Իսրայելի յուրաքանչյուր փորձ՝ բարելավելու լարված հարաբերությունները Թուրքիայի հետ, չի իրականացվի հարեւան Կիպրոսի հետ «ռազմավարական հարաբերությունների» հաշվին: Այս մասին հայտարարել է հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը: Կիպրոսի գործընկերոջ՝ Նիկոս Անաստասիադիսի հետ բանակցություններից հետո Հերցոգն ասել է, որ Թուրքիա իր պլանավորած այցի մասին լուրը նեղացրել է կիպրոսցիներին: Ի դեպ, Կիպրոսի Հանրապետությունն Անկարային մեղադրում է ողջ կղզին իր վերահսկողությանը ենթարկելու փորձի մեջ:
Նիկոս Անստասիադիսի հետ հանդիպման ընթացքում Հերցոգը հաստատել է, որ «ոչինչ չկա իմ այցի մեջ, եւ այն, ինչ տեղի կունենա, կապված չի լինի Իսրայել-Կիպրոս ռազմավարական հարաբերությունների հետ»:
Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը ձգտում է բոլոր ժողովուրդների հետ ամրապնդել հարաբերություններն ու երկխոսություն վարել, այդ թվում՝ Թուրքիայի, որին նա անվանել է «մեր շատ կարեւոր հարեւան, որը հսկայական ազդեցություն ունի մեր կյանքի վրա շատ ոլորտներում»: «Պետք է հնարավորինս նվազեցնենք լարվածությունը եւ անցնենք իսկական երկխոսության, որն անպայման կներառի կլիմայի ու տնտեսության հարցերը»,- ասել է Հերցոգը: Իսրայելի նախագահը միեւնույն ժամանակ անդրադարձել է Կիպրոսի ու այլ երկրների հետ Իսրայելի հարաբերություններին:
«Իսրայելա-կիպրոսյան հարաբերությունները ներկայումս միջերկրածովյան կայունության հիմքն են եւ կայուն, առողջ ու ծաղկող տարածաշրջանի բանալին՝ ապագայում: Շատ ուրախ եմ տեսնել, որ մեր համագործակցությունը շարունակում է աճել շատ ոլորտներում՝ տուրիզմից մինչեւ էներգետիկա, ազգային անվտանգություն, արձագանք արտակարգ իրավիճակներին, տեխնոլոգիաներ եւ ինովացիաներ: Այդ համագործակցությունը տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում մեր քաղաքացիների համար՝ մեր սահմաններն ու քաղաքները դարձնելով ավելի անվտանգ: Իսկական ընկերները նրանք են, ովքեր դժվար պահերին օգնում են միմյանց: Փոխադարձ օգնությունն անտառային հրդեհների ժամանակ մեր երկրների միջեւ վստահության դրսեւորումներից մեկն է: Ես կարծում եմ, որ պետք է աշխատենք մեր կապերի առավել խորացման ուղղությամբ, այդ թվում՝ մշակութային ու միջանձնային ոլորտներում, որպեսզի երկու երկրների երիտասարդ առաջնորդները կարողանան իսրայելա-կիպրոսյան համագործակցության նոր սերունդ ձեւավորել: Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել տարածաշրջանային ֆորումներում ձեր առաջնորդության համար, հատկապես՝ կլիմայի եւ էներգետիկայի ոլորտներում: Մենք վճռականորեն աջակցում ենք նման ֆորումների ստեղծմանը ռազմավարական գործողությունների ծրագրերի եւ դրանց ընդլայնման միջոցով՝ ներառելով լրացուցիչ գործընկերների, հատկապես Միացյալ Նահանգներին»,- նշել է Հերցոգը:
Կիպրոսը, ի դեպ, երկու մասի է բաժանվել 1974 թ., երբ Թուրքիան ներխուժեց այդ երկիր: Եվ միայն Անկարան է ճանաչում թյուրքական Հյուսիսային Կիպրոսը, որտեղ պահում է 35000 զինվոր: Գրեթե 5 տասնամյակի ընթացքում վարված խաղաղ բանակցությունների բազմաթիվ փուլերը չեն հանգեցրել Կիպրոսի բաժանված մասերի վերամիավորման:
Հերցոգի այցը Թուրքիա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրները փորձում են կարգավորել երբեմնի լավ հարաբերությունները, որոնք փչացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք: Վերջինս ժամանակին բացահայտ քննադատել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը:
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ ռազմական խմբավորմանը Էրդողանի աջակցությունը նախկինում առաջացնում էր Թել Ավիվի զայրույթը: Երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին 2010 թ. թուրք 9 ակտիվիստների զոհվելուց հետո, երբ իսրայելական հետեւակը հարձակվեց թուրքական նավի վրա, որը փորձում էր ճեղքել Գազայի իսրայելյան բլոկադան՝ «հումանիտար օգնություն» ցուցաբերելու համար: 2018 թ. Թուրքիան կրկին հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին ԱՄՆ-ի՝ իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո:
Հերցոգն ասել է, որ Էրդողանին կփոխանցի «ի շահ մարդկության՝ ժողովուրդների եւ բոլոր հավատքների միջեւ համագործակցության» ուղերձը։ Իսրայելա-կիպրոսյան կապերը ծաղկել են վերջին տասնամյակի ընթացքում Արեւելյան Միջերկրականի ջրերում բնական գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումից հետո: Երկու երկրները միավորվել են Հունաստանի հետ՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղիների որոնման համար, ներառյալ՝ տարածաշրջանի գազային ներուժի օգտագործմանը միտված համատեղ նախագծերը։ Այդպիսի նախագծերից մեկը խողովակաշարն է՝ իսրայելական եւ կիպրոսյան գազը Հունաստանով Եվրոպա փոխադրելու համար: Թեեւ ոմանք կասկածում են, որ նախագիծը տնտեսապես եւ էկոլոգիապես անվտանգ է, Անաստասիադիսն ասել է, որ այն դեռ կարող է տարբերակ լինել, որը Եվրոպային թույլ կտա դիվերսիֆիկացնել ռուսական գազի աղբյուրները:
Թուրքիան չի ճանաչում կղզու կառավարությունը, որում գերիշխում են կիպրոսցի հույները, դատապարտում է նրան գազի «միակողմանի» որոնման համար` պնդելով, որ այդ կերպ մերժվում են կիպրոսցի թուրքերի իրավունքները պոտենցիալ օգտակար հանածոների նկատմամբ եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի ունենալու պահանջները:
Իցհակ Հերցոգը Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում մեկնաբանել է նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուկրաինայում ընթացող պատերազմը միջազգային կարգին նետված մարտահրավեր է: Ես խորապես անհանգստացած եմ Ուկրաինայի քաղաքացիների եւ հրեական համայնքի այն անդամների համար, ովքեր վտանգի մեջ են: Ես հույս ունեմ, եւ մենք բոլորս հուսով ենք ու աղոթում ենք, որ այս պատերազմը շուտ ավարտվի: Իսրայելի կառավարությունը հաստատել է իր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ միացել է միջազգային հանրությանը՝ աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին: Իսրայելն աշխատում է Ուկրաինայում դիվանագիտական որոշման առաջմղման ուղղությամբ եւ առաջարկել է իր ծառայությունները: Նաեւ հումանիտար օգնության աննախադեպ ծավալ ենք ուղարկում՝ 100 տոննա: Մենք դա բարոյական պարտք ենք համարում»,- հայտարարել է Հերցոգը:
Իհարկե, տարածաշրջանում գազային ուղիների հետ կապված շահերը շատերի ախորժակն են գրգռել, այդ թվում՝ Անկարայի, որը կարծում է, որ դեպի Եվրոպա իսրայելական գազի տարանցումը կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի տարածքով: Այդ երկրի պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են այդ մասին: Բացի այդ, Թուրքիան բոլոր միջոցները կգործադրի՝ չթույլատրելու տարածաշրջանում Հունաստանի ու Կիպրոսի դիրքերի ամրացումը: Կարելի է եզրակացնել, որ Հերցոգն ու Էրդողանը Թուրքիայում չեն շրջանցի նաեւ այս թեմաների հետ կապված հարցերը, առավել եւս, որ Ռուսաստանի նկատմամբ գործադրվող խելահեղ պատժամիջոցներն ապագայում կարող են ներառել նաեւ էներգետիկ ոլորտը: Հասկանալի է, թե այս դեպքում ինչ հնարավորություններից կարող են օգտվել նրանք, ովքեր տիրում են տարածաշրջանային գազային ուղիներին:
ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում, ի դեպ, Թուրքիան հատուցում է աննախադեպ արժեզրկմամբ: Փետրվարին այն վերջին երկու տասնամյակի ընթացքում իր բարձրակետին է հասել: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը: Իսկ սա անչափ վատ նորություն է Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որը ցանկանում է վերընտրվել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում: Բացառված չէ, որ Էրդողանն Իսրայելի միջոցով կփորձի որոշ խնդիրներ լուծել, որոնց նշանակությունը երկրում բարձր կլինի հատկապես նախընտրական քարոզչության առումով: