ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը «The National Interest»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է այն իրավիճակին, որն այսօր առկա է Մոսկվայի ու Վաշինգտոնի փոխհարաբերություններում: Հոկտեմբերին կլրանա Կարիբյան ճգնաժամի 60-ամյակը, երբ ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները հայտնվեցին միջուկային հակամարտության շեմին: Խոսելով այդ մասին՝ ռուս դիվանագետը նշել է, որ հիմա էլ համաշխարհային հանրության ու ամերիկյան փորձագետների շրջանում աճում է անհանգստությունը՝ կապված Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ միջուկային բախման հավանականության հետ:
Կարիբյան ճգնաժամի 60-ամյակն առիթ է՝ ուսումնասիրելու արտաքին քաղաքական դասերը: Ցանկացած ոք կընդունի, որ մենք իրավունք չունենք թույլատրել, որ 1960-ականների պայթյունավտանգ իրավիճակը պահպանվի, որպեսզի, ինչպես ընդգծել է Անտոնովը, «ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այլեւ մյուս միջուկային տերությունները համատեղ հայտարարությամբ հաստատեն, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ հենց այդ պատճառով այն ոչ մի դեպքում չի կարելի սկսել»:
Իհարկե, Անատոլի Անտոնովն այդ հոդվածը գրել է ոչ միայն Կարիբյան ճգնաժամի դասերի ուսումնասիրության անհրաժեշտության հարցի քննարկման նպատակով, այլեւ շեշտելու, որ «ամերիկյան պաշտոնատար անձինք շարունակում են էսկալացիան՝ սարսափեցնելով ամերիկացիներին ու համաշխարհային հանրությանը Ռուսաստանի կեղծ միջուկային սպառնալիքներով: Նման արտահայտություններով նրանք աղավաղում են ռուսական ղեկավարության հայտարարությունները»:
«Կուզենայի շեշտել, որ որեւէ փոփոխություն չի կատարվել այն պայմաններում, երբ մեր երկիրը միջուկային զենք կկիրառի… Մենք չենք սպառնում, սակայն, ինչպես սեպտեմբերի 21-ին ասաց նախագահ Վլադիմիր Պուտինը, հաստատում ենք, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իր ժողովրդին մեր ունեցած սպառազինության բոլոր համակարգերով: Ագրեսիվ ի՞նչ կա այդ հայտարարության մեջ: Ի՞նչն է անընդունելի: Մի՞թե Միացյալ Նահանգներն այդպես չի վարվի՝ բախվելով իր գոյության սպառնալիքի հետ: Կուզեի ավելացնել, որ ամերիկյան քաղաքականության որոշակի շրջանակներ սխալվում են, եթե մտածում են, որ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ պաշտպանելու իր տարածքը, չի տարածվում Ղրիմի եւ այն տարածաշրջանների վրա, որոնք կարող են մտնել նրա կազմի մեջ ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիմքով»,- նշել է Անտոնովը:
Այս հոդվածում, սակայն, նպատակ չունենք անդրադառնալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հայտարարություններին՝ կապված միջուկային հնարավոր հարվածների հետ: «ՀՀ»-ն դրանց անդրադարձել է եւ դեռ բազմիցս կխոսի այդ թեմայի ու տեղի ունեցող զարգացումների մասին: Այժմ խոսքը Կարիբյան 60-ամյա ճգնաժամի դասերի մասին է: Ջոն Քենեդին հետագայում խոստովանել է «կարգապահության ու ինքնավերահսկողության» անհրաժեշտությունը, ինչպես գրել է «The Wall Streat Journal»-ը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը «գործնականում յուրահատուկ են համաշխարհային տերությունների շարքում», որովհետեւ «երբեք չեն եղել միմյանց հետ պատերազմական վիճակում»
Շատերը կարծում են, որ Կարիբյան ճգնաժամն ամենավտանգավորն է մարդկության պատմության մեջ: Ի՞նչ դասեր կարող ենք քաղել 60 տարի առաջ կատարված իրադարձություններից: Ջոն Քենեդիի գրադարանի կայքում կան ճգնաժամի ժամանակ Սպիտակ տանը տեղի ունեցած քննարկումների սղագրությունները, ձայնագրություններն ու փաստաթղթերը:
Հատված հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ տասներեքօրյա ճգնաժամի առաջին օրը, Սպիտակ տանը կայացած սղագրությունից
Պետքարտուղար Դին Ռասկ.- Պրն նախագահ, իրադարձությունները, իհարկե, չափազանց լուրջ են: Մեզնից ոչ ոք չէր հավատում, որ Խորհուրդները կարող են այդքան հեռուն գնալ (հրթիռներ տեղակայել Կուբայում- հեղ.):
Քենեդին հետաքրքրվում է, թե դա ռուսների ինչի՞ն էր պետք: Գեներալ Մաքսվել Թեյլորը ենթադրում է, որ նրանք հույսեր չեն կապում իրենց միջուկային հեռահար զենքի հետ, ուստի շեշտը դրել են կարճ հեռահարության զենքերի վրա: Ռասկը նկատել է, որ, հնարավոր է, Նիկիտա Խրուշչովն ապրում է Թուրքիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքից «վախով» եւ «ցանկանում է, որ մենք նույն անհանգստությունն ապրենք»:
Ամերիկյան պաշտոնյաները գիտեին, թե Կուբայում կոնկրետ որտեղ է տեղակայված հրթիռների ու դրանց գործարկիչների մեծ մասը, սակայն տեղյակ չէին, թե որտեղ են միջուկային մարտագլխիկները, նույնիսկ չգիտեին, թե դրանք ընդհանրապես տեղափոխվե՞լ են Կուբա:
Ի՞նչ անել: Արդյոք արժե՞ հարձակվել Կուբայի ռազմաբազաների վրա, եթե այո, ապա պե՞տք է այդ մասին նախազգուշացնել ԽՍՀՄ-ին:
Քենեդի.-Նախազգուշացնել նրանց՝ նշանակում է նախազգուշացնել բոլորին: Եվ ես, ակնհայտ է, չեմ կարող վերցնել ու հայտարարել, որ չորս օր անց դուք կոչնչացնեք նրանց: Երեք օրվա ընթացքում նրանք կասեն, որ արդեն մարտագլխիկներ ունեն: Եթե վերցնենք ու հարձակվենք, նրանք բաց կթողնեն դրանք: Ի՞նչ պետք է անենք այդ ժամանակ:
Նրանց ձայներում լարվածություն կա: Այդ ձայնագրությունները մեզ են հասել, որովհետեւ Քենեդին գաղտնի ձայնագրել է քննարկումները, ինչպես ընդհանրապես ձայնագրել է շատ զրույցներ: Ոչ ոք չգիտի, թե նա ինչ նպատակով է դա արել, եւ զարմանալի է, որ պատմաբաններն այդ հարցով դեռ չեն զբաղվել:
Եվ լավ է, որ դա արել է: Նրա շնորհիվ տեսնում ենք, թե ինչպես են որոշումներ կայացվում ամենաբարձր մակարդակով, երբ խաղադրույքները շատ բարձր են: Թվացյալ մանրուքները բացահայտում են ընդհանուր տրամադրություններն ու մանրուքները: Երբ Ջոն Քենեդին զանգահարում է բրիտանական վարչապետ Հարոլդ Մաքմիլանին, վերջինս ենթադրում է, որ կհաջողվի Խորհուրդներին համոզել՝ հեռացնելու զենքը Կուբայից, եթե միջոցներ ձեռք առնվեն՝ «ռուսներին օգնելու համար, որպեսզի պահպանեն իրենց դեմքը»: Եվ առաջարկել է «մեր «Տոր» հրթիռները ժամանակավորապես թողնել Անգլիայում»: Քենեդին խոստացել է, որ կպաշտպանի այդ առաջարկը: Դա Արեւմուտքի լիցքաթափման քաղաքականությունն էր, այդպես էր նա խրախուսում արդյունավետ գործողությունները: Եթե այդ պլանը բացահայտվեր, Մաքմիլանը քաղաքականապես կհատուցեր տանը, բայց այդ մասին նա ոչինչ չի ասել:
Ինչպես հայտնել է քաղաքագետ Գրեմ Էլիսոնը, Քենեդին կենտրոնացել է «մեծ»՝ միջուկային ռազմավարական զենքի վրա: Նա չգիտեր եւ չէր էլ կարող իմանալ, որ Խրուշչովն արդեն Կուբայում խորհրդային հրամանատարության տրամադրության տակ է դրել փոքր մարտավարական միջուկային զենք: Եթե Քենեդին ծովային շրջափակման ու դիվանագիտության հարցում ստեղծագործական մոտեցման փոխարեն վերցներ ու ռմբակոծեր հրթիռային օբյեկտները, կարող էր սանձազերծել այն, ինչը փորձում էր կանխել:
Ի վերջո, Խրուշչովը Կուբայից հանեց զենքերը, իսկ Ջոն Քենեդին կրկնեց Կուբա չմտնելու իր խոստումը: Նաեւ գաղտնի խոստացել էր, որ ԱՄՆ-ը հրթիռները դուրս կբերի Թուրքիայից…
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվում: Ութ ամիս անց՝ 1963 թ. հունիսին, Քենեդին իր ելույթներից մեկում խոստովանեց, որ ճգնաժամն իրեն ապացուցել է ողջ սառը պատերազմի վերաիմաստավորման անհրաժեշտությունը: Տարիներ անց նրա ելույթների հեղինակ Թեդ Սորենսենը խոստովանել է. «Դա նրա կարեւոր աշխատանքն է: Ես նրա աչքերից հասկացա, թե դրանով ինչ էր ուզում ասել, եւ նա իրավացի էր»:
Ինչպես հայտարարել է Քենեդին, փոխվել է պատերազմի բնույթը: Մենք չենք կարող շարունակել, երբ մեծագույն տերությունները հսկայական միջուկային զինանոց ունեն: «Միջուկային մեկ մարտագլխիկն ունի այնպիսի պայթուցիչ ուժ, որը տասն անգամ մեծ է, քան բոլոր դաշնակիցների օդային ուժերինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազում»,- ասել է նա: Միջուկային հարվածների զանգվածային փոխանակությունը, որի սպառնալիքների փուլում ենք ապրում այսօր, կարող է ոչնչացնել ողջ աշխարհը:
Համարել, որ խաղաղությունն անհնար է, նշանակում է համարել, որ պատերազմն անխուսափելի է, որ մարդկությունը դատապարտված է: «Մենք չենք կարող ընդունել այդ տեսակետը»: Ոչ մի կառավարություն չի կարող այնքան չարագործ լինել, որ «մենք նրա ժողովրդին ապրիորի զրկենք բոլոր առաքինություններից»:
Եթե ի վիճակի չենք լուծել մեր բոլոր տարաձայնությունները, կարող ենք դիմել գոնե ընդհանուր հետաքրքրություններին: «Քանզի վերջնարդյունքում մեզ բոլորիս կապում է այն, որ ապրում ենք այս փոքրիկ մոլորակի վրա: Բոլորս նույն օդն ենք շնչում: Մենք բոլորս մեր երեխաներին լավագույն ապագա ենք ցանկանում: Եվ բոլորս մահկանացուներ ենք»:
Կարեւոր է նաեւ հետեւյալը. «Պաշտպանելով իրենց կենսական շահերը՝ միջուկային տերություններն առաջին հերթին պետք է խուսափեն բախումներից, որոնք հակառակորդին կկանգնեցնեն ընտրության առջեւ՝ նվաստացուցիչ նահա՞նջ, թե՞ միջուկային պատերազմ»…
Այնուհետեւ նա շեշտել է, որ Մոսկվայում շուտով կսկսվեն միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունները: Եվ խոստացել է գործել այնպես, ասես այն արդեն կնքված է…