Ուկրաինական թատերաբեմում Ռուսաստանի եւ միացյալ Արեւմուտքի առճակատման առաջին փուլն ավարտին մոտեցավ, երբ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձեւավորման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացավ։ Ռուսաստանը փաստացի գծեց պետական, աշխարհագրական, քաղաքակրթական իր նոր սահմանները՝ ընդգրկելով Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները։ Եթե նախկինում Ռուսաստանի ծրագրերում կար երեք սլավոնական պետությունների միության ստեղծումը, ապա Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումները ցույց տվեցին, որ այն այլեւս չի կարող կյանքի կոչվել, առնվազն տեսանելի ապագայում։ Եվ ահա Ռուսաստանը քայլեր է իրականացնում միավորելու նախ ռուսներով բնակեցված տարածքները, անկախ այն բանից, թե այսօր որ պետության կազմում է այդ տարածքը։
Այսօր ռուսական որոշակի շրջանակներում ակտիվորեն քննարկվում են այնպիսի գաղափարների կենսագործմանն ուղղված քայլեր, որոնք կարող են հիմքեր ստեղծել «Մեծ Ռուսիա» ստեղծելու համար։ «Մեծ Ռուսիայի» ստեղծման առաջին արարը կարելի է համարել վերոնշյալ չորս շրջանների միավորումը։ Սեպտեմբերի 30-ին Պուտինն իր ելույթում ընդգծել էր, որ այդ շրջաններում բնակվող մարդիկ հավերժ իրենց քաղաքացիներն են դառնում, եւ որ այդ միավորումը «հիմնված է պատմական միասնության վրա, որի անունից հաղթեցին մեր նախնիների սերունդները, նրանք, ովքեր դարեր շարունակ Հին Ռուսաստանի ակունքներից ստեղծեցին եւ պաշտպանեցին Ռուսաստանը։ Այստեղ՝ Նովոռոսիյսկում, կռվել են Ռումյանցեւը, Սուվորովը եւ Ուշակովը, Եկատերինա 2-րդը եւ Պոտյոմկինը հիմնել են նոր քաղաքներ»։
Հասկանալի է, որ ցանկացած ռազմական գործողություն, նվաճում արդարացնելու եւ ամրապնդելու համար օգտագործվում են քարոզչական միջոցներ, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ կենսունակ, ընկալելի գաղափարական հենք։ Դա կարող է տեղի ունենալ արդեն քաղաքակրթական մակարդակում։ Պատահական չէին ՌԴ նախագահի ելույթում արժեհամակարգային, քաղաքակրթական տարբերությունների մասին բազմաթիվ հիշատակումները, անդրադարձը պատմության տարբեր դրվագներին, որտեղ շեշտվում էին Ռուսաստանի եւ Արեւմուտքի «անհամատեղելիությունն ու հակադրությունը»։ Գծվում են «մենք»-ի եւ «նրանք»-ի սահմանները, կերպարները, որտեղ «մենք»-ն օգժվում է դրական բնորոշումներով, իսկ «նրանք»-ի կերպարում խտացված են բոլոր բացասական գծերը։
Անդրադառնանք շատ կարեւոր, հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող արժեքներին, բարոյական նորմերին։ Խոսքը վերաբերում է հավատքի եւ ավանդական արժեքների նախընտրությանը, որպես հիմնարար հակադրություն նշվում է ավանդական ընտանիքի, քրիստոնեական արժեքներին հավատարմությունը. «Արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ մեզ մոտ, այստեղ, մեր երկրում՝ Ռուսաստանում, մայրիկի եւ հայրիկի փոխարեն լինի «ծնող թիվ մեկ», «թիվ երկու», «թիվ երեք» … Իսկապե՞ս ուզում ենք, որ տարրական դասարաններից մեր դպրոցական երեխաներին պարտադրվեն այլասերվածություններ, որոնք տանում են դեպի դեգրադացիա եւ ոչնչացում»,- նշում է ՌԴ նախագահն իր ելույթում՝ նման երեւույթները համարելով անընդունելի՝ ի հակադրություն արեւմտյան աշխարհի, որտեղ հանդուրժողականություն է քարոզվում նման երեւույթների եւ նախասիրությունների նկատմամբ։
Նշենք, որ բավականին հավակնորդ տեսություններ են զարգացել 16-րդ դարի առաջին կեսին, երբ հանրայնացվեց «Մոսկվան երրորդ Հռոմն է» արտահայտությունը։ Դա կապված էր «աշխարհի կենտրոնը» ռուսական պետության մայրաքաղաք տեղափոխելու փիլիսոփայական հայեցակարգի հետ։ Դրա հեղինակը ավանդաբար համարվում է Պսկովի Էլեզարովի վանքի Ֆիլոթեոս վանականը: 1523-1524 թթ. գրագիր Միխայիլ Միսյուր-Մունեխինին եւ Մոսկվայի մեծ դուքս Վասիլի 3-րդին ուղղված նամակներում նա խոսում էր «Երկրային Հռոմի» դերի մասին, որը պետք է ստանձներ Մոսկվան։ Հռոմեական, ապա նաեւ Բյուզանդական կայսրությունների անկումից հետո տարբեր երկրներ հավակնել են դառնալու «երրորդ Հռոմը»՝ դրանով իսկ ստանձնելով քրիստոնեական աշխարհի եւ հավատքի պահապանի ու հենարանի դերը։ Պատմաբան Տատյանա Գրիգորեւնայի խոսքով՝ ուղղափառ ժողովուրդների ինտելեկտուալ միջավայրում սկսեցին հայտնվել կենտրոնի նախատիպերը. սերբերը, օրինակ, Բելգրադը համարում էին ապագա «Երրորդ Հռոմ», բուլղարները՝ Վելիկո Տարնովոն։ Սակայն 15-րդ դարի երկրորդ կեսին այդ տարածքների մեծ մասը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Ռուսական պետությունը մնաց միակ անկախ ուղղափառ թագավորությունը: Այն ժամանակ նա թոթափեց մոնղոլ-թաթարական լուծը եւ աստիճանաբար վերածվեց հզոր կենտրոնացված պետության։ Առաջին հայացքից անհեթեթ թվացող «Մոսկվան երրորդ Հռոմն է» բանաձեւն ընդունվեց շատերի կողմից։ Հետագայում վանական Ֆիլոթեոսի գաղափարները մոռացության մատնվեցին եւ պահանջված դարձան միայն 19-րդ դարի կեսերին։ Մի քանի տարի առաջ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը նշել էր, որ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը Եկեղեցու շուրջ հավաքված չէ, հետեւաբար «Մոսկվան՝ երրորդ Հռոմ» հասկացությունը որպես քրիստոնեության կենտրոն հանդես գալու համար կորցրել է իր արդիականությունն ու վավերականությունը։ Նկատենք, որ «երրորդ Հռոմ» բանաձեւը կարող է ունենալ ինչպես կրոնական, այնպես էլ՝ քաղաքական ենթատեքստ։
Ներկայումս նույնպես, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խորանում է անջրպետը, նման գաղափարները կարող են ակտիվանալ, առավել եւս, որ ռուսական տարբեր շրջանակներում շեշտվում է «ռուսական աշխարհի» կայացման անհրաժեշտությունը: Ռուսաստանում քաղաքական, գաղափարական ցանկացած զարգացում շղթայական ձեւով ազդեցություն է ունենալու ամբողջ աշխարհի վրա։ «Հազարամյա մեծ տերություն», «երկիր-քաղաքակրթություն» լինելու հավակնությունները նոր խնդիրներ են դնում թե պետության ներսում, թե արտաքին աշխարհում, որը նույնպես վերափոխումների շրջանում է։ «Ռուսական պետականության» զարգացման ճանապարհին քաղաքական, հոգեւոր էլիտաները բախվելու են դաշնային պետության մյուս ժողովուրդների հետ հարաբերվելու խնդրին, որը որոշիչ նշանակություն է ունենալու Ռուսաստանի ապագայի համար։ Գերտերության ստեղծումն ընթանալու է ռուս էթնոսի շուրջ, «ժողովուրդների եւ ազգերի համակեցությամբ»։ Եթե Ռուսաստանը զուտ ազգային պետություն է լինելու, ապա ինչ կարգավիճակ են ունենալու դաշնության այն շրջանները, որտեղ ռուս բնակչությունը մեծամասնություն չէ։