Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է պահպանել իր տիրապետությունը: Այս մասին գրում է խորվաթական «Geopolitika.news»-ը: Իսկ աշխարհը հատուցում է ռազմավարական այն սխալների համար, որոնք գործել է Վաշինգտոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Արեւմուտքը Ռուսաստանը կտրել է իրենից, եւ նա իր հանրությունը ձեւավորում է այնպես, ինչպես ուզում է տեսնել նրան, առանց նայելու մեկ ուրիշի: Ապագա Ռուսաստանի կերպարը շատ բանով պայմանավորված է ապագա աշխարհի կերպարով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած ժամանակահատվածում ԱՄՆ-ն մի շարք սխալներ է գործել՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որում Վաշինգտոնը հիմա ռիսկի է դիմում, չնայած ավելի հաջող տարբերակներ էլ կային: Հիմա ԱՄՆ-ն փորձում է պահպանել սառը պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը, որը հիմնված է նրա տիրապետության վրա եւ ապահովում է զարգացում ու բարգավաճում առանց էական ու անսպասելի համաշխարհային ցնցումների:
Վաշինգտոնին չհաջողվեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես ԽՍՀՄ-ի իրավաժառանգորդի, բայց ոչ այն պատճառով, որ չէր կարող, քանզի Մոսկվան պարզապես ծնկի էր եկել ու ավելի քան պատրաստ էր համագործակցության, այլ որովհետեւ ԱՄՆ-ն չէր ցանկանում զբաղվել դրանով, քանի դեռ Մոսկվան չէր ենթարկվել իր համաշխարհային տիրապետությանը: Միեւնույն ժամանակ կարիք չկա թաքցնել, որ Վաշինգտոնում միանգամայն ազդեցիկ ուժեր կային, որոնք, հարբած սառը պատերազմում տոնած հաղթանակից, փորձում էին քայքայել նաեւ նոր՝ բազմազգ ու բազմադավան Ռուսաստանը: Նրանք ձգտում էին մասնատել այն ոչ մեծ «իշխանությունների», որը հեշտ է կառավարել ներսից: Այդ ուժերի համար ամենագլխավոր խոչընդոտը ռուսական միջուկային զինանոցն էր եւ վախը, որ այն կհայտնվի «ոչ ճիշտ ձեռքերում»: Այսպիսով՝ Վաշինգտոնը, հավանաբար՝ ընդմիշտ, բաց թողեց հնարավորությունը՝ ՌԴ-ին ներգրավելու արեւմտյան քաղաքական, տնտեսական կառուցվածքներում, ինչպես նաեւ անվտանգության կազմակերպություններում, այսինքն՝ արեւմտյան աշխարհաքաղաքական շրջանակներում:
Իր ռազմավարությամբ, որը կիրառում էր անցած դարի վերջին, Վաշինգտոնը տարածաշրջանային նշանակության Չինաստանը վերածեց ֆինանսական, ներդրումային ու արտադրական տերության, որը պատմության մեջ չտեսնված ցատկ կատարեց: Չպետք է մոռանանք, որ դեռ 90-ականներին Չինաստանը տնտեսապես զարգացած երկիր չէր, եւ տարեցները, անշուշտ, կհիշեն հեռուստատեսային այն կադրերը՝ չինական քաղաքների փողոցներից, որտեղ ընդհանրապես ավտոմեքենաներ չկային, իսկ չինացիներն ավանդական հագուստներով երթեւեկում էին հեծանիվներով կամ հասարակական տրանսպորտով: Այսպիսով՝ Չինաստանը տարածաշրջանային թույլ պետությունից վերածվեց «համաշխարհային ֆաբրիկայի»՝ համաշխարհային տնտեսական ու ռազմական հսկայի: Այնպիսի հսկայի, որին ոչ մի կերպ, բացի համաշխարհային միջուկային պատերազմից, կանգնեցնել հնարավոր չէ: Ճիշտ է՝ նման պատերազմից հետո երկրի վրա, բացառությամբ կենդանի մնացած մի քանի մարդկանց, հավանաբար, միայն առնետներն ու ուտիճները կվազեին։ Ամենայն հավանականությամբ, նման հեռանկարը դուր չի գալիս համաշխարհային էլիտաներին, հետեւաբար, կարելի է հուսալ, որ վատագույնը տեղի չի ունենա։ Մի խոսքով՝ ընդամենը երեք տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգները Չինաստանին դարձրեց իր հիմնական մրցակիցը: Վաշինգտոնն այժմ չգիտի՝ ինչպես վարվել նրա հետ, քանի որ Պեկինն ինքնաբավ երկիր է դարձել:
ԱՄՆ-ին հաջողվեց շատ կարճ ժամանակում թողնել իր առանցքային դիրքերը Մերձավոր Արեւելքում, որը նրան հնարավորություն էր տալիս լիարժեք վերահսկել աշխարհառազմավարական եւ աշխարհատնտեսական այս կարեւոր տարածաշրջանը, առաջին հերթին՝ էներգետիկ առումով: «Վերահսկելի քաոսի» փոխարեն «Արաբական գարուն» գործողության մեկնարկից հետո նրանք բացեցին Պանդորայի արկղը։ Բայց ոչ իսլամական ահաբեկչության, ինչպես կարելի է կարծել, քանի որ այն բավականաչափ վերահսկվում է, որպեսզի մեծ վտանգ չներկայացնի անվտանգության համար: Ոչ, ԱՄՆ-ն աշխարհի մյուս տերություններին հնարավորություն տվեց գալ այս տարածաշրջան եւ սկսել մրցել իր հետ։ Հենց դա տեղի նշանավոր խաղացողների, այդ թվում՝ արաբական հարուստ միապետությունների եւ Իրանի առջեւ հնարավորություններ բացեց արտաքին քաղաքական մանեւրների համար: Այդպես նրանք մասամբ ազատվեցին անգլո-ամերիկյան ուժերի գերիշխանությունից, որը տեւեց մի ամբողջ դար։ Սիրիական հեղափոխությունը եւ Ասադին տապալելու փորձը Ռուսաստանին թույլատրեցին վերադառնալ մերձավորարեւելյան տարածաշրջան, որը դեռ ցարական ժամանակներից Ռուսաստանի գլխավոր ռազմավարական ուղղությունն էր եւ այդպիսին մնաց ԽՍՀՄ-ի օրոք։ Այն ավանդաբար ծառայել է որպես Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական հենակետ: Ռուսաստանից բացի, տարածաշրջան ներթափանցեց նաեւ Չինաստանը՝ օգտվելով հիմնականում «փափուկ ուժից», այսինքն՝ ներդրումներից ու առեւտրից։
Համաշխարհային նեոլիբերալ քաղաքականության շնորհիվ, որը Վաշինգտոնն ակտիվորեն վարում էր վերջին երեք տասնամյակի ընթացքում, բացառությամբ Թրամփի կարճ «դարաշրջանի», «լկտիաբար գլուխ բարձրացրին» եւ եվրոպացի դաշնակիցները՝ պոկվելով ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներից: Տնտեսության եւ արտաքին քաղաքականության մեջ նրանք սկսեցին ինքնուրույնություն դրսեւորել։ Այսպես՝ Եվրամիությունը, այսինքն՝ նրա առանցքային անդամները, ամուր հիմքեր են դրել տնտեսական համագործակցության համար Իրանի հետ, որը ենթարկվել է ԱՄՆ կոշտ պատժամիջոցների, ինչպես նաեւ Չինաստանի հետ, որն ԱՄՆ-ի համար շատ ավելի վատ է։ Բացի այդ, եվրոպացիները կայուն հարաբերություններ են կառուցել Ռուսաստանի հետ։ Եվ ոչ միայն էներգետիկայի ոլորտում, որը, իհարկե, գերիշխող է։ Մինչեւ հակառուսական վերջին պատժամիջոցները չկար եվրոպական եւ միջազգային այնպիսի ընկերություն, որը չաշխատեր ռուսական մեծ շուկայում։ Համաշխարհային բրենդները ոչ միայն վաճառում էին իրենց ապրանքներն այնտեղ, այլեւ արտադրում էին այն ռուսաստանյան իրենց ձեռնարկություններում։ Պուտինի՝ իշխանության գալուց հետո Մոսկվան վարեց այսպիսի քաղաքականություն. եթե դուք ուզում եք, որ մենք գնենք ձեր շքեղ ապրանքները, ապա պետք է ներդրումներ կատարեք Ռուսաստանում, ստեղծեք աշխատատեղեր եւ հարկեր վճարեք։ Ելցինի օրոք քաղաքականությունը հիմնված էր միանգամայն սխալ պարադիգմայի վրա. մենք ունենք նավթի եւ այլ բնական պաշարների անսահմանափակ պաշարներ, որոնցով կարող ենք գնել աշխարհում այն ամենը, ինչը մեզ անհրաժեշտ է: Այս քաղաքականության պատճառով ռուսական արդյունաբերությունը լիովին փլուզվեց, եւ նավթից ու այլ աղբյուրներից եկամուտներ ստացան միայն իշխանական նեղ շրջանակները եւ անսահման հարուստ ու ամենազոր օլիգարխների նորահայտ շրջանակները: Ժողովուրդն աղքատացավ ու սոցիալական առումով «ծնկի բերվեց»: Հասարակության բարոյական անկման ֆոնին կտրուկ աճեցին գործազրկությունն ու հանցագործությունները՝ իրենց բոլոր դրսեւորումներով։
Աշխարհի այս նոր պատկերը վտանգավոր կերպով ցնցեց հին աշխարհակարգը եւ թուլացրեց ամերիկյան դիրքերն աշխարհում։ Քնկոտ Վաշինգտոնին, որը ննջում էր սառը պատերազմում տարած հաղթանակի դափնիների վրա՝ վայելելով դրա շնորհիվ ստացած համաշխարհային տիրապետությունը, անհրաժեշտ էր շտապ ինչ-որ բան անել: Բայց ընդամենը երկու տարբերակ կար:
Կամ ընդունել իրականությունը, այսինքն՝ համաձայնվել աստիճանական անցմանը «բազմաբեւեռության», որում ԱՄՆ-ն, անկասկած, որոշ ժամանակ անվիճելի կարգավիճակով գլխավոր բեւեռի դեր կկատարեր։
Կամ նետվել վճռական մարտի՝ հեգեմոնիայի պահպանման կամ, ավելի ճիշտ, վերադարձի համար։ Այո, վերադարձի, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում արթնացել էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ մի քան երկրներ, որոնք պակաս հավակնոտ չեն՝ Հնդկաստանը, Թուրքիան, արաբական աշխարհը: Այս պետությունները վաղուց ինքնուրույն քայլեր են անում, որոնք դուր չեն գալիս ԱՄՆ-ին։
Վաշինգտոնը վերջնականապես ընտրեց երկրորդ տարբերակը՝ հաշվեհարդար լինել աշխարհաքաղաքական միանգամից երկու առանցքային մրցակիցների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Դրանից հետո մնացած բոլորի խաղաղեցումն ԱՄՆ-ի համար մանրուք կլիներ։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն կարծես թե չի ցանկանում միաժամանակ երկու ճակատ բացել։ Ուստի նախ հարձակվեց Ռուսաստանի վրա, որին հաղթելուց հետո անմիջապես կանցնի Չինաստանին, որպեսզի «տեղը դնի» նրան։ Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանի նկատմամբ ամերիկյան պաշտոնական մոտեցումը բնութագրվում է ավելի «մեղմ» հռետորաբանությամբ։ Օգտվելով դրանից՝ Վաշինգտոնը փորձում է համոզել Պեկինին, որ վերջինս կարող է օգուտ քաղել, եթե հրաժարվի աջակցել Մոսկվային։ Զուգահեռաբար ԱՄՆ-ն սպառնում է Չինաստանին պատժամիջոցներով, եթե շարունակի աջակցությունը ՌԴ-ին։ Բոլոր գործողությունները, որոնք Վաշինգտոնը վերջին տարիներին ձեռնարկել է Պեկինի նկատմամբ, ցույց են տալիս, որ նա մտադիր է անել նույնը, ինչ Ռուսաստանի հետ։ Ամեն դեպքում՝ Չինաստանն այդպես է մտածում, այսինքն՝ Վաշինգտոնի քայլերը համարում է սպառնալից եւ ոչ բարեկամական։
Ռուսաստանն այժմ Չինաստանից ոչինչ չի պահանջում, բացի չեզոքությունից՝ համարելով, որ կարող է գլուխ հանել նոր իրավիճակից, երբ վերջնականապես կտրվի Արեւմուտքից։ Մյուս կողմից՝ ՌԴ-ն միակն է, որ Չինաստանին ապահովում է չափազանց կարեւոր աշխարհառազմավարական թիկունքով եւ անվտանգությամբ, հակառակ դեպքում Չինաստանը պարզապես շրջապատված կլիներ, մեղմ ասած, ծայրահեղ անվստահելի երկրներով։ Բացի այդ, Ռուսաստանը Չինաստանի համար էներգակիրների միակ հուսալի աղբյուրն է տրանսպորտային, առաջին հերթին՝ ծովային միջանցքների փակման դեպքում… Հետագա զարգացումներին կանդրադառնանք «ՀՀ»-ի առաջիկա համարում: