրդավարական ինստիտուտները՝ սահմանափակելով լրատվամիջոցների ազատությունն ու դատական համակարգի անկախությունը: Վերջերս բավական սրվել են նաեւ Կիեւի հետ հարաբերությունները, ուկրաինական կողմից հարցադրում էր արվել, թե տնտեսական շահից բացի արդյոք նրանց չի՞ հետաքրքրում Կարպատները։
Ապրիլին նախագահական ընտրություններ են սպասվում Ֆրանսիայում, իսկ Սլովենիայում՝ խորհրդարանական, եւ չի բացառվում, որ Սերբիայում եւ Հունգարիայում գրանցված միտումներն իրենց զարգացումներն ունենան նաեւ այս ընտրություններում։ Որոշ փորձագետների կարծիքով՝ «Պուտինի ընկերների»՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի ֆոնին լրացուցիչ հնարավորություն են ստանում ռուսամետ քաղաքական գործիչները։ Այդ առումով՝ օբյեկտիվորեն աճում են Ֆրանսիայում Մարին լը Պենի շանսերը՝ հնարավորություն տալով հաղթել երկրորդ փուլում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օրեր առաջ ավստրիացի գործընկերոջ՝ Կառլ Նեհամերի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Արեւմտյան Բալկաններին անհրաժեշտ է «հստակ եվրոպական հեռանկար», հակառակ դեպքում նրանք խոցելի եւ բաց կդառնան այլ խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության համար։ «Սա մեզ համար կարեւոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- պարզաբանել է Շոլցը։ Գերմանիան եւ Ավստրիան կոչ են արել արագացնել Արեւմտյան Բալկանների երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Նշենք, որ այս պահին Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Սերբիան ունեն ԵՄ-ին անդամակցության թեկնածուների կարգավիճակ, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան եւ մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը համարվում են «պոտենցիալ» թեկնածուներ։
«Մենք պետք է ոչ միայն խոսենք հնարավոր եվրոպական հեռանկարի մասին, այլեւ գործենք այդ ուղղությամբ»,- շեշտել է Ավստրիայի կանցլերը։ Շոլցը, ինչպես իր նախորդ Անգելա Մերկելը, ով տարիներ շարունակ եղել է Արեւմտյան Բալկաններում ԵՄ ընդլայնման ակտիվ ջատագովը, կոչ է արել բանակցություններ վարել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ: «Մենք պետք է նաեւ ԵՄ-ում իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի մեզ հնարավորություն ընձեռվի ընդլայնվել,- «Das Erste»-ի տեղեկացմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլերը, ապա շարունակել,- Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեզ համար կարեւոր է, որ իսկապես այստեղ արագացնենք, գործի անցնենք եւ հեռանկարներ տանք այս երկրների մարդկանց»:
Սա ցույց է տալիս, որ Եվրոպայում ընթանում է քաղաքական իմաստով ազդեցության տիրույթների սահմանագծում եւ սահմանազատում, որը լավագույն դեպքում ընթանում է քաղաքական-դիվանագիտական, վատագույն դեպքում՝ ռազմական ճանապարհով։