Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից

Հակաիրանական մարտահրավերն ընկալվել է եւ արժանի պատասխան կստանա

Նոյեմբերի 2, 2022
Միջազգային
Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն, որը պատասխանատու է զինաթափման ու միջազգային անվտանգության համար, որոշում է կայացրել, որ Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից եւ միջուկային ենթակառուցվածքները տրամադրի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին: «The Jerusalem Post»-ի տեղեկատվության համաձայն՝ 152 երկրներ կողմ են քվեարկել որոշմանը, 5-ը՝ դեմ: Նախաձեռնության դեմ հանդես են եկել Կանադան, Իսրայելը, Միկրոնեզիան, Պալաուն եւ ԱՄՆ-ը: Եվս 24 երկրներ, այդ թվում՝ Եվրամիության անդամներ, ձեռնպահ են մնացել:

Հարկ է նշել, որ բանաձեւի հեղինակներն են Պաղեստինյան ինքնավարությունը եւ 19 երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Հորդանանը, Մարոկկոն եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

ՄԱԿ-ի բանաձեւում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Իսրայելը Մերձավոր Արեւելքի միակ երկիրն է, որ մինչ այժմ չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը: Փաստաթուղթն Իսրայելին կոչ է անում նաեւ «չմշակել, չարտադրել, չփորձարկել եւ այս կամ այն կերպ ձեռք չբերել միջուկային զենք» եւ «հրաժարվել միջուկային զենքին տիրապետումից»: Իսրայելը պաշտոնապես երբեք չի ընդունել, որ միջուկային զենք ունի, չնայած ոչ պաշտոնապես այդ երկիրը դասվում է միջուկային զենք ունեցող 9 երկրների շարքին: Միեւնույն ժամանակ բանաձեւում չի հիշատակվում Իրանը, որը, ըստ Թել Ավիվի, առաջ է շարժվել միջուկային զենքի ստեղծման ճանապարհով:

Իրադարձությունների այսպիսի ընթացքը, բնականաբար, դուր չի գալիս Իսրայելի իշխանություններին, որոնք պայքարում են Իրանի դեմ, ինչպես նաեւ ձգտում են խանգարել ԱՄՆ-ին ու Իրանին՝ վերականգնելու «Միջուկային գործարքը», ինչն այդ պետություններին հնարավորություն կտա թոթափել լարվածությունը երկկողմ հարաբերություններում եւ ազատվել պատժամիջոցային բեռից: Թել Ավիվը, որը ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառն է եւ կեղծ տեղեկություններով մշտապես փորձում է սրել Թեհրանի ու իր դաշնակցի՝ Վաշինգտոնի հարաբերությունները, բոլոր միջոցներով պայքարում է Իրանի դեմ՝ ներկայացնելով, որ, իբր, փորձում է խափանել Իրանի՝ միջուկային զենք ունենալու ծրագրերը: Եվ իր համար կարեւոր պահին, անկախ տարածաշրջանում իր համակրանքներից ու վարած քաղաքականության արդյունքներից, պարզում է, որ իր օգտին, իրենից բացի, քվեարկել է ընդամենը 4 պետություն, որոնցից եւ ոչ մեկը չի ներկայացնում նրանց, որոնց օգտին գործելիս Իսրայելը ոչ միայն շահեր է հետապնդել, այլեւ իրեն դատապարտել է անխուսափելի պատասխանատվության…

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կենտրոնատեղի էր դարձել ագրեսիվ Իսրայելի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համար. նախ Բենի Գանցը ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք, այնուհետեւ՝ Հուլուսի Աքարը: Սա ձեւավորվող դաշինք է ընդդեմ Իրանի, որը հայտարարել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Ոմանք Թեհրանի զգուշացումները դիտում էին որպես թույլ արձագանք, բայց Իրանի ղեկավարությունը որոշեց հյուպատոսություն հիմնադրել Կապանում, որի բացմանը մասնակցեց երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Սա սառը ցնցուղ էր տաք գլուխների համար՝ դադարեցնելու իրենց սպառնալից տեղաշարժերը Հայաստանի սահմանների մոտ: Այնուհետեւ Իրանը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ սարսափ առաջացնելով կեղծիքի մայրաքաղաքում՝ Բաքվում: Վերջինս, որ հանկարծ, մի կողմ թողած սեփական ծագման «աղվանական վարկածը», անցել էր «ատրպատականյան հիպոթեզին» ու այդ տարածքի բնակիչներին, որպես, իբր, եղբայրների, կոչ արել՝ ապստամբելու Իրանի կենտրոնական իշխանությունների դեմ եւ միանալ իրենց, կտրուկ դադարեցրեց իր քարոզչությունը:

Հոկտեմբերի վերջին Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Բենի Գանցը մեկնեց Թուրքիա եւ այնտեղ նույնիսկ չպլանավորված հանդիպում անցկացրեց այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Չնայած հանդիպման ընթացքում որեւէ կոնկրետ որոշում չի ընդունվել եւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, իսրայելական անվտանգային համակարգի աղբյուրները նշում են, որ նման մակարդակում զրույցի փաստն իսկ կարեւոր քայլ է Թել Ավիվի ու Անկարայի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում:

Թուրքիան հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ քաղաքական մերձեցման եւ իսրայելական պաշտպանական տեխնոլոգիաների գնման հարցում: Իսրայելը, իր հերթին, շահագրգռված է, որ ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը, որն «զբաղված է ահաբեկչությունների պլանավորմամբ եւ ֆինանսավորմամբ», հեռացվի Թուրքիայից: Թել Ավիվը միաժամանակ ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ անվտանգության, առաջին հերթին՝ «իրանական ահաբեկչությանը համատեղ դիմադրելու» ոլորտում: Գանցը թուրքական կողմին խնդրել է բացատրել Թեհրանին, որ Իսրայելը չի հաշտվի իրանական զենքի՝ Սիրիա տեղափոխման հետ…

Էրդողանի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդման մեջ ասվում է, որ Բենի Գանցը Թուրքիային շնորհակալություն է հայտնել իսրայելցիների ու տեղի հրեական համայնքի անվտանգությունն ապահովելու համար:

Գանցը, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության աշխատակիցներին հրահանգել է «աստիճանաբար» վերադառնալ անվտանգության ոլորտում համագործակցության նորմալ մակարդակի»: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չպլանավորված հանդիպումը վկայում է, թե թուրքական ղեկավարությունն ինչպիսի կարեւորություն է տալիս Իսրայելի հետ կապերի ամրապնդմանը:

Գանցը հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հանդիպումից հետո տարածված հաղորդման մեջ շեշտվում է, որ սա վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին ուղիղ շփումն է Իսրայելի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Իսրայելի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի՝ Իսրայելի գլխավոր դաշնակցի հետ: Նա նշել է, որ Հունաստանի, Կիպրոսի եւ արաբական մի շարք պետությունների հետ համագործակցության զարգացմանը զուգահեռ Անկարայի հետ հարաբերությունների ամրապնդումն ուժեղացնում է Իսրայելի դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում:

Բենի Գանցը հույս է հայտնել, որ Թուրքիայի միջազգային լայն կապերը կնպաստեն տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը: Նաեւ ավելացրել է, թե վերջին ամիսներին Թուրքիան ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու իսրայելցիներին սպառնալիքներից: «Վստահ եմ, որ դեռ շատ բան կարելի է անել ահաբեկչության զսպման համար: Անկասկած, երկկողմ հարաբերությունների բարելավումը դրական կանդրադառնա նաեւ քաղաքական մթնոլորտի, մեր ժողովուրդների կյանքի բոլոր ոլորտների վրա»,- հայտարարել է Բենի Գանցը:

Այս իրավիճակում եւ այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնի կենդանուն հատուկ հրճվանքով ազդարարում են, որ վերջին հանդիպումների ու քննարկումների ընթացքում Իրանի դեմ ձեւավորվել է «հզոր» դաշինք՝ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել: Այդ երկրի ԶԼՄ-ներում թուրք «փորձագետները» շեշտում են, որ «Իրանի կողմից սադրանքի ռիսկ կա», եւ իրանական զորքերը կարող են ներխուժել Ադրբեջան: Իրականում ադրբեջանա-իսրայելա-թուրքական մեկամսյա վաղեմության քննարկումները նպատակ ունեն հարձակում սադրել Իրանի վրա, եւ Ադրբեջանի սահմանին Թեհրանի կազմակերպած զորավարժությունները հստակ ուղերձ են Բաքվին, որ մարտահրավերն ընկալվել է եւ արժանի պատասխան կստանա:

Թեգեր: զենքԻսրայելՄիջուկային անվտանգություն
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Լինել սկզբունքայի՞ն, թե՞ «տաք եւ կուշտ»

Լինել սկզբունքայի՞ն, թե՞ «տաք եւ կուշտ»

Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքիր է իմանալ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist