Հայաստանյան հանրությունը վաղուց հարցեր է հնչեցնում՝ փորձելով պարզել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների իրական բնույթը՝ ձեւավորվող նոր իրողություններում սեփական տեղը գտնելու համար: Այն, որ Անկարայի նկատմամբ մոսկովյան քաղաքականությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել, արդեն հասկանալի է, սակայն Մոսկվան ու Անկարան ունեն պետական հետաքրքրություններ, որոնք չեն կարող չբախվել, այդ թվում՝ Ուկրաինայում: Ռուս-ուկրաինական հակամարտությունում Անկարայի դերի շարունակական ուսումնասիրումը հրատապ խնդիր է նաեւ Հայաստանի համար:
Ռուսաստանում այսօր տարբեր կերպ են վերաբերվում Ուկրաինայի հետ բանակցություններին: Ոմանք կարծում են, որ Մոսկվայում դրանք շարունակելու վերաբերյալ «վերեւից» որոշում կա: Կան նաեւ հետաքրքրվողներ, այդ թվում՝ պետություններ, որոնք բացահայտ կամ թաքուն միջնորդական գործունեություն են իրականացնում այդ բանակցություններում: ՌԴ-ում շատ լավ են հասկանում, որ Թուրքիայի համար Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ միջնորդի դերը շահավետ է: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնազդով է զգում, որ բոլոր վատ տարբերակներից լավագույնը դա է: Իսկ լավ տարբերակ ոչ ոք չունի: Այդ բարդ ու անշնորհակալ միջնորդության մեջ թաքնված է քաղաքական ու տնտեսական շահաբաժնի հաշվարկը:
Էրդողանն այնպես է հավասարակշռում, որ Թուրքիայի շահը կախված չլինի այն բանից, թե արդյոք հավակնոտ ջանքերը կավարտվե՞ն բանակցություններում բեկումով: Թուրքիայի հետաքրքրություններն այդ միջնորդության մեջ, ըստ մտահղացման, կախված չեն այն բանից, թե ինչպես կընթանան գործերն օտար ռազմաճակատներում: Գործընթացը, շարժումն ինքնին այստեղ ավելի կարեւոր են, քան վերջնարդյունքը:
Հակամարտող կողմերի համար ելքը ճակատագրական է, իսկ միջնորդի դիրքորոշումը թույլատրում է, որքանով հնարավոր է, հակամարտության մասնակիցների համար մնալ հավասար հեռավորության վրա: Միջնորդը նաեւ հնարավորություն ունի, երբ անհրաժեշտ է, մոտենալ կողմերից մեկին: Երկկողմ շահն ուշադիր հաշվարկվում է: Շատ բան կախված է միջազգային ասպարեզում ուժերի դասավորություններից եւ նույն ռազմաճակատներում առկա մթնոլորտից: Արեւելքում սիրում են հաղթողներին: Անկարան, բացի այդ, հաշվի է առնում կատարվածի համաշխարհային բնույթը եւ աճող համընդհանուր ռիսկերը: Միջնորդություն ստանձնած Թուրքիան այդ կերպ ցանկանում է խուսափել իր համար վտանգավոր սցենարներից: Իսկ նման սցենարներ կան:
Թուրքիայում խոսել են Ռուսաստանի հետ զինված բախման ուրվականի մասին: Եվ ոչ թե Սիրիայում, ինչպես արդեն եղել է, այլ Սեւ ծովում, այն էլ՝ ոչ թե հիմա, այլ հեռանկարում: Բայց թուրքերն անմիջապես հայտարարում են, որ ոչ Մոսկվան, ոչ էլ Անկարան նման բան չեն ցանկանում, ուղղակի բախում կարող են սադրել երրորդ երկրները: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները սպառնալիք են «Թուրքիայի հյուսիսային սահմանների համար»: Այս մասին թուրքական «Ենի Շաֆաք» թերթի իր սյունակում գրել է Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, նույն թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը:
Նա նշում է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարեւոր անդամն է», բայց ենթադրում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս գործընկերների գործողությունները կարող են մեկնաբանվել որպես «ոչ բարեկամական եւ նույնիսկ թշնամական»: Արեւմուտքը խաղադրույք է կատարել իրաքյան եւ հատկապես սիրիացի քրդերի վրա՝ ի հեճուկս Թուրքիայի: Արտերկրում հաստատված ընդդիմադիրներին աջակցությունը՝ ի դեմս, օրինակ, Ֆեթուլլահ Գյուլենի, ԿՀՎ-ի կասկածելի ակտիվությունը 2016 թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ նույնպես ուղղված են պաշտոնական Անկարայի դեմ:
Վերլուծաբանի եզրակացությունները տագնապալի են. «Ուկրաինայից հետո արեւմտյան երկրները Թուրքիային կհանեն Ռուսաստանի դեմ… Եվ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան, այնուամենայնիվ, հաստատվեն Սեւ ծովում, ապա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պատերազմն անխուսափելի է… Արեւմուտքի նպատակը պատերազմն է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Պուտինն ու Էրդողանը պետք է կանխեն դա»,- գրում է Քարագյուլը։
Թուրքիայի մերձավորարեւելյան հետազոտությունների ORSAM քաղաքագիտական կենտրոնում նույնպես կարծում են, որ հակամարտությունը Ազովի եւ Սեւ ծովերի ափերից «կարող է տարածվել դեպի Միջերկրական եւ նույնիսկ Կարմիր ծովի տարածաշրջան»։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Այդ տարածաշրջանների ապակայունացումը, ինչպես համոզված են Թուրքիայում, շատ բանով ԱՄՆ-ի քաղաքականության հետեւանքն է: Նվազագույնը վերջին 20 տարում Թուրքիայում անցկացված հանրային կարծիքի՝ առանց բացառության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության մեջ շատ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները:
Հարցումներից մեկը, որի արդյունքները հունվարին հրապարակել է Ստամբուլի համալսարանը, ցույց է տվել, որ քաղաքացիները հանդես են գալիս մահմեդական երկրների ու Ռուսաստանի հետ համագործակցության օգտին: Թուրքերը կայուն կերպով ԱՄՆ-ին սպառնալիք են համարում, իսկ այս անգամ նման կարծիք է հայտնել հարցման ենթարկվածների 56.1 տոկոսը: ԱՄՆ-ն ավանդաբար Թուրքիայում չսիրվող պետությունների եռյակում է՝ Հայաստանի ու Իսրայելի հետ միասին:
Միջնորդական դերն Անկարային հնարավորություն է տալիս չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ չմիանալ արեւմտյան պատժամիջոցներին, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը: Եվ միեւնույն ժամանակ չհրաժարվել Ուկրաինայի հետ համագործակցությունից:
Տնտեսական շահերը նույնպես մեծ են: Ռուս տուրիստներն ավանդաբար գերադասում են հանգստանալ Թուրքիայում. միայն 2021 թ. նրանց թիվը հասել է 4.7 մլն մարդու, իսկ մինչեւ համավարակի բռնկումն այդ թիվը շատ ավելի տպավորիչ էր: Բավական է նշել, որ ռուս զբոսաշրջիկները կազմել են Թուրքիա տուրիստական ընդհանուր հոսքի 21 տոկոսը:
Թուրքիան, իր հերթին, ներմուծվող ցորենի 80 տոկոսը գնում է Ռուսաստանից ու Ուկրաինայից, ընդ որում՝ մոտ 70 տոկոսը՝ ՌԴ-ից: Եվ այդ մատակարարումներից է կախված հացի գինը: Թուրքիայում արժեզրկումը շատ բարձր է: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկրում 2023 թ. ընտրություններ են, իսկ Էրդողանը, անկասկած, պատրաստվում է դրան, կարելի է չկասկածել, որ գործող նախագահը կձգտի խուսափել հնարավոր խափանումներից հացահատիկի մատակարարումներում, քանզի սնունդը սոցիալական կայունության երաշխիքն է:
Թուրքիան տարեկան սպառում է 50 մլրդ խմ գազ, որի 42-50 տոկոսը ստանում է ՌԴ-ից: Մոտ ապագայում Անկարան չի կարող հրաժարվել ռուսական գազի ներկրումից եւ նման բան չի էլ պլանավորում, չնայած դրա տոկոսը նվազում է: Թուրքերը գազ են գնում նաեւ Իրանից ու Ադրբեջանից: Աճում են ադրբեջանական գազի ներկրման ծավալները: Ալժիրն ու Կատարը հեղուկացված գազ են մատակարարում, բայց քիչ, իսկ այժմ բանակցությունները շարունակվում են:
Վերջին շրջանում Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, ինչը ենթադրում է այդ երկրից դեպի Թուրքիա գազամուղի շինարարության հարցի քննարկում: Թուրքիայում նաեւ ակնարկում են, որ ուսումնասիրում են Իրաքյան Քուրդիստանից էներգակիրների ներմուծման հնարավորությունը: Բանն այն է, որ թուրքերն ավելի լավ հարաբերություններ են պահպանում իրաքյան, այլ ոչ թե սիրիական քրդերի հետ: Իսրայելից Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա գազի արտահանման հարցը հիմա մշակման փուլում է եւ ժամանակ, ներդրումներ ու տարածաշրջանային կայունություն է պահանջում: Դա նշանակում է, որ ռուսական գազից Թուրքիայի կախվածությունը շարունակվում է: Այդ պատճառով Անկարային ոչինչ չի մնում, քան շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ: Առայժմ:
Թուրքիան, Ռուսաստանից գնելով «C-400» զենիթահրթիռային համակարգեր, զայրացրեց ԱՄՆ-ին, իսկ այնուհետեւ, «Բայրաքթարներ» վաճառելով Ուկրաինային, դուրս եկավ Մոսկվայի դեմ: Բայց այսօր, միջնորդական առաքելություն ստանձնելով Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, վերադարձնում է Վաշինգտոնի բարյացակամությունը:
Օգտագործելով այս եւ ուրիշ փաստեր՝ արեւմտյան որոշ վերլուծաբաններ Թուրքիային ու Ռուսաստանին անվանում են «frenemy»` «friend» եւ «enemy» բառերից: Այն նշանակում է «բարեկամ» եւ «թշնամի»՝ միաժամանակ: Բայց այս իրավիճակը երկար չի տեւի: Այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա եւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում, Անկարային կզրկեն եկամտաբեր միջնորդական առաքելությանը կառչելու հնարավորությունից: Անկարայում միշտ հպարտացել են ՆԱՏՕ-ում երկրորդը լինելու փաստով, իսկ երկրորդը լինելու գինը ստիպված կլինեն վճարել դաշինքին:
Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններ է սկսել այնքանով, որքանով նրան դա թույլատրել է ՆԱՏՕ-ն: Անկարան ոչ թե ինքնիշխան քաղաքականություն է վարում, այլ դեսանտ է իջեցվել Մոսկվայի թիկունքում եւ առայժմ հաջողությամբ իրականացնում է այդ դերը՝ անհրաժեշտ տեղեկատվություն մատուցելով Արեւմուտքին եւ զուգահեռաբար հաշվելով Մոսկվայի հետ «թույլատրված» տնտեսական համագործակցությունից ստացված գումարները: Եթե անհրաժեշտություն առաջանա, Թուրքիան բացահայտ հանդես կգա ՆԱՏՕ-ի անդամի դիրքերից եւ կհարվածի Ռուսաստանին, նաեւ՝ Հարավային Կովկասում, իսկ եթե Մոսկվան հաջողության հասնի, ապա կներկայանա որպես ՌԴ-ի դաշնակից՝ որպես ապացույց ներկայացնելով երկրում առկա հակաամերիկյան տրամադրությունները: Այս գայթակղիչ հեռանկարը լիարժեք ապահովելու համար է այսօր Թուրքիան գազի ներկրման այլընտրանքային ուղիներ որոնում: Ով գիտե, գուցե ռուսական գազից հրաժարումը պարտադիր պայման դառնա…
Մի՞թե Հայաստանի համար Ուկրաինան վերածվում է նորօրյա Ստալինգրադի…