Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան իրենց աջակցությունն են ցուցաբերում Ուկրաինային նաեւ ամենաբարձր մակարդակի պատվիրակությունների այցելությունների շրջանակներում։ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահները ապրիլի 13-ի առավոտյան գնացքով մեկնել էին Կիեւ, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այցելել Կիեւի մարզի Բորոդյանկա բնակավայր։ Այցի շրջանակներում քննարկվել է Կիեւին զենքի մատակարարումների հարցը։ Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկու խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է տեխնիկա, սպառազինություն եւ դաշնակցային աջակցություն։ «Ուկրաինայի արեւելքում առաջիկա օրերին նախատեսվում է հզոր տանկային մարտ. հավանաբար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճակատամարտը: Եվ այսօր մեզ անհրաժեշտ են բանակցություններ Ուկրաինայի հետ, թե ինչ է պետք երկրին»,- «RuBaltic.ru»-ի փոխանցմամբ՝ ասել է Յաբլոնսկին։ Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիցն էլ հայտարարել է, որ երկու ամսվա ընթացքում արդեն իսկ ծախսել են երկրի տարեկան ռազմական բյուջեի մեկ երրորդը՝ Ուկրաինայի ռազմական հզորությունը կառուցելու համար:
Ի դեպ, ԵՄ երկրների ղեկավարներից կազմված կառավարական պատվիրակության հետ մտադիր էր Կիեւ այցելել նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է ընդունել Գերմանիայի ղեկավարին, մինչդեռ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ԵՄ երկրների այլ ներկայացուցիչների հետ։ Ըստ գերմանական «Bild» օրաթերթի՝ մերժման պատճառը Կիեւի դժգոհությունն է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման գործում Շտայնմայերի ունեցած նախկին դերակատարությունից։ Ուկրաինական կողմը Շտայնմայերին է համարում «Հյուսիսային հոսք-2» ռուս-գերմանական գազատարի կառուցման ջատագովներից մեկը։ Միաժամանակ Գերմանիայի նախագահի այցը չեղարկելուց անմիջապես հետո այս երկրում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել է կանցլեր Շոլցին Կիեւ հրավիրելու որոշման մասին։
Բեռլինում շատերը նախագահին հանդիպել չցանկանալու մասին տեղեկությունն ընկալեցին որպես վիրավորանք ամբողջ Գերմանիայի համար։ Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ սուր քննադատել են Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով վերանայել իր որոշումը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Զելենսկու որոշումն անվանել է «նյարդայնացնող», նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները չի մեկնաբանել Կիեւի իշխանությունների գործողությունները, սակայն նշել է, որ Շտայնմայերը «շատ հստակ եւ միանշանակ» միշտ աջակցել է Ուկրաինային, եւ հիշեցրել որ «նախագահը պաշտոնապես ներկայացնում է Դաշնային Հանրապետությունը։ «Գերմանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինային եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկիին, սակայն ստիպված է խոստովանել, որ սխալ էր Կիեւում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին չընդունելը»,- այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը «Funke» մեդիահոլդինգի թերթերում երեկ տպագրված հարցազրույցում։
Թեեւ գերմանական պաշտոնական դիրքորոշումն առավելապես պրոուկրաինական է, սակայն տեղական եւ միջազգային փորձագիտական շրջանակները մատնանշում են լուրջ խնդիրների մասին Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացնելու մասով։ Օրինակ, ամերիկյան S&P Global կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Փոլ Գրունվալդը զգուշացնում է, որ եթե Գերմանիան որոշի խզել առեւտրային կապերը Ռուսաստանի հետ, ապա դա անդառնալի վնաս կհասցնի նրա արտադրությանը՝ հանգեցնելով ՀՆԱ-ի կրճատման, զբաղվածության նվազման եւ կառավարության նկատմամբ վստահության վատթարացման։ Գերմանական մի շարք առաջատար տնտեսական հաստատություններ եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների մատակարարման դադարեցման դեպքում Գերմանիայի ընդհանուր կորուստները կարող են կազմել մոտ 220 միլիարդ եվրո 2022-2023 թթ.:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կատալիզատորի դեր է կատարել ԵՄ-ի համար՝ առավել ընդգծելով կառույցի ներսում առկա խնդիրները։ Մի շարք երկրներ փորձում են հնարավորության սահմաններում մանեւրել, որպեսզի զբաղեցնեն առավել չեզոք դիրք՝ քաջ գիտակցելով ցանկացած կողմի հետ հարաբերությունները վատթարացնելու ծանր հետեւանքները։ Մասնավորապես, Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ապրիլի 13-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական գազի վրա էմբարգոյի սահմանմանը դեմ է ոչ միայն Ավստրիան, այլեւ ԵՄ մի շարք այլ երկրներ, որոնց թվում են նաեւ Գերմանիան եւ Հունգարիան։ Ըստ նրա՝ ԵՄ-ի անհապաղ հրաժարվելը ռուսական գազից ներկայումս անհնար է, ԵՄ-ին ժամանակ է պետք՝ նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանի էներգակիրների ներմուծումից։ Թեեւ Ավստրիան ԵՄ երկրների հետ միասին վճռականորեն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն Նեհամերի կարծիքով, պատժամիջոցները չպետք է «ավելի մեծ հարված հասցնեն ԵՄ-ին, քան Ռուսաստանի Դաշնությանը»։
Հետքայլ է կատարում նաեւ Հունաստանը։ Երկրի կառավարությունը նախկինում Ուկրաինա էր ուղարկել երկու S-130 տրանսպորտային ինքնաթիռներ՝ ռազմական աջակցությամբ, այդ թվում՝ Կալաշնիկով ինքնաձիգներ եւ մարդատար հակաօդային պաշտպանության համակարգեր։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Աթենքն այլեւս չի ծրագրում զենք կամ ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք սեփական պաշարներից են, եւ ավելի շատ ուղարկելը կարող է ազդել Հունաստանի տարածքի պաշտպանության վրա, հատկապես կղզիներում: Նշենք, որ վերջին հարցումների համաձայն՝ հույների 66 տոկոսը համաձայն չէ Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելուն, կառավարության որոշմանն աջակցում է միայն 29 տոկոսը։
ԵՄ-ի համար կարեւորագույն պետություններից է Ֆրանսիան, որտեղ այս պահին նախընտրական ժամանակաշրջան է։ Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուն էլ աչքի չեն ընկնում հակառուսական մոտեցումներով։ Թե Էմանուել Մակրոնը, թե Մարի լը Պենը չեն կիսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գնահատականը՝ Ռուսաստանի գործողությունները որակելու որպես ցեղասպանություն։ Գործող նախագահը France 2-ին տված հարցազրույցում ռուսներին եւ ուկրաինացիներին անվանել է եղբայր ժողովուրդներ՝ ընդգծելով, որ այժմ պետք է զգույշ լինել տերմինների նկատմամբ։ «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու լը Պենը կարծում է, որ «Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրություն կատարի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»։ Այս համատեքստում նա բավականին համարձակ հայտարարություններ է արել նաեւ Ղրիմի վերաբերյալ՝ նշելով, որ Ղրիմը պատմականորեն ռուսական էր, ուստի մարդիկ որոշել են վերամիավորվել իրենց հայրենիքին։ Ընտրություններից հետո, անկախ այն բանից, թե որ թեկնածուն կհաղթի, Ֆրանսիան ավելի հստակ արտաքին քաղաքականություն կվարի։
Եվրամիության անդամ պետությունների նման դիրքորոշումները ցույց են տալիս, որ եթե կառույցի ներսում չկարողանան փոխհամաձայնության գալ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված մի շարք առանցքային հարցերի շուրջ, ապա նրա համար ճակատագրական հետեւանքներն անխուսափելի կարող են լինել։