Թուրքիան եւ Իրանը մերձավորարեւելյան այն խոշորագույն պետություններն են, որոնք Սիրիայի հարցով Աստանայի եռյակի մասնակիցներ են, ինչպես նաեւ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ձեւաչափով բանակցային գործընթացի անդամներ: Պատմության ընթացքում թուրք-իրանական բախումներ հաճախ են եղել. տարածաշրջանում միահեծան գերակայության ձգտումը բազմիցս հանգեցրել է ռազմական գործողությունների: Եվ չնայած հակասություններին, որոնց պատճառով Օսմանյան եւ Սեֆյան կայսրությունների միջեւ կատաղի առճակատումը Մերձավոր Արեւելքի ռազմական պատմության ամենահագեցած էջերից է, նրանց «աշխարհաքաղաքական ժառանգորդները» բավական սերտ համագործակցում են տնտեսական ոլորտում, ինչը մասամբ թույլատրում է մեղմացնել քաղաքական-գաղափարախոսական տարաձայնություններն ու մրցակցությունը: Մասնավորապես՝ Թուրքիան մեծապես կախված է իրանական գազային մատակարարումներից, իսկ թուրքական բանկային-ֆինանսական համակարգն ավանդաբար եղել է այն ալիքներից մեկը, որոնց օգնությամբ Իրանը շրջանցել է ամերիկյան պատժամիջոցները:
«Ինֆոշոսում»-ում անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Անդրեյ Արեշեւը գրել է, որ Թեհրանի ու Անկարայի միջեւ երկխոսությունը վերջին շրջանում բավական բարդացել է՝ կապված անդրսահմանային ջրերի վերաբաշխման հետ: Ավելին՝ դա սրել է լարվածությունը, որն առաջացել էր նրանց միջեւ Իրաքում նոր կառավարության ձեւավորման եւ եզդիական Սինջարի նկատմամբ վերահսկողության սահմանման հարցերում:
Լրջորեն մտահոգված Թուրքիայի կողմից Տիգրիսի ու Արաքսի վրա ամբարտակների կառուցմամբ՝ իրանցիները հանրային հարթություն են բերել երկարամյա վեճը, որը մինչ այժմ քննարկվում էր դիվանագիտական ուղիներով:
Մայիսի 10-ին ելույթ ունենալով Մեջլիսում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը միանգամայն որոշակիորեն հայտարարել է. «Մենք համոզված չենք Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա պատնեշ կառուցելու անհրաժեշտության մեջ եւ բարձրաձայն հայտարարում ենք, որ այդ գործողությունն անընդունելի է, եւ մենք դեմ ենք դրան։ Թեհրանում եւ Նյու Յորքում երկու հանդիպումների ժամանակ եւ հեռախոսազրույցի ընթացքում ես Թուրքիայի արտգործնախարարին խնդրեցի ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցմանը»:
Անկարայի չմասնակցելը 1997 թ. Նյու Յորքի կոնվենցիային՝ անդրսահմանային ջրերի ոչ նավագնացային օգտագործման վերաբերյալ, բացառում է ցանկացած վիճարկում դատական կարգով: Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ իրենք չորս ամիս հարեւաններին առաջարկել են ստեղծել ջրի հիմնախնդրի համատեղ կոմիտե՝ երաշխավորելու համար, որ Թուրքիայի տարածքում Արաքսի վերին հոսանքի վրա ամբարտակի կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա դեպի Իրան ջրի հոսքի վրա։ Տարեսկզբին Իրանի արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների մի խումբ փորձագետներ այցելել են Թուրքիա, բանակցություններ վարել այնտեղ, եւ շուտով սպասվում է պատասխան այց՝ դեռեւս 1955 թ. ստորագրված արձանագրության վրա հիմնված ընթացակարգերի շրջանակներում։ «Մենք ջրի խնդիրը տեսնում ենք ազգային անվտանգության ոլորտում»,- իր հերթին՝ ասել է Մեջլիսի ղեկավար Մ. Ղալիբաֆը, ով նույնպես ջրի հարցը համարում է ազգային անվտանգության կարեւոր առաջնահերթություններից մեկը։
Իրանցիների մտահոգությունը միանգամայն բացատրելի է. վերջին ժամանակներս ջրի խնդիրը դարձել է սոցիալ-քաղաքական անկայունության աճի կարեւոր գործոն։ Խուժաստանում, Սպահանում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց, չի բացառվում, կարող է ավելանալ նաեւ թյուրքալեզու հյուսիս-արեւմուտքը, ի վիճակի է ներքին կայունության համար լուրջ մարտահրավերներ ծնել մի երկրում, որը շատ բազմազան է էթնո-դավանանքային առումով: Թեհրանը պնդում է, որ Իլիսու ամբարտակը, որը բացվել է 2021 թ. հարավարեւելյան Մարդին նահանգում, վտանգ է ներկայացնում ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի բնապահպանության համար։ Փոշու տարածաշրջանային փոթորիկները Տիգրիսի եւ Եփրատի հոսքի կրճատման պատճառով գրանցված երաշտի արդյունք են:
Արեշեւը փաստում է, որ Տիգրիս գետի վրա ամենախոշոր՝ Իլիսու հիդրոտեխնիկական համալիրի ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 11 մլրդ խմ։ «Այս ամբարտակը մեծությամբ երկրորդն է երկրում թուրքական Աթաթուրքի ամբարտակից հետո եւ աշխարհում ամենամեծը բետոնային ծածկով ամբարտակների տեսակների մեջ՝ լցվածության առումով»,- Իլիսուի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արաքսի վրա, որը նույնպես սկիզբ է առնում Թուրքիայի արեւելքից եւ սահման գծում Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Հայաստանի միջեւ, արդեն գործում է մեկ հիդրոէլեկտրակայան, երկրորդ ջրամբարը լցվում է, իսկ երրորդը՝ կառուցվում։ Մեկ այլ հիդրոտեխնիկական նախագիծ էլ կոչված է լուծել Իգդիր գյուղատնտեսական շրջանի եւ հենց Արարատի ստորոտում գտնվող այդ քաղաքի խմելու եւ տեխնիկական ջրի խնդիրը։
Արեշեւը շեշտել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իրանական դիտարկումներն անվանել են «գիտականից հեռու» կարծիքներ՝ նշելով, որ փոշու ու ավազի փոթորիկների պատճառն Աֆրիկան ու Մերձավոր Արեւելքն են: Միեւնույն ժամանակ Անկարայում հայտարարել են, որ հարեւանների համար բաց են ցանկացած «ռացիոնալ եւ գիտական համագործակցության» համար՝ կապված անդրսահմանային ջրերի հարցի հետ: Թուրքական պաշտոնատար անձինք Իրանին մեղադրում են ջրի պակասի մեջ՝ այդ երկրի տարածքում ջրային ռեսուրսների անկանոն կառավարման պատճառով՝ Թեհրանի մեղադրանքները գնահատելով որպես բնակչության շրջանում աճող դժգոհությունից ուշադրությունը շեղելու փորձ: Բացի այդ, ինչպես ամեն առիթով հայտարարում են թուրք փորձագետները, «իրանցիներն իրենք են ամբարտակներ կառուցում Հայաստանի (Մեղրիի ՀԷԿ-ը նախագծման փուլում է,-հեղ.) եւ Ադրբեջանի (Խուդափերինի հիդրոհանգույց,-հեղ.) սահմանին Արաքսի երկայնքով»։ Չնայած այն հանգամանքին, որ իրանցիներն այժմ աջակցում են Բաղդադին «ջրի հարցում», 2021 թ. սեպտեմբերին իրաքյան իշխանությունները ծրագրել էին Իրանի դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ Արվանդ (Շատ էլ-Արաբ, որը ձեւավորվում է Եփրատ եւ Տիգրիս գետերի միացմամբ) եւ Կարուն գետերում ջրի ծանծաղության եւ որակի վատթարացման պատճառով։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (Էրբիլ) Իրանին նաեւ մեղադրում է այն հարցում, որ վերջինս Տիգրիսի Փոքր Զաբ եւ Սիրվան վտակներից, որոնք սկիզբ են առնում Իրանից, ջուր է վերցնում արագորեն ծանծաղացող Ուրմիա լիճը վերակենդանացնելու համար: Իրանում ամբարտակները 2018 թ. համեմատ աճել են ավելի քան երկու անգամ (647՝ 316-ի դիմաց), եւ դրանց թիվը շարունակում է աճել, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։ Հայտարարելով, որ կատարում է Բաղդադի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ինչպես Թուրքիայի դեպքում, Թեհրանն առաջարկում է համատեղ կոմիտե ստեղծել՝ պարբերաբար ստուգելու դեպի Իրաք ջրի հոսքի ծավալը։
Այդուհանդերձ, Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարբեր հարցերում տարաձայնությունները, սկսած Սիրիայում եւ Իրաքում հակառակորդ կողմերին աջակցությունից, վերջացրած աֆղան փախստականներով, որոնց հոսքն Իրանի տարածքով դեպի Սիրիա վերջերս զգալիորեն աճել է, արագորեն ավելանում են: Թուրքական ռազմական գործողություններն Իրաքի հյուսիսում, ինչպիսին է վերջերս տեղի ունեցած «Մագիլ-ամրոցը», ինչպես նաեւ Անկարայի «գազային» պայմանավորվածություններն Էրբիլի հետ ավելի են բորբոքում Թեհրանի դժգոհությունը:
Ջրի խնդիրը դեռ «երեկ» կարծես սովորական էր եւ դուրս չէր գալիս դիվանագիտական միջանցքներից, բայց այսօր նկատելիորեն սրվել է՝ հանգեցնելով տարածաշրջանային հետագա լարվածության աճի։ Ավելին՝ այն ուղղակիորեն ազդում է Կովկասի հարեւան երկրների վրա, որոնք շոշափելիորեն տառապում են ջրի պակասից։ Արդեն երկար տարիներ Հայաստանում պրոֆեսիոնալներն ահազանգում են՝ մատնանշելով Թուրքիայի արեւելքում միակողմանի հիդրոլոգիական եւ հարակից նախագծերի վնասակար ազդեցությունը: Այսպես՝ դեռեւս խորհրդային տարիներին կառուցված Ախուրյանի սահմանային ջրամբարի ծավալները վերջին տարիներին կրճատվել են 100 մլն, իսկ ավելի հոռետեսական հաշվարկներով՝ գրեթե 200 մլն խմ-ով։ Թուրքիայում վերջին տասնամյակներում մի շարք ջրամբարների կառուցումը հանգեցրել է Ախուրյանի գետավազանի ջրային ռեսուրսների 30-40 տոկոսով կրճատման, ինչը ենթադրում է Արարատյան դաշտի հետագա անապատացում, Սեւանի ծանծաղացում եւ բացասական այլ հետեւանքներ մեր երկրի համար։
Քարակուրթի եւ այլ ջրամբարների շինարարության ավարտը Թուրքիային հնարավորություն կտա «տիրանալ» Արաքսի ջրի մեծ մասին. 1.4-1.5 մլրդ խմ, ինչը գերազանցում է տարեկան մոտ 2.5 մլրդ խմ տարեկան հոսքի կեսը։ Վերին Արաքսի եւ Քուռի հիդրոտեխնիկական նախագծերի առիթներով մտահոգություններն աճում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որը Թուրքիայի հետ կապված է բազմաթիվ նախագծերով եւ փոխադարձ շահերով։ Ոչ միայն Թեհրանում կամ Երեւանում, այլ նույնիսկ Բաքվում եւ Թբիլիսիում պետք է լավ հիշեն, որ «Հարավարեւելյան Անատոլիա» նախագծի իրականացումը հանգեցրել է երկարատեւ երաշտի՝ Սիրիայում, երբեմնի բերրի գյուղատնտեսական տարածքների անապատացման եւ միլիոնավոր մարդկանց արտագաղթի՝ դեպի խոշոր քաղաքներ, մեծապես նպաստել սոցիալական ցնցումներին եւ անկարգություններին, որոնք հանգեցրեցին ավերիչ քաղաքացիական պատերազմի:
Չնայած այն հանգամանքին, որ «կլիմայական դիվանագիտության» մասին ավելի ու ավելի հաճախ են խոսում եւ գրում, թվում է՝ իրականում ոչ ոք մտադիր չէ լրջորեն զբաղվել դրանով բազմակողմ ձեւաչափով։ Դա զարմացնում է թեման լիարժեք ուսումնասիրած Անդրեյ Արեշեւին, քանի որ խոսքն իսկապես լուրջ խնդրի մասին է, որի հետագա անտեսումը չափազանց վտանգավոր է։