Ուկրաինական հակամարտության և տնտեսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում կկրճատվի աշխատատեղերի քանակը, կպակասեն եկամուտները: Այս մասին գրում է «Eurasianet»-ը՝ պնդելով, որ դա կարող է լրջորեն անդրադառնալ երկրում աշխատանքային միգրանտների թվաքանակի վրա: Ամերիկյան լրատվամիջոցը շեշտել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների քանակի կրճատում է դիտվում, ինչը, հավանաբար, նվազագույնը մասամբ բացատրվում է տնտեսական անկմամբ ու աշխատանքի տեղավորման հեռանկարների պակասով:
2022 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում ՌԴ-ում միգրացիոն գրանցում է ստացել 4 մլն մարդ: Միևնույն ժամանակ 2022 թ. հունվար-փետրվարին միգրանտների թվաքանակի աճը երկու անգամ ավելին է եղել, քան 2021 թ.՝ արտահայտելով տնտեսական ակտիվության վերականգնումը քովիդային սահմանափակումների մեծ մասի չեղարկումից հետո, ներառյալ՝ սահմանների բացումը:
Բայց մարտին, անմիջապես Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո, տարվա առաջին երկու ամսվա համեմատությամբ աճը դանդաղել է մոտավորապես 40 տոկոսով: Ավելին՝ շատ միգրանտներ սկսել են հեռանալ Ռուսաստանից: Գումար վատակելու նպատակով ՌԴ ժամանածների մեծ մասը Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են, հիմնականում՝ Ուզբեկստանի ու Տաջիկստանի: 2022 թ. առաջին եռամսյակում Տաջիկստան է վերադարձել ավելի քան 60 հազար միգրանտ. դա անցած տարվա համեմատությամբ ավելի է 2.6 անգամ: Այդ մասին «Ասիա Պլյուս» պորտալին հայտնել են Տաջիկստանի բնակչության աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարությունից:
Տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Ուզբեկստան է վերադարձել 133 հազար աշխատանքային միգրանտ: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին աշխատանքային միգրացիայի գործակալության ղեկավարի տեղակալ Ազիզբեկ Յունուսովը: Բացի այդ, նա կիսվել է երկրի 150 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով. հարցվածների 15 տոկոսը նշել է, որ կորցրել է աշխատանքը Ռուսաստանում: Եվս 25 տոկոսը խնդիրներ են ունեցել տարադրամի փոխանակման անկայուն կուրսի պատճառով և ցանկացել են վերադառնալ Ուզբեկստան:
RUSMPI միգրացիոն քաղաքականության ինստիտուտի տնօրեն Օլգա Գուլինան լրացուցիչ տվյալներ է հաղորդել. «Մեր տեղեկություններով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանից Ուզբեկստան է վերադարձել 137 հազար մարդ: Օրինակ՝ ողջ 2021 թ. ընթացքում վերադարձել է 250-280 հազար մարդ, իսկ 2020 թ.՝ 215-245 հազար հոգի: Կենտրոնական Ասիան ներկայացնող միգրանտները մուրճի և սալի արանքում են, որովհետև ոչ ոք չի երաշխավորում աշխատանքային զբաղվածության և տուն վաստակով վերադառնալու հնարավորությունը»: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանները ենթադրում են, որ 2022 թ. վերջին Ռուսաստանում աշխատատեղերի թիվը կարող է կրճատվել 2 միլիոնով, ինչի հետևանքով գործազուրկների թիվը կհասնի 6-6.5 միլիոնի: Միևնույն ժամանակ հնչում են առավել հոռետեսական կանխատեսումներ:
Շինարարության ոլորտի վրա, որտեղ ավանդաբար աշխատում են աշխատանքային միգրանտները, այդ կրճատումներն արդեն ազդել են: Ինքնակարգավորողների միջոլորտային «Synergy» ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն՝ 1000 շինարարական ընկերությունների 40 տոկոսը դադարեցրել է շինարարությունը, 29 տոկոսը մատակարարումների ընդհատումների կամ նյութերի բացակայության պատճառով ներդրումներ չի կատարում նոր օբյեկտներում՝ հինն ավարտելու համար: Մանրածախ առևտրի ու ծառայությունների մեծ մասի ընկերությունները, որտեղ նույնպես զգալի թվով միգրանտներ են աշխատում, բախվել են լուրջ խնդիրների հետ՝ կապված ակտիվության անկման և եկամուտների կրճատման հետ:
Մարտին Համաշխարհային բանկի հետազոտողների խումբը հրապարակել է մի հոդված, որում ցուցադրվել է Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների սերտ կապը ՌԴ-ում միգրանտների աշխատանքի միջև:
«Ղրղզստանում 2021 թ. առաջին 3 եռամսյակի ընթացքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները կազմել են ընդհանուր մուտքերի 83 տոկոսը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը, Հայաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը դրամական փոխանցումների ավելի քան 50 տոկոսը ստացել են ՌԴ-ից: Դրամական փոխանցումները ֆինանսական փրկություն են այս երկրներից շատերի համար»,-գրում են հոդվածի հեղինակները:
2020 թ. տրանսֆերտները համարժեք էին Տաջիկստանի ՀՆԱ-ի 26.7 և Ուզբեկստանի ՀՆԱ-ի 9.8 տոկոսին, որտեղից ավանդաբար ամենամեծ թվով միգրանտներն են ժամանում Ռուսաստան, ինչպես նաև Ղրղզստանի ՀՆԱ-ի 31.3 տոկոսին:
SWIFT-ից Ռուսաստանի անջատման, ռուբլու անկայունության, եկամուտների նվազման և աշխատատեղերի կրճատման հետևանքով առաջացած բարդությունները կարող են հանգեցնել Ռուսաստանից Կենտրոնական Ասիա տրանսֆերտների նվազման միջինը 25 տոկոսով: «Օրինակ՝ Ղրղզստանում 2022 թ. դրամական փոխանցումները, հավանաբար, կկրճատվեն 33 տոկոսով՝ սկզբնական ծրագրված 3 տոկոսի փոխարեն: Ադրբեջանը, Հայաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, հավանաբար, նույնպես կբախվեն 2022 թ. դրամական փոխանցումների հոսքերի լուրջ կրճատման հետ»: Ղազախստանում նույնպես կանխատեսվում է դրամական փոխանցումների անկում 17 տոկոսով, թեև այս երկրի տնտեսությունը, ըստ էության, դրանից այնքան էլ ուժեղ կախված չէ։
«Eurasianet»-ը վստահ է, որ Կենտրոնական Ասիայի երկրների դրությունն ապագայում կախված կլինի նաև նրանից, թե արդյոք նրանք կկարողանա՞ն դիվերսիֆիկացնել միգրացիոն հոսքերը և անկախանալ Ռուսաստանից:
Օլգա Գուլինան իրավիճակի զարգացման երկու հնարավոր սցենար է տեսնում. «Եթե Տաջիկստանն ու Ուզբեկստանը, որտեղից Ռուսաստան միլիոնավոր աշխատանքային միգրանտներ են տեղափոխվում, կարողանան դիվերսիֆիկացնել միգրացիոն հոսքերը, ապա այդ առումով ավելի անկախ կլինեն Ռուսաստանից: Արդեն երկար տարիներ Ուզբեկստանն այդ մասին է խոսում: Բայց իրավիճակը քիչ է փոխվում, չնայած վերջին մի քանի տարում դրանում ես որոշ հաջողություններ եմ տեսնում: Ուզբեկստանը համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի հետ այն մասին, որ բուժքույրերի կուղարկեն այնտեղ: Ղրղզստանը նման պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ: Սակայն այս բոլորը կետային նախաձեռնություններ են, որոնք ընդգրկում են 10-ից մինչև մի քանի հարյուր աշխատանքային միգրանտների: Դա քիչ համեմատելի է աշխատանքային այն ռեսուրսների ծավալի հետ, որոնք Ռուսաստանն ընդունում է Կենտրոնական Ասիայի երկրներից։ Ուստի իրադարձությունների զարգացման երկրորդ սցենարը հոռետեսական է։ Եթե Կենտրոնական Ասիայի երկրները չկարողանան միգրացիոն հոսքերն ուղղել դեպի այլ երկրներ, եթե համապատասխան քանակով աշխատատեղեր չապահովեն երկրի ներսում, ապա Ռուսաստանի աշխատաշուկան ուժեղացող պատժամիջոցների և լճացող տնտեսության պայմաններում չի կարողանա աշխատանքի տեղավորել նման թվով միգրանտների»:
Պատմականորեն ՌԴ-ն շատ սերտ կապերի մեջ է Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մաս են կազմում։ Ռուսաստանը և այլ երկրներ, այդ թվում՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, Եվրասիական տնտեսական միության անդամներ են, ինչը նրանց թույլ է տալիս համեմատաբար ազատ առևտուր անել միմյանց հետ և ստեղծել ծառայությունների ու աշխատանքի միասնական շուկա, ինչը շատ ձեռնտու է միգրացիոն հոսքը պահպանելու համար։
Կարող է թվալ, որ Ռուսաստանի Դաշնությունից միգրանտների արտահոսքը չի ազդի երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի վրա, սակայն իրականում այդպես չէ։ Երկրում ժողովրդագրական ճգնաժամը շարունակվում է, իսկ միգրանտների ներհոսքն օգնում էր մասնակիորեն լուծել այդ խնդիրը։
«Ռուսաստանի վիճակագրական ծառայությունն ամեն տարի թարմացնում է ժողովրդագրական կանխատեսումները: Ըստ այդ բոլոր կանխատեսումների՝ ժողովրդագրական դրական հաշվեկշիռը պահպանելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է բարձր ծնելիություն, ցածր մահացություն և միգրանտների հոսք: Առանց միգրացիոն բաղադրիչի երկրի ժողովրդագրական պատկերը շատ տխուր է: Բնակչության մահացությունը բարձր է, ծնելիությունը՝ ցածր, ուստի միգրացիոն հոսքը միշտ կարևոր է եղել»,- ասել է Օլգա Գուլինան։ Բացի այդ, ՌԴ մարդկանց ներհոսքը նաև երկրի տնտեսական վիճակի արտացոլումն է ու յուրօրինակ կապիտալ։
«Քանի դեռ միգրանտները եկել ու գալիս են Ռուսաստան, դա միայն մեկ բան է նշանակում. երկիրը ցանկացած, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից գրավիչ է արտաքին աշխատանքային ռեսուրսների համար: Հնարավորությունների ցանկացած սեղմում և կապիտալի կրճատում՝ ֆինանսական, մարդկային, վատ է: Միգրանտների արտահոսքը ցուցիչ է, որ ՌԴ-ի գրավչությունը նվազում է, իսկ աշխատանքից ստացվող օգուտը՝ աստիճանաբար նվազում»,- ավելացրել է Գուլինան։
Արևմտյան վերլուծական կենտրոններն ու լրատվամիջոցները, քննարկելով այս թեման, ուզում են տեսնել, թե որքանով է ՌԴ-ն կորցնում գրավչությունը Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների համար: Եթե այդ գրավչությունը չեզոքացվի, դա ոչ միայն կվկայի ՌԴ-ի տնտեսապես թուլացման մասին, այլև Արևմուտքին հնարավորություն կտա տարածաշրջանը պոկել ՌԴ-ի ազդեցությունից և այդ երկիրը վերցնել կոշտ աքցանի մեջ՝ «միգրացիոն հոսքերն ուղղելով դեպի այլ երկրներ»: Թուրքիան ձգտում է այստեղ հաստատել իր վերահսկողությունը, իսկ Արևմուտքը դա թույլատրում է նրան: Ստացվում է՝ Թուրքիային ամեն ինչ կթույլատրվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի Ռուսաստանը, որի դեմ պայքարում է Արևմուտքը: Գուցե դա՞ է պատճառը, որ իր ագրեսիվ նպատակներին հասնելու ճանապարհին Անկարան փորձում է վերջնականապես չգժտվել Մոսկվայի հետ…