Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելում է Անկարա, որտեղ կհանդիպի թուրք գործընկերոջը՝ Մեւլութ Չավուշօղլուին։ Քննարկման թեմաներից է լինելու Ուկրաինայից դեպի Եվրոպա ընկած այսպես կոչված «ցորենի միջանցքի» հարցը։ Մյուս կարեւոր թեման Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում հայտարարված հերթական ռազմական գործողությունն է։
Պարենի, մասնավորապես ցորենի արտահանման հետ կապված խնդիրները մտահոգում են աշխարհի գրեթե բոլոր պետություններին, քանի որ Ռուսաստանը եւ Ուկրաինան արտադրում են աշխարհում սպառվող հացահատիկի մոտ 30 տոկոսը։ ՄԱԿ-ը բազմիցս բարձրաձայնել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ աշխարհում մոտ 40 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ, եթե ուկրաինական եւ ռուսական ցորենը (վերջինիս դեպքում՝ նաեւ նավթը) չմատակարարվեն այլ պետություններ։ Նշենք, որ Արեւմուտքը Ռուսաստանին մեղադրում է համաշխարհային շուկա ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարմանը խոչընդոտելու մեջ։ Մինչդեռ Մոսկվան կտրականապես համաձայն չէ այդ գնահատականի հետ՝ հակադարձելով, որ Կիեւի իշխանություններն են խոչընդոտներ ստեղծում հացահատիկի արտահանման հարցում։ Ռուսական կողմը մասնավորապես նշում է, որ ուկրաինական զորքերը հանքարդյունաբերություն են իրականացրել Սեւ ծովում, ինչը թույլ չի տալիս նավերով հացահատիկը տեղափոխել համաշխարհային շուկաներ։
Ռուսական պատվիրակությունը երեկ մեկնել է Թուրքիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործընթացի կազմակերպման շուրջ։ Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների լուծմամբ։ Ավելի վաղ՝ հունիսի 2-ին «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Թուրքիան ՄԱԿ-ի աջակցությամբ մշակել են «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա արտահանել եւ միջազգային շուկա մատակարարել մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ եւ արեւածաղկի սերմ: Այս գործողության մանրամասները՝ երթուղին, նավերի ապահովագրությունը եւ հացահատիկով անվտանգությունը կողմերը եւ միջազգային կազմակերպությունների մասնագետները պետք է քննարկեն Թուրքիայում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ ասել էր, որ, ըստ Կիեւի, Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները վերականգնելու ռուսական միակողմանի երաշխիքները բավարար չեն, եւ առաջարկել էր նավեր ուղարկել Սեւ ծով՝ ականազերծելու եւ առեւտրային բեռները նավահանգիստներից ուղեկցելու համար։
Վաշինգտոնը թերահավատորեն է վերաբերվում Լավրովի այցի շրջանակներում Ուկրաինայից հացահատիկի մատակարարման խնդրի կարգավորմանը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ նշել է, որ Միացյալ Նահանգները վերահսկելու է այցի ընթացքը, միաժամանակ կարծում է, որ «մեկ հանդիպումը չի լուծի այդ խնդիրը»՝ ընդգծելով որպես կենտրոնական դերակատար Ուկրաինայի ներգրավման անհրաժեշտությունն այդ մարտահրավերը լուծելու համար։ «Ես չգիտեմ, թե արդյոք մենք պետք է բեկում ակնկալե՞նք այդ այցի արդյունքում: Իհարկե, ուշադիր հետեւում ենք այցին եւ դրա ավարտից հետո խորհրդակցություններ կանցկացնենք մեր թուրք դաշնակիցների հետ։ Մենք աջակցում ենք ցանկացած դիվանագիտական ջանքերի, որոնք ուշադիր եւ սերտորեն համակարգվում են Ուկրաինայի հետ»,- շեշտել է Փրայսը:
Չնայած դրան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չեն հրավիրվել Անկարայում այսօր կայանալիք հանդիպմանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նավերի տեղաշարժը Սեւ ծովում։ Զելենսկին նաեւ նշել է, որ թե Թուրքիայի, թե Մեծ Բրիտանիայի հետ քննարկել են այդ երկրների նավատորմերի կողմից հացահատիկի տեղափոխման ապահովման հարցում հնարավոր միջնորդության խնդիրը։ Ուկրաինական հացահատիկի փոխադրման շուրջ բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ բալթյան երկրների եւ Լեհաստանի հետ, այսինքն՝ երկաթուղով որոշակի քանակությամբ հացահատիկի փոխադրման շուրջ, սակայն երկար առաքման պատճառով այդ տարբերակն առաջնահերթ չէ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան կարող է ամսական 10 մլն տոննա հացահատիկ արտահանել Օդեսայի նավահանգիստներով։
Ուկրաինայից հացահատիկի արտահանման թեմային է անդրադարձել «Bloomberg» գործակալությունը՝ նշելով, որ Էրդողանի կառավարությունն առաջարկել է ռազմական օգնություն Օդեսայի ափամերձ գիծը ականներից եւ հացահատիկային նավերից մաքրելու համար, սակայն Ուկրաինան դեռ պետք է հաստատի ծրագիրը։ Ըստ գործակալության աղբյուրների՝ ռուս-թուրքական պլանը հնարավորություն կտա ականազերծել Օդեսայի մերձակայքը եւ երաշխավորել ՄԱԿ-ի հովանու ներքո Սեւ ծովից նավերի անվտանգ անցումը։
Ավելին՝ Թուրքիան մտադիր է Ստամբուլում կենտրոն հիմնել՝ առաքումները վերահսկելու եւ համակարգելու համար։ Բացի դրանից, Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայից հացահատիկ գնել ավելի քան 25 տոկոս զեղչով, որի շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերել ուկրաինական իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրիշչին՝ նշելով, որ Անկարան ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու համար։ Նկատենք, որ Ուկրաինայի համար «թանկ գին» կարող է ունենալ թուրքական օգնությունը, երբ երկիրը պետք է ընտրություն կատարի խնդրի լուծման «վատ» եւ «վատագույն» տարբերակների միջեւ։ Ստացվում է, որ Թուրքիայի իշխանությունները դիվանագիտական մակարդակով զբաղված են շորթմամբ եւ իրենց աջակցության դիմաց բավական բարձր գին են պահանջում։