Իսպանիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով եռօրյա գագաթնաժողովը։ Որպես գործընկերներ՝ հանդիպմանը մասնակցում են նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորս երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարները։
Օրակարգում նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումն է, դաշինքի ամրապնդմանը վերաբերող հարցերը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները։ Միաժամանակ առանցքային նշանակության հարցերից է դարձել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ նշել է, որ կցանկանար ընդլայնել ռազմական համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանին հակազդելու համար։ Թե՛ Ավստրալիային, թե՛ ԱՄՆ-ին անհանգստացնում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների խորացումը։ ԱՄՆ զինված ուժերի հնդ-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ջոն Ակվիլինոն անցած շաբաթ մտահոգություն էր հայտնել երկու երկրների «սահմաններ չունեցող» բարեկամության վերաբերյալ, որի մասին հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Իմ տեսանկյունից՝ ամենամտահոգիչն այն է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարել է Ռուսաստանին աջակցելու «սահմաններ չունեցող» քաղաքականության մասին: Ինչպես նաեւ այն, թե դա ինչ նշանակություն կունենա ինչպես հնդկական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների եւ ընդհանրապես աշխարհի համար, եթե այս երկու երկրներն իսկապես «սահմաններ չունեցող» քաղաքականություն դրսեւորեն եւ սկսեն իրականացնել»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը։
Ջոն Ակվիլինոն անդրադարձել է նաեւ Չինաստանի ռազմական համալրմանը, որը, ըստ նրա, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծն է պատմության մեջ եւ ընդգրկում է բոլոր ոլորտները՝ «նավատորմի նավեր, հինգերորդ սերնդի ինքնաթիռներ, հրթիռային ուժեր, կիբերտարածությունում կամ տիեզերքում կարողությունները, միջուկային հնարավորությունները»։
Սպիտակ տունը հունիսի 24-ին հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան Խաղաղ օվկիանոսում ստեղծում են նոր դաշինք: «Partners in the Blue Pacific» գործընկերությունը նպատակ ունի զարգացնելու «արդյունավետ համագործակցություն եւ աջակցություն տարածաշրջանի կղզի պետությունների համար»։ Ակնկալվում է, որ գործընկեր երկրները «մեծացնելու են ջանքերը խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին աջակցելու համար»։
«ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ՝ նոր գործընկերության մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի քարտուղարությունն այս տարի մտադիր է չեղարկել ֆորումի առաջնորդների ավանդական հանդիպումը կազմակերպության գործընկերների հետ, որը ներառում է 21 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա, ԵՄ, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ եւ Ճապոնիա։ Հաղորդվում է, որ այդ որոշման պատճառը «ներքաղաքական առանցքային խնդիրների վրա կենտրոնանալու», ինչպես նաեւ «աշխարհառազմավարական լարվածությունից» եւ «ազդեցիկ խաղացողների» ճնշումներից խուսափելու ցանկությունն է։ Հայտնի է նաեւ, որ Ֆիջիի Սուվա քաղաքում հուլիսի կեսերին նախատեսված հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն 2022 թ. մայիսին Սողոմոնի կղզիների եւ Չինաստանի միջեւ ստորագրված՝ անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Ավստրալիան մտավախություն ունի, որ համաձայնագրի շնորհիվ ապագայում դուռ կբացվի չինական ռազմական ներկայության համար, առավել եւս, որ Չինաստանը ցանկանում է ընդհանուր համաձայնագիր կնքել տարածաշրջանի 10 երկրների հետ։ Ավստրալիայի եւ Միացյալ Նահանգների իշխանությունները նախազգուշացրել են Սողոմոնյան կղզիների կառավարությանը, որ կոշտ են արձագանքելու, եթե ՉԺՀ-ն, անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրին համապատասխան, չինական ռազմական օբյեկտներ տեղակայի այս երկրի տարածքում, ինչին Պեկինը պատասխանել է՝ հայտարարելով, որ նման ծրագրեր չկան։ Ավելի ուշ Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական շրջայց էր կատարել Օվկիանիա՝ Սողոմոնյան կղզիներ, Կիրիբատի, Սամոա, Ֆիջի, Տոնգայի թագավորություն, Վանուատու, Պապուա Նոր Գվինեա եւ Արեւելյան Թիմոր։
Երկու կողմերը այսպիսով, քայլեր են ձեռնարկում դաշնակիցներ եւ համախոհներ հավաքագրելու նպատակով։ Նշենք, որ Չինաստանին հակազդելու նպատակով էր ստեղծվել նաեւ «AUKUS»-ը։ Համագործակցության նոր ձեւաչափը լրացուցիչ հարթակ է, որը «կմնա ներառական, ոչ պաշտոնական եւ բաց համագործակցության համար»: Դա միաժամանակ թույլ կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել ապագա նախաձեռնությունների միջոցով, ինչպես նաեւ երկրներից յուրաքանչյուրը հնարավորություն կստանա մեծացնել անհատական ջանքերը։