Ռուսաստանը ցանկանում է համագործակցություն հաստատել «Baykar Makina» ընկերության հետ, որն արտադրում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստում, որը նվիրված էր թուրքական ռազմարդյունաբերական համալիրի քննարկմանը: Այս մասին հայտնել է «CNN Turk»-ը:
«Պուտինն ինձ ասաց, որ ուզում է աշխատել «Baykar» ընկերության հետ: Նա առաջարկեց գործարան կառուցել Ռուսաստանում, ինչպես վերջերս արվեց Արաբական Միացյալ Էմիրություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նշենք, որ «Baykar Makina» թուրքական արտադրողի տնօրեն Հալուկ Բայրաքթարն օրերս հայտարարել է, որ ընկերությունն անօդաչուներ չի վաճառի Ռուսաստանին:
«Մենք նրանց ոչինչ չենք տվել ու չենք ներկայացրել: Նման բան երբեք չենք անի»,-ասել է Բայրաքթարը՝ պատասխանելով CNN-ի լրագրողի հարցին, թե արդյոք դիտարկե՞լ է Ռուսաստանին դրոններով ապահովելու հարցը: Նա նաեւ շեշտել է, որ ընկերությունն աջակցում է Ուկրաինային:
Հիշեցնենք, որ թուրքերը հարվածային «Բայրաքթար» անօդաչուներ են մատակարարում Ուկրաինային, որտեղ դրանք ուկրաինացի զինվորականների կողմից ակտիվորեն օգտագործվում են ռուսական բանակի ստորաբաժանումների եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ուժերի դեմ, որոնք մասնակցում են ռազմական հատուկ գործողությանը: Բացի այդ, «Baykar Makina»-ն Կիեւին մի քանի անօդաչու է փոխանցել անհատույց հիմքով: Ուկրաինայի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ աշխատում են երկրում հարվածային անօդաչուների արտադրության գործարանի շինարարական նախագծի վրա:
Այս ֆոնին տեղեկություն է հայտնվել Ռուսաստանին Իրանի կողմից անօդաչուների տրամադրման մասին: Այդ դեպքում ինչ կարելի է քննարկել Թուրքիայի հետ:
Ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան ՌԴ տնտեսական համալսարանի քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Պերենջիեւը կարծում է, որ այդ տեղեկատվությունը կեղծիք չէ: «Ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը բավական բարձր մակարդակ ունի, որը որոշվում է վերջերս պաշտոնական Մոսկվայի կողմից պաշտոնական Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, որը սերտ համագործակցություն է ենթադրում պաշտոնական Բաքվի ու Անկարայի միջեւ: Բայց դաշնակցային գործակցության վերաբերյալ նման հռչակագիր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ստորագրվել է նաեւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ: Եվ դա՝ հենց այն օրը՝ 2022 թ. փետրվարի 21-ին, երբ Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը: Քաղաքական այս գործընթացի տրամաբանական վերջակետը պետք է լիներ Մոսկվայի ու Անկարայի միջեւ դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը: Եվ Ռուսաստանի տարածքում «Բայրաքթարների» արտադրությունը կարող է որոշակի քայլ լինել դաշնակցային նման ակտի ստորագրման ճանապարհին: Այսինքն՝ խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի միության մասին է: Բայց՝ ՆԱՏՕ-ից դուրս: Գուցե նաեւ՝ ընդդեմ դաշինքի»,- նշել է Ալեքսանդր Պերենջիեւը՝ ընդգծելով, որ Հալուկ Բայրաքթարը Ռուսաստանին անօդաչուներ չտրամադրելու վերաբերյալ իր հայտարարությունն արել է այնքանով, որքանով հասկանում է քաղաքական իրավիճակը: Ըստ նրա՝ այդ իրավիճակն արագ է փոխվում, հատկապես՝ «Թեհրան-22»-ից հետո, ուստի Թուրքիայում հակառուսական տրամադրություններ չկան:
«Դա, անկասկած, ավելի շատ քաղաքական խաղ է,- նշել է ռազմաքաղաքական փորձագետ Վլադիմիր Սապունովը:- Իհարկե, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը ցրել է «Բայրաքթարների անպարտելիության լեգենդը», որ, իբր, դա հրաշք զենք է, ինչպիսին այն ցանկացել են ներկայացնել ղարաբաղյան պատերազմից հետո: Կամ ինչպիսին դրանք ներկայացրել է ուկրաինական քարոզչությունը»:
Անշուշտ, Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունը ցույց տվեց նաեւ, որ թուրքական անօդաչուները քիչ խնդիրներ չեն ստեղծել ռուսական բանակի համար: «Իսկ ինչո՞ւ դրանք պետք է օգտագործվեն Ռուսաստանի ու մեր դաշնակիցների դեմ: Այստեղ մեծ է քաղաքական բաղադրիչը: Պուտինն Էրդողանին ասում է. «Դու ի՞նչ ընկեր ես: Ես քեզ C-400 եմ վաճառում, իսկ դու չես ուզում ինձ «Բայրաքթարներ» վաճառել»,- նշել է Սապունովը՝ միանգամից առաձնացնելով, որ «Իրանը պոտենցիալ ռազմավարական գործընկեր է, Թուրքիան՝ իրավիճակային դաշնակից որոշակի հարցերում»:
Թուրքիան Ուկրաինային եւ Ռուսաստանին ընկերներ չի համարում: Սակայն, հաշվի առնելով վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության յուրահատկությունը, այն, որ այս տարվա հունվարին թուրքերը ռազմավարական տնտեսական պայմանագիր են ստորագրել Ուկրաինայի հետ, իհարկե, պատերազմում Կիեւի պարտությունն Անկարային ձեռնտու չէ: Բայց, մյուս կողմից, նրանք հասկանում են, որ այլ տարբերակը քիչ հավանական է, ուստի հանուն Ուկրաինայի կոշտ հակամարտություն չեն սկսում Ռուսաստանի հետ՝ միաժամանակ գնահատելով ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության կարեւորությունը:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով՝ «Իրանը կանխիկ գումարի սուր անհրաժեշտություն է զգում, ուստի անձամբ է Ռուսաստանին հարյուրավոր անօդաչուներ առաջարկել, այդ թվում՝ հարվածային՝ Ուկրաինայում օգտագործելու համար»: Մոսկվան փորձել է հերքել, որ այլոց դրոնների կարիքն ունի, սակայն Թեհրանը վստահեցնում է, որ «իրանական անօդաչուները ռուսական կողմի համար նոր հնարավորություններ կստեղծեն հարվածներ հասցնելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի խորքում գտնվող ավելի արժեքավոր օբյեկտներին»: Իրանցիները չեն կեղծում, քանզի ռազմական փորձ ունեն, որը նույնիսկ գերազանցում է նատոյականին: Դա ոչ միայն քաղաքական, այլեւ գովազդային քայլ է իրանցիների համար՝ շատ երկրների համոզելու, որ թուրքական «Բայրաքթարները» պարզապես մանկական խաղալիք են պարսկական դրոնների համեմատությամբ: Դա Թեհրանի համար կարեւոր է նաեւ այն պատճառով, որ իրանական արտադրության անօդաչուները կսկսեն ամերիկյան փառաբանված HIMARS-ների եւ M777-ների որսը: Իրանական վարչակազմի համար կարեւոր է ցույց տալ Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային, որպեսզի նրանք հույսեր չկապեն Վաշինգտոնի հետ: Եվ եթե իրանական դրոններն իսկապես լավն են, ապա նրանք ռուսների օգտագործմամբ հարված կհասցնեն «Բայրաքթարների» չարդարացված հեղինակությանը: Այլ կերպ ասած՝ թուրքական ու իրանական անօդաչուները կմրցեն Ուկրաինայի երկնքում՝ ՌԴ-ի միջոցով:
ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, ոչ մի նախանշան չի տեսել, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքեր է գնում Իրանից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական ենթակառուցվածքների համակարգող Ջոն Կիրբին: «Մենք ՌԴ պաշտպանության նախարարության կողմից իրանական անօդաչուների առաքման կամ գնման ոչ մի ապացույց չունենք»,-խոստովանել է նա: