2003-ից ի վեր Իրաքում ամենաերկարատեւ ու շարունակվող ճգնաժամի վերջը դեռեւս չի երեւում, ավելին՝ վերջին բռնկումը շիաների շրջանում հանգեցրել է ներքաղաքական բախումների։ Թեեւ ջանքեր են գործադրվում իրավիճակի կայունացման ուղղությամբ, սակայն արդյունքները շոշափելի չեն, բախումներ են արձանագրվում տարբեր քաղաքներում։ Սեպտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Անվտանգության խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն են հայտնել օգոստոսի 29-30-ը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի ու վիրավորների առնչությամբ՝ կողմերին զսպվածության կոչ անելով։ Նման կոչեր հնչել են նաեւ տարբեր երկրներից։
Ճգնաժամի նոր սրացումը պայմանավորված է խորհրդարանական վերջին ընտրություններում 73 ձայնով առաջին տեղը գրաված «Սաերուն» (Դեպի բարեփոխումներ) դաշինքի առաջնորդ, համաարաբական հայացքներով դեպի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ հակված շիա հայտնի հոգեւորական Մոքթդա Սադրի օգոստոսի 29-ի հայտարարությամբ, որով նա շեշտել էր, թե ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից եւ ողջ երկրում փակում իր կազմակերպության գրասենյակները։ Հանգամանք, ինչը պատճառ դարձավ նրա կողմնակիցների ու կազմակերպության զինված թեւի՝ «Սարայա ալ-սալամի» (Խաղաղության ուժեր) անդամների փողոց դուրս գալուն, նախագահի նստավայրի վրա հարձակման եւ անվտանգության ուժերի հետ բախման։ Հաջորդ օրը փողոց դուրս եկան նաեւ ընդդիմադիր շիա Համաձայնության շրջանակին հարող Հաշդ ալ Շաաբի (ժողովրդական զորակոչ) ուժերը, որոնք բախվեցին Սադրի ուժերի հետ։ Երկօրյա բախումների հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվել է եւ 400-700-ը վիրավորվել, ընդ որում՝ 110 անվտանգության աշխատակիցներ: Դրանք դադարեցին, երբ Սադրը կողմնակիցներից պահանջեց մեկ ժամվա ընթացքում հեռանալ Բաղդադի Կանաչ կոչվող թաղամասից, որտեղ կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչություններն են։ Սակայն բախումներն ավելի թույլ բռնկումներով շարունակվում են այլ քաղաքներում։ Ահավասիկ, սեպտեմբերի 2-ին Նասերիա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են «Սարայա ալ-սալամի» գրասենյակի վրա, Բասրայի բախումների ընթացքում էլ 3-4 զոհ է եղել։ Կարելի է ասել, որ Սադրն այդ քայլով կանխեց վերահաս քաղաքացիական պատերազմը։
Սադրի քաղաքականությունից հեռանալու որոշումը հակազդեցություն էր շիա մեկ այլ հոգեւորական այաթոլա Սեյեդ Քադեմ Հաերիի թոշակի անցնելու որոշմանը։ Նշենք, որ շիաների համար սկզբունքային են՝ ա) «մոջթահեդի» (հոգեւոր գիտնական) ինստիտուտը, որն անհրաժեշտաբար պետք է օժտված լինի 6 հատկանիշներով՝ լիովին տիրապետի արաբերեն լեզվին ու գրականությանը, Ղուրանին` կատարելապես, անգիր իմանա 500 այա, տիրապետի մարգարեի եւ սրբերի վերաբերյալ ավանդապատումներին, լավագույնս հասկանա նաեւ տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները եւ այլն: բ) «Մարջա-ե թաղլիդի» (շղթայված լինելու աղբյուր) ինստիտուտի առկայությունը: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր շիա, դառնալով չափահաս, այն է՝ իգական սեռը՝ 9 տարեկան, արականը` 15, պարտավոր է ընտրել իր առաջնորդին, ում հրահանգներին ու խորհուրդներին պետք է անվերապահորեն ենթարկվի կրոնական պարտականությունները կատարելիս եւ կյանքի կոչի նրա հրապարակած բոլոր «ֆաթվաները» (կրոնական վճիռ): «Մարջա» (աղբյուր) կարող է լինել այն «մոջթահեդը», ով օժտված է 8 կարեւոր հատկանիշներով` հասուն տղամարդ, շիա դավանանքով, արդարամիտ, «մոջթահեդ», կենդանի, օրինածին եւ կրոնական ատենախոսության հեղինակ: Հաերիին միաժամանակ իր հետեւորդներին խորհուրդ է տվել այսուհետ որպես «Մարջա-ե թաղլիդի» ընդունել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին։ Սա այն դեպքում, երբ Սադրի կողմնակիցների մի զգալի հատվածի «Մարջա-ե թաղլիդը» հենց Հաերին էր, որոնք այժմ կարող են միանալ իրանամետ շիա ուժերին։ Ի դեպ, Ալիեւի մտահոգությունը հենց այս կարեւոր սկզբունքներն են։ Քանի որ ադրբեջանցիներից շատերի համար կարող են «մարջա» համարվել իրանցի «մոջթահեդները», որոնք, բացառված չէ, որ անհրաժեշտ համարեն Ալիեւի վարչակարգի դեմ բողոքի ցույցերը: Բացի այդ, այսօր Ադրբեջանում «մոջթահեդ»-ի աստիճան ունեցողների շարքում քիչ չեն Իրանում կրթություն ստացածները, որոնք կարող են իրանամետ դիրքորոշում ունենալ, ինչի մտավախությամբ էլ Ադրբեջանի իշխանությունները խիստ սահմանափակել, անգամ արգելել են ադրբեջանցիների ուսումնառությունն Իրանի կրոնագիտական կենտրոններում:
2021 թ. հոկտեմբերի 10-ին Իրաքում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Սակայն որոշ բարդությունների պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարի 9-ին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» (Առաջընթաց) դաշինքի անդամ Մոհամեդ ալ Հալբուսին։ Այնուհետեւ բավական դժվարությամբ խորհրդարանում ձեւավորվեց մեծամասնության՝ «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը՝ Սադրի գլխավորած «Սաերունի», 37 ձայնով երկրորդ տեղը գրաված սունիների «Ալ Սիյադաթի» (Ինքնիշխանություն) դաշինքների եւ 31 ձայնով 4-րդ տեղում Քրդստանի ժողովրդավար կուսակցության (ՔԺԿ) մասնակցությամբ։ Ապա «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը ջանքեր գործադրեց երկրի նախագահ ընտրելու ՔԺԿ-ի թեկնածուին, բայց «Հայրենքի փրկության» առաջնորդ Սադրի բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Մինչդեռ ավանդաբար ոչ միայն նախագահը քուրդ է լինում, այլեւ քրդական երկու խոշոր կուսակցությունների միջեւ պայմանավորվածության համաձայն՝ Քրդստանի հայրենասիրական կուսակցությունից, որը ներկայացրել է գործող նախագահ Բրահամ Սալեհին։ Երկրի նախագահն ընտրվում է խորհրդարանի 329 անդամների 2/3-ի ձայներով։ Նախագահի ընտրությունների 3 փորձն էլ ձախողվեց, քանի որ ընդդիմադիր «Համաձայնության շրջանակ» դաշինքը բոյկոտեց, ինչի հետեւանքով խորհրդարանը զրկվեց նախագահի ընտրության համար անհրաժեշտ քվորումից։ Քանի որ նախագահն է խորհրդարան ներկայացնում վարչապետի թեկնածուին, փաստորեն, «Հայրենիքի փրկությանը» չհաջողվեց կառավարություն ձեւավորել՝ նախագահի թեկնածուի հարցում ՔԺԿ-ի դիրքորոշման պատճառով։ Այնուհետեւ Սադրը «Համաձայնության շրջանակին» 40 օր ժամանակ տվեց, որպեսզի մեծամասնություն կազմի եւ կառավարության ձեւավորումը փակուղուց դուրս բերի, միաժամանակ իր կոալիցիայի անդամներին արգելեց բանակցել այդ ուժի հետ։ «Համաձայնության շրջանակ» խմբակցությունում ընդգրկված են իրանամետ շիա ուժերը՝ 34 ձայնով նախկին վարչապետ Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետություն» դաշինքը եւ Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքը, որը նախորդ ընտրություններում 53 ձայնով երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, մինչդեռ այժմ 17 ձայնով 5-րդ տեղում է։
«Համաձայնության շրջանակը», որին եւս չհաջողվեց կառավարություն ձեւավորել, ձգտում էր կոալիցիա կազմել «Սաերունի» հետ, մինչդեռ վերջինս դեմ էր դրան։ Հետագայում Սադրի խմբակցությունը վայր դրեց մանդատները, իսկ հուլիսի 23-ին խորհրդարանը հաստատեց 64 նոր պատգամավորի մանդատ, եւ այսպիսով «Համաձայնության շրջանակը» դարձավ մեծամասնություն, որը ջանքեր է գործադրում նախագահի ընտրության հարցում, միաժամանակ հայտնել է վարչապետի իր թեկնածուի մասին, որին դեմ է Սադրի դաշինքը եւ ի նշան բողոքի խորհրդարանում նստացույց էր կազմակերպել։ Փաստորեն, այաթոլա Հաերիի որոշումը կարող է լուրջ հարված լինել Սադրին, թերեւս հենց հնարավոր նման հետեւանքի մտավախությամբ է Սադրը դիմել այդ քայլին։