Իրաքյան Քուրդիստանից Թուրքիա հասնելուց հետո կառուցվելիք նավթամուղն ու գազամուղը կբաժանվեն երկու ճյուղի. մեկով հումքը կմատակարարվի Եվրոպա, իսկ մյուսով՝ Իսրայել, այդ թվում՝ նրա կողմից օկուպացված տարածքներով: Հյուսիսային Իրաքից էներգակիրների փոխանցման նոր ուղիներ ստեղծելով՝ Թուրքիան նախատեսում է «անվճար» էներգիա մատակարարել եվրոպական երկրներին: Այս մասին գրում է իրանական «Javan»-ը:
Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական գործողությունների նոր փուլի հայտարարված նպատակը, ինչպես միշտ, «ահաբեկչական» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարն է, սակայն ակնհայտ է, որ բացի «հանրային» նպատակից, այս գործողությունները նաեւ «կուլիսային» մոտիվացիա ունեն. դրա էությունն այն է, որ Հյուսիսային Իրաքից էներգակիրների մատակարարման նոր ուղիներ ստեղծելով՝ Թուրքիան եվրոպական երկրներին «անվճար» էներգիա առաքի: Որովհետեւ Անկարայում շատ լավ են հասկանում, թե ինչ հետեւանքներ կունենա Եվրոպայի համար Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների վրա հնարավոր էմբարգոն։
Մոտավորապես 2022 թ. ապրիլի կեսերից թուրքական բանակը «Արծվի ճանկեր» անվանումը կրող ռազմական հատուկ գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի (Իրաքյան Քուրդիստան) տարածքում, իսկ վերջին օրերին հարձակվել է Դահուկ նահանգի տարբեր տարածքների եւ բնակավայրերի վրա։ Ներկայումս թուրքական բանակի ցամաքային եւ օդային ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Մատինի, Զափի, Ավաշինի շրջակայքում՝ «մաքրելով» մի շարք բնակավայրեր, ինչը, իր հերթին, առաջացրել է փախստականների զանգվածային հոսք սահմանամերձ շրջաններից:
Գործողությունները, որոնք թուրքական բանակը ներկայումս իրականացնում է Հյուսիսային Իրաքում, Անկարան վարում է նույն պատճառներով, ինչ առաջ՝ պայքար ահաբեկչության դեմ եւ սեփական սահմանային տարածքների անվտանգության ապահովում: Արդյունքում այսօր Դահուկ նահանգի մի շարք հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ հյուսիսարեւմտյան շրջաններ, մասնավորապես՝ Զախուն, Սուրանը եւ այլն, օկուպացվել են թուրքական զորքերի կողմից: Սակայն որոշ ԶԼՄ-ներում նաեւ թուրքական օպերացիայի այլ պատճառներ են նշվում: Նպատակները, որոնք այս անգամ հայտարարվել են Անկարայի կողմից, օգտագործվում են միայն որպես պատրվակ՝ այդ շրջաններում միանգամայն այլ խնդիրներ լուծելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարան ու Հյուսիսային Իրաքում Քրդական ինքնավարությունը համաձայնության են եկել ռազմական գործողությունների իրականացման հարցում: Միեւնույն ժամանակ պայմանավորվածությունների վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Մասրուր Բարզանիի՝ Թուրքիա կատարած այցի ու Էրդողանի հետ անձնական հանդիպման ու բանակցությունների ընթացքում: Բայց, այդուհանդերձ, ընդամենը երեք օր էր անցել Բարզանիի ու Էրդողանի բանակցություններից, երբ թուրքական զինված ուժերը վերսկսեցին մարտական գործողությունները:
Բարզանիի եւ Էրդողանի բանակցությունների արդյունքներից էր միջանցքի ապահովումը, որպեսզի թուրքական բանակը մտնի Դահուկ նահանգի որոշ, առաջին հերթին՝ սահմանամերձ շրջաններ եւ այնտեղ սկսի իրականացնել իր խնդիրները, որոնց վերաբերյալ պաշտոնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել եւ որոնց մասին հրապարակային հաղորդվել էր:
Առկա տեղեկատվության հիման վրա երկու կողմերի հիմնական նպատակն էր նաեւ էներգակիրների փոխադրման համար ենթակառուցվածքի ստեղծումը: Այսպիսով՝ որոշվել էր, որ այն բանից հետո, երբ թուրքական զինուժը կկատարի Հյուսիսային Իրաքում ահաբեկչությանը հակազդելու իր «հիմնական» առաջադրանքը, կսկսվի գազատարի ու նավթամուղի շինարարությունն Իրաքյան Քուրդիստանից դեպի Թուրքիա: Այս նախագիծը, նույն տեղեկատվության հիման վրա, նույնպես կիրականացվի պայմանավորված կողմերի՝ Թուրքիայի ու Քուրդիստանի ինքնավարության ջանքերով։ Սակայն սրանից հետեւում է, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը տեղյակ չի եղել այդ համաձայնագրերի մանրամասներին (առաջին հերթին՝ մատակարարվող նավթի եւ գազի ծավալներին) եւ, այդպիսով, զրկվում է այդ տարածքներից էներգակիրների առաքումներից ստացվելիք եկամուտից։
Անկարան, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս շատ է տուժել տնտեսական տատանումներից, արտարժույթի փոխարժեքի անկումից, եւ այժմ այդ երկիրը ֆինանսական լրացուցիչ աջակցության կարիք է զգում՝ ճգնաժամային վիճակից դուրս գալու համար: Այս երկու նոր խողովակաշարերը ճիշտ ժամանակին նրա համար հասանելի կդարձնեն շատ էժան, գրեթե անվճար հումք (անվճար՝ շնորհիվ այն բանի, որ թուրքական բանակը կշարունակի գտնվել այն տարածքներում, որտեղից կստացվի հումքը), ինչի հաշվին Թուրքիան կկարողանա լուծել իր այժմյան խնդիրների մի մասը:
Այս նախագծի անդրկուլիսային հեղինակներն ու նախաձեռնողները, առաջ քաշելով գաղափարը, որ այս խողովակաշարերը պետք է ձգվեն դեպի Եվրոպա, միանշանակ խնդիր ունեն օգնել եվրոպացի առաջնորդներին՝ ազատվելու ռուսական էներգակիրներից կախվածությունից՝ փորձելով օգնել նրանց՝ հոգալու իրենց էներգետիկ կարիքների մի մասը, քանի որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների շարունակությունը եւ ռուսական ռազմական հատուկ գործողությունը վաղ թե ուշ կարող են ամբողջությամբ կտրել Եվրոպան ռուսական գազից։
Իրաքյան քրդերի առաջնորդները, մասնավորապես՝ անձամբ Բարզանիի կլանը, արդեն կուտակել են Իրաքի ազգային հարստությունն ու ռեսուրսները թալանելու շատ ամուր փորձ (որի վառ օրինակներից է տեղի նավթային ու գազային հանքավայրերի բազմամյա թալանը, գաղտնի արտադրված կիսաֆաբրիկատների մաքսանենգությունը եւ դրանք Իսրայելին գրեթե ձրի մատակարարելը, մինչ Իրաքի կենտրոնական կառավարությունն զբաղված էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարով): Իսկ հիմա վերոնշյալ ծրագրերի իրագործմամբ քրդական կլանները, օգտվելով տեղական հումքի մատակարարումից ստացված եկամուտը լիովին տնօրինելու հնարավորությունից, գործնականում առասպելական հարստությանը տիրանալու հնարավորություն կստանան: Հենց դա էլ, ընդհանուր առմամբ, բաղդադյան կենտրոնական կառավարությունից ինքնավարության համար նրանց երկարաժամկետ պայքարի չասված նպատակն է: Բաղդադը, ընդհակառակը, այս նախագծերն իրականացնելիս Թուրքիայով դեպի Եվրոպա ու Իսրայել ձգվելիք նոր խողովակաշարերի շահագործման մեջ մաս չի ունենա:
Այս խողովակաշարերի շինարարությունը, անկասկած, Բարզանիի կլանին կդարձնի առավել հզոր, հարուստ եւ ազդեցիկ ու հնարավորություն կտա գազի փոխադրման հարցը օգտագործել որպես ճնշման լծակ Իրաքի կենտրոնական կառավարության վրա՝ հումքի մատակարարման հարցը վերածելով Բաղդադի շանտաժի ու քաղաքական առեւտրի առարկայի: Միեւնույն ժամանակ Իրաքի կենտրոնական կառավարության կողմից ապագայում հնարավոր եկամուտների ստացման հարցը միանշանակ կապվելու է քրդական առաջնորդների եւ կլանների կողմից առավել լայն ինքնավարության ձեռքբերման հետ։ Բացի այդ, քրդական ցեղերի առաջնորդներն իրենց համար Իսրայելի ռեժիմից ավելի ուժեղ աջակցություն կապահովեն։
Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ իսրայելական ռեժիմը, անկասկած, շահ ունի այդ ծրագրերի իրականացման հարցում, քանի որ դա նրան հնարավորություն կտա նավթն ու գազը ստանալ չափազանց էժան գնով, գործնականում՝ անվճար, որովհետեւ գործ կունենա ոչ թե ինքնիշխան պետության, այլ առանձին ցեղային կլանների հետ։ Եվ Իսրայելն այլեւս ստիպված չի լինի գլուխ կոտրել՝ լուծելով իրեն էժան էներգակիրներով ապահովելու հարցը։
Հարկ է նկատել, որ նման պլանների առկայությունն ապացուցում է քրդական կլանների ու առաջնորդների սերտ կապը Թել Ավիվի հետ: Մյուս կողմից՝ այս նախագծերում թուրքական բաղադրիչը նաեւ ցուցադրում է Էրդողանի ջանքերն ու ցանկությունը՝ ամրապնդելու Իսրայելի հետ հարաբերությունները եւ շահելու Թել Ավիվի համակրանքը։ Միեւնույն ժամանակ իրականացվող «թուրք-քրդա-իսրայելական» նախագծերը ոչ արժանահավատ են դարձնում Անկարայի քաղաքական կուրսը, ցույց են տալիս նրա ցանկությունը՝ հաճոյանալու «ե՛ւ ձերոնց, ե՛ւ մերոնց». մի կողմից՝ Թուրքիան ցանկանում է իրեն ներկայացնել որպես Ռուսաստանի գործընկեր, միջնորդ Ուկրաինայի շուրջ Արեւմուտքի հետ Մոսկվայի առճակատման մեջ, մյուս կողմից՝ գործում է ի վնաս հենց Ռուսաստանի, որովհետեւ իրականում մտադիր է Մոսկվայի թիկունքում օգնել Եվրոպային՝ լուծելու ռուսական հումքի մատակարարումից կախվածության խնդիրը: