«Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը հայտարարել է Վրաստանի կառավարության դեմ պայքարի մարտավարության փոփոխության մասին: Այսուհետ նախաձեռնությունը բացահայտ իրենց ձեռքը կվերցնեն ընդդիմության պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները: Նրանց այսպիսի քայլի է մղել վերջին բազմահազարանոց միտինգների լիակատար անհաջողությունը: Իշխող «Վրացական երազանքը» հեշտությամբ է պահպանել իր դիրքերը, ինչը նույնիսկ իրեն է զարմացրել:
«Միակ բանը, որին հասավ «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը, այն է, որ կառավարությունը մեկ օրով հետաձգեց նիստը մոտ մի քանի հարյուր ընդդիմադիրների կազմակերպած «աղմկոտ համերգի» պատճառով։ Բուն բազմահազարանոց հանրահավաքը՝ «նվիրված» իշխանությունների հրաժարականի մասին վերջնագրին, ավարտվեց անհաջողությամբ։ Դա վերջին տարիների ամենազանգվածային, բայց միաժամանակ ամենադատարկ ակցիաներից մեկն էր։ Բանը հասավ նրան, որ միջոցառման ընթացքում հանդիսատեսն սկսեց ընդհատել բանախոսներին՝ պահանջելով հրապարակել գործողությունների կոնկրետ ծրագիր։ Պարզվեց, որ ծրագիր չկար»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Իրավիճակը զսպելու համար մոտ 2000 մարդ ուղարկվեց «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։ Ընդդիմադիրները ոստիկանների աչքերում տեսել են «տխրություն՝ իշխանության հրամանը կատարել չցանկանալու» պատճառով։ Բայց այսպիսի ձեւակերպմամբ հայտարարությունները ոչ մի արդյունք չտվեցին՝ կապված ոստիկանների ներգրավման ձգտման հետ: Այնուհետեւ գործողությունները տեղափոխվեցին պետական գրասենյակների տարածք: Գիշերը, սակայն, քչերն են շարունակել ակցիան, իսկ հաջորդ առավոտյան մնացածներն աղմուկ են բարձրացրել՝ կառավարությանն ստիպելով հետաձգել նիստը:
Այդուհանդերձ, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հասել են մատնանշված նպատակին. իրենց ձայնը լսել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ես չեմ սպասում, որ «Վրացական երազանքը» կկատարի մեր պահանջները, բայց այս դեպքում մենք ունենք հասարակության միահամուռ աջակցությունը»,-խորհրդարանական ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լեւան Բեժաշվիլին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով Վրաստանին ներկայացված 12 կետերի իրագործման պլանի հետ կապված՝ հետաքրքիր է եղել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը, քանի որ ծանոթացել են այն տեսլականին, որն ապահովում է նշված հարցի լուծումը։
«Ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպումը կարեւոր էր։ Խորհրդարանական ընդդիմությունը լսեց հասարակական կազմակերպությունների 12 քայլերը, տեսլականը, թե ինչպես Վրաստանը Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ պետք է ստանա։ Այս ճանապարհին անհրաժեշտ է ընդունել օրինագծեր, եւ, բնականաբար, այդ քայլերն ինձ հայտնի են, եւ մենք խորհրդարանական մակարդակով կմասնակցենք նաեւ դրանցից շատերի նախաձեռնմանը։ Գլխավորն այն է, որ քաղաքացիական հասարակության եւ արեւմտամետ ընդդիմության համակարգումը պետք է միահամուռ ուղղորդվի։ Համատեղ ջանքերով պետք է ստիպենք «Վրացական երազանքին»՝ կատարելու այդ պահանջները՝ ապահովելու ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը»,- ասել է Բեժաշվիլին։
Ինչ վերաբերում է Եվրամիության կողմից առաջադրված 12 կետից բաղկացած պահանջի կատարման հարցով խորհրդարանական հանձնաժողովների շրջանակներում աշխատանքի մեկնարկին, Բեժաշվիլին նշել է, որ «Միացյալ ազգային շարժումը» դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է այդ հանդիպումներին, թե՞ ոչ։
Նրա խոսքով՝ կուսակցությունն առանձին հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ միայն դրանից հետո հայտնի կդառնա «Միացյալ ազգային շարժման» որոշումը։
Չափավոր ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Սանդրո Ռեքվիաշվիլին, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, հայտարարել է, որ ակցիայի ղեկավարները շատ լուրջ սխալներ են գործել, որոնք վերջնարդյունքում ճակատագրական են եղել շարժման համար: «Ակցիայի ընթացքում սխալ շատ որոշումներ են ընդունվել: Արդյունքում միտինգը, որին մոտ 100 հազար մարդ էր մասնակցում, հասցվել է 15-20 ակտիվիստների հավաքի»,- նշել է նա: Ռեքվիաշվիլին կարծում է, որ «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը պետք է փոփոխություններ կատարի պայքարի իր մարտավարության մեջ:
Դիտորդները կարծում են, որ «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման ղեկավարների կոպիտ սխալներից է այն, որ ոչ թե կոչ էր արվում միավորվել ու համատեղ լուծել ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացման հարցը, այլեւ շարունակվում էր զրույցը կառավարության դեմ ատելության լեզվով: Տպավորություն էր ստեղծվում, որ միտինգավորները գլխավորապես մտահոգված էին Ղարիբաշվիլիի կառավարության հրաժարականով, այլ ոչ թե Վրաստանի եվրոպական ապագայով:
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձել է կատարվածի համար պատասխանատվությունը դնել կառավարության ու ընդդիմության վրա: Ընդդիմությունը նրա տեքստում «ինչ-որ ծիծաղելի բան» է գտել, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ենթադրել է, որ «Զուրաբիշվիլին նեղացել է այն բանից, որ արմատական ընդդիմության ակցիան ձախողվել է, եւ դրանից տխրել է»:
Կոբախիձեն ընդդիմությանը կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաբեւեռացման համար։ Նա խոստացել է, որ այդ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի սահմանադրական փոփոխություններին՝ կապված խորհրդարանական ընտրություններում անցումային շեմի հետ։
Բացառված չէ, որ վրացական հասարակության ներսում աճում է համոզմունքը, որ երկիրն ապագայում ոչ ԵՄ-ին կանդամակցի, ոչ էլ ՆԱՏՕ-ին: Այդ տրամադրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շատ արագ է գործում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերի դեպքում, իսկ Վրաստանի դեպքում՝ ոչ: Այժմ ծանր իրադարձություններ են սկսվել Ուզբեկստանում, ընդհանրապես՝ ողջ Կենտրոնական Ասիան «եռում» է, եւ այս բոլոր քայլերի նպատակը Ռուսաստանին բոլոր կողմերից շրջափակելն է: Այդ ֆոնին Արեւմուտքը, բնականաբար, կցանկանա օգտագործել նաեւ Վրաստանին, որի գործող իշխանությունները հայտարարել են, թե պատժամիջոցներ չեն կիրառի Ռուսաստանի դեմ: Եվ, հավանաբար, նաեւ դրա արդյունքն է, որ եվրոպական քաղաքական շատ գործիչներ իրենց հայտարարություններում գրեթե անթաքույց նշում են, թե, իբր, Վրաստանի իշխանություններն ի վիճակի չեն ապահովել երկրի եվրոպական ապագան: Իրականում վրացական հասարակությունը կորցնում է հավատը՝ կապված ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հետ: Նաեւ դա է պատճառը, որ Թբիլիսիում սկսված իրադարձությունները չվերաճեցին «Եվրամայդանի»՝ քաղաքական գործիչներին ստիպելով մտածել այլ ռազմավարության մասին:
Ատլանտյան խորհրդի հետազոտող Յան Բժեզինսկին կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է անորոշ թողնի Վրաստանի եւ Ուկրաինայի՝ անդրատլանտյան տարածությանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցը։ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ դրական պատասխանի Վրաստանի եւ Ուկրաինայի դիմումներին ոչ միայն բանավոր, այլ նաեւ գործողություններով։
Հարցին, թե Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը դաշինքին ինչ է նշանակում Վրաստանի եւ Ուկրաինայի համար, Յան Բժեզինսկին ասել է, որ դա բացասական ազդանշան էր։ «Երբ հստակ ազդանշան չենք ուղարկում այդ երկրներին անդրատլանտյան տարածությանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին, մենք նրանց թողնում ենք գորշ գոտում, իսկ դա արդեն հանգեցրել է Ռուսաստանի երեք հարձակման՝ 2008 թ. Վրաստանի, 2014 թ.՝ Ուկրաինայի վրա, ինչպես նաեւ պատերազմը, որ հիմա ընթանում է այնտեղ: Կարծում եմ՝ նրանց դիմումներին պետք է հստակ դրական պատասխան տրվի ոչ միայն բանավոր, այլ նաեւ գործողություններով՝ կլինի դա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանը, որի տրամադրումը շատ է ուշացել, կամ ինչ-որ ուրիշ բան: Դա պետք է լինի Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայում խաղաղություն հաստատելու մեր ռազմավարության մի մասը»,- շեշտել է Բժեզինսկին:
Նրա կարծիքով՝ Արեւմուտքը պետք է ավելին անի։ «Սակայն անցյալի համեմատությամբ շատ բան է արվել։ Անդրատլանտյան հանրությունը գիտակցում է, որ մենք երկարաժամկետ խնդիր ունենք Ռուսաստանի հետ, եւ որ դրան արձագանքելու համար անհրաժեշտ է ուժեղ ռազմավարություն։ Մենք դանդաղ կերպով ենք ուժեղացնում այդ արձագանքը. դրանք ոչ արագ քայլերն են, բայց ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե Վրաստանն ու Ուկրաինան պետք է թափահարեն ձեռքերն ու հեռանան Արեւմուտքի հետ հարաբերություններից։ Ընդհակառակը»,- հայտարարել է Բժեզինսկին:
Ելնելով անցած տարիների փորձից՝ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ բողոքի ակցիան ճահճացել է։ Բուհերի ընդունելության քննություններն արդեն սկսվել են, եւ շատերը հանրահավաքների ժամանակ պարզապես չունեն։ Բացի այդ, Թբիլիսիում ամառվա հյուծիչ շոգը չի նպաստում բազմահազարանոց ակցիաների անցկացմանը։ Նաեւ մոտենում է արձակուրդների ժամանակը: Բողոքի ցույցերը կարող են վերսկսվել աշնանը, սակայն մինչ այդ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», կարող է եւ սկսել Եվրահանձնաժողովի 12 պահանջների կատարումը՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Բայց գուցե այդ հարցը նույնիսկ չհայտնվի ընդդիմության օրակարգում. իրադարձությունները չափազանց արագ են զարգանում աշխարհում՝ ամեն օր ստեղծելով նոր իրավիճակներ եւ պարտադրելով նոր արձագանքներ:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ