Ի՞նչ սահմաններում է Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ Այս հարցը կարեւոր է հետագա ռազմաքաղաքական գործընթացները կանխատեսելու մասով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ Ռուսաստանը ճանաչել է Լուգանսկն ու Դոնեցկն այն սահմաններում, որոնցում այս հանրապետություններն են իրենց հռչակել 2014-ին։ Մինչդեռ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի հայտարարությունն ավելի հստակ է. նա նշել է, որ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչվելու են նույնանուն մարզերի սահմաններում: Պեսկովի արձագանքը հնարավորություն է ընձեռելու Ռուսաստանին ավելի ճկուն գործել դիվանագիտական հարթակներում։
Այս համատեքստում ուշադրության է արժանի ԼԺՀ խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Խորոշիլովի հայտարարությունը, որով նա չի բացառել հանրապետության ամբողջ տարածքի ամբողջականությունը վերականգնելուն ուղղված միջոցառումները, եթե «Կիեւը դուրս չբերի իր զորքերը Լուգանսկի շրջանից»։ «Մեր հանրապետությունների օրենսդրության մեջ կա օրենք, որտեղ հստակ ասվում է, որ ԼԺՀ-ի տարածքը նախկին Լուգանսկի շրջանի տարածքն է։ Ունենք օկուպացված տարածք ուկրաինական զորքերի կողմից: Ես կարծում եմ, որ մենք պետք է կոչ անենք Ուկրաինային իր զորքերը կամավոր դուրս բերելու։ Եթե դա տեղի չունենա, կարծում եմ՝ կընդունվեն որոշումներ, որոնք հնարավորություն կտան հաստատելու խաղաղություն, մեր տարածքային ամբողջականությունը ԼԺՀ-ի ամբողջ տարածքում»,- մասնավորապես ասել է Խորոշիլովը։ Հիմնական «ասելիքը» թողնելով Լուգանսկի եւ Դոնեցկի ղեկավարության վրա՝ ռուսական կողմը կարողանալու է իր քայլերն ու գործողություններն «ապահովագրել» առնվազն քաղաքական-դիվանագիտական ուղղություններով։
Փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների հետ ստորագրվեցին բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրեր։ Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ, իսկ ՌԴ ՊՆ-ին՝ ապահովել նրանց տարածքներում խաղաղության պահպանումը։ Դրանով փաստացի պաշտոնապես ապահովվեց ռուսական զորքի մուտքը Դոնեցկ եւ Լուգանսկ։
Թե ինչպես առաջիկայում կզարգանան իրադարձությունները, պարզ կդառնա մոտակա օրերին եւ կախված կլինի հատկապես Ուկրաինայի եւ այս խնդրում ներգրավված կողմերի հետագա քայլերից ու մոտեցումներից։ ՌԴ-ի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումն արդեն իսկ հաստատել են Սիրիան, Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան։ Այդ քայլը ողջունել են Արցախի Հանրապետության իշխանությունները, մասնավորապես, նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «ազգերի ինքնորոշման եւ սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար եւ հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք»: «Անկախ պետականության կերտումը եւ նրա միջազգային ճանաչումը հրամայական են դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության եւ մարդասիրական աղետի կանխարգելման համար: Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար եւ ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում: ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես շնորհավորել է Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։ Ռուսաստանի որոշմանն իր աջակցությունն է հայտնել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ «Մենք ոչնչից եւ ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Եվ մենք ոչ մեկին ոչինչ չենք տալու»,- ասել է նա՝ հետեւելով դրա արդյունքներին։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի սահմանները կմնան այնպես, ինչպես ճանաչված են միջազգային հանրության կողմից՝ «չնայած Ռուսաստանի Դաշնության հայտարարություններին»։ Իսկ Գերագույն Ռադան քննարկում է Դոնբասում ռազմական դրություն մտցնելու հարցը։
Ռուսաստանի քայլը խիստ քննադատության է արժանացել մի շարք պետությունների կողմից։ Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ռուսաստանի նախագահի ընդունած որոշումը. «Սա Ռուսաստանի միջազգային պարտավորությունների ակնհայտ միակողմանի խախտում է եւ ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Նա (Էմանուել Մակրոնը- խմբ.) կոչ է անում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, ինչպես նաեւ ընդունել եվրոպական նպատակային պատժամիջոցներ»։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ նախագահ Բայդենը նախատեսում է հրաման ընդունել, որով կարգելվեն ամերիկացիների կողմից նոր ներդրումները, առեւտուրը եւ ֆինանսավորումը Լուգանսկի եւ Դոնեցկի տարածքներում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի խոսքով՝ «ճանաչումը միտումնավոր զրոյացնում է նորմանդական ձեւաչափում եւ ԵԱՀԿ-ում տարիների գործադրած ջանքերը»՝ հավելելով, որ նախատեսում են «պատասխանել միջազգային իրավունքի այս խախտմանը», իսկ գործողությունները կհամակարգեն գործընկերների հետ։ ՌԴ որոշումը քննադատել են նաեւ Նիդեռլանդները, Վրաստանը, Ավստրիան, Իտալիան, Լատվիան, Սլովակիան, Թուրքիան, ինչպես նաեւ միջազգային կառույցներից՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ասել է, որ ժամանակակից Ռուսաստանը ցանկանում է հավակնել բոլոր այն տարածքներին, որոնք նախկինում եղել են Ռուսական կայսրության կազմում։
Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ «պետք է հարգվեն ցանկացած երկրի անվտանգության օրինական շահերը, եւ պահպանվեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները»։ «Ուկրաինական հարցի զարգացումը դեռ սերտորեն կապված է Մինսկի համաձայնագրի արդյունավետ իրականացման ձգձգման հետ։ Չինաստանը կշարունակի շփվել բոլոր կողմերի հետ, ըստ էության։ Ուկրաինայում իրավիճակը վատթարանում է. Չինաստանը եւս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել, գիտակցել անվտանգության անբաժանելիության սկզբունքի իրագործման կարեւորությունը, թուլացնել իրավիճակը եւ լուծել տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ղազախստանի արտգործնախարար Մուխթար Թլեյբերդին, չդատապարտելով հանդերձ, հայտարարել է, որ իր երկրի կողմից «ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու մասին խոսք չկա, մենք ելնում ենք միջազգային իրավունքի հիմունքներից եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից»։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ «Սերբիան գնում է եվրոպական ճանապարհով, սակայն բնակչության 85 տոկոսը միշտ Ռուսաստանի կողմն է»։ Սերբիայի նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել, որ «ճգնաժամը կարող է տարածվել Եվրոպայի այլ մասերում», եւ Պուտինի որոշումից հետո Սերբիայի վրա քաղաքական ճնշումը շատ ավելի մեծ կլինի»։