Լիբանանը տնտեսական գերծանր՝ սնանկացման եզրին հայտնված վիճակում է. Համաշխարհային բանկի տվյալներով` 1850-ից ի վեր աշխարհում այդ երկրի տնտեսական ճգնաժամն աննախադեպ է։ Բնակչության ավելի քան 80 տոկոսը հայտնվել է աղքատության շեմից ներքեւ, ազգային արժույթն ԱՄՆ դոլարի համեմատությամբ 90 տոկոսով արժեզրկվել է, գործազրկությունն ավելի քան 30 տոկոս է։
Նման պայմաններում մայիսի 15-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես հայտարարել է վարչապետ Նաջիբ Միկաթին, անցկացվել են ազատ, ժողովրդավարական ու խաղաղ մթնոլորտում։ Նման գնահատական հնչեցրել են նաեւ միջազգային որոշ ԶԼՄ-ներ։ Այսուհանդերձ, լիբանանյան որոշ կառույցներ, այդ թվում՝ «Լիբանանյան միություն հանուն ժողովրդավարական ընտրությունների» կենտրոնը, հայտարարել են, թե կարող են մատնանշել բազում խախտումներ՝ սկսած քարոզարշավից մինչեւ ընտրությունների ավարտ։ Բացի այդ, խախտումներ նկատել են նաեւ դիտորդական որոշ առաքելություններ։ Թեեւ ոմանք այս ընտրությունները համարում են իրավիճակը բարելավելու վերջին հնարավորություն հուսահատ բնակչության համար, բայց եւ այնպես, 3 մլն 900 հազար ընտրողներից ընդամենը շուրջ 41 տոկոսն է մասնակցել ընտրություններին, ինչը նախորդի համեմատությամբ 8 տոկոսով նվազ է։ Ընտրություններին մասնակցել է 718 թեկնածու՝ 103 ցուցակով։ Նշենք, որ Լիբանանի շուրջ 7 միլիոն բնակչության 50 տոկոսը մահմեդական է, 45-ը՝ քրիստոնյա, եւ 5 տոկոսը դրուզներ են։
Անկախ այն բանից, թե թեկնածուները քանի ցուցակով են մասնակցում ընտրություններին, մրցապայքարն անցյալում գլխավորապես ընթացել է 2005 թ. ձեւավորված քաղաքական երկու հոսանքի՝ Սաադ Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի եւ Մարտի 8-ի դաշինքների միջեւ: Իսկ վերջինս ձեւավորվել է շիա «Հեզբոլահ» եւ «Ամալ» կուսակցությունների գլխավորությամբ, որին անդամակցում են նաեւ նախագահ Միշել Աունի գլխավորած մարոնականների «Ազատ հայրենասիրական շարժումը» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի կոալիցիայի կազմում էին նրա առաջնորդած «Ալ Մոսթակբալ» կուսակցությունը, որը գործող խորհրդարանում 21 ձայն ունի, Սամիր Ջաաջաայի գլխավորած մարոնական՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, Վալիդ Ջոմբալատի ղեկավարած Առաջադեմ սոցիալիստական եւ մի քանի այլ փոքր կուսակցություններ: Գործող խորհրդարանում Իրանի հովանավորությունը վայելող «Ամալի» եւ «Հեզբոլահի» գլխավորած Մարտի 8-ի դաշինքը, ունենալով 71 անդամ, մեծամասնություն է։ Իսկ մայիսի 15-ի ընտրությունների արդյունքում դաշինքը դիրքերը զիջել, մեծամասնությունը կորցրել է՝ նորընտիր խորհրդարանում ունենալով 62 ձայն։ Հավելենք, որ «Ամալը» եւ «Հեզբոլահը» շիաներին հատկացված բոլոր 27 ձայներն ստացել են, սակայն պարտություն են արձանագրել դաշնակիցները, այդ թվում՝ Աունի «Ազատ հայրենասիրական ուժեր» շարժումը, որը նախորդ ընտրություններին եւս պարտություն էր կրել։ Այժմ այն 16 ձայնով կրկին պարտվածների թվում է, ինչպեսեւ դրուզները։
Մրցակցությունը, փաստորեն, ընթացել է Մարտի 8-ի դաշինքի ու նրա հակառակորդների միջեւ, այժմ խորհրդարանում պատկերը լիովին փոխվել է, որեւէ ուժ ներկա դրությամբ մեծամասնություն չունի։ Մյուս կողմից՝ «Հեզբոլահի» ընդդիմադիր արեւմտյան կողմնորոշմամբ՝ Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող Սամիր Ջաաջաայի գլխավորած մարոնական՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը նախորդ ընտրություններում եւս հաջողություն էր արձանագրել՝ ունենալով 15 պատգամավոր, գրեթե կրկնապատկելով ձայները խորհրդարանում՝ 20 ձայնով գլխավոր հաղթողն է։ Մարտի 14-ի նախկին դաշինքի մեկ այլ անդամի՝ Թիմուր Ջոմբալատի գլխավորած Առաջադեմ սոցիալիստական կուսակցությունը եւս 9 պատգամավորով բարելավել է դիրքերը։ Ըստ երեւույթին՝ «Լիբանանյան ուժերի» եւ Ջոմբալատի կուսակցության հաջողությունները պայմանավորված են Մարտի 14-ի դաշինքը գլխավորող Հարիրիի բացակայությամբ։ Նորընտիր խորհրդարանում մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելու հարցում, թերեւս, նշանակալից դեր կունենան բարենորոգչական կողմնորոշմամբ անկախները, որոնք 2019 թ. ցույցերի ակտիվիստներ են եւ խորհրդարանում 13 ձայն ունեն։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ անկախներից ոմանք ազգայնական, ոմանք էլ՝ արեւմտամետ հայացքներ ունեն։ Հիշյալ տվյալներով պետք է, փաստորեն, նորընտիր խորհրդարանը, վարչապետից զատ, ընտրի նաեւ նոր նախագահ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ողջունելով ընտրությունների հաջող անցկացումը, հույս է հայտնել, որ շուտով համաձայնության կառավարություն կձեւավորվի, որը կկարողանա վերջնական դարձնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանագիրը, եւ երկրում կյանքի կկոչվեն անհրաժեշտ բարեփոխումներ, կարագացվեն դեպի տնտեսական բարելավում տանող գործընթացները։ Սակայն, հաշվի առնելով խորհրդարանում ուժերի նոր դասավորությունը, մեծամասնություն կազմող կոալիցիայի բացակայությունը, թերեւս, կառավարության ձեւավորումը կրկին բարդ է լինելու եւ ձգձգվելու է, մանավանդ որ գործող խորհրդարանում մեծամասնության առկայությամբ անգամ երկիրը փաստացի 2 տարի ունեցել է ժամանակավոր կառավարություն։