Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում եմ ոչ միայն այդ երկրի, այլեւ համաշխարհային տնտեսության վրա, ինչի հետեւանքով էական փոփոխություններ են սպասվում համաշխարհային շուկայում։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, երեկ հանդես գալով Պետդումայում կառավարության զեկույցով, հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը վեց ամիս է անհրաժեշտ նոր պայմաններում վերակազմավորվելու համար։ Դրան կարող են նպաստել, օրինակ, նավթի եւ գազի, ինչպես նաեւ արտահանվող այլ ապրանքների դիմաց ռուբլով վճարումները։ Այս ճանապարհը հնարավորություն կտա Ռուսաստանին ամրապնդել ռուբլին եւ այն վերածել աշխարհում պահանջարկ ունեցող արժույթի։ Հաջորդը՝ դրական կարող է լինել կապույտ վառելիքի հոսքը դեպի այլ ուղղություններ։ Նշենք, որ Պեկինը նախատեսում է գազի սպառումն ավելացնել 1.4 անգամ։ Արեւմուտքի համար լրջագույն խնդիր կդառնա ռուսական արժույթի համար պահանջարկ ստեղծելը, քանի որ այն կարող է մրցակից դառնալ դոլարին, եվրոյին, բրիտանական ֆունտին, կանադական դոլարին եւ ճապոնական իենին։ Այդ զարգացումն էլ հենց ազդում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում հավաքական Արեւմուտքի որոշումների կայացման վրա, քանի որ ռուբլով վճարումների անցումը տնտեսականից բացի, նաեւ քաղաքական հետեւանքներ կունենա։
Թեեւ Արեւմուտքը հայտարարել է, թե չի պատրաստվում վճարել ռուբլով, սակայն կա արդեն առաջին «ճեղքումն» այդ մասով. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, քանի որ նավթի եւ գազի մատակարարումների սահմանափակումներին միանալը «կարմիր գիծ» է իր երկրի համար։ 2021 թ. սեպտեմբերի վերջին Հունգարիան 15 տարվա պայմանագիր կնքեց «Գազպրոմի» հետ՝ Ուկրաինան շրջանցող «Թուրքական հոսքով» գազի մատակարարման համար, որը Բուդապեշտը մեծ հաջողություն համարեց։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրեր առաջ ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ եթե ԵՄ երկրները հրաժարվեն ռուսական գազ մատակարարելուց, Ռուսաստանը այն կմատակարարի այլ երկրների։
Ապրիլի 5-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին, որի շրջանակներում առաջարկվում էր արգելել ռուսական ածխի ներկրումը տարեկան 4 միլիարդ եվրոյի չափով։ Պատժամիջոցների նոր փաթեթի հաստատումը եւ ածխի ներկրման արգելքը պահանջում էր ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը, արդյունքում երեկ այն ձեռք չի բերվել Գերմանիայի ճնշման ներքո։ Ըստ Ռոյթերս գործակալության՝ ի սկզբանե առաջարկվել էր եռամսյա ժամկետ՝ գործող պայմանագրերի դադարեցման համար, սակայն գերմանական իշխանությունների ջանքերով, որը ռուսական ածխի հիմնական ներկրողն է եւ դեմ էր նման պայմաններին, որոշումը չի ընդունվել։ Այդպիսով՝ Եվրոպան որոշել է հետաձգել ռուսական ածխի ներկրման ամբողջական արգելքի ժամկետը։ Այժմ այն կերկարացվի մինչեւ չորս ամիս, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մինչեւ այս տարվա օգոստոս ածուխ արտահանել ԵՄ։
Սա ցուցիչ է, որ պատժամիջոցները բումերանգի էֆեկտով խնդիրներ են առաջացնում նաեւ այն սահմանողների եւ ոչ միայն նրանց տնտեսությունների համար։ Եվրոպայից, Ասիայից բացի, խնդիրների մասին են բարձրաձայնում նաեւ Աֆրիկայում։ Երեկ Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոզան՝ ելույթ ունենալով երկրի դիվանագիտական կորպուսում, հայտարարել էր, որ աֆրիկյան երկրները տուժում են ուկրաինական ներկայիս ճգնաժամի հետեւանքներից, քանի որ այն հանգեցրել է սննդամթերքի եւ վառելիքի գների բարձրացման։
«Ռուսաստանից ածուխի ներմուծման արգելքը զգայուն կլիներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Եվրամիության համար։ Անցյալ տարի Ռուսաստանը ԵՄ է մատակարարել մոտ 50 մլն տոննա ածուխ, որը կազմում է ԵՄ-ի սպառած ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը՝ 3.3 մլրդ եվրո արժողությամբ: Համապատասխանաբար, 4 մլրդ եվրոյի ծրագրված արգելքը կարող է ազդել Ռուսաստանից ներմուծման մեծ մասի վրա՝ նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ածխի գներն այժմ ավելի բարձր են, քան անցյալ տարի»,- իրավիճակը մեկնաբանել են SberCIB-ի փորձագետներ Գրիգորի Իվանինը եւ Դմիտրի Տրոշինը։ SberCIB-ը նաեւ ակնկալում է, որ ածուխ արդյունահանող ռուսական ընկերությունները կորցրած եվրոպական ծավալները կուղղեն այլ շուկաներ, հիմնականում՝ ասիական: Այնուամենայնիվ, արտահանման նման ուղիներն արդարացված կլինեն միայն այն դեպքում, եթե ածխի գները մնան շատ բարձր, ասում են վերլուծաբանները:
Այդ ամենի հետեւանքով Ռոտերդամում ածխի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 10.8 տոկոսով՝ հասնելով 330 դոլարի մեկ տոննայի դիմաց՝ ամենաբարձր մակարդակը մեկ ամսվա ընթացքում։ ICE միջազգային բորսայի առեւտրի տվյալների համաձայն՝ ածխի մատակարարման եվրոպական պայմանագրերը հաջորդ տարվա համար թանկացել են երեք օր անընդմեջ՝ հասնելով 230 դոլարի մեկ տոննայի դիմաց։ Հումքի արժեքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ մտավախություններ են առաջացել Ռուսաստանից հումքի ներմուծման արգելքի մասին։
Վերլուծաբանները կարծում են, որ գները կշարունակեն աճել, քանի որ եվրոպացի սպառողները կմեծացնեն ռուսական ածխի այլընտրանքների որոնումները, մինչդեռ պակասը լրացնելու աղբյուրները գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Ինդոնեզիայի ածխի արդյունաբերության ներկայացուցիչները, որը ջերմային ածխի աշխարհի առաջատար մատակարարն է, հայտնել են, որ իրենց են դիմել գնորդներ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից եւ Գերմանիայից: Ավստրալիայի ածուխ արտադրողները նշում են, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Եվրոպայում վաճառքը խթանելու համար եւ չեն կարող լրացնել ռուսական արտահանման անկման հետեւանքով առաջացած պակասը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում շահող կարող է դուրս գալ Թուրքիան։ Մասնավորապես՝ Ռուսաստանից եւ Բելառուսից պողպատի արտահանման ԵՄ արգելքը հող կարող է հարթել թուրքական պողպատի արտահանման աճի համար։ Ինչպես գրում է «Hurriyet Daily News»-ը, կանխատեսվում է, որ կաճի Թուրքիայից պողպատի արտադրանքի արտահանումը ԱՄՆ եւ շատ այլ երկրներ։ Նախորդ տարի Թուրքիան հում պողպատի ութերորդ արտադրողն էր աշխարհում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից եւ Գերմանիայից հետո։