Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Լեհաստանի հետ սահմանային անցումները պարզեցնելու մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ Ուկրաինայում լեհերի հատուկ իրավական կարգավիճակի մասին օրինագիծը Գերագույն ռադա ներկայացնելու ցանկության մասին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պատմել է, որ Ուկրաինայում լեհերի հատուկ կարգավիճակի մասին օրենքը, որի նախագիծն այժմ մշակվում է, պետք է աշխատի լեհականի հետ համանմանությամբ: Լեհաստանում Ուկրաինայից ժամանակավոր տեղահանվածները փաստացի հավասարեցվել են Լեհաստանի քաղաքացիներին, սակայն առանց ընտրելու իրավունքի: Մայիսի 22-ին լեհ նախագահ Անջեյ Դուդան այցելել է Կիեւ ու ելույթ ունեցել Գերագույն ռադայի պատգամավորների առջեւ՝ կոչ անելով երկրի տարածքից անգամ «մի դյույմ» չհանձնել:
Ստեղծված իրավիճակը, ինչպես ընդգծել է Զելենսկին, «Ուկրաինային ու Լեհաստանին ակամա ստիպել է մոռանալ ընդհանուր անցյալի շուրջ վեճերը»:
«Մենք հարազատներ ենք: Եվ մեր միջեւ սահմաններ կամ արգելքներ չպետք է լինեն: Ուկրաինացի եւ լեհ ժողովուրդները մենթալ սահմաններ վաղուց չունեն: Ուստի մենք որոշեցինք մոտ ապագայում դա վերածել համապատասխան երկկողմ համաձայնագրի»,- ասել է Զելենսկին: Մայիսի սկզբին էլ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հույս է հայտնել, որ «Ուկրաինայի ու Լեհաստանի միջեւ այլեւս սահման չի լինի, իսկ երկու երկրների ժողովուրդները կկարողանան միասին ապրել այդ հողի վրա»:
ՌԴ Պետդումայի անվտանգության եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ Ադալբի Շխագոշեւը վստահություն է հայտնել, որ ուկրաինացիների ու լեհերի համար սահմանի հատման պարզեցված նոր համաձայնագիրը հաստատում է Լեհաստանի՝ իր տարածքներն ընդլայնելու ծրագրերը: «Բոլոր տեսական խոսակցություններն այն մասին, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել Ուկրաինայի տարածքի մի մասը, տեղափոխվում են գործնական հարթություն»,- ասել է Շխագոշեւը «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ նման սցենարը կարող է բախում հրահրել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ:
Խորհրդարանականի խոսքով՝ Լեհաստանը «մտնում է ՆԱՏՕ-ի պլանների իրականացման մեծ քաղաքականություն՝ հակամարտությանը ֆիզիկապես մասնակցությամբ», ինչը տեղի է ունենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ: «Մենք զգուշացնում ենք, որ սա շատ վտանգավոր արշավ է Զելենսկու ու Լեհաստանի օգտագործմամբ, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի զորքերի բախման, քանի որ Լեհաստանը դաշինքի անդամ է»,- պարզաբանել է Շխագոշեւը:
Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը ենթադրում է, որ Զելենսկին, փորձելով միջազգային համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ, այդ կերպ ընթանում է ուկրաինական արեւմտյան տարածքները Լեհաստանին փոխանցելու ճանապարհով: Լեհաստանի իշխանությունները, նրա խոսքով, վաղուց են «օկուպացիայի ծրագրեր մշակել» եւ հիմա փորձում են կյանքի կոչել դրանք: Ուկրաինայի ղեկավարը, իր հերթին, գիտակցում է պետության անխուսափելի անկումը, ուստի եւ նման որոշում է կայացրել:
«Զելենսկին գիտակցեց, որ պետության անկումն անխուսափելի է, քանի որ Ուկրաինայի հարավարեւելյան մասն արդեն վերջնականապես կորսված է: Ուստի նա տենդային բռնկմամբ ուկրաինական արեւմտյան տարածքները փաստացի Լեհաստանի վերահսկողությանը հանձնելու կուրս վերցրեց: Լեհերը վաղուց էին այդ տարածքների օկուպացիայի պլաններ մշակում: Այսօր հաջող պահ առաջացավ՝ այդ ամենը կյանքի կոչել եւ այն թաքցնել ուկրաինական ժողովրդի մասին երեւակայական մտահոգության տակ»,- ասել է Շերեմետը:
Նա շեշտել է, որ Վարշավան «իր ռուսատյացությամբ ու ուկրաինական նեոնացիստներին աջակցությամբ վտանգի տակ է դնում ողջ Եվրամիությունը, եւ լեհական իշխանություններին կոչ է արել չփորձել խանգարել Ռուսաստանին՝ ավարտելու ռազմական հատուկ գործողությունը:
Այն մասին, որ Կիեւը, հաստատելով լեհերի հատուկ իրավունքները, այդ կերպ փորձում է սեփական տարածքների իրավունքները տրամադրել նրանց, հայտարարել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Սեփական ինքնության պահպանման պատրվակով կիեւյան վարչակազմը ոչնչացնում է այն՝ 8 տարի կրակելով նրանց վրա, իսկ այժմ էլ կատարելով չտեսնվածը՝ օրինականացնելով իր երկրի դե ֆակտո նվաճումը»,- գրել է դիվանագետն իր տելեգրամյան էջում:
Զախարովան կարծում է, որ Զելենսկին, ազգային խորհրդարանին դիմելով խնդրանքով՝ հաստատելու Լեհաստանի քաղաքացիների հատուկ իրավունքները, «ըստ էության, նրանց ամեն ինչ է թույլատրում»:
«Ինքնիշխանության շփոթեցնող դեպք է, այլ կերպ չես կարող ասել: Ոչ թե անջատողականները, այլ ինքը՝ երկրի նախագահն այլ երկրի քաղաքացիներին է հանձնում իր պետության տարածքների նկատմամբ իրավունքները՝ նրանց չտալով Ուկրաինայի քաղաքացիություն»,- նշված է գրառման մեջ:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին զարմացրել է այն փաստը, որ Կիեւի վարչակազմն այդքան ակտիվորեն ոչնչացնում է իր անկախությունը: «Ինչպիսի առարկություններ կարող է ունենալ ուկրաինական վարչակազմը ղրիմցիների նկատմամբ: Ուկրաինայի ինքնիշխանությունն այնքան չի հուզում նրանց, որ հիմնական հարցը ոչ թե այն պահպանելն է, այլ որոշելը՝ ում հանձնել»,- նշել է նա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես անհանգստություն է հայտնել՝ կապված Զելենսկու օրինագծի հետ: Նա ենթադրում է, որ Արեւմուտքի ռազմավարությունը՝ գրավելու ուրիշների տարածքները, ապագայում կարող է կիրառվել նաեւ Արեւմտյան Բելառուսի նկատմամբ:
«Մեզ անհանգստացնում է այն, որ նրանք, լեհերը, նատոյականները կարող են մտնել ու վերցնել Արեւմտյան Ուկրաինան, ինչպես եղավ 1939 թ.: Մեզ դա զգուշացնում է ոչ միայն այսօրվա անվտանգության տեսանկյունից: Դա նրանց ռազմավարությունն է նաեւ Արեւմտյան Բելառուսի նկատմամբ»,- ասել է նա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Բելառուսի ղեկավարի կարծիքով՝ ուկրաինացիները դեռ կխնդրեն բելառուսներին, որ նրանք «արեւմտյան հատվածի տարանջատում թույլ չտան»: