Սամարղանդում երեկ մեկնարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Այն պետությունների ղեկավարների մասնակցությամբ առաջին հանդիպումն էր Թյուրքական խորհուրդը կազմակերպության վերածելուց հետո։
Գագաթնաժողովի խորագիրն ինքնին խոսուն էր եւ ներկայացնում էր այն օրակարգն ու ուղենիշները, որոնք թելադրված են հատկապես էրդողանյան Թուրքիայի ձգտումներով։ «Թյուրքական քաղաքակրթության նոր դարաշրջան. ընդհանուր զարգացման եւ բարգավաճման ճանապարհին» թեմայով գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու էին կազմակերպության համար արդիական հարցեր, որոնք ուղղված են լինելու կազմակերպությունից միություն «սահուն» անցմանը։ Դրա մասին են վկայում արդեն իսկ ձեռնարկված մի շարք միջոցառումներ կրթական, տնտեսական, ֆինանսական ուղղություններով, մասնավորապես՝ միասնական այբուբենի, ընդհանուր կրթական ծրագրերի մշակումը, Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծումը եւ այլն։ Չթերագնահատելով բոլոր այդ ուղղությունների կարեւորությունը` նշենք, որ կառույցի իրական ուժը եւ կայացվածությունը հնարավոր կլինի ամրապնդել միայն միացյալ զինված ուժերի` կամ այլ կերպ ասած` «թուրանական բանակի» ստեղծման պարագայում։
Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի վարչապետն ու Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ որպես կազմակերպության դիտորդ երկրների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի շրջանակներում ԹՊԿ-ում դիտորդ է ընդունվել Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը։ Այդպիսով` Թուրքիայի անմիջական ջանքերով քայլ առ քայլ փորձ է արվում միջազգային հանրության համար ընկալելի դարձնել Կիպրոսի տարածքի անեքսիան։ Կազմակերպության անդամ-պետություններ են Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը։ ԹՊԿ-ի նախագահությունը Թուրքիայից անցնելու է Ուզբեկստանին։
Նախատեսվում է հանդիպման ավարտին ընդունել Սամարղանդի հռչակագիրը, ինչպես նաեւ Թյուրքական պետությունների կազմակերպության հնգամյա ռազմավարությունը, որտեղ, բնականաբար, ամրագրված կլինեն կազմակերպության հետագա անելիքները։ Իսկ մինչ այդ փակագծերը կարելի է բացել պետությունների ղեկավարների ելույթներում տեղ գտած կոչերից ու հայտարարություններից։ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթն առավել ընդհանուր թեմաներին է վերաբերում, որում խոսվում է թյուրքական պետությունների հետ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ «Մեր երկրները գտնվում են ռազմավարական կարեւոր երթուղիների խաչմերուկում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը համաշխարհային մակարդակով ամենահաջողներից է։ Մենք հատկապես կարեւորում ենք համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը»,- ասել է Էրդողանը՝ առաջնային համարելով Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագծի իրականացումն ու գիտական ոլորտում համագործակցությունը։ Նշենք, որ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը նախօրեին ասաց, որ հաջորդ տարվանից Ղազախստանը կսկսի 1.5 մլն տոննա նավթ արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով` հավելելով, որ հետագա աճը նախատեսում են հասցնել մինչեւ 6-6.5 մլն տոննայի։ Դեռեւս օգոստոսին SOCAR-ը եւ KazMunayGas-ը քննարկել էին տրանսկասպյան ենթակառուցվածքների զարգացման շուրջ համագործակցության հեռանկարները։ Նույն ամսին Ղազախստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ նավթի ավելցուկային ծավալների մի մասն առաքվելու է Ադրբեջանի տարածքով։
Եթե Էրդողանի ելույթն առավելապես կոչված էր ընդգծելու Թուրքիայի առանցքային դերակատարություն եւ ազդեցություն ունեցող երկրի կարգավիճակը, ապա առավել ուշագրավ էր Ադրբեջանի նախագահի խոսքը, որի թիրախում են հայտնվել Հայաստանն ու Իրանը։ Անդրադառնալով սեպտեմբերին ձեռնարկած ագրեսիային` Բաքվի բռնապետն այն ներկայացրել էր իբրեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Հայաստանի ռազմական սադրանքը կասեցնելուն» ուղղված «վճռական հակահարձակողական գործողություն»։ «Մենք կռվել ենք մեր հողերում, եւ ջախջախելով հայկական բանակին՝ նրանց վտարել ենք մեր պապենական հողերից»,- ասել է Ալիեւը` դրանով փաստացի հայտարարելով, որ չի պատրաստվում հեռանալ նաեւ ՀՀ-ից բռնազավթած տարածքներից։ Նշենք, որ երեքշաբթի Ալիեւը ռազմաշունչ ելույթ էր ունեցել Արցախի բերդաքաղաք Շուշիում` կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին եւ չբացառելով հետագա տարածքային զավթումները:
Խոսելով կազմակերպության անդամ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնման, փոխադարձ շահերի եւ փոխօգնության մասին` Ալիեւը ափսոսանք էր հայտնել «Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների համար», որոնք իբր թե զրկված են դպրոցներում մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից։ «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է կազմակերպության ներսում մշտական ուշադրության ներքո պահել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կազմակերպության անդամ երկրներից դուրս ապրող հայրենակիցների իրավունքները, անվտանգությունը, ազգային ինքնության պաշտպանությունը, որպեսզի դրանք չենթարկվեն ձուլման։ Այն երկրներում, որտեղ ապրում է երիտասարդ սերունդը, դպրոցները պետք է կարողանան դասավանդել իրենց լեզվով: Ցավոք սրտի, Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է այդ հնարավորություններից»,-մասնավորապես ասել էր Ալիեւը` մի երկրի ղեկավար, որն իր գոյության պատմականորեն կարճ ժամանակահատվածում վարել է ձուլման, էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականություն, այդ թվում՝ մշակութային եւ միջազգային քրեական իրավունքի մի շարք հոդվածներով կարող է կանգնել միջազգային արդարադատության առջեւ։ Վերոնշյալ խոսքն ակնհայտ ցույց է տալիս, որ Ալիեւն ակնարկում է Իրանին, որին թիրախավորելու հարցում ակնկալում է թյուրքական մյուս պետությունների աջակցությունը։
Ուշադրության են արժանի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ելույթում տեղ գտած շեշտադրումները։ Վերջինս խոսել է համագործակցության հետագա ամրապնդման եւ նոր մակարդակի հասցնելու մեջ երկրի շահագրգռվածության մասին, բայց միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ Թյուրքական երկրները միավորող կազմակերպությունների (ԹՅՈՒՐՔՍՈՅ, ԹյուրքՊԱ, Թյուրքական ակադեմիա) ստեղծման նախաձեռնողը Ղազախստանն է, այսինքն՝ ինչ-որ առումով վիճարկել է թյուրքական աշխարհի ճարտարապետության մեջ Թուրքիայի միանձնյա գերակայությունը։ Էրդողանի «սիրտը ջերմացնելու» համար Տոկաեւն առաջարկել է Թուրքիայի նախագահին շնորհել Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշան՝ «կազմակերպության հեղինակության բարձրացման եւ ազդեցության ամրապնդման գործում» ունեցած զգալի ավանդի համար։ Մինչ այդ Էրդողանը պարգեւատրվել էր նաեւ Իմամ Բուխարիի բարձրագույն շքանշանով։
Տոկաեւի կարծիքով` կազմակերպության աշխատանքը չպետք է սահմանափակվի դիվանագիտական գագաթնաժողովներով եւ եզրափակիչ փաստաթղթերի ստորագրմամբ. «Կարծում եմ, որ ԹՊԿ-ն պետք է դառնա հեղինակավոր հարթակ, որը միավորում եւ համախմբում է թյուրքական աշխարհը»։ Այս հայտարարությամբ Տոկաեւը հայտարարեց երկրի ապագան նախեւառաջ թյուրքական միջավայրում զարգացնելու նախապատվության մասին։