Ղրղզստանում տնտեսական խնդիրներն ու աղքատության աճը յուրահատուկ պայմաններ են ստեղծում Անկարայի էքսպանսիայի համար: Թուրքիան, հավատարիմ իր ագրեսիվ քաղաքականությանը, բնականաբար, բաց չի թողնի այդ հնարավորությունը. մոտ ժամանակներս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Բիշքեկ՝ Ղրղզստանի հետ Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի անցկացման համար: Այդ այցը միաժամանակ առիթ կտա դատողություններ կատարել պլանավորվող իրադարձությունների վրա, որոնք Արեւմուտքը կփորձի հրահրել այս տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրությունների դեմ՝ Թուրքիայի միջոցով:
Չինաստանի եւ Թուրքիայի կողմից Կենտրոնական Ասիայի հանրապետությունների յուրացումը ՌԴ-ին սպառնում է աշխատանքային ռեսուրսների կորստով եւ արտահանման հնարավորությունների կրճատմամբ։ Պարենային ապրանքների գների գլոբալ աճն այս տարի Ղրղզստանի բնակիչների մոտ 38 տոկոսին կթողնի աղքատության շեմից ներքեւ։ Իսկ Ռուսաստանում աշխարհառազմավարական կոնֆլիկտի պատճառով տնտեսական անկումն էլ ավելի կվատթարացնի Ղրղզստանի բնակչության վիճակը…
Այսպիսով՝ հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կկատարի Բիշքեկ։ Նրան կդիմավորի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Ղրղզստանի մայրաքաղաքում կանցկացվեն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդը եւ թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Բացի այդ, սպասվում է Ղրղզա-թուրքական զարգացման հիմնադրամի ստեղծում։
Երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները հիշեցնում են, որ անհրաժեշտ է հասնել «ռազմավարական նպատակին»՝ երկրների միջեւ տարեկան մինչեւ 1 մլրդ դոլարի առեւտրաշրջանառությանը։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայն անցյալ տարի ասել էր, որ 1 միլիարդը միայն առաջին նպատակակետն է. «Հետագայում մենք պետք է աշխատենք հասնել 5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության»։
2021 թ. Թուրքիայի եւ Ղրղզստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 836 մլն դոլար: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ղրղզստանը գնել է 749.5 մլն, վաճառել՝ 86.5 մլն դոլարի ապրանքներ: Արտահանման կառուցվածքում հիմնական մասնաբաժինը բամբակն է, գյուղմթերքները, հանքաքարերը եւ թանկարժեք մետաղների խտանյութերը։ Փոխարենը Բիշքեկը Թուրքիայից ստանում է հագուստ, կոշիկ, կահույք։ Իսկ ամենաուշագրավ գործարքը հայտնի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումն է: Ի դեպ, ղրղզական պաշտոնյաները հաճախակի շեշտում են, որ գնել են նաեւ ռուսական անօդաչու թռչող սարքեր։
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Ռուսաստանի Դաշնության եւ Ղրղզստանի միջեւ առեւտուրը կազմել է 2.5 մլրդ դոլար, միեւնույն ժամանակ Ղրղզստանից արտահանումն աճել է 38 տոկոսով՝ 2020 թ. 240 մլն դոլարից 2021 թ. հասնելով 333 միլիոնի։ Ըստ Ղրղզստանի Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալների՝ 2017 թ. օտարերկրյա ներդրումներով 3000 ձեռնարկություններից 22.1 տոկոսը Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկություններն են, 13.5-ը՝ թուրքական, 18.5-ը՝ չինական, 14-ը՝ ղազախական։
Երկու երկրների համագործակցության մեջ առանցքայինն աշխատանքային միգրացիան է։ Ռուսաստանը վաղուց տնտեսապես ակտիվ բնակչության ծայրահեղ կրճատման գործընթացում է (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալներով՝ մոտ 10 տարվա ընթացքում ՌԴ-ում աշխատուժի քանակը 2011 թ. 75.7 միլիոնից նվազել է մինչեւ 74.8 միլիոն՝ 2020 թ., այսինքն՝ գրեթե մեկ միլիոն մարդ): Միեւնույն ժամանակ Ղրղզստանի վերլուծաբաններն ամենակարեւոր եւ սուր խնդիրն են համարում բնակչության արագ աճը: Ինչպես նշված է ՌԴ զարգացման պետական կորպորացիայի հետազոտությունների եւ փորձաքննությունների ինստիտուտի հաշվետվության մեջ, վերջին հինգ տարում այստեղ բնակչությունն աճել է գրեթե 630 հազար մարդով կամ 11 տոկոսով: Իսկ դա կենսական տարածքի անբավարարության լուրջ վտանգ է ստեղծում, քանի որ տարածքի մակերեսը, որը հարմար է ապրելու ու տնտեսական գործունեություն իրականացնելու համար, չափազանց սահմանափակ է։
Ղրղզստանի միգրացիոն պետական ծառայությունը 2019 թ. միգրանտների ընդհանուր թիվը գնահատել է 824 հազար մարդ, որից 88 տոկոսը (728 հազար հոգի) եղել է Ռուսաստանի Դաշնությունում։ Թուրքիան Ղազախստանի հետ կիսում է 2-3-րդ տեղերը քաղաքացիների այս կարգի համար գրավչության առումով՝ 4-ական տոկոս։ Աշխատանք փնտրողները Ղրղզստանից մեկնում են նաեւ Կորեա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Գերմանիա (1-ական տոկոս): Նույնքան (1 տոկոս) բաժին է ընկնում Եվրոպայի մնացած երկրներին։ Աշխատունակ տարիքի բնակչության 15 տոկոսը կամ երկրի ընդհանուր աշխատուժի 25 տոկոսն աշխատանք է փնտրում արտասահմանում։ Ավելին՝ միգրանտների ավելի քան 90 տոկոսը ամենաաշխատունակ տարիքի մարդիկ են՝ 20-49 տարեկան։
Երկրի տնտեսությունը չափազանց կախված է միգրանտների դրամական փոխանցումներից, որոնք 2019 թ. կազմել են 2.4 մլրդ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի գրեթե 30 տոկոսը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը՝ հղում անելով ծայրահեղ աղքատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Շուտերին: «Դրամական փոխանցումներն առաջին հերթին օգուտ են տալիս գյուղական աղքատ տնային տնտեսություններին, եւ դրանց օգնությամբ 2019 թ. աղքատության մակարդակը կրճատվել է 11 տոկոսով։ Բայց դրանք չեն կարող լինել երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն։ Սա մարդկային կապիտալի փախուստ է աննախադեպ մասշտաբով»,- ասել է դե Շուտերը։
Ղրղզստանն այժմ փորձում է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ՝ պարենային ապրանքների գների աճ, դրամական փոխանցումներից եկամուտների նվազում եւ գործազրկության աճ: Դրանցից շատերը կապված են համավարակի հետեւանքների եւ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունից հետո Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։
«Չնայած Ղրղզստանում աղքատության մակարդակն աստիճանաբար նվազում է, 2020 թ. բնակչության ավելի քան մեկ քառորդը դեռեւս ապրում էր աղքատության գծից ներքեւ։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կարող է հասնել 38 տոկոսի, ինչը երկիրը հետ կշպրտի տասը տարով»,-ասել է դե Շուտերը։ Հատուկ զեկուցողը երկրին կոչ է արել դադարեցնել կախվածությունը դրամական փոխանցումներից, ավելի շատ միջոցներ ներդնել նախադպրոցական կրթության մեջ, բարելավել կրթության որակը դպրոցներում եւ ուժեղացնել սոցիալական պաշտպանության ցանցերը աղքատության մեջ ապրող մարդկանց համար:
Հատկանշական է, որ Ռուսաստանում կան փորձագետներ, որոնք թուրքական վտանգի մեջ ռիսկեր չեն տեսնում ՌԴ-ի համար: Քաղաքագետ Անդրեյ Սուզդալցեւը, որի խոսքերը մեջբերել է «Նեզավիսիմայա գազետան», կարծում է, որ «Թուրքիան 90-ականներին իրեն վստահ էր զգում հետխորհրդային ողջ տարածքում, այլ ոչ թե միայն լեզվով իրեն մոտ Կենտրոնական Ասիայի թյուրքական խմբի երկրներում, նույնիսկ՝ Ուկրաինայում»: Ըստ քաղաքագետի՝ Անկարայի ազդեցությունն այժմ տարածվում է հումանիտար ոլորտի՝ կրթության, առողջապահության վրա, եւ «Անկարան չի փորձում այդ երկրում աշխարհաքաղաքական առումով դիմակայել Ռուսաստանին, որն այնտեղ ռազմաբազաներ ունի»:
«Տնտեսական ոլորտում թուրքական ազդեցությունն այստեղ նույնպես չնչին է, այն սահմանափակվում է մի շարք փոքր նախագծերով։ Թեեւ Ղրղզստանի ներուժը բավական բարձր է. այստեղ է կենտրոնացված տարածաշրջանի քաղցրահամ ջրի պաշարների 30 տոկոսը, կան ոսկու հանքեր, հանրապետության տարածքում է չինական ապրանքների բաշխման հանգույցը։ Չինաստանի տնտեսական առաջընթացն անհանգստացնում է Թուրքիային, հատկապես Չինաստանից Ղրղզստանով դեպի Ուզբեկստան երկաթուղու կառուցման մեկնարկը։ Չինական ճանապարհը կարող է ձգվել դեպի կասպյան տարածաշրջան, որտեղ արդեն այն ուղղակիորեն կսպառնա Թուրքիայի շահերին»,- շեշտել է Սուզդալցեւը։
Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ում առկա ճգնաժամը կարող է նկատելիորեն ազդել Ղրղզստանի տնտեսության վրա, որի ՀՆԱ-ի մեկ երրորդը կազմում են միգրանտների հատկացումները։ «Առավել նկատելի հարվածը հասցվել է առեւտրի, սպասարկման ոլորտին, եւ հիմնականում հենց այս ոլորտներում են զբաղված Ղրղզստանից միգրանտները, ի տարբերություն այլ երկրների իրենց գործընկերների, որոնք ավելի շատ զբաղվում են, օրինակ, շինարարությամբ»,- ասել է Սուզդալցեւը։
Բայց հարկ է հիշեցնել, որ Ղրղզստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ ռազմական ոլորտում: Ղրղզական սահմանապահ ծառայությունն արդեն զինվել է թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուներով: Իսկ նախագահ Ժապարովն անձամբ է նայել «Բայրաքթարները» եւ ծանոթացել դրանց աշխատանքին: Հասկանալի է, որ թուրքական հարվածային անօդաչուների շահագործումը պահանջում է ոչ միայն կրթական մեծ ծրագիր ու անձնակազմի պատրաստություն, այլ նաեւ երկու երկրների ուժային կառույցների ինտեգրման տարրեր, եւ Էրդողանի առաջիկա այցը, հավանաբար, կպատասխանի նաեւ այդ հարցին:
Այն մասին, որ աշխատանքային միգրանտների հոսքերի ուղղությունները թեքելով այլ երկրներ՝ փորձ կարվի Կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, «ՀՀ»-ն արդեն գրել է: Առաջիկայում Թուրքիան կօգտագործի այդ հանգամանքը՝ Արեւմուտքի համար իր դերը բարձրացնելու նպատակով կամ կկատարի նույն Արեւմուտքի հրահանգները՝ ընդդեմ ՌԴ-ի: Երկու դեպքում էլ Անկարան կշահի՝ ստանալով նույն Արեւմուտքի հավանությունը, միեւնույն ժամանակ ձգտելով հետխորհրդային եւս մեկ երկրից դուրս մղել Ռուսաստանին ու Չինաստանին եւ հաստատել իր լիակատար ազդեցությունը: