Ուկրաինական ճգնաժամի երկարաձգմանը զուգահեռ՝ պետությունները փորձում են նոր իրողությունների պայմաններում հավասարակշռության վիճակ ստեղծել։ Մասնավորապես՝ Ղազախստանը, որը Ռուսաստանի հետ բավական սերտ կապեր ունի, ներկա դրությամբ քայլեր է ձեռնարկում տնտեսական եւ հաղորդակցության այլընտրանքային ուղիներն ամրապնդելու ուղղությամբ։ Թեեւ թվում էր՝ Նազարբաեւի հեռացումով Ղազախստանն առավելապես հայացքը կուղղի դեպի Ռուսաստան, սակայն Ուկրաինայի շուրջ զարգացումներն ստիպում են, որ Տոկաեւը բաց չթողնի թյուրքական աշխարհին կապող «թելը»։ Դա իրականացվում է բոլոր հարթություններով՝ գաղափարական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հանձնարարականով օրեր առաջ երկրի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց թուրք քաղաքական գործիչ, իրավաբան Ադնան Մենդերեսի անունով։ Վերջինս Թուրքիայի առաջին բազմակուսակցական ընտրություններում ընտրված վարչապետն էր, երկիրը ղեկավարել է 1950-1960 թթ.։ Հայտնի էր նրանով, որ վերականգնել է արաբերենով աղոթքներ կարդալու հնարավորությունը, ինչպես սահմանում է սուննի իսլամը (Աթաթուրքի ժամանակաշրջանից ի վեր գրեթե քառորդ դար Ազանն արաբերենում արգելված էր): 1961 թ. Մենդերեսը մահապատժի է ենթարկվել ռազմական հեղաշրջման ժամանակ։ Ղազախների համար Մենդերեսի անունը կարեւոր է այնքանով, որ նպաստել է Թուրքիայում նրանց հիմնավորմանը, երբ վերջիններս հեռացել են Սինցզյանից։ Փողոցի անվանակոչումը տեղավորվում է հանրության գաղափարաքարոզչական քայլերի շրջանակում։
Հաջորդիվ տեղի է ունենում ռազմաքաղաքական, տնտեսական, կրթամշակութային կապերի ամրապնդումը։ Ղազախստանը դարձել է առաջին օտարերկրյա երկիրը, որտեղ կհիմնադրվի «ANKA» անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ «Թուսաշ» օդատիեզերական ընկերությունն անցյալ տարի պայմանագիր էր կնքել ղազախական կողմի հետ «ANKA» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար։ Սակայն օրեր առաջ Ղազախստանի պատվիրակության՝ Անկարա կատարած այցի շրջանակներում «Թուսաշի» եւ «Kazakhstan Engineering»-ի միջեւ ստորագրված համագործակցության նոր համաձայնագրով արդեն Ղազախստանում կհիմնվի համատեղ արտադրություն։ Անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվեն այս երկրում համատեղ ձեռնարկությունում:
Մայիսի 10-11-ը Տոկաեւը պաշտոնական այցով Թուրքիայում էր, որտեղ երկու երկրները ստորագրել են 15 պայմանագիր. ուշադրության են արժանի ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, միջազգային բազմամոդալ բեռնափոխադրումների համաձայնագիրը, ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը: Համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, ինչպես նաեւ փոխըմբռնման հուշագիր՝ երիտասարդական քաղաքականության ոլորտների վերաբերյալ։
Ղազախստանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում ընդգծել է, որ եղբայրական թուրքական հողում իրեն զգում է ինչպես իր հայրենիքում, իսկ Թուրքիան Ղազախստանում ընկալվում է որպես երկրորդ տուն։ Տոկաեւը նաեւ նշել է, որ Ղազախստանն ու Թուրքիան ամբողջությամբ օգտագործելու են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժը։ («Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» (միջին միջանցք) միջազգային ասոցիացիայի զեկույցում նշված է, որ նախորդ տարվա համեմատ ակնկալվում է այս տարի բեռնատարողունակության ծավալը կրկնապատկել՝ մինչեւ 50 հազար միավորի (քսան ֆուտին համարժեք), իսկ երթեւեկության ծավալներն ավելացնել վեց անգամ՝ մինչեւ 3.2 մլն տոննայի։ Անդրկասպյան միջազգային տրասնպորտային երթուղին անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով՝ հասնելով եվրոպական երկրներ: Էրդողանն էլ հայտարարել է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ 2021-ին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5.3 միլիարդ դոլարը։ Թուրքիայի նախագահը նաեւ կարեւոր քաղաքական հայտարարություն է արել՝ նշելով, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի եւ Ղազախստանի դիրքորոշումները համընկնում են։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Ուկրաինայում, մենք համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ընդգծել է նա։ Էրդողանն ընդունել է այս տարվա աշնանը Ղազախստան այցելելու՝ Տոկաեւի հրավերը։
Սա առաջին ազդակն է, որ Ղազախստանն ավելի է հակվում դեպի թյուրքական ուղեծիր։ Միաժամանակ չմոռանանք, որ այս գործընթացի վրա ազդեցություն կարող է ունենալ Չինաստանը՝ թույլ չտալով Ղազախստանի լիակատար անցումը դեպի թյուրքական աշխարհ։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի ույղուր համայնքի ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ կոչ անելով նպաստել թուրքական ձեւակերպմամբ՝ «Չինաստանի համակենտրոնացման ճամբարներում» պահվող իրենց ընտանիքի անդամներին ազատ արձակելուն։ Այս անգամ այդ հարցերով զբաղվող իրավաբաններից մեկը հայտարարել է, թե «համակարգված եւ դաժան» արշավն ընթանում է նաեւ ղազախների դեմ։ Քաղաքական նպատակներով Թուրքիան մշտապես շահարկում է ույղուրների հարցը։ Չինական կողմը հերքում է անհիմն մեղադրանքները, սակայն դա չի խանգարում թուրքական իշխանություններին առաջին իսկ պատեհ առիթով օրակարգ բերել այդ թեման։
Փորձագիտական շրջանակների կարծիքով՝ այցը մեծ իրադարձություն է թյուրքական երկրների համայնքի համար, քանի որ Ղազախստանը թյուրքական աշխարհի ամենակարեւոր կենտրոններից մեկն է։ Մոտ ապագայում տեղի ունեցող զարգացումները ցույց կտան, թե ինչ ընտրություն է կատարել Ղազախստանը. վերջինս ստիպված է լինելու որոշակիացնելու իր մոտեցումն աշխարհաքաղաքական դիրքորոշման մասով։ Մի կողմից՝ Ղազախստանը, լինելով Ռուսաստանի ամենամոտ գործընկերներից մեկը, իր վրա նույնպես զգալու է պատժամիջոցների ծանրությունը, մյուս կողմից՝ վերջին տասնամյակներում երկիրը բավական ճանապարհ է անցել թյուրքալեզու երկրների հետ, եւ այստեղ նույնպես որոշակիություն պետք է մտցվի։ Ղազախստանի որոշումը կարեւոր է դառնալու բոլոր կողմերի համար, ներկայումս պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան այլեւս չեն հասնում Լեհաստանի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Չինաստանի կամ Ճապոնիայի տարածքով, միակ տարանցումը Ղազախստանով է, իսկ Արեւմուտքը թույլ չի տա հետագայում եւս չեզոքություն պահպանել եւ «խաղալ» երկու կողմերի համար։ Չի բացառվում, որ եթե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան տարանցիկ ուղիներ ապահովեն Ղազախստանի համար, ապա Նուրսուլթանը կմտածի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու մասին։ Այս համատեքստում թյուրքական աշխարհի համար, ի դեմս Թուրքիայի, օրակարգում առաջնահերթ է դառնում «հայկական սեպը» վերացնելու հարցը, քանի որ լոգիստիկ առումով մեր տարածաշրջանը ցանկանում են դիտարկել որպես մեկ միասնական տարածք առանց հայկական գործոնի ներկայության։