Տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներում մեծ դեր խաղալու Թուրքիայի ցանկությունը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլեւ՝ տնտեսական: Այնուամենայնիվ, որպեսզի այն հաջողվի որպես էներգետիկ հանգույց, ռուսական գազը չի կարող լինել ծրագրի հիմնական մասը: Ցանկացած «էներգետիկ հանգույցի» հիմնական փիլիսոփայությունն ունի մի քանի հիմնասյուն՝ գոյություն ունեցող երթուղիների եւ մատակարարների դիվերսիֆիկացում, համապատասխան ինստիտուտի միջոցով որոշումներ կայացնելու հարցում անկախություն, շուկայի պահանջարկ ու առաջարկ, որոնք որոշում են գները եւ պոտենցիալ գործընկերների քաղաքական կամքը՝ ներգրավվելու նախագծերում։ Թուրքիայի տեսանկյունից ռուսական առաջարկը չի համապատասխանում այս կետերից ոչ մեկին: Թուրքիային ռուսական գազային հանգույց դարձնելու Վ. Պուտինի գաղափարը կարող է մեծացնել Անկարայի կախվածությունը ռուսական էներգակիրներից եւ ավելի վնասել Արեւմուտքի հետ նրա առանց այն էլ բարդ հարաբերությունները։
Թուրքիան վերջին տարիներին զգալիորեն կրճատել է Ռուսաստանից գազի ներմուծումը՝ ներառելով ավելի շատ վերականգնվող աղբյուրներ: Այնուամենայնիվ, այն դեռեւս զգալիորեն կախված է ռուսական էներգակիրներից։ 2021 թ. «Գազպրոմն» ապահովել է Թուրքիայի ներքին գազի պահանջարկի 44.9 տոկոսը: Թուրքիան նաեւ ամեն տարի ներկրում է Ռուսաստանից իր չմշակված նավթի 10 տոկոսից ավելին: Ռուսական նավթի թուրքական ներկրումը նշանակելիորեն աճել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո եւ կրկնապատկվել օգոստոսին։ Հոկտեմբերին Թուրքիան դարձել է ռուսական չմշակված նավթի առաջատար ներկրողը, որին հաջորդում են Իտալիան եւ Հունաստանը: Միեւնույն ժամանակ «Ռոսատոմը» Միջերկրական ծովի թուրքական Մերսին նահանգում կառուցում է «Աքկույու» ատոմակայանը։ Դա, իհարկե, իր սեփական շահերին ծառայեցնելու միտումներ ունի։ Ըստ էության, այդ ռազմավարական օբյեկտը, որը պատկանում է ռուսական պետական ձեռնարկությանը, կկառավարվի ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուսական օպերատորների կողմից, բացի այդ, Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայի եւ ռուսական ռազմաբազայի մոտ է։ Միեւնույն ժամանակ Սինոպում` Ղրիմի թերակղզու դիմաց, չորս ռեակտորներով կայանի կառուցման հնարավոր նոր գործարքի շուրջ բանակցությունները նույնպես աղմուկ են բարձրացնում: Ռուսական նավթից, միջուկային տեխնոլոգիաներից եւ գազից այս աճող կախվածությունը Թուրքիային խոցելի է դարձնում էներգետիկ շանտաժի նկատմամբ, ինչպես, օրինակ, Եվրոպան փորձեց անել ռուսական գազի կրճատումների միջոցով: Փաստորեն, Թուրքիան ծանոթ է Մոսկվայի կողմից գազի սպառազինմանը։ «Թուրքական հոսք» գազատարը, որը Ռուսաստանը միացնում է Թուրքիային, նպատակ ուներ շրջանցելու Ուկրաինան։ Դրա մասին ի սկզբանե խոսվում էր՝ որպես տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագծի։ Սրանով «Գազպրոմը» հնարավորություն ստացավ խորացնելու Անկարայի կախվածությունը Մոսկվայից եւ լարվածություն առաջացրեց Ուկրաինայի հետ Թուրքիայի հարաբերություններում:
Այս տարվա սկզբին Ռուսաստանը հայտարարել է «Կապույտ հոսք» խողովակաշարի տասնօրյա սպասարկման դադարեցման մասին: «Թուրքական հոսք» գազատարի վրա սպասվող ահաբեկչական գործողությունների մասին Պուտինի պնդումները կարող են ազդանշան լինել Անկարայի համար՝ վերանայելու ռուս-թուրքական հարաբերությունները 2023 թ. նախագահական ընտրություններց հետո: Վերջապես, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ աճող էներգետիկ համագործակցությունն Անկարային ենթարկում է ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների ավելի մեծ ճնշմանը՝ կապված այն մտավախությունների հետ, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այս համագործակցությունը պատժամիջոցները շրջանցելու համար:
Կան նաեւ տեխնիկական հարցեր, որոնք խնդրահարույց են դարձնում Ռուսաստանի հետ գործարքի իրականացումը։ Չնայած երկու երկրների ղեկավարների խոստումնալից հռետորաբանությանը` Թուրքիայի համար կարող է ջախջախիչ հետեւանքներ ունենալ ավելի շատ ռուսական գազի ներկրումը։ Նախ՝ «Կապույտ հոսքի» առկա հզորությունը (16 մլրդ խմ) օգտագործվում է Թուրքիայի ներքին պահանջները բավարարելու համար: Թուրքիան Ռուսաստանին կապող եւս մեկ գազատարը՝ «Թուրքական հոսքը», ունի 31․5 մլրդ խմ ընդհանուր հզորություն։ Առաջին գիծը՝ 15.75 մլրդ խմ հզորությամբ, նախատեսված է Թուրքիայի ներքին պահանջները բավարարելու համար, իսկ երկրորդ գիծը՝ նույն հզորությամբ, Բուլղարիայի տարածքով ռուսական գազը տեղափոխում է Եվրոպա։ Այս ծավալները չեն կարող փոխարինել երկու Հյուսիսային հոսքերի 110 մլրդ խմ ծավալին: Բացի այդ, այս երթուղին գործնականում կարող է բավարարել միայն Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի եւ Հունգարիայի որոշ հատվածի պահանջները, մինչդեռ ռուսական գազի հիմնական սպառողները, օրինակ՝ Գերմանիան, մնում են երթուղուց դուրս։ Սեւ ծովում, որը ներկայումս պատերազմական գոտում է, նոր խողովակաշարերի կառուցումը պահանջում է ֆիզիկական անվտանգություն, զգալի ներդրումներ, խորքային ջրերում ծովային շինարարության առաջադեմ տեխնոլոգիաներ եւ խողովակաշարային նավեր: Ռուսաստանը չի կարող երաշխավորել նման նախագծերի անվտանգությունը, եւ արեւմտյան ընկերությունները շահագրգռված չեն ներդրումներ կատարել այդ հատվածում։
Եվս մեկ կարեւոր հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է գազի լրացուցիչ ծավալներ հասցնել Սեւ ծովի ռուսական ափեր։ ԵՄ-ն, որն այժմ էներգետիկ ճգնաժամային փուլում է, չունի ռուսական գազի ախորժակ, ով էլ որ լինի վաճառողը: Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկզբից ի վեր Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն իր գազի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կրճատել է մինչեւ 7.5 տոկոս՝ 2021-ի 43.5 տոկոսից: Հուլիսին ԵՄ-ն եւ Բաքուն ստորագրեցին Ադրբեջանից գազի ներմուծումը կրկնապատկելու մասին պայմանագիր, համաձայն որի՝ «ԵՄ-ն որոշել է դիվերսիֆիկացնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման ուղիները եւ դիմել ավելի վստահելի գործընկերների»: Այսպիսով, Ադրբեջանն օգնում է Եվրոպային «կտրվելու» Ռուսաստանի ազդեցությունից էներգետիկ ոլորտում։ Քիչ հավանական է, որ ռուսական գազը դեպի ԵՄ սահմաններ տեղափոխող ցանկացած նոր խողովակաշար Բրյուսելից «կանաչ լույս» ստանա:
Կարո՞ղ է Թուրքիան դեռեւս դառնալ «էներգետիկ հանգույց» առանց Ռուսաստանի: Դրա համար Անկարան պետք է քաղաքական որոշում կայացնի՝ «անջատվելու» Մոսկվայից եւ դիմելու այլընտրանքային մատակարարների։ Թուրքիան կարող է ձգտել մեծացնել Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) ու Հարավային գազային միջանցքի ծավալները՝ ավելի շատ ադրբեջանական եւ, հնարավոր է, թուրքմենական գազ ներկրելու համար: TANAP-ի ներկայիս հաղորդման հզորությունը 16 մլրդ խմ է, որից 10 մլրդ խմ-ն հատկացված է Եվրոպային, իսկ 6 մլրդ խմ-ն՝ Թուրքիայի ներքին շուկայի համար: Վերջերս Եվրահանձնաժողովի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի շնորհիվ այս թիվը միգուցե կկրկնապատկվի մինչեւ 32-33 մլրդ խմ առաջիկա հինգ տարում: Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան գագաթնաժողովը կարող է նոր աղետալի հետեւանքներ ունենալ Մոսկվայի համար։ Բացի այդ, Թուրքիան կարող է օգտվել Արեւելյան Միջերկրական ծովի գազի պաշարներից՝ արագացնելով Իսրայելի հետ գործարքի հասնելու ջանքերը, վերակենդանացնել Ուկրաինայի հետ անդրբալկանյան միջանցքի գաղափարը, ուսումնասիրել Հյուսիսային Իրաքից քրդական գազ ձեռք բերելու հնարավորությունները եւ ավելացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների, Կատարի եւ Ալժիրի հետ: Դրանք կամրապնդեն Թուրքիայի դիրքերը Ռուսաստանի դեմ եւ կնպաստեն Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը, որը կրկին ուղղվելու է Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի հետ համագործակցության ուժեղացման համար եվրոպական պատժամիջոցները դժվար թե աշխատեն, եթե չհամալրվեն կենսունակ եւ գրավիչ այլընտրանքներով: Անկարային ԵՄ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում ներգրավված պահելը եւ հստակ պայմանականության վրա հիմնված նրա էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման համար ներդրումային հնարավորություններ ընձեռելը կարող են ավելի քիչ գրավիչ դարձնել Ռուսաստանի «հանգույցի» առաջարկները: Ե՛վ առեւտրային տրամաբանությունը, եւ՛ քաղաքական դիրքորոշումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Եվրոպան այլեւս չի լինի ռուսական գազի հիմնական սպառողը: ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցներին ենթարկվելու իրական ռիսկերի հաշվին Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության հնարավորությունները, այնուամենայնիվ, Թուրքիային չեն վերածի էներգետիկ կենտրոնի, սակայն նա կշարունակի ռուսական էներգակիրների ներկրումը։ Դա նշանակում է, որ Թուրքիան դեռեւս էներգետիկ ոլորտում չի կարողանա ձեռք բերել այնպիսի ազդեցություն, որը կաշխատի Մոսկվայի դեմ։