Թուրքիայի նախագահը հաճախ է կրկնում հետեւյալ նախադասությունը՝ «Թուրքիան ու Ադրբեջանը երկու պետություն, մեկ ազգ են»։ Նույնը նաեւ կրկնում է Ադրբեջան անունն ստացած արհեստածին պետության ղեկավարը։ Սա ամենեւին էլ պարզունակ միտք չէ։ Ի՞նչ թաքնված ենթատեքստ ունի այն։
Պանթյուրքիզմ երեւույթը հիմնված է այն համոզմունքի վրա, որ Արեւմտյան Չինաստանում, Կենտրոնական Ասիայում, Սիբիրում, Կովկասում, Ղրիմում, Կիպրոսում, Բալկաններում, Անատոլիայում եւ Մերձավոր Արեւելքի տարածքներում թյուրքալեզու ժողովուրդները մեկ ազգ են: Երբեւէ չհաստատվելով որպես պաշտոնական գաղափարախոսություն, այն միշտ աջակցություն է ստացել Անկարայի հաջորդական կառավարությունների կողմից՝ երբեմն բացահայտ, երբեմն էլ գաղտնի կերպով։
Նեոօսմանիզմը կրոնաքաղաքական շարժում է եւ տարբերվում է պանթյուրքիզմից իր էթնո-լեզվական բնույթով։ Նեոօսմանցիները ցանկանում են, որ «կայսրության» ներքո համակցվեն թյուրքալեզու ազգերն ու ժողովուրդները: Պանթյուրքիզմը եւ նեոօսմանիզմը հիմք ընդունելով էլ Թուրքիայի նախագահը հետամուտ է թուրքական ազդեցության տարածմանը եւ Թուրքիայի սահմանների ընդլայնմանը։ Էրդողանը Սիրիայում նեոօսմանիզմի քաղաքականություն է վարում՝ նույնիսկ դիմելով արմատական արաբ սուննիներին՝ այս երկրի նախագահ Բաշար ալ Ասադի աշխարհիկ կառավարությունը տապալելու համար։ Ակնհայտորեն, Թուրքիան մնում է տարածաշրջանի միակ պետությունը, որը շարունակում է ֆինանսավորել եւ զինել արմատական իսլամիստներին:
Թեեւ Էրդողանը հայտարարում է, որ աջակցում է սիրիական պետության միասնությանը, սակայն դա նրան չի խանգարել ապօրինաբար թուրքական բանկեր բացել Սիրիայի հյուսիսում, շրջանառության մեջ դնել թուրքական լիրան, թուրքական դրոշը ծածանել սիրիական կառավարության շենքերի վրա, սիրիական դպրոցներում կիրառել թուրքական կրթական ծրագիրը։ Նեոօսմանիզմը Օսմանյան կայսրությունը վերականգնելու կամ առնվազն թուրքական ազդեցության ընդլայնման երազանքն է կայսրության նախկին տարածքների վրա։ Պանթյուրքիզմն Էրդողանի արդարացումն է Օսմանյան կայսրության նախկին սահմաններից դուրս Թուրքիայի ազդեցության տարածման հարցում։
Օսմանյան կայսրությունը երբեք ուղղակիորեն չի տիրել Ադրբեջանին։ Ադրբեջանցիներն իրականում ընդհանուր նախնիներ ունեն թուրք ժողովրդի հետ՝ օղուզ թուրքերը, որոնք Միջին Ասիա են գաղթել Սիբիրի, Մոնղոլիայի, Սինցզյանի եւ Ղազախստանի սահմանային շրջաններից։ Միջին Ասիայից նրանք սկսեցին ներխուժել Կովկաս եւ Անատոլիա։ Այսպիսով արհեստականորեն ձեւավորվել է ներկայիս Ադրբեջանը Հայաստանի արեւելյան հարեւան տարածքում։
Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ադրբեջանական զինուժը 2020-ի սեպտեմբերին բռնազավթեց Արցախի մեծ մասը։ Դա ուներ միայն մեկ նպատակ՝ մեկ քայլով մոտենալ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու թուրքական երազանքի իրականացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում է բռնազավթել նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը, որպեսզի այդպիսով Թուրքիան ուղիղ ելք ունենա դեպի Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարներ։
Կովկասում պանթյուրքիզմի առաջխաղացումից ոգեւորված՝ Կիպրոսի թուրքերի նորընտիր առաջնորդ Էրսին Թաթարն ասել է, թե Թուրքիան, Ադրբեջանը եւ ՄԱԿ-ի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ի դեպ, միայն Թուրքիայի կողմից ճանաչված) «մեկ ազգ, երեք պետություն են»։ Էրդողանի ծավալապաշտության միտումները չեն սահմանափակվում միայն Սիրիայով, Արցախով կամ Կիպրոսով։ Նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի սպառնալիքները տարածվում են նաեւ հունական որոշ կղզիների վրա, որոնք Էրդողանի հորջորջանքով պատկանում են Թուրքիային, Ղրիմի եւ Լիբիայի վրա։
Ամենահզոր մեխանիզմներից մեկը, որն Էրդողանն օգտագործում է իր նախագիծն իրականացնելու համար, այնուամենայնիվ, Թյուրքական խորհուրդն է։ Թյուրքական խորհրդի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ Պատահական չէ, որ այն հիմնվել է Նախիջեւանում: Փաստորեն, Էրդողանը նույնիսկ վճռականորեն աջակցել է Հունգարիայի անդամակցությանը խորհրդին՝ դարձնելով դիտորդ անդամ։ Հունգարիան նույնիսկ 2019-ին բացեց Թյուրքական խորհրդի ներկայացուցչություն, եւ վարչապետ Վիկտոր Օրբանը քարոզում էր այն տեսությունը, թե հունգարացիները «կիպչակ թուրքեր են»: Նա նաեւ պարծենում էր, որ Հունգարիան «քրիստոնեական թուրքական հող է»։ Ահա թե ինչու Հունգարիան Եվրամիության 27 անդամ հինգ երկրներից մեկն էր, որ վետո դրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման նախագծին։
Էրդողանի շարունակական հակաեվրոպական գործողությունները վերաճել են ընդհուպ մինչեւ ողջ մայրցամաքում ահաբեկչական հարձակումների։ Արեւմտյան Եվրոպան, հատկապես Ֆրանսիան, իսլամաֆոբ որակելով՝ Էրդողանը գիտի, որ պատասխան է լինելու։ Այդ արձագանքը ոչ միայն եվրոպական երկրներում ապրող միլիոնավոր թուրքերի կողմից է լինելու, այլ նաեւ արմատական իսլամիստների։
Նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի միջոցով Էրդողանը հաջողությամբ ընդլայնել է թուրքական ազդեցությունը՝ խախտելով այլ պետությունների ինքնիշխանությունը։ Սա երեւում է Սիրիայի, Լիբիայի եւ Արցախի օրինակներով, Հյուսիսային Կիպրոսի օկուպացմամբ եւ Հունաստանի օդային ու ծովային տարածքի խախտումներով։ Այնուամենայնիվ, փափուկ ուժը նույնպես հաջողել է, քանի որ նա օգտագործում է նեոօսմանիզմը թյուրքոֆիլություն եւ ռազմածովային բազա կառուցելու համար Ալբանիայում, իսկ պանթյուրքիզմը՝ Հունգարիան Թուրքիայի ներկայացուցիչ դարձնելու համար Եվրամիությունում: Չնայած Ռուսաստանն արգելափակել է Մեծ Թուրքիայի ընդլայնումը դեպի Կովկաս՝ խաղաղապահներ տեղակայելով Արցախում, այնուամենայնիվ, Եվրամիությունն առարկայական քայլեր չի անում Հունաստանի եւ Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիայի նկատմամբ։ Դա, միեւնույն ժամանակ, թույլ է տալիս Թուրքիային զգալի դիրք գրավել Բալկաններում:
Թուրքիայի ազդեցության տարածումը եւ պանթյուրքիզմի գաղափարի իրականացումը վստահաբար աղետաբեր կլինեն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ Եվրոպայի համար։ Սակայն ժողովրդավարության սին սկզբունքներ որդեգրած Եվրոպան, կարծես, հնազանդորեն սպասում է իր «վախճանին»։