Ռուսաստան-Արեւմուտք առճակատման մեջ հակառուսական առավել ընդգծված վարքագիծ է դրսեւորում Լեհաստանը։ Քաղաքական հռետորաբանությունից մինչեւ պատժամիջոցների սահմանման եւ կիրառման հարցում առաջամարտիկի դերը հուշում է, որ այդ թնջուկում Լեհաստանն ունի իր հետաքրքրությունները։ Օրեր առաջ ուշագրավ հայտարարություն էր արել Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան՝ ասելով, որ մոտ ապագայում Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ այլեւս սահմաններ չեն լինի, եւ երկու երկրների ժողովուրդները կկարողանան «այս հողի վրա միասին ապրել տասնամյակներ, դարեր շարունակ»։ «Այլեւս սահմաններ չեն լինի մեր երկրների՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Այս սահմանը չի լինելու, որպեսզի մենք միասին ապրենք այս հողի վրա՝ միասին կառուցելով եւ վերակառուցելով մեր ընդհանուր երջանկությունն ու ընդհանուր ուժը, ինչը թույլ կտա մեզ հետ մղել ցանկացած վտանգ կամ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- ասել էր նախագահը մայիսի 5-ին Վարշավայի Բելվեդեր պալատում լեհական սփյուռքի օրվա կապակցությամբ ելույթի ժամանակ։
Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես եվրոպական ընտանիքի կազմում ընդգրկվելու հեռանկար, սակայն շատերը տեսան Վարշավայի կողմից միանգամայն անթաքույց ակնարկ Գալիցիայի (Լվով, Իվանո-Ֆրանկովսկ, Տերնոպոլ) եւ Վոլհինիայի տարածքները, այսինքն՝ Արեւմտյան Ուկրաինայի մի մասը միացնելու մասին: «Արեւելյան Կրեսները» ներկայիս Արեւմտյան Ուկրաինայի, Արեւմտյան Բելառուսի եւ Լիտվայի տարածքների լեհական անվանումն է, որոնք 1918-1939 թթ. Լեհաստանի մաս են կազմել։ Հիշյալ շրջանները Լեհաստանը մշտապես համարել է իր պատմական տարածքները։ Այս երկրորդ ենթադրության օգտին է վկայում այն, որ Դուդայի ելույթից մեկ օր առաջ Վարշավայում հայտնվեցին պաստառներ՝ լեհ գեներալ Յարոսլավ Միկայի մեջբերումով. «Ժամանակն է հիշել պատմությունը»։ Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան հրաման էր ստորագրել բանակի ստորաբաժանումները լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ նրանք պետք է «պաշտպանեն կարեւոր ենթակառուցվածքները Լվովում եւ Ուկրաինայի Վոլինի շրջանում»։
Երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունը բավականին լուրջ հայտ է հետագա զարգացումներում սեփական մասնակցությունն ապահովելու առումով։ Արդյո՞ք Լեհաստանը կգնա նման քայլի, թե ոչ, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան ՌԴ հատուկ գործողությունները Ուկրաինայում։ Կարելի է ենթադրել, որ Լեհաստանը ներկա իրավիճակում հնարավորություն է տեսնում վերադարձնելու նախկինում իրեն պատկանող որոշ տարածքներ։ Սակայն նախագահ Դուդայի՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանները ջնջելու ցանկությունը կարելի է դիտարկել մեկ այլ ձեւաչափով եւս. քանի որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ն ներկա դրությամբ եւ մոտ ապագայում հնարավոր չեն համարում Ուկրաինայի մուտքը այդ կառույցներ, ապա խոսքը կարող է վերաբերել երկու պետությունները՝ Լեհաստանն ու Ուկրաինան, համադաշնային միության մեջ միավորելուն։ Այս վերջին տարբերակով լեհական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, իսկ այդ դեպքում լեհական զորքեր ասելով՝ պետք է հասկանալ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը։ Արդյունքում կստացվի, որ ՆԱՏՕ-ն չի ընդունել Ուկրաինային, ինչպես որ երաշխիքներ էր ցանկանում ստանալ Ռուսաստանը, բայց միաժամանակ ռազմական կառույցը միջնորդավորված հնարավորություն կարող է ստանալ գտնվելու այդ տարածքներում։
Լեհաստանի կողմից նման քայլը կարող է շղթայական ձեւով այլ զարգացումներ ենթադրել։ Եթե լեհերը այս կամ այն ձեւաչափով հայտ ներկայացնեն այսօրվա Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ապա դա ազդակ կարող է դառնալ նաեւ Ռումինիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի համար։ Սրանք հավանական զարգացումներից մի քանիսն են։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո մշակված խաղի կանոններն արդեն խախտվել են, եւ դրանք նորից խախտելու կամ նորերը խախտելու առումով պատնեշներ այլեւս չկան։