Ուզբեկստանի մաս կազմող Կարակալպակստանի Հանրապետության մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-2-ը տեղի են ունեցել չարտոնված ցույցեր, որոնք վերածվել են անկարգությունների։ Ուզբեկստանի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Ռուստամ Ջուրաեւի տեղեկացմամբ՝ դրանց ընթացքում ծանր վնասվածքներից մահացել է առնվազն 14 խաղաղ բնակիչ եւ չորս իրավապահ, 243-ը վիրավորվել են, նրանցից 94-ը՝ հոսպիտալացվել։ Ցուցարարների բողոքը պայմանավորված է եղել Ուզբեկստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով, ինչով նախատեսվում է «ինքնիշխան» բառը հանել Կարակալպակստանի Հանրապետության կարգավիճակի նկարագրությունից, ինչպես նաեւ դուրս էր գալիս ընդհանուր հանրաքվեի հիման վրա Ուզբեկստանից անջատվելու իրավունքի հոդվածը։
Դեռեւս 2021 թ. դեկտեմբերին, երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում վերընտրվելուց մեկ ամիս անց, Շավքաթ Միրզիյոեւն առաջարկել էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ուզբեկստանի գործող սահմանադրության մեջ։ Հունիսի 20-ին Միրզիյոեւն առաջարկել էր փոփոխությունները ներկայացնել հանրային քննարկման։ Խորհրդարանի որոշմամբ՝ քննարկումը տեւելու էր մինչեւ հուլիսի 4-ը ներառյալ, որից հետո երկու պալատները նշանակելու էին հանրաքվեի օրը։ Օրենքի նախագծով նախատեսվում էր ավելի քան 200 փոփոխություն սահմանադրության 64 հոդվածներում։ Սակայն Կարակալպակստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով նախագահ Միրզիյոեւը հայտարարեց մարզին վերաբերող սահմանադրության փոփոխություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Նա Կարակալպակստանի Գերագույն խորհրդի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներին ուղղված ուղերձում անկարգություններն անվանել է «չարամիտ ուժերի» փորձ՝ «ապակայունացնելու եւ ցնցելու իրավիճակը Ուզբեկստանում՝ սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքելու պատրվակով»:
Կարակալպակստանում մինչեւ օգոստոսի 2-ը հայտարարվել է արտակարգ դրություն, մտցվել պարետային ժամ, սահմանափակվել են հանրապետություն մուտքն ու ելքը։ Ձեռնարկված կոշտ միջոցառումների արդյունքում հանրապետությունում իրավիճակը կայունացել է։ Տարածաշրջանի բնակիչները բջջային օպերատորների կողմից ստացել են SMS ծանուցումներ առ այն, որ «Ուզբեկստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ հոդվածները կմնան ներկայիս ձեւակերպմամբ եւ չեն փոխվի»։ Այդուհանդերձ, Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անկարգությունների փաստի առթիվ՝ «Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրական կարգը ոտնձգելու համար»։ Պետության ղեկավարը նաեւ կարգադրել է ինքնավարությունում «ապահովել ֆիզիկական անձանց զենքի եւ զինամթերքի ժամանակավոր առգրավումը» եւ արգելել նման ապրանքների վաճառքը։ Բնակչությանը՝ սադրանքներին չտրվելու եւ խաղաղությունը գնահատելու կոչով է հանդես եկել Կարակալպակստանի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Շամսուդդին Բահաուդդինովը։
Մոտ 2 միլիոն բնակչություն ունեցող Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունն Ուզբեկստանի արեւմուտքում է եւ զբաղեցնում է նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ Այդտեղ պաշտոնական լեզուներ են ուզբեկերենն ու կարակալպակերենը: Պատմական անդրադարձ կատարելով՝ նշենք, որ վաղ խորհրդային շրջանում Կարակալպակստանը որպես ինքնավար մարզ մտնում էր Ղազախստանի, ապա՝ Ղրղզստանի, իսկ հետո՝ ՌՍՖՍՀ-ի կազմի մեջ։ Վերջինում արդեն ինքնավար հանրապետության կարգավիճակում էր, իսկ հետագայում այն փոխանցվել է Ուզբեկական ԽՍՀ-ին։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կարակալպակստանն անկախություն հռչակեց, սակայն 1993 թ. հունվարի 9-ին ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով Կարակալպակստանն ընդգրկվեց Ուզբեկստանի կազմում ինքնիշխան հանրապետության կարգավիճակով։
Ուզբեկստանը կարեւորագույն երկիր է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից ինչպես նախկին ժամանակաշրջաններում, այնպես էլ՝ նոր իրողությունների պայմաններում։ Խորհրդային ժամանակաշրջանի գաղափարական ազդեցությունը թոթափելուց հետո Ուզբեկստանը դարձել է ավելի ավանդական հասարակություն եւ շատ ավելի ամուր է կապված իր մահմեդական ժառանգությանը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ մուսուլմանական այս երկիրը Կենտրոնական Ասիայում ամենախոշոր բանակ ունեցող պետությունն է։ 2021-ի տվյալներով՝ Ուզբեկստանի զինված ուժերի թվակազմը հասնում է մոտ 70 հազարի, այն նաեւ մարտական գործողությունների մեծ փորձ ունի, որը ձեռք է բերվել Յանգիաբադում, Բատկենում եւ մի շարք այլ բախումներում։ 2020 թ. Ուզբեկստանի ռազմական ծախսերը կազմել են 1.4 միլիարդ դոլար։
Կենտրոնասիական այս երկրում մեծ տեղ ունեն քաղաքական իսլամի հոսանքները, Ուզբեկստանում զարգացել է նաեւ գյուլենական շարժումը։ Առաջին նախագահ Իսլամ Քարիմովին հաջողվում էր խիստ վերահսկման միջոցով զսպել Թուրքիայի ազդեցության մեծացումը, սակայն Միրզիյոեւի օրոք մի շարք ազատություններ են տրվել, որոնք կարծես թե երկիրը «բացել» են թուրքական փափուկ ուժի առջեւ։ Նշենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան ամենավճռականն է եղել Կենտրոնական Ասիայի հետ կապեր հաստատելու հարցում։ Թեեւ նախագահ Թուրգութ Օզալի գլխավորությամբ Թուրքիան ներկայանում էր որպես աշխարհիկ պետության գրավիչ մոդել, սակայն Թուրքիայում մի շարք իսլամական տարրեր, այդ թվում՝ սուֆիներ, ավանդական հանաֆի աստվածաբաններ, իսլամիստներ եւ Թաբլիգի շարժման ներկայացուցիչներ, հայտնվեցին Ուզբեկստանում: Տարածաշրջանում ուժերի նախկին դասավորությունը խախտվեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, եւ այսօր ուժային կենտրոնների վերադասավորման գործընթաց է իրականացվում։ Այստեղ կրկին ակտիվ է գործում Թուրքիան, որն առաջ է տանում ինչպես իր դաշնակիցների, այնպես էլ սեփական օրակարգը։
Ուզբեկստանում առկա է իրանական մշակույթի հետքը, սակայն ներկայումս փորձ է արվում ջնջել պատմական այս շերտը, որի հետեւանքով գերակայություն է սկսում ստանալ թյուրքականությունը։ Նման զարգացումը ձեռնտու է նաեւ Արեւմուտքին, որին, ի դեմս Թուրքիայի, հենարան է պետք դեպի Կենտրոնական Ասիա ազդեցությունը տարածելու համար։
Անդրադառնալով այս երկրի նկատմամբ հետաքրքրության տնտեսական բաղադրիչին՝ նշենք, որ Ուզբեկստանը հարուստ է նավթագազային պաշարներով։ Անցած շաբաթ երկրի էներգետիկայի նախարարությունը տեղեկացրեց, որ Նավոյի շրջանի Զարաֆշանի իջվածքում հայտնաբերվել է Ուզբեկստանում բիտումային նավթի խոշորագույն հանքավայր։ Գերատեսչության տվյալներով՝ բիտումային նավթի պաշարները գնահատվում են մոտ 100 մլն տոննա։ Արտադրության տարեկան առավելագույն մակարդակը մինչեւ 2025 թ. կանխատեսվում է 1 մլն տոննա, որի համար նախատեսվում է տարեկան 1500 հորատանցք բացել։ Առաջիկա 12 տարիների զարգացման ոլորտում ներդրումները գնահատվում են 2.5 մլրդ դոլար:
Կարակալպակստանում տեղի ունեցող զարգացումները թեեւ այս պահին ներքին խնդիր են, սակայն եթե արտաքին շահառուներ գտնվեն, ապա զարգացումները կերկարաձգվեն։ Պատմականորեն ձեւավորված իրողությունները քաղաքական անկայունության տեսանկյունից չափազանց զգայուն են դարձրել Ուզբեկստանը. այստեղ խորհրդային քաղաքականության եւ քաղաքական իսլամի տարբեր ծայրահեղական հոսանքների հետեւանքով դրվել են ականներ, որոնք ժամանակ առ ժամանակ լարվածության պատճառ են դառնում։ Այդ ամենից ելնելով՝ չի բացառվում, որ դրանք ինչ-որ մի օր «կպայթեն»՝ դառնալով Արցախից եւ Ուկրաինայից հետո հերթական թեժ օջախը Ռուսաստանի սահմանների մոտ։