Եվրամիության համար Ադրբեջանը հուսալի գործընկեր է համարվում, որի հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկն էներգետիկ ոլորտն է։ Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում էներգետիկ համագործակցության այլընտրանքային տարբերակների փնտրտուքն ավելի առարկայական է դարձել։ Արդյունքում Եվրոպան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ադրբեջանական գազի նկատմամբ՝ որպես ռուսականին այլընտրանք:
Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն նախօրեին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում երիտասարդների համար կազմակերպված միջոցառման ժամանակ, էներգետիկ ոլորտից բացի, կարեւորել է համագործակցությունը նաեւ թվային տեխնոլոգիաների, գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ «Այսօր մենք շատ ավելի մտերմացել ենք միմյանց հետ։ Եվրամիությունը հուսալի գործընկեր է Ադրբեջանի համար. մենք շատ սերտ համագործակցություն ենք զարգացնում շատ ոլորտներում»,- ասել է եվրոպացի դիվանագետը՝ վստահություն հայտնելով, որ Բրյուսելի եւ Բաքվի հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն նոր համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո։ Ավելին՝ արդեն հայտնի է, որ հուլիսի 1-ից Բուլղարիան կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը. «Մենք կարող ենք ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցման ավարտից»։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել էր գազի մատակարարումը Բուլղարիա եւ Լեհաստան՝ գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։
Էներգետիկ անվտանգության առումով Արեւմուտքի այս հետաքրքրությունը հաշվի առնելու դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների ոտնահարումները, հումանիտար իրավունքների խախտումներն ու ռազմական հանցագործությունների բազմաթիվ փաստեր հետին պլան են մղվում։ Քաղաքական որոշումների եւ կողմնորոշումների հիմքում տնտեսական, էներգետիկ եւ կոմունիկացիոն շահերն են։ «Նավթագազային պատերազմները» շարունակվում են, եւ «հաղթող» կողմը դեռեւս հստակ չէ, սակայն փաստ է, որ այդ հակամարտության մեջ ադրբեջանական կողմը կարողանում է շահեկան դիրքերում հայտնվել։
Չնայած Ռուսաստանը շրջանցող ճանապարհների փնտրտուքին, ռուսական գազից կախվածությունը շարունակում է գերակա դիրքում մնալ։ Սլովակիայի գազի փոխադրման «Eustream» օպերատորի տնօրինությունը երեկ հայտնել է, որ ավելացվել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ ճանապարհով Սլովակիա ռուսական գազի մատակարարման հայտը՝ կազմելով 89 256 241 խմ։ ՌԴ-ն ապահովում է Սլովակիայի բնական գազի կարիքների 85-87 տոկոսը։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը տեղեկացրել է, որ իրենք Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ են մատակարարում Եվրոպա «Սուջա» գազի չափիչ կայանի (GIS) միջոցով (61.97 մլն խմ ծավալով), իսկ «Սոխրանիվկայով» մղելու հայտը մերժվել է ուկրաինական կողմից։ Չնայած դրան, Ուկրաինայի GTS օպերատորի կայքի տվյալներով, մայիսի 13-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը նախորդ օրվա համեմատ կարող է աճել 20 տոկոսով։
«Գազային պատերազմների» համատեքստում կարեւոր նշանակություն են ստանում աֆրիկյան երկրները։ «NoonPost» գործակալության (Եգիպտոս) սյունակագիր Աբդել Հակիմ ալ-Ռուվեյդան անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ եվրոպական երկրներ ռուսական գազի մատակարարումների նվազման դեպքում Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կփորձի վերահսկողության տակ առնել ԵՄ-ի համար գազի այլընտրանքային աղբյուրները։ Հրապարակախոսը նման եզրահանգման է հանգել այն բանից հետո, երբ Մոսկվան ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել աշխարհի ամենաերկար՝ ստորջրյա Նիգերիա-Մարոկկո գազատարի կառուցման մեջ։ Նրա խոսքով՝ այս նախագիծը եվրոպական ծրագրերի մի մասն է կազմում, որով փորձ է արվում նվազեցնել ռուսական կապույտ վառելիքից կախվածությունը՝ Եգիպտոսից, Իսրայելից, Սենեգալից, Անգոլայից եւ Նիգերիայից մատակարարումների միջոցով։ «Հակառուսական պատժամիջոցների կիրառումից վնասը նվազագույնի հասցնելուց բացի, ռուսները ցանկանում են պահպանել «գազի թագավորի» կարգավիճակը։ Այսպիսով՝ կա՛մ Ռուսաստանը կմնա Եվրոպայի էներգառեսուրսների հիմնական մատակարարը, կա՛մ վերահսկողության տակ կառնի ցանկացած նախագիծ, որը նա համարում է այլընտրանք ռուսական գազին»,- գրել է Աբդել Հակիմ ար-Ռուվեյդան։ Այդ կերպ ռուսական կողմը նախատեսում է նաեւ օգտագործել ստորջրյա խողովակաշարերի կառուցման իր հսկայական փորձը եւ ընդլայնել ազդեցությունը Աֆրիկայում, թեեւ, ըստ հեղինակի, Արեւմուտքը կփորձի ամեն կերպ թույլ չտալ, որ Ռուսաստանը գազամուղի կառուցման համար գործարք կնքի Նիգերիայի եւ Մարոկկոյի հետ։ Ինչպես նշում է «Edaily»-ն, Մարոկկոն եւ Նիգերիան դեռեւս 2016 թ. դեկտեմբերին համաձայնագիր են ստորագրել 5660 կիլոմետր երկարությամբ գազատար կառուցելու մասին։ Ավելի վաղ Նիգերիայի նավթային պաշարների նախարար Թիմփիր Սիլվան ասել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է ներդրումներ կատարել գազատարի կառուցման մեջ, որը պետք է իր նահանգը եւ հյուսիսաֆրիկյան երկիրը միացնի Եվրոպային։