Արցախյան 44-օրյա պատերազմում այլ պետությունների ռազմական մեծ օգնության ու անմիջական մասնակցության շնորհիվ հաղթած Ադրբեջանն սկսել է ավելի բացահայտ հակադրվել Իրանին եւ հավակնություններ դրսեւորել երկրի հյուսիսում գտնվող Ատրպատականի նկատմամբ: Ինչպես երեւում է, Բաքուն իսկապես հավատացել է իր ուժին, ինչպես տասնամյակներ շարունակ հավատում է իր իսկ հորինած կեղծիքներին: Սա սխալ հաշվարկ է, եւ այն չի կարող հետեւանքներ չառաջացնել Ադրբեջանի համար, որն ուշացումով սկսել է պատկերացնել իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումները եւ շտապում է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման հարցում: Իսկ Թուրքիան տարօրինակ կերպով դադարեցրել է իր «մեծությանն» ու Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու մասին ներբողները: Կարծես թե հունական ՀՕՊ համակարգերն ու Հունաստանի հակաթուրքական գործողություններում ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը երկիր են իջեցրել 7-րդ երկնքում ճախրող Անկարային…
1918 թ. Թուրքիայի օգնությամբ հայկական եւ նախկին աղվանական տարածքներում ձեւավորված պետական կառույցը թուրք Նուրի փաշայի կողմից անվանվեց Ադրբեջան՝ հետագայում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ Ատրպատականը նրանից պոկելու համար: Դա Թուրքիայի վարած քաղաքականությունն է, եւ բոլորին է հասկանալի, որ այս պարագայում տարածքային պահանջներ ներկայացնողն իրականում Թուրքիան է, որին, իհարկե, դուր չի գալիս, որ այժմ տարածաշրջանում բարձրանում է Իրանի դերը, իսկ իրենը՝ նվազում: Իրանցի փորձագետների կարծիքով, ինչպես նշում է ամերիկյան «Eurasianet»-ը, երկու երկրների հարաբերությունների լարվածության էսկալացիայի մեջ շահագրգռված է Իսրայելը:
Ադրբեջանի ու Իրանի միջեւ խոսքային պատերազմը նոր ուժով է բռնկվել. Ադրբեջանում կիսապաշտոնական աղբյուրները բացահայտ կոչ են անում իրանական ադրբեջանցիներին դուրս գալ Իրանի կազմից ու միանալ Ադրբեջանին: Իհարկե, ատրպատականցիներն ազգակցական կապեր չունեն հորինված Ադրբեջանի բնակչության հետ, սակայն անցած ավելի քան հարյուր տարում իրականացված քաղաքականության արդյունքում նրանց հաջողվել է սերմանել այն գաղափարը, որ իրենք մեկ ազգ են: Բաքվում, սակայն, ամենեւին էլ մտադիր չեն «եղբայրների» հետ միավորվել, օրինակ, Իրանի կազմում:
«Ժամանակը եկել է: Հարավային Ադրբեջանը պետք է դուրս գա Իրանի կազմից»,-վերջերս գրել է ադրբեջանական կայքերից մեկը՝ «Caliber.az»-ը, որը կապված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հետ: Դրանից մեկ օր անց ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող «Haqqin.az»-ում հոդված հրապարակվեց՝ «Հարավային Ադրբեջանը անկախության է ձգտում» վերնագրով: Դրանում նշվում է, որ Բաքուն պատրաստ է օգնել այդ գործընթացին: «Ադրբեջանական պետությունը բավական համախմբած ուժեր ունի իր հայրենակիցների պաշտպանության համար,-գրել է հոդվածի հեղինակը՝ չհրապարակելով իր անունը:- Ադրբեջանի կառավարությունը բավական ռեսուրսներ ունի՝ ազգային-ազատագրական շարժման նոր ալիքին աջակցելու համար»:
2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել են: Եվ չնայած Իրանը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է 1990-ականների արցախյան առաջին պատերազմի ընթացքում կորսված տարածքների՝ Ադրբեջանի կազմ վերադարձին, նրան, ինչպես երեւում է, անհանգստացնում են Թուրքիայի կողմից կառավարվող եւ նաեւ նրա օգնությամբ վստահություն ձեռք բերած Ադրբեջանի հետագա հնարավոր քայլերը:
Լարվածության վերջին բռնկումը, ամենայն հավանականությամբ, կապված է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հայտարարության հետ, որում նա անհանգստություն էր հայտնել՝ կապված Ադրբեջանի մտադրությունների հետ՝ տրանսպորտային միջանցք ունենալու երկրի հիմնական տարածքի ու օկուպացրած հայկական հինավուրց Նախիջեւանի միջեւ: Բաքվում այն անվանում են «Զանգեզուրի միջանցք»՝ բացահայտորեն ձգտելով կտրել հայ-իրանական սահմանը, նույնիսկ սպառնում են այդ տարածքը վերցնել ուժով, եթե չստանան Հայաստանի համաձայնությունը: Ադրբեջանը հաճախ է խոսում այդ տարածքի արժանիքների մասին պանթյուրքիզմի տեսանկյունից, ինչն անհանգստացնում է Իրանին: Հայաստանի համար այդ հարցը, բնականաբար, քննարկման ենթակա չէ, եւ Ադրբեջանի սպառնալիքները՝ ուժով վերցնելու հայկական տարածքները, կարող են եւ այդ երկրի կործանման պատճառ լինել՝ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում հայկական ուժերին հնարավորություն տալով ռեւանշի հասնել իր տարածքներին տիրացած Բաքվի նկատմամբ:
Իրանի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ ոչ մի առարկություն չունեն ճանապարհի դեմ: «Իրանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը,- օգոստոսի 28-ին ասել էր Բաքվում այդ երկրի դեսպան Աբաս Մուսավին:- Դա Ադրբեջանի ու Հայաստանի գործն է, միջազգային հարաբերությունների հարց: Մեր երկիրը հավատարիմ է այն սկզբունքին, որ մեկ երկիրը չպետք է ազդի այլ երկրների ազգային հետաքրքրությունների վրա, այդ թվում՝ հարեւան»:
Սակայն Թեհրանը մեկ անգամ չի հայտարարել, որ Կովկասում սահմանների փոփոխությունը «կարմիր գիծ» է: Հուլիսի 19-ին, Թեհրանում ընդունելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Խամենեին եւս մեկ անգամ անհանգստություն հայտնեց այդ հարցով: «Եթե փորձեր արվեն՝ արգելափակելու Իրանի ու Հայաստանի սահմանը, Իսլամական Հանրապետությունը կընդդիմանա, քանի որ այդ սահմանը շփման ճանապարհ է եղել հազարամյակների ընթացքում»,- ասել է նա:
Թեհրանը Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցում է նաեւ այլ միջոցներով: Օգոստոսին Իրանը հայտարարեց Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին: Իրանական «Donya-e Eqtesadi» թերթին տված հարցազրույցում վերլուծաբան Սակար Սեյֆալդինին այդ գործողություններն անվանեց «պարզ ակնարկ» Բաքվի համար:
Բացի այդ, իրանական մամուլում վերջերս ավելացել է հակաադրբեջանական հրապարակումների թիվը: Իսկ իշխանամետ տաբլոիդներից մեկը նույնիսկ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին, որը ենթադրաբար փոխառնված է իրանական նախկին բարձրաստիճան դիվանագետ Աբուլֆազլ Զուխտեւենդի ձայնագրությունից. «Ադրբեջանը սարսափելի երեւույթ է մեզ համար: Նախիջեւանը պետք է լիովին միացվի Իրանին: Հայերն Իրանի դաշնակիցներն են: Այդպես միշտ է եղել ողջ պատմության ընթացքում: Ոչ մի Ադրբեջան գոյություն չունի: Ադրբեջանը պետք է կրկին միացվի Իրանին: Եթե չմիացվի, քաղցկեղի բջիջի պես կհարվածի Իրանին»:
Սկսած 2020-ից՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն արդեն մի քանի անգամ լարվել են: Մայիսին Ալիեւը հրապարակային երկխոսություն սկսեց իրանցի վերլուծաբանի հետ, ով Բաքվին մեղադրել էր իրանական անջատողական ադրբեջանցիներին պետական աջակցությամբ պլատֆորմներ բաժանելու մեջ: Անցած աշնանն ադրբեջանական ոստիկանության կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալումը հանգեցրեց իրանական զորավարժությունների Ադրբեջանի սահմանի մոտ: Այդ երկու դեպքում էլ թվում էր, որ Բաքուն թեթեւ է աջակցում անջատողականներին, սակայն վերջին ժամանակներս հայտնվում են կոչեր, որոնք ավելի բացահայտ են, քան երբեւէ:
«Հավանաբար, մեր հայրենակիցները հաճախ են երազանքով նայում մեզ՝ տեսնելով անկախ Ադրբեջանի մշտական զարգացումը: Դե ինչ, Հարավային Ադրբեջանը գիտի՝ ումից օրինակ վերցնել եւ ինչի ձգտել,- նշված է Caliber.az-ի հոդվածի վերջում:- Մեր հարավային եղբայրներ, մենք գիտենք՝ դուք դա կարող եք անել: Ժամանակը եկել է»:
Ինչպես միշտ է լինում իրանա-ադրբեջանական հարաբերություններում, լարվածության վերջին բռնկման վրա կախված է Իսրայելի նկատելի ստվերը: Հուլիսին Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը թվիթերում հրապարակեց իր լուսանկարը, որում բռնել էր «Թավրիզի խորհրդավոր պատմությունները» գիրքը: Լուսանկարին կից նա գրել էր. «Ես այս հիանալի գրքից, որն ինձ վերջերս են նվիրել, այնքան շատ բան եմ իմանում Թավրիզում ադրբեջանական պատմության ու մշակույթի մասին: Իսկ դուք ի՞նչ եք կարդում այս օրերին»:
Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին թվիթերում պատասխանել է գրեթե անթաքույց սպառնալիքով. «Ի գիտություն այդ արկածախնդիր տղայի. մեր սիրելի Թավրիզը հայտնի է որպես առաջինների հող Իրանի հպարտ պատմության մեջ: Դատելով ամեն ինչից՝ Թավրիզի խանդոտ բնակիչներն այստեղ կթաղեն նաեւ առաջին Չար Սիոնիստին: Երբեք չանցնես մեր կարմիր գիծը, երբեք»:
Այնուհետեւ Մուսավին հարցազրույց է տվել «Tehran Times» թերթին, որում խոսել է ադրբեջանա-իրանական ջերմ հարաբերությունների մասին, որոնք ստվերվում են միայն Իսրայելի փորձերով՝ սեպ խրելու երկու երկրների միջեւ: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին որեւէ խոսք չի եղել:
Օգոստոսին պաշտպանական «Breaking Defense» ամսագրում հրապարակվել է մի հոդված, որում մանրամասն խոսվել է Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության եւ Իրանի դեմ դրա հնարավոր օգտագործման մասին:
«Պարզ է, որ Ադրբեջանի հետ պաշտպանական սերտ կապերն Իսրայելին որոշակի պոտենցիալ օգուտ են տալիս, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում սարքեր տեղադրելու կամ դրանք Իրանի հետ սահմանին օգտագործելու համար՝ այդ երկիր հատուկ ստորաբաժանումների ավելի հեշտ ներթափանցման նպատակով: Պարզ է, եթե անհրաժեշտ լինի, Ադրբեջանը կարող է նաեւ իր օդային տարածքը տրամադրել իսրայելական ինքնաթիռների՝ իրանական տարածք ներխուժման համար»,- նշված է հոդվածում, որն արտատպել են ադրբեջանական պետական շատ լրատվամիջոցներ:
Հորինված Ադրբեջանը 44-օրյայից հետո սխալ հաշվարկների արդյունքում հավատացել է իր հզորությանը եւ մարտաշունչ ճառեր է հորինում՝ տարբեր ուղղություններով հարձակվելու համար: Հատկապես տարածաշրջանային պետությունները պետք է լրջորեն խորհեն, թե ինչպիսի Թուրքիա եւ Ադրբեջան են ցանկանում տեսնել իրենց կողքին՝ զո՞ւսպ, թե՞ ագրեսիվ…