ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Թուրքիայի ղեկավարությանը հիշեցրել է, որ անհրաժեշտ է հարգել Կրեմլի նկատմամբ գործող սահմանափակումների ռեժիմը: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն ավարտել է իր երկօրյա այցը Անկարա եւ Ստամբուլ: Տեղի պաշտոնատար անձանց հետ նա քննարկել է «պատժամիջոցներից խուսափելու եւ անօրինական այլ ֆինանսական գործունեության հետ կապված ռիսկերի վերացման» հարցը: Թուրքիա արեւմտյան պաշտոնյաների նման այցելություններն ավելի ու ավելի հաճախակի են դառնում, ինչն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպում է հարմարվել ճնշմանը: Այցի ընթացքում Ռոզենբերգը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների իր գործընկերների հետ: Բացի այդ, բանակցություններ է վարել մասնավոր ֆինանսական ու առեւտրային հատվածների, գիտական շրջանակների ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ: «Հանդիպումների ընթացքում Ռոզենբերգը շոշափել է մի շարք թեմաներ, այդ թվում՝ պատժամիջոցների ու արտահանման վերահսկողության, որոնք Ռուսաստանի դեմ ներդրվել են ավելի քան 30 երկրից բաղկացած կոալիցիայի կողմից, էներգետիկ անվտանգության, փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների եւ ֆինանսական ահաբեկչությանը հակազդեցության հարցերը: Այդ հանդիպումները հաստատել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ սերտ գործակցության կարեւորությունը ռիսկերի վերացման գործում՝ կապված պատժամիջոցների եւ անօրինական այլ ֆինանսական գործունեության հետ»,- հաղորդել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Արեւմտյան լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ռոզենբերգի այցը տեղի է ունեցել Աստանայում կայացած Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից մոտ մեկ շաբաթ անց: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Այսպես՝ զրույցի ընթացքում բարձրացված թեմաներից մեկը Թուրքիայում հատուկ գազային հանգույցի ստեղծումն է։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Էրդողանը «դա ընդունեց մեծ հետաքրքրությամբ…»։ Արդեն բանակցությունների ընթացքում նախագահները հանձնարարականներ են տվել աշխատել այս հարցի շուրջ։ «Արդեն նույնիսկ որոշ տարբերակներ են քննարկվել»,- նշել է Պեսկովը։
Հունիսին Թուրքիա էր այցելել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ոոլլի Ադեյեմոն՝ դաշնակիցներին Ռուսաստանի նկատմամբ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի պատժամիջոցային քաղաքականության շրջանակներում մոբիլիզացնելու համար: Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ թուրքական իրավական համակարգը կարող է վերածվել «ապահով հանգրվանի» ՌԴ քաղաքական ու գործարար վերնախավի համար: Այնուհետեւ Ադեյեմոն հատուկ ուղերձներով դիմել է նույնիսկ տեղի բիզնես շրջանակներին՝ զգուշացնելով Ռուսաստանի հետ շփումների ռիսկերի մասին: Բացի այդ, ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ «Միր» վճարային քարտերի օպերատորի հետ հնարավոր համաձայնագրերի առիթով, որից հետո այդ համակարգը Թուրքիայում խափանվել է:
Անկարայի նկատմամբ նույնպիսի ջանքեր է գործադրել Բրյուսելը: Այս ամսվա սկզբին այդ երկիր է այցելել ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների ու միասնական կապիտալի շուկայի եվրահանձնակատար Մեյրիդ Մակգինեսը: Այդ այցելությունից հետո գերմանական լրատվամիջոցները առաջինը գրեցին, որ Եվրոպական միությունն ու Թուրքիան մտադիր են ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ լարվածության հաղթահարման համար՝ պայմանավորված Կրեմլի նկատմամբ պատժամիջոցների պահպանմամբ: Այս կերպ Բրյուսելը փորձում է հիմքեր ստեղծել արտահանման վերահսկողության միջոցառումների ուժեղացման համար եւ, հավանաբար, որոշակի ապահովագրում ունենալ Սպիտակ տան աճող պահանջների պայմաններում՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին ի պատասխան ներդրված սահմանափակումների պահպանման հետ:
Այսպիսով՝ Վաշինգտոնը հակված է ճնշում գործադրել Անկարայի վրա: Դա տեղի է ունենում, բայց, ըստ թուրք փորձագետների, ոչ այն չափով, որ Էրդողանը ստիպված լինի վերանայել Ռուսաստանի հետ իր տնտեսական շփումները: Ռոզենբերգի այցն այդ ճնշման փուլերից մեկն է: «Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները փոխլրացնող են: Անկարան էներգետիկ ռեսուրսների, Մոսկվայի կողմից կարեւոր մատակարարումների կարիք ունի եւ, իր հերթին, ծածկում է իր գործընկերոջ կարիքները: Փետրվարի 24-ից հետո Թուրքիան, իմ կարծիքով, Արեւմուտքի հետ ՌԴ-ի առեւտրատնտեսական գործունեության հանգույց է դարձել»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է թուրք փորձագետ Քերիմ Հասը, ում կարծիքով՝ դա պատժամիջոցների հաղթահարում է, որը ոչինչ չի խախտում, որովհետեւ ներդրված սահմանափակումները, որպես կանոն, միակողմանի բնույթ են կրում:
Տնտեսական այս ակտիվությունը ձեռնտու է նաեւ Անկարային: Մինչեւ համընդհանուր ընտրությունները, որոնք կկայանան 2023 թ., Էրդողանի համար շատ կարեւոր է գոնե մասամբ թեթեւացնել ճգնաժամը երկրում: 2022 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ավելի քան 700 նոր ռուսական ընկերություններ են բացվել թուրքական շուկայում: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են: Իսկ Անկարայի համար տնտեսության զարգացումը նախընտրական պակաս ռիսկային քայլ է, քան Սիրիայում նոր օպերացիայի միջոցով քաղաքական կապիտալի կուտակման փորձը:
Թուրքական փորձագիտական շրջանակներում ենթադրում են, որ համընդհանուր ընտրություններից առաջ Էրդողանը չի համաձայնվի միանալ արեւմտյան պատժամիջոցների ռեժիմին: Իհարկե, եղել են որոշակի քայլեր, այդ թվում՝ կապված «Միր» վճարային քարտերի հետ, սակայն դա առանցքային չէ: Թուրքիայում, միեւնույն է, ձգտում են մեկ այլ մեխանիզմ գտնել՝ այդ խնդիրը հաղթահարելու համար. իշխանությունները չեն բացառում, որ «Միրի» համար կարող է առանձին բանկ ստեղծվել: Հնարավոր է նաեւ, որ հատուկ ռուսների համար թողարկվի վճարային այլընտրանքային համակարգ: Մի կողմից՝ Էրդողանը կարող է ինչ-ինչ փոքր որոշումներ կայացնել՝ հրապարակային ազդանշան ուղարկելով Արեւմուտքին, որ Թուրքիան ձգտում է հարմարվել նոր պայմաններին, բայց, մյուս կողմից, ամեն բան կընթանա իր հունով:
Խոսելով ռուս-թուրքական գազային հանգույցի մասին՝ քաղաքագետ Քերիմ Հասը «Նեզավիսիմայա գազետային» ասել է. «Եթե ԱՄՆ-ն սկսի ճնշում գործադրել, ապա առաջին հերթին կսկսի այս հարցից: Նախաձեռնությունն ինքնին տնտեսական մեծ հնարավորություն է Անկարայի համար տարածաշրջանում էներգետիկ կարեւոր հանգույց դառնալու ճանապարհին: Այստեղ կարեւոր նրբերանգներ կան՝ գազի ի՞նչ աղբյուրներ կլինեն, արդյոք Թուրքիան կկարողանա՞ եվրոպական շուկա վերարտահանելու իրավունք ստանալ, ինչ դեր է ունենալու գների որոշման հարցում: Սակայն փաստն այն է, որ Թուրքիան հնարավորություն ունի նույնքան կարեւոր աստիճան զբաղեցնելու ԵՄ էներգետիկ անվտանգության մեջ, որքան Գերմանիան ունի, եւ հանգույցի ստեղծման գաղափարը մեծ լծակ է եվրոպացիների վրա ազդելու համար»:
Եվ իսկապես՝ Թուրքիան կկարողանա՞ գազը եվրոպական շուկա վերարտահանելու իրավունք ստանալ, եթե Եվրոպան ձգտում է ազատվել ռուսական գազից կախվածությունից… Բացի այդ, Էրդողանի նախընտրական տվայտանքներն Արեւմուտքին չեն հետաքրքրում: Թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն հետաքրքրված չեն, որ Էրդողանը վերընտրվի իր պաշտոնում: