Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Թեհրանում Աստանայի գործընթացի ձեւաչափով տեղի ունեցած եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին վերջինիս Սիրիայի հյուսիսի վրա հարձակվելու մտադրությունն անընդունելի համարվեց։ Այնուհետեւ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էրդողանի 4-ժամյա դռնփակ հանդիպմանը, երկկողմ փոխհարաբերություններից զատ, կրկին առանցքային տեղ է ունեցել Սիրիայի հարցը, որտեղ եւս, ըստ երեւույթին, հավանության չի արժանացել Թուրքիայի հարձակման գաղափարը։
Էրդողանն այդ առիթով տված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պուտինը քրդերի հարցում Թուրքիայի նկատմամբ միշտ էլ արդարացի դիրքորոշում ունի՝ հավելելով, թե նա հստակորեն նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի կողքին է։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարի կարծիքով ավելի լավ կլինի, եթե Անկարան առկա խնդիրները լուծի Դամասկոսի հետ բանակցությունների միջոցով, միաժամանակ հավելելով, թե ներկա դրությամբ խնդրո առարկայի շուրջ երկու երկրների գաղտնի ծառայությունները համագործակցում են։ Նա նշել է նաեւ, թե Անկարան Դամասկոսից պահանջել է համագործակցել, քանի դեռ շարունակվում են «ահաբեկիչների» ասպատակությունները։ Թուրքական «Ռադիքալ» օրաթերթի վերլուծաբան Ֆահիմ Թաշթեքինը Էրդողանի խոսքերից հետեւյալ եզրակացությանն է հանգել. «Նշյալ խոսքերն ապացույց են, որ Էրդողանը ձգտում է Դամասկոսի հետ նոր սկզբի՝ քրդերի հանդեպ համատեղ թշնամանքի հիման վրա։ Էրդողանը հայտարարում է, որ նրանք պետք է մասնակցեն սկսած պատերազմին։ Դա գործնականում նշանակում է հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում ձեւավորված քրդական ինքնավարության վերացում, ինչի հետեւանքով քրդերը կորցնելու են իրենց տեղն ու դերը»։ Թաշթեքինը, անդրադառնալով նաեւ բանակցությունների կովկասյան առանցքին, նշել է, թե այս հարցում էլ Պուտինը «կանաչ լույս» չի վառել Էրդողանի առաջ, քանի որ համոզված է, որ քաղաքական տեսանկյունից բախտորոշ պահերին Թուրքիան կանգնելու է Արեւմուտքի կողքին։ Իրականում էլ Սոչիի հանդիպումից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԳ նախարար Չավուշօղլուն տարբեր առիթներով շեշտել են, թե Դամասկոս-Անկարա բանակցություններ լինելու են, ընդ որում՝ առանց նախապայմանի։ Նախարարը նաեւ Անկարայում օգոստոսի 12-ին Թուրքիայի դեսպանների հավաքին հայտնել է, որ այդ երկիրը հովանավորում է Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խաղաղության բանակցություններն ու անջատողականների դեմ պայքարը։ Վերջիններս քրդերն են, որոք մշտապես հայտարարել են, որ ոչ թե անկախության կողմնակից են, այլ՝ երկրի դաշնային կառավարման։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Չավուշօղլուն նկատի ունի իրենց լիովին ենթակա «Սիրիայի ազատ բանակը»։ Նա, շեշտելով, որ առայժմ երկու երկրների միջեւ դեռեւս որեւէ ձեւաչափով բանակցություններ ու շփումներ չկան, միաժամանակ խոստովանել է, թե Բելգրադում Չմիավորված երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մակդադի հետ։
2002-2012 թթ. Թուրքիան որդեգրել էր «Հայացք դեպի Արեւելք» արտաքին քաղաքականություն, ինչի նպատակը Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում այդ երկրի ազդեցությունն ուժեղացնելն էր։ Սակայն 2011 թ. կանգնեց «Արաբական գարուն» շարժման կողքին՝ դավաճանելով իր բարեկամներին՝ Լիբիայում Կադաֆիին, Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադին։ Վերջինս, այդ բարեկամությունը բարձր գնահատելով, անգամ Հայաստանին էր հորդորում Թուրքիա-Սիրիա-Իրան-Հայաստան տնտեսական առանցք ձեւավորել։ Թե Դամասկոսը եւ թե Անկարան խոսում էին սերտ բարեկամության մասին։ Զգալիորեն ընդլայնվել էր կողմերի միջեւ տնտեսական կապերի ծավալը։ Սակայն 2011 թ. մարտին, երբ Սիրիա ներմուծվեց «Արաբական գարունը», Թուրքիան շատ արագ՝ 180 աստիճանով փոխելով դիրքորոշումը, այդ երկրում իշխանափոխությունը դարձրեց Դամասկոսի հանդեպ իր քաղաքականության առանցքը, ինչը մինչեւ Սոչիի Պուտին-Էրդողան հանդիպումը համառորեն ձգտում էր կյանքի կոչել՝ խտրականություն չդնելով միջոցների միջեւ։ Անկարան նախ ջանքեր գործադրեց Սիրիայում իշխանափոխությունը դարձնել Արեւմուտքի օրակարգային հարց՝ տարբեր մեղադրանքներ ներկայացնելով Ասադին։ Այնուհետեւ շրջանառության մեջ դրեց Սիրիայում թռիչքազեծ եւ բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը՝ ամեն գնով ձգտելով հասնել դրան, թեեւ բազմիցս մերժվեց Արեւմուտքի կողմից։ Ավելին, «Իսլամական խալիֆայության» դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին մասնակցելը, այն է՝ ԱՄՆ-ին եւ կոալիցիայի անդամ այլ երկրներին Թուրքիայի ռազմաօդային բազաներից ընդդեմ դաիշականների օգտվելը պայմանավորել էր Սիրիայում իր գերնպատակով՝ իշխանափոխությամբ եւ «օդային ու ցամաքային անվտանգության գոտիներ» ստեղծելով։ Սակայն Էրդողանը ոչ միայն չստացավ Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հավանությունը, այլեւ այդ երկրի նախագահը հայտարարեց, թե առաջնայինը ոչ թե Ասադի իշխանանկությունն է, այլ ծայրահեղ խմբերի՝ «Ալ Կայիդայի» (Ալ Նոսրա) եւ «Իսլամական խալիֆայության» դեմ պայքարը, ինչին հասնելու համար Վաշինգտոնն սկսեց սերտորեն համագործակցել քրդական խմբերի հետ, քայլ, որը թուրք-ամերիկյան փոխհարաբերություններում լարվածության պատճառ դարձավ: Անկարան մեծ հույսեր էր կապել ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պահանջելով հրաժարվել քրդերին աջակցելուց, ինչը ոչ միայն իրականություն չդարձավ, այլեւ մեծացան ԱՄՆ աջակցության ծավալները քրդական կազմակերպություններին՝ քրդական Ժողովրդի պաշտպան միավորներին (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերին, որոնց Թուրքիան համարում է PKK-ի մասնաճյուղեր:
Թուրքիան 11 տարվա ընթացքում Սիրիայում իր նպատակներին հասնելու համար միջոցների միջեւ խտրականություն չի դրել։ Ինչպես նշում են փորձագետները՝ Անկարան, ԴԱԻՇ-ի ասպարեզ իջնելուց ի վեր, իրականացրել է ամենաավերիչ, մահաբեր, արյունալի ու հակաքուրդ քաղաքականությունը, այդ թվում՝ պատերազմ բորբոքելով, ահաբեկչությունը հովանավորելով, ԴԱԻՇ-ին աջակցելով եւ այլն։ Այս մասին փաստեր կան գերմանացի հայտնի լրագրող Յուրգեն Տոդենհուֆերի թղթակցություններում եւ նրա «Տասն օր ԴԱԻՇ-ի հետ» գրքում։ Վերջինիս զինելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու փաստեր է բացահայտել նաեւ «Ջումհուրիյեթ» օրաթերթի խմբագիր Ջան Դույնդարը, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին կառավարության ցուցաբերած ֆինանսով ու զինամթերքով աջակցելու աղմկարար փաստը, երբ երկրի գաղտնի ծառայությունների կազմակերպությունը (MIT), սննդամթերքի անվան տակ, զենք-զինամթերք ու հրթիռներ էր տեղափոխում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Դյունդարը հետագայում դատապարտվեց 27 տարվա ազատազրկման, սակայն նրան հաջողվեց ապաստանել Գերմանիայում, իսկ նշյալ փաստի մյուս բացահայտողը՝ քեմալիստական (CHP) կուսակցության պատգամավոր Ինես Բերբերօղլուն դատապարտվեց ազատազրկման։ 2018 թ., երբ այլեւս որեւէ մեկը չէր խոսում Բաշար Ասադի իշխանանկության մասին, Չավուշօղլուն հայտարարում էր նրան իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, թե Թուրքիան իր ողջ ուժով պատրաստ է աջակցել դրան։
Թուրքիան, ընդունելով Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի նախապայմանները, կարգավորում է փոխհարաբերություններն այդ երկրների հետ։ Իսկ այժմ խոսում է Ասադի հետ բանակցելու անհրաժեշտությունից, սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք պատրաստ է առանց նախապայմանի ընդունել Անկարայի համագործակցության հրավերն ընդդեմ քրդերի, թե՞ առնվազն կպահանջի զորքերի մի մասը դուրս բերել Սիրիայից։ Մյուս կողմից էլ՝ արդյո՞ք ԱՄՆ-ն, հակադաիշական կոալիցիան կրկին քրդերին մենակ են թողնելու…