Ռազմական ասպարեզում հեղաշրջող փոփոխություններ շատ են եղել։ Հիշատակելի է, ասենք, նետ-աղեղի գյուտը, որը թույլ տվեց «հեռվից» վարել մարտերը, կամ` մետաղե զենքի գյուտը, որը հնարավոր դարձրեց հիքսոսներին գրավել այն ժամանակ աշխարհի հզորագույն պետություն Եգիպտոսը։ Մեզ ավելի մոտ ժամանակներում` վառոդի օգտագործումը զենքում եւ, ի վերջո, ատոմային զենքի գյուտը ամբողջովին փոխեցին գլոբալ ռազմավարությունը պատերազմներում։
Անցյալ դարի կեսերից ի վեր մեծ պատերազմներ չեն եղել երկրագնդի վրա։ Գործում է միջուկային զսպման օրինաչափությունը։ Դրանով հանդերձ, այսօր առկա է նոր պատերազմների բորբոքման վտանգը։ Ռուսաստանում զբաղված են այսպես կոչված՝ նոր սերնդի (6-րդ սերնդի) պատերազմի մշակումներով, Արեւմուտքում ուշադրության կենտրոնում են հիբրիդային պատերազմների սկզբունքները։ Բազմաթիվ թեժացող տեղային պատերազմների փորձը վկայում է, որ չեն բացառվում նաեւ ծավալուն գործողությունները` շրջանցելով միջուկայինը։ Ինչպես օձերը կռվում են իրար հետ` մերժելով թունավոր խայթոցը։
Այս գործընթացում 21-րդ դարի ամենահատկանշական ռազմական նորույթն են համարվում արագ զարգացում ապրող անօդաչու թռչող սարքերը։ Նրանք արդեն հասցրել են վճռորոշ դեր խաղալ գրեթե բոլոր ռազմական բախումներում, այդ թվում, եւ, ճակատագրի բերումով, ամենացայտունը արցախյան վերջին պատերազմում էր։ Այսօր անօդաչուներին վերաբերող բոլոր անդրադարձներում առաջին կադրերում են հատկապես այս պատերազմի տեսագրությունները։
Անօդաչուների արտադրության իր գովազդով ամենաշատը ոգեւորված է դրանց ստեղծման մեջ ամենեւին էլ ոչ առաջատար տեղ գրավող թուրքական կողմը։ Դա հստակորեն կարելի է բացատրել վերջին շրջանում այս պետության վերածնված կայսերապաշտական հավակնություններով, ինչն ինքնին արդեն վտանգավոր է։ Հայտնագործությունների պատմության մեջ տեսանելի ներդրում չունեցած այս պետությունն իր ձեւավորման ընթացքում քանիցս ի հայտ է բերել նախանձելի ընդունակություն` յուրացնելու քաղաքակրթության նվաճումները ռազմական ասպարեզում, ինչը նրան թույլ տվեց, ի վերջո, կայսրության վերածվել։ Դեռ 15-րդ դարում, տեխնիկական զարգացմամբ աչքի չընկնող օսմանյան Թուրքիան պատվիրեց (եվրոպացիների մոտ) ժամանակի ամենահզոր թնդանոթը, որով կարողացավ ավերել Կուստանդնուպոլսի հավերժ անառիկ համարված պարիսպները։ Այսօր դարձյալ, իրենց ագրեսիվ նպատակների համար, նրանց հետնորդները լավագույնս են կարողանում օգտագործել ժամանակակից ռազմական ոլորտի տեխնիկական ձեռքբերումները։
Անօդաչու սարքերը ռազմական բնագավառում վաղուց են կիրառվել, մասնավորապես` հետախուզական նպատակներով։ Սակայն նրանց հարվածային ընդունակությունները դրսեւորվեցին վերջին ռազմական գործողություններում` Լիբիայում, Սիրիայում եւ հատկապես` Արցախում։ Արցախյան տրիումֆը խիստ բարձրացրեց անօդաչուների հեղինակությունը եւ կոմերցիոն արժեքը՝ ծառայելով որպես թուրքական զենքի հրաշալի գովազդ։ Հակառակը, այս պատերազմը որոշակիորեն համարվում է նաեւ ռուսական զենքի պարտություն, եւ վկայություններ կան, որ դրանից հետո պակասել է ռուսական զինամթերքի նկատմամբ հետաքրքրությունը։ Որոշ փորձեգետներ պնդում են. «Ակնհայտ է, որ ԼՂ-ում անօդաչուների օգտագործման արդյունքները ընդմիշտ փոխելու են ամբողջ աշխարհի բանակները»։ Իսկ, ընդհանրապես, ռազմական մասնագետների մեջ տարածված է այն կարծիքը, որ հայերը թերագնահատել են դրանց կարողությունները ադրբեջանական բանակում։ Իրականում սա կապված է կողմնորոշումների հետ։ Մեր ոչ բարով հարեւանը, հետեւելով իր մեծ եղբորը, ակնհայտորեն անցնում է արեւմտյան ռազմական դոկտրինին, իսկ Հայաստանում իշխում է ռուսականը, որը, ուշադրությունը կենտրոնացնելով ստրատեգիական հզոր զինատեսակների ուղղությամբ, աղետալիորեն ետ է մնացել հենց անօդաչուների արտադրության ասպարեզում։ Ռուսաստանում հարվածային անօդաչուներով բանակը զինել սկսեցին արցախյան 44-օրյա պատերազմից հետո միայն (հետախուզականներ ավելի վաղ կային)։ 2020-ին ռուսական բանակը դեռեւս սեփական հարվածային ԱԹՍ-ներ չուներ, 2021-ին նախատեսվում էր դրանց թիվը հասցնել 2000-ի, ինչը շատ քիչ է, իսկ բաղադրիչների զգալի մասն այսօր գնվում է արտասահմանից, ինչը վկայում է գործընթացի հապճեպության մասին։
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ բանակի ամբողջական զինումը անօդաչուներով չնայած նախատեսվում է ավարտել 2028-ին, սակայն այնտեղ դրանց մշակման եւ արտադրության մեջ ներդրվող ֆինանսավորումը դաարասկզբից ի վեր փաստացի կրկնապատկվում էր յուրաքանչյուր տարի, եւ այսօր այս երկրի ավիացիայում անօդաչուների քանակը հասել է 30 տոկոսի։ Ռազմական փորձագետները միաձայն վկայում են, որ 21-րդ դարում ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները ռազմական գործողություններում շեշտադրումը կատարելու են ԱԹՍ-ների վրա։ Տանկերը արդեն վախենում են դրոնների հարձակումներից եւ կորցրել են իրենց վաղեմի գերիշխանությունը։ Նույնիսկ նշում են, որ հաճախ նրանց օգտագործումը անիմաստ է դառնում։ Այսօր ամենաճկուն պետություններն ամբողջ ուժով միացել են իրենց բանակները ԱԹՍ-ներով համալրելու քաղաքականությանը։ Առաջատարը Իսրայելն է։ Նույնիսկ Թուրքիան` իր տնտեսական վիճակին չնայելով, «թափով» լծվել է անօդաչուների արտադրությանը եւ դրա հետ մեծ հույսեր է կապում։ Ուկրաինան ոգեւորված է իր ձեռք բերած թուրքական «Բայրաքթարներով»՝ անվանելով դրանք զինտեխնիկայի վերջին խոսք։ Շատ ավելի լուրջ պետք է համարել Պենտագոնի տեսակետը, որը նույնպես արձանագրում է, որ ապագան անօդաչուներինն է։
Իսկ Ռուսաստանը խոստովանում է, որ ուշադրությունից դուրս է թողել այս ոլորտը եւ արագ միջոցներ է ձեռնարկում այն լրացնելու։ Սակայն Ռուսաստանի ներուժը սխալ կլինի համեմատել Թուրքիայի ներուժի հետ։ Թուրքիան 25 տարի է լրջորեն զբաղվում է անօդաչուների արտադրությամբ, բայց այսօր նրա արտադրած «Բայրաքթար ՏԲ 2» հիմնական հարվածային ԱԹՍ-ների քանակը Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Քատարի ռազմական ուժերում, ըստ մոտավոր տեղեկությունների, չի հասնում 200-ի եւ չի հատուցում նրանց մշակման ու արտադրության վրա կատարված ծախսերը։ Համենայն դեպս, այս երկիրը ամենեւին չի կարող տվյալ հարցում մրցել Իսրայելի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։ Փոխարենը` ռազմական ուժից վեր հատկացումներով կավերի իր տնտեսությունը։ Չնայած դրան, «Բայրաքթարների» մասին հաղորդումները ուղղակի ողողել են ողջ համացանցը, դրանք անվանում են «Ղարաբաղի հերոս», «ապագայի զենք» եւ այլն։ Պատերազմում` ինչպես որսի ժամանակ, գլուխգովանությունը նորմ է։ Իր այս ոգեւորվածությամբ Էրդողանը հիշեցնում է վաղ շրջանի Մուսոլինիին, ով 30-ական թվականների սկզբին զարկ տվեց ինքնաթիռաշինությանը՝ անվանելով «ֆաշիստական ռեժիմի զենք»։ Եթե Էրդողանը հետագա հաջողություն ունենա, չենք զարմանա, որ մի օր ԱԹՍ-ներն անվանի համաթուրանական զենք։
Ցավոք, հնարավոր չէ մի հոդվածում անդրադառնալ նաեւ անօդաչուներին հակազդման միջոցներին, հարկավոր կլիներ եւս մի այսպիսի ծավալ։ Նշենք միայն, որ հեռանկարային են համարվում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնց մասին լեգենդներ են պատմում` ինչպես են նրանք Ուկրաինայում անթափանց պատ ստեղծել, որի միջով ոչ մի անօդաչու եւ, ընդհանրապես, էլեկտրոնիկա օգտագործող մեքենա չի կարողանում անցնել։ Լուրեր են հնչում, որ Ուկրաինայում ԱԹՍ-ն առաջին օգտագործումից հետո այլեւս դրանք չեն կարողանում մոտենալ Դոնբասին` կիլոմետրեր առաջ կորցնում են կառավարումը։ Արցախում եւս կային ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոք չափազանց հնացած էին եւ հենց իրենք անօդաչուների առաջնային թիրախ դարձան։ Այսօր Սիրիայում եւ Ուկրաինայում հաջող գործում են «Պանցիր» զենիթահրթիռային համակարգի վերջին մոդելները, որոնցից Արցախում չկային։ Իսկ այնտեղ կիրառված Օսա եւ Ստրելա կարգի հնացած համակարգերը 44-օրյա պետերազմի դասերից հետո որոշում կայացվեց ընդհանրապես հանել ռուսական սպառազինությունների կազմից։
Այս ամենով հանդերձ՝ ո՞րն է գլխավոր եզրակացությունը։ Չնայած, զարգացող հակաօդային պաշտպանության միջոցներին զուգահեռ կատարելագործվելով, զգալի թանկանում է նաեւ հարվածային անօդաչուների գինը (այսօր խոսում են մինչեւ 250 մլն դոլար արժեցող ԱԹՍ-ների մասին), այնուամենայնիվ, անօդաչուների մուտքով շրջվել է պատերազմական գործողությունների տրամաբանությունը։ Պաշտպանությունը գործող ռազմական ուսմունքում չորս անգամ ավելի էժան է համարվում հարձակումից։ Հարձակվողը պետք է այդքան ավելի միջոցների տիրապետեր` հաղթելու համար։ ԱԹՍ-ների մուտքով այս համաչափությունը շրջվում է ճիշտ հակառակը։ Գործող հակաօդային պաշտպանության համակարգերն այսօր զգալիորեն ավելի թանկ են նստում, քան նրանց վրա հարձակվող անօդաչուները։ Այսօր C-300-ից կրակել Սիրիայում ահաբեկիչների կողմից օգտագործվող էժանագին ԱԹՍ-ների վրա, նույնն է, ինչ թնդանոթով` ճնճղուկների վրա։ Ստացվում է, որ հարձակվողի փողերը գնում են ռազմական միջոցների ձեռք բերման վրա, իսկ պաշտպանվողի ծախսերը մի քանի անգամ ավելի շատ են պաշտպանական զինատեսակների համար։ Արդյունքում՝ հարձակվողը հարստացնում է իր արսենալը, ուժեղանում, իսկ պաշտպանվողը չի կարող, քանի որ փողերը գնացել են պաշտպանական միջոցների ձեռքբերման վրա։ Որոշ հաշվարկներով, գոնե 80 տոկոսով ապահովվելու համար, այսօր պաշտպանվող կողմին պետք են 5 անգամ ավելի զենիթային հրթիռներ, քան հարձակվողին` ԱԹՍ եւ կեղծ ԱԹՍ-ներ։ Շրջվել է պատերազմի տրամաբանությունը` հարձակվողը առավելություն ունի պաշտպանվողի նկատմամբ։ Ագրեսորը ավելի գերադասելի վիճակում է հայտնվում, ինչպես միջնադարում։ Այս գիտակցումը ագրեսիվ, նվաճողական, զավթողական ռեժիմների համար նշանակում է պատերազմի ուղղակի հրավեր։ Համապատասխան արձագանքի բացակայության դեպքում կարող է վերադառնալ միջնադարյան կանոնը` ուժս պատում է, պիտի հարձակվեմ։ Դրա վերջնական ելքը առաջիկայում պարզվելու է տեղային կոնֆլիկտների առկայության տարածքներում` Սիրիայում, Ոuկրաինայում, այլուր։ Սպասվում է, որ Ռուսաստանը, ռազմական գործողությունների զարգացման պարագայում, վերջապես կցուցադրի անօդաչուներին սանձելու մարտական միջոցները Ոuկրաինայում։ Թեկուզ հենց մեկնաբանների անդրադարձներից ակնհայտորեն երեւում է, որ Դոնբասը Ռուսաստանին հարյուր, հազար անգամ ավելի է հետաքրքրում, քան մյուս «ռազմավարական դաշնակցության» շրջանները։ Իսկ ռազմական էսկալացիան կանխելու քաղաքակիրթ միջոցը միջազգային համակողմանի, արդարացի եւ արդյունավետ միջամտությունն է հավասարապես բոլոր տարածաշրջաններում, ինչը վերջին շրջանում ակնհայտորեն կաղում է կամ կողմնապահ վերաբերմունքի է արժանանում։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ