Մոսկվան դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա եւ Լեհաստան, քանի որ այդ երկրները հրաժարվել են վառելիքի համար վճարել ռուսական ռուբլիով: Բալկանցիներն այլընտրանքային մատակարարներ են փնտրում: Այս մասին գրում է ամերիկյան «Eurasianet»-ը՝ ընդգծելով, որ այդ դերի համար ամենահավանական թեկնածուներից մեկն Ադրբեջանն է: Իսկ Բաքուն արդյոք կարո՞ղ է ապահովել անհրաժեշտ մատակարարումը, եթե այո, ապա ե՞րբ:
Բուլղարիան պնդում է, որ գազի դեֆիցիտ չի ունենա: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունից առաջ, որը եվրոպական էներգակիրների շուկայում ցնցումներ է առաջացրել, Սոֆիան պայմանագիր է ստորագրել Հարավային գազատրանսպորտային միջանցքով տարեկան 1 մլրդ խմ ադրբեջանական գազի ներմուծման վերաբերյալ: Գազատրանսպորտային այդ միջանցքը գազամուղների ցանց է, որն անցնում է Թուրքիայի ու Հունաստանի տարածքով: Դրանում օգտագործվում են գոյություն ունեցող խողովակաշարեր, բացի այդ, այս տարի պետք է ավարտվի երկրորդ՝ նոր գծի ստեղծումը:
Այն բանի հետ, որ ադրբեջանական գազը կարող է փոխարինել ռուսականին, հույսեր է կապում նաեւ Սերբիան, որը, սակայն, պետք է սպասի: Մատակարարումը կիրականացվի Բուլղարիայի միջոցով՝ այն խողովակաշարով, որը կառուցվում է Եվրամիության գումարներով՝ համաձայն 2018 թ. համաձայնագրի: Այդ գազամուղի շինարարությունն սկսվել է տարեսկզբին: Նախատեսվում է այն ավարտել 2023 թ. հոկտեմբերին:
Գազի պահանջարկը համեմատաբար ցածր է Բուլղարիայում՝ տարեկան 3-3.5 մլրդ խմ, իսկ Սերբիայում այն տարեկան մոտ 2.7 մլրդ խմ է: Սակայն այժմ Ադրբեջանը Հարավային գազային միջանցքով կարող է տարեկան 10 մլրդ խմ-ից ոչ ավելի գազ մատակարարել Բալկաններ։ Այդ գազամուղով առաքվող գազի մեծ մասը նախատեսված է Հունաստանի, Ալբանիայի, Ադրիատիկ ծովով՝ Իտալիայի եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների համար, որոնք նույնպես նոր աղբյուրներ կփնտրեն, եթե Մոսկվան, ինչպես սպառնում է, փակի իր գազի ծորակները:
Աճող պահանջարկի մի մասը կարող է բավարարվել հեղուկացված բնական գազի հաշվին, որը տեղափոխվում է նավերով, բայց, ակնհայտ է, ոչ բոլոր երկրները կարող են իրենց անհրաժեշտ ծավալը ստանալ:
Ներկայումս դիտարկվում է ադրբեջանական արտահանման արագ աճի հնարավորություններից մեկը, սակայն պոտենցիալ աճը մեծ չի լինի: Հարավային գազատրանսպորտային միջանցքի բաժնետերերից մեկը՝ BP ընկերությունը, «Eurasianet»-ին հաղորդել է նշված միջանցքի գազամուղային ցանցի «օպտիմալացման» միջոցների մշակման մասին՝ գազի բացթողնման հնարավորությունը տարեկան 1 մլրդ խմ-ի հասցնելու համար:
Որպեսզի Ադրբեջանն սկսի բավարարել պահանջարկի այս հանկարծակի աճը, տարբեր կոնսորցիումներից (որոնց պատկանում են այդ երկրի կասպյան հանքավայրերը, ինչպես նաեւ երեք խողովակաշարերը, որոնք մտնում են Հարավային գազատրանսպորտային միջանցքի ցանցի մեջ) միլիարդավոր դոլարների ներդրումներ կպահանջվեն ինչպես արդյունահանման ծավալները, այնպես էլ գազատարների բացթողնման հնարավորությունները մեծացնելու համար:
Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը՝ «Socar»-ը, որը տիրում է ինչպես ադրբեջանական հանքավայրերի բաժնետոմսերին, այնպես էլ Հարավային գազատրանսպորտային միջանցքին, պնդում է, որ այս տարի սպասվում է այդ միջանցքի ամենաարեւմտյան հատվածի արտահանման հզորության կրկնապատկման որոշումը. այն պետք է աճի մինչեւ տարեկան 20 մլրդ խմ: Սակայն պարզ չէ, թե որտեղից պետք է վերցվի այդ լրացուցիչ գազը:
BP ընկերությունը վաղուց զգուշացրել է, որ Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանման ավելացումը, որը հիմա տալիս է Ադրբեջանի կողմից արտահանվող ծավալը, չի ապահովի գազային միջանցքի ավելացված հզորության օգտագործումը:
Ինչպես հայտնում է BP-ն, մեծ նշանակություն ունեն չգործարկված պաշարները, որոնք կան Ազերի-Չիրաղ-Գյունեշլի նավթային հանքավայրի շրջանում: Հենց այս հանքավայրից, որտեղ մշակում է BP-ն, ստացվում է Ադրբեջանից արտահանվող գազի հիմնական մասը: Արդյունահանման մակարդակի վերաբերյալ այժմյան համաձայնագրի համաձայն, որն ընկերությունը կնքել է Բաքվի հետ, այս հանքավայրից ստացվող ողջ գազը կամ հետ է մղվում՝ նավթի արդյունահանումը մեծացնելու համար, կամ անվճար փոխանցվում է «Socar»-ին՝ ադրբեջանական սպառողներին մատակարարելու նպատակով:
Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրի գազային ներուժի շահագործումը սեփականատեր կոնսորցիումից խոշոր ներդրումներ կպահանջի, իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել արդյունահանման մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:
Նույնիսկ ամենաբարենպաստ դեպքում արդյունահանումը կսկսվի միայն մի քանի տարի հետո, ինչը քիչ կօգնի գազային ճգնաժամի հաղթահարմանը:
Ոլորտային մասնագետները դիտարկում են եւս մեկ հնարավոր լուծում, որը նոր ենթակառուցվածքի ստեղծում չի պահանջում։
Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Թուրքմենստանի հետ բնական գազի փոխանակման վերաբերյալ։ Այդ պլանի համաձայն՝ միջինասիական երկիրը պետք է տարեկան մինչեւ 2 մլրդ խմ գազ մատակարարի Իրանի հյուսիս-արեւելք, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին տրամադրի նույնքան գազ երկրի հյուսիս-արեւմուտքից, ինչը Բաքվին հնարավորություն կտա բավարարել ներքին պահանջարկը։
Փոխանակման նշված համաձայնագրի ծավալը կարող է ավելացվել տարեկան մինչեւ 6 մլրդ խմ եւ գազի ավելցուկն ուղղորդել դեպի Թուրքիա ու Եվրոպա: Այս մասին ասում է Ատլանտյան խորհրդի էներգետիկ վերլուծաբան Ջոն Ռոբերտսը։ «Թուրքիայում գոյություն ունեցող տարանցիկ գազատարների համակարգը տարեկան մոտ 4-5 մլրդ խմ չգործարկված հզորություն ունի: Դրանք կարելի է օգտագործել Եվրոպա ավելցուկային գազի տեղափոխման համար»,- բացատրել է Ռոբերտսը: Չնայած սա այնքան էլ մեծ ծավալ չէ, այն կարող է բավարարել որոշ բալկանյան երկրների կարիքները։ Այս լուծումը տեխնիկապես պարզ է եւ կարող է արագ կիրառվել:
Բացի ավելցուկային հզորությունից, թուրքական գազատարի համակարգն ունի արտահանման երկու առանձին խողովակաշար՝ մեկը դեպի Բուլղարիա, իսկ երկրորդը, որն ավելի մեծ հզորություն ունի, դեպի Հունաստան։ Ի տարբերություն Հարավային գազատրանսպորտային միջանցքի խողովակաշարերի, որոնք աշխատում են ամբողջ հզորությամբ եւ պահանջում ֆիզիկական ընդլայնում, այդ երկուսն ունեն պահեստային հզորություններ։
Բուլղարական խողովակաշարը կարելի է օգտագործել միայն ամռանը, երբ թուրքական գազի պահանջարկը նվազում է: Այս մասին նշել է թուրքական պետական խողովակաշարային «Botas» ընկերության գազի գնումների բաժնի նախկին ղեկավար Արիֆ Աքթյուրքը։ Իսկ հունական ուղղության գազատարն «ազատ ավելի մեծ հզորություն ունի եւ կարող է օգտագործվել ողջ տարին»: Աքթյուրքն ավելացրել է, որ դրանով տեղափոխվող գազը կարող է հետո Հունաստանից առաքվել Բալկաններ։
Այսպիսով՝ որպեսզի Ադրբեջանը կարողանա բավարարել գազի պահանջարկը Բալկաններում, միլիարդավոր դոլարների ներդրումների եւ մեծ համբերության կարիք կունենա:
Եվրոպան, որը ցանկանում է ազատվել ռուսական գազից ու նավթից կախվածությունից եւ այլընտրանքային ուղիների մասին է մտածում, հավանաբար, իր ունեցած լծակներով լուրջ ճնշում կգործադրի Բաքվի վրա՝ արցախյան խնդրի լուծումն արագացնելու համար: Ադրբեջանն այս պահին ավելի շատ խաղաղության կարիք ունի, բայց քաղաքականության մեջ բլեֆ է անում, թե ոչ մի խնդիր չունի: Հայաստանը կարող է այդ խաղաքարտն օգտագործել բանակցություններում:
Եվրոպայի հեռացումը ռուսական նավթագազային ուղեծրից, բնականաբար, ամենեւին ձեռնտու չէ Մոսկվային, որը, իր հերթին, կարող է արցախյան հարցը օգտագործել՝ Բաքվին իր բռի մեջ հավաքելու եւ նրան ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից զրկելու համար: Չէ՞ որ պատերազմի մեջ գտնվող երկիրը պարզապես հուսալի մատակարար չի կարող լինել: Այդպիսին չի կարող լինել նաեւ այն պետությունը, որի ներսում բացակայում է կայունությունը…
Պատերազմը Բաքվին կզրկի նաեւ եվրոպական գազային շուկայում ամրանալու հնարավորությունից, ուստի ադրբեջանական նավթագազային օլիգարխների ու ազգայնական շրջանակների միջեւ հակասություններն անխուսափելիորեն կհանգեցնեն բախման երկրի ներսում: Առավել եւս, որ «արտաքին սպառնալիքները» խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում դադարում են գործոն լինել ներքաղաքական կյանքում: Ստացվում է, որ Բաքվի միակ՝ նավթային առավելությունը կարող է նրա համար վերածվել ամենամեծ մարտահրավերներից մեկի…