2023 թ. հունիսին Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանցում առաջատար լինելու համար ձգտում է համոզիչ հաղթանակներ ապահովել արտաքին հարաբերություններում՝ երկիրը տարածաշրջանային տերությունից վերածելով համաշխարհային մակարդակում դերակատարություն ունեցող երկրի։ Օրեր առաջ Անկարայի նախագահական նստավայրում տեղական վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան իր զարգացման կրիտիկական կարեւոր փուլում է եւ նպատակ ունի դառնալու աշխարհի առաջատար տերություններից մեկը։
Եթե քաղաքական հարթակում միջին եւ մանր խաղացողների նկատմամբ Թուրքիան իր ծավալապաշտական քաղաքականությունն իրականացնում է տնտեսական, մշակութային ուղղություններով, ապա խոշոր քաղաքական կենտրոնների հետ աշխարհաքաղաքական օրակարգը թելադրելու նպատակով առաջին պլան է մղում ռազմական եւ ռազմարդյունաբերական աճող ներուժը։ Այս մասով, ցավոք, հավակնություններին օգնության է գալիս բավական ուժեղ ռազմարդյունաբերական համալիրը, որը հիմնականում կարողանում է բավարարել զինվորականների պահանջները։
«Daily Sabah» թերթը հունվարի 20-ին գրել էր, որ Թուրքիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին (ՀՕՊ) է հանձնվել արդիականացված «HISAR O+» կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը, որը կարող է թիրախներ որսալ մինչեւ 25 կիլոմետր հեռավորության վրա։ ՀՕՊ համալիրը նախատեսված է պաշտպանելու կարեւոր օբյեկտները կործանիչների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ թեւավոր հրթիռների հարձակումներից: Համակարգի ռադարն ապահովում է 360 աստիճանի տեսարան: «HISAR O +»-ը կարող է միաժամանակ կրակել մինչեւ ինը թիրախ: Նշվում է, որ «HISAR O+» համակարգը մշակվել է թուրքական «Aselsan» եւ «Roketsan» ընկերությունների մասնագետների կողմից։ Ավելի վաղ թերթը գրել էր, որ նոր համալիրները Թուրքիային կմոտեցնեն «SIPER» համակարգի զարգացմանը, որը կփոխարինի ռուսական «C-400 Triumph»-ին եւ ամերիկյան «Patriot»-ին։
Նման հնարավորություններն ավելի են մեծացնում Էրդողանի «ախորժակը»՝ թույլ տալով առաջ տանել թուրքական օրակարգը։ Իր ներկայությունն է ձգտում ընդլայնել եւ ամրապնդել աֆրիկյան, կենտրոնասիական, մերձավորարեւելյան, արեւելյան միջերկրածովյան, հարավկովկասյան, անգամ լատինամերիկյան ուղղություններով։ Ներկայումս էլ իր միջնորդական առաքելությունն է առաջարկում Ռուսաստանին եւ Ուկրաինային. Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին եւ Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջեւ «տարաձայնությունները հարթելու» նպատակով։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս եւ՛ պարոն Պուտինի այցին Թուրքիա, եւ՛ իմ այցին Ուկրաինա»,- ասել է Թուրքայի ղեկավարը՝ հայտնելով, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «RBC-Ukraine»-ին տված մեկնաբանությունում արձագանքել է թուրքական առաջարկին. «Անկասկած, թուրքական կողմի առաջարկը լավ մտածված է, կա ներուժ։ Թուրքիան եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիանալի հասկանում են իրավիճակը մեր տարածաշրջանում, քաջատեղյակ են եւ՛ ուկրաինացիների, եւ՛ ռուսների շարժառիթներին: Եվ պարզ է, որ Թուրքիան քաջ գիտակցում է իր ռազմավարական շահերը»,- ասել է նա։ Այլ կերպ ասած՝ սա կարելի է համարել ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան, Ուկրաինայում գիտակցում են, որ Թուրքիայի չափազանց մեծ ներգրավվածությունը հակամարտության մեջ ունի նաեւ իր բացասական կողմը։ Այն, որ Ուկրաինան մատնանշում է Թուրքիայի ունեցած ռազմավարական շահերի մասին, ցույց է տալիս, որ լրացուցիչ պարտավորություններով չի ցանկանում կապել իրեն։ Այս առումով նախընտրելի կլինի բանակցություններում ուղիղ կապը։
Թուրքիայի նախագահի առաջարկին պատասխանել է նաեւ ռուսական կողմը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պաշտոնական խողովակներով Թուրքիայի տարածքում բանակցություններ վարելու Անկարայի առաջարկի վերաբերյալ որեւէ փորձագիտական ուսումնասիրություն դեռ չի եղել։ Նաեւ հավելել է, որ Պուտինի ժամանակացույցում ներկայումս չկա որեւէ շփում Էրդողանի հետ, այդ թվում՝ հեռախոսազրույցներ, բայց «անհրաժեշտության դեպքում դրանք կարող են արագ հայտնվել»։
Միաժամանակ Պեսկովը դրական է գնահատել Թուրքիայի ղեկավարության պատրաստակամությունը՝ օգնելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ «Մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիեւի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործընթացի կասեցման հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ խրախուսել նրանց՝ կատարելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պարտավորեցնել նրանց, ապա դա կարելի է միայն ողջունել»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։ Ի դեպ, Թուրքիան առաջարկել է բանակցություններում ներգրավել նաեւ ԵԱՀԿ-ին եւ Դոնբասի ներկայացուցիչներին։ Պեսկովն ընդգծել է այդ փաստի կարեւորությունը՝ հետաքրքրվելով, թե այդ համատեքստում ինչպիսի վերաբերմունք ունի ուկրաինական կողմը եւ արդյոք ուշադրություն դարձրել է դրան։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ թե Ռուսաստանը, թե Ուկրաինան հետաքրքրված են Թուրքիայի միջնորդությամբ եւ «օգնությամբ», ինչը կնշանակեր լրացուցիչ լծակներ տալ հակամարտության շրջանակներում։ Հարավային Կովկաս Թուրքիայի վերադարձը մեկ դար անց թույլ տալուց հետո Ռուսաստանը հազիվ թե պատրաստ է նման զարգացում տեսնել նաեւ հետխորհրդային տարածաշրջանի մեկ այլ հատվածում։