Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, ինչը բացառված չէ, որ կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների։ Ճգնաժամն առաջացել է սահմանափակ լիազորություններով նախագահի ընտրության առնչությամբ տարաձայնությունների, ավելի հստակ՝ քրդական ուժերի միասնական թեկնածուի հարցում ընդհանուր հայտարարի չգալու պատճառով։ Նշենք, որ 2005-ի հետսադամյան խորհրդարանական առաջին ընտրություններից ի վեր ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։
Նշենք, որ 2019 թ. հոկտեմբերին Իրաքում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետության, Համաշխարհային բանկի տվյալներով՝ 25 տոկոս կազմող գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ Բաղդադում բողոքի ցույցեր սկսվեցին։ Դրանք կայծակնային արագությամբ տարածվեցին երկրի հարավային շիաբնակ նահանգներում եւ շարունակվեցին, տեղի ունեցան բախումներ ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ, ինչի հետեւանքով դեկտեմբերին արդեն շուրջ 500 զոհ կար։ Ցուցարարները, բնականաբար, անմիջապես առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը, եւ նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Սակայն նոր կառավարություն ձեւավորելու նպատակով խորհրդարանական արտահերթ ընտրությունները ձգձգվեցին: Շահագրգիռ ուժերին միայն 2020 թ. մայիսի սկզբին հաջողվեց համաձայնության գալ Մոստաֆա ալ Քադեմի թեկնածության շուրջ, ով չմասնակցեց ընտրություններին։ Եվ, ի վերջո, 5-րդ՝ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան 2021 թ. հոկտեմբերի 10-ին։ Սակայն որոշ ուժեր, կասկածի տակ դնելով եւ չընդունելով ընտրությունների արդյունքները, պահանջեցին վերահաշվարկում, ապա բողոք ներկայացրեցին սահմանադրական դատարան։ Հանգամանքներ, որոնց պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարի 9-ին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» («Առաջընթաց») դաշինքի անդամ Մոհամեդ ալ Հալբուսին, ընտրվեցին նաեւ 2 փոխխոսնակները. առաջինը՝ Հաքեմ ալ Զամելին՝ հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի «Սաերուն» («Դեպի բարեփոխություններ») դաշինքից, իսկ երկրորդը՝ ՔԺԿ-ից։
Այնուհետեւ խորհրդարանում բավական դժվարությամբ ձեւավորվեց Սադրի գլխավորությամբ մեծամասնության՝ «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը։ Այն ձեւավորվել է 2 դաշինքի ու 1 կուսակցության (խորհրդարանական ընտրություններում 73 ձայնով առաջին տեղը գրաված «Սաերունի» ու 37 ձայնով երկրորդ հորիզոնականում հայտնված սունիների «Ալ Սիյադաթի» («Ինքնիշխանություն») եւ 31 ձայնով 4-րդ տեղը զբաղեցրած ՔԺԿ-ի) մասնակցությամբ։ Ապա «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը ջանքեր գործադրեց երկրի նախագահ ընտրել ՔԺԿ-ի թեկնածու Ահմեդ Ռիբեր Խալեդին, իսկ վարչապետի պաշտոնում հովանավորում էր Լոնդոնում Իրաքի դեսպան Խաաֆար ալ Սադրի թեկնածությունը, ով մտերիմ հարաբերություններ ունի Մոքթադա Սադրի հետ։ Սակայն այդ բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Երկրի նախագահն ընտրվում է խորհրդարանի 329 անդամների 2/3-ի ձայներով, ընտրությունների 3 փորձն էլ ձախողվեց, քանի որ ընդդիմադիր «Համակարգման շրջանակ» դաշինքը բոյկոտեց, ինչի հետեւանքով խորհրդարանը զրկվել է նախագահի ընտրության համար անհրաժեշտ քվորումից։
Ի դեպ, նախագահն ընտրվում է ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում, ով խորհրդարան է ներկայացնում վարչապետի թեկնածուին։ Այս առնչությամբ առաջացած բարդությունների պատճառով սահմանադրական դատարանը նախագահ ընտրելու համար մինչեւ ապրիլի 6-ը ժամանակ էր տվել, ինչը եւս չօգնեց խնդրի լուծմանը։ Այժմ Սադրը «Համակարգման շրջանակին» 40 օր ժամանակ է տրամադրել, որպեսզի մեծամասնություն կազմի եւ կառավարության ձեւավորումը փակուղուց դուրս բերի, միաժամանակ կոալիցիայի անդամներին արգելել է բանակցել այդ ուժի հետ։ Հատկանշական է նաեւ, որ «Համակարգման շրջանակը» ձգտում է կոալիցիա կազմել «Սաերունի» հետ, մինչդեռ վերջինս դեմ է դրան։ Այսուհանդերձ, հաշվի առնելով 40 անկախ պատգամավորի առկայությունը, դժվար թե ընդդիմությանը հաջողվի կառավարություն ձեւավորել։ Ի դեպ, անկախներից շատերը եւս բոյկոտում էին մեծամասնության թեկնածուի ընտրությունները, որոնց մասնակցում էին բազմաթիվ այլ թեկնածուներ, սակայն մրցակցությունն Ահմեդ Ռիբերի եւ գործող նախագահ Բրահամ Սալեհի միջեւ էր լինելու։ Առաջացած նման փակուղին պայմանավորված է նաեւ արտաքին գործոնով։ Համաարաբական հայացքներով շիա Սադրը հակված է դեպի Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կողմը, մինչդեռ «Համակարգման շրջանակում» միավորված շիա ուժերն իրանամետ են։
Հավելենք, որ թեեւ պաշոնապես որեւէ քաղաքական ուժ չի քննարկում, սակայն իրաքյան եւ տարածաշրջանային ԶԼՄ-ներում խոսվում է փակուղուց դուրս գալու այլընտրանքային տարբերակի մասին, այն է՝ սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնին վերականգնում է վարչապետի պաշտոնակատար Ալ Քադեմիին, որին խորհրդարանը կամ դաշնային դատարանը լիազորություններ կտա, որպեսզի կարողանա իրականացնել կարեւոր նախագծեր, ինչպիսին 2022-ի բյուջեն է։ Բացի այդ, նա հիմնովին փոփոխության է ենթարկելու կառավարության կազմը։ Այսուհանդերձ, եթե ընդդիմությանը եւս չհաջողվի կառավարություն ձեւավորել, ինչն առավել հավանական է, մանավանդ որ այդ դեպքում Սադրի գլխավորած «Սաերունը» իշխանությունից դուրս է մնալու, ապա Ալ Քադեմիի վերականգնումը եւս չի գործելու։ Ավելին՝ «Համակարգման շրջանակից» արդեն հնչում են կարծիքներ, որ դա «Հայրենիքի փրկության» նախագծերից է ու մերժելի։
Ստեղծված իրավիճակը, որը, հավանաբար, կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների, վերլուծաբանների կարծիքով՝ պայմանավորված է քաղաքական ուժերի անզիջում, կոշտ դիրքորոշումներով։ Ոմանք էլ ելքը տեսնում են շիա-շիա՝ «Սաերուն»-«Համակարգման շրջանակ» համաձայնության մեջ, բայց, հաշվի առնելով արտաքին ուժերի միջամտության հարցը, դրա հավանականությունը, թերեւս, զրոյական է։ Թեեւ կան նաեւ տեսակետներ, որ նոր ընտրությունները հղի են շատ վատ հետեւանքներով Իրաքի համար, բայց եւ այնպես, թվում է, թե զարգացումները դրան են տանում։