Աշխարհաքաղաքական վերադասավորումների տեսանկյունից եվրոպական անվտանգային համակարգում կարեւոր դերակատարություն ունենալու հայտ է ներկայացրել Լեհաստանը։ Այդ համատեքստում այն հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար։ Հաշվի առնելով Լեհաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ վերջին շրջանում առավել խիստ դրսեւորվող հակառուսական տրամադրություններն ու պատմականորեն ձեւավորված քաղաքական «համակրանքներն» ու «հակակրանքները»` այս երկիրը դառնում է Արեւմուտքի համար լավագույն ֆորպոստը Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Որոշ եվրոպական փորձագիտական շրջանակներում տեսակետ է հնչում, որ Լեհաստանը կարող է այլընտրանք դառնալ Գերմանիային, որը ներկայումս Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հիմնական հանգույցն է: Նման փոփոխության անհրաժեշտություն կարող է առաջանալ այն պատճառով, որ Բեռլինն ու Փարիզը փորձում են կյանքի կոչել «Եվրոպական ռազմավարական ինքնավարության» հայեցակարգը, այսինքն՝ ավելի անկախ եւ ինքնուրույն քաղաքականություն վարել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրեր առաջ հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը երկար ժամանակ կմնան Լեհաստանում՝ պատասխանելով «Լեհական ռադիոյի» թղթակցի հարցին, թե «որքա՞ն ժամանակ են ամերիկյան զորքերը մտադիր մնալ Լեհաստանում եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում»։ Սպիտակ տունն ավելի վաղ ասել էր, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ ուղարկված ԱՄՆ լրացուցիչ ուժերը տեսանելի ապագայում չեն հեռանա Եվրոպայից: «Նախագահ Բայդենը լրացուցիչ 20 հազար ամերիկացի զինվոր է տեղակայել Եվրոպայում, եւ մենք այժմ ստեղծել ենք մեխանիզմ, որով նրանք կարող են մնալ այնտեղ ռոտացիոն հիմունքներով, առնվազն տեսանելի ապագայում»,- երկուշաբթի օրը նշել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիրբին։ Ի դեպ, 2017 թ., երբ ամերիկացիները սկսեցին զրահապատ եւ բանակային ավիացիոն բրիգադներ ուղարկել Եվրոպա «Atlantic Resolve» գործողության շրջանակներում, առաջինը Լեհաստանում էր, իսկ երկրորդը՝ Գերմանիայում։ Այնտեղից արդեն վերոնշյալ բրիգադների առանձին ստորաբաժանումներ տեղափոխվեցին եվրոպական այլ երկրներ։
Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նոյեմբերի 7-ին Գնյեզնոյի մերձակայքում գտնվող Պովիձ շրջանում գտնվող Լեհաստանի ռազմաօդային ուժերի 33-րդ օդային տրանսպորտային բազա կատարած այցի ժամանակ, որտեղ տեղակայված են ինչպես լեհ, այնպես էլ ամերիկացի օդաչուներ, ասել է, որ ստեղծվել է ժամանակակից եւ շարժական վառելիքի բազա, որն զգալի աջակցություն կդառնա ամերիկյան «Apache» մարտական ուղղաթիռների համար։ Լեհաստանում ԱՄՆ դեսպան Մարկ Բժեզինսկին ընդգծել է, որ նախագիծը բաղկացած է երկու բաղադրիչից՝ լայնածավալ նյութատեխնիկական բազայից եւ վառելիքի պահեստներից։ «Այս նախագիծը կազմում է մոտ 1.5 միլիոն գալոն վառելիք: Վառելիքի այս քանակությունը բավական է ամբողջ զրահապատ բրիգադի մարտական խումբը լցնելու համար, ինչը թույլ կտա արագ գործել»,- դեսպանի խոսքերն է փոխանցում «Լեհական ռադիոն»։ Այդ ներդրման համար հիմք է դարձել Լեհաստանի ու ԱՄՆ-ի միջեւ 2018 թ. օգոստոսի 15-ին ստորագրած ռազմավարական համաձայնագիրը՝ Լեհաստանի անկախության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ։
Լեհաստանում ամերիկյան ուղղաթիռների համար նոր ռազմաբազայի կառուցումը հուշում է, որ Պենտագոնը միգուցե փոխի իր ուղղաթիռային բրիգադի մշտական տեղակայման վայրը եւ այն Գերմանիայից տեղափոխի Լեհաստան, որտեղ արդեն իսկ գտնվում են զրահապատ բրիգադը, ԱՄՆ 5-րդ բանակային կորպուսի շտաբը։ «Ռազմական այլընտրանքի» հնարավորությունն ազատություն է տալիս Միացյալ Նահանգներին եւ միաժամանակ ազդեցության լծակներ` հիշյալ երկրների նկատմամբ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 4-ին, լեհական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Մարիուշ Բլաշչակը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնագիր է ստորագրել համապատասխան անշարժ գույքի փոխանցման վերաբերյալ, եւ այդ շրջանակներում Պոդլասկի վոյեվոդության Կոլնո քաղաքում կտեղակայվի լեհական բանակի նոր զորամասը։ «Նոր միավորը, որը կհայտնվի Կոլնոյում, կդառնա Պոդլաչիում ստեղծվող մեքենայացված ստորաբաժանման մաս: Նրա հիմնական նպատակը կլինի պաշտպանել երկրի արեւելյան սահմանները՝ Պոդլասկի վոյեվոդությունը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հակառակորդը չհամարձակվի հարձակվել Լեհաստանի վրա. ավելացնում ենք լեհական բանակի թիվը, արդիականացնում ենք այն, զարգացնում տարածքային պաշտպանության ուժերը։ Մենք զսպման քաղաքականություն ենք վարում»,- ասել էր Բլաշչակը Կոլնոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Արդյունքում ստեղծվելու է Միացյալ Նահանգների ռազմական ուժերին սպասարկող մի ամբողջ համալիր, որի խնդիրն է լինելու ռազմական գործողություններ իրականացնել՝ ի աջակցություն լեհական բանակի եւ ՆԱՏՕ-ի ուժերին արեւելյան թեւում։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ` առաջիկա 10 տարվա ընթացքում Լեհաստանի տարածքում կհայտնվեն ավելի քան հարյուր ռազմական օբյեկտներ՝ ԱՄՆ-ի զորքերը տեղավորելու համար։ Այդպիսով` Լեհաստանում ստեղծվող ամերիկյան ռազմաբազաների ցանցն էապես ազդելու է եվրոպական անվտանգային համակարգի ճարտարապետության վրա։
Ուշադրության է արժանի նաեւ այն, որ Լեհաստանում առաջին ատոմակայանը կառուցվելու է ամերիկյան ֆինանսներով։ Հոկտեմբերի վերջին Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ առաջին ատոմակայանը կկառուցի ամերիկյան «Վեստինգհաուս» ընկերությունը, որի միջուկային ծրագրի առաջին մասը կարժենա 40 միլիարդ դոլար։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության քարտուղար Ջենիֆեր Գրանհոլմն ընդգծել էր, որ դա կարեւոր քայլ է ոչ միայն Լեհաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման համար, այլեւ ուղերձ է Ռուսաստանին։
Բրեքսիթից հետ Մեծ Բրիտանիան կրկին փորձում է իր ազդեցությունը վերահաստատել մայրցամաքում։ Եթե մինչ այդ Լոնդոնն ինչ-որ առումով ստիպված էր համաձայնեցնել որոշումները մասնավորապես Փարիզի ու Բեռլինի հետ, ապա ներկայումս ավելի ինքնուրույն եւ ազատ քաղաքականություն վարելու հնարավորություն ունի։ Այս պահին Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներն ու ծրագրերը չեն հակասում միմյանց, ինչը, ի դեպ, արտահայտվում է նաեւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ավստրալիայի հետ դաշինքի՝ ԱՈՒԿՈՒՍ-ի ստեղծմամբ։
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի եւ նրա ամրությունների անվտանգության խնդիրները անցյալ շաբաթ քննարկվել են նաեւ Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարների կողմից: Մատեուշ Մորավիեցկին եւ Ռիշի Սունակը հայտարարել են համաշխարհային եւ եվրոպական անվտանգության հիմնական խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների, ինչպես նաեւ համապարփակ համագործակցությունն ամրապնդելու ցանկության մասին։ Հիշեցնենք, որ տարեսկզբին նախքան Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելը Մեծ Բրիտանիան առաջարկել էր Ուկրաինային եւ Լեհաստանին` ստեղծելու նոր եռակողմ դաշինք։ Որպես հիմնական նպատակ նշվել էր Եվրոպայում Ռուսաստանի գործողություններին համատեղ հակազդումը եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը։ Եռակողմ դաշինքի վերաբերյալ բավական ուշագրավ թվիթերյան գրառում էր կատարել Մեծ Բրիտանիայի աշխարհառազմավարության խորհուրդը, որին կցել էր քարտեզ՝ մեկնաբանելով նոր դաշինքի աշխարհառազմավարական նպատակը: Մասնավորապես` երեք երկրների տարածքները միացված են սլաքներով` կազմելով յուրօրինակ աղեղ, իսկ տարբեր կողմերից նշված են Եվրոպայում գտնվող Լոնդոնի ռազմական օբյեկտները։ Քարտեզում ներկայացված են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Ռուսաստանն ու Բելառուսն էլ նշված են որպես թշնամական տարածքներ։