Իրանը 12 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքի քրդական շրջանի մայրաքաղաք Էրբիլի ուղղությամբ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ հարձակման թիրախը եղել է այդ քաղաքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը: Միաժամանակ Իրանը շտապել է հայտարարել, որ իրականում հարձակումների թիրախը եղել է ոչ թե ամերիկյան հյուպատոսությունը, այլ այնտեղ գտնվող իսրայելական «Մոսադի» գաղտնի բազան»:
Այս հայտարարությունը հնչեցվել է թեհրանյան պաշտոնական շրջանակների կողմից: Նրանք հայտարարել են, որ «հարձակումն ուղղված է եղել ռազմական գաղտնի բազաների դեմ»: Բացի այդ, իրանական աղբյուրներն ուշադրություն են դարձրել, որ հարձակումը ձեռնարկվել է ժամը 01:20-ին: Հիշեցնենք, որ 2020 թ. նույն ժամին է զոհվել Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Քասեմ Սուլեյմանին:
Մարտի 13-ի առավոտյան Իրանը հաղորդել է «հետախուզական խմբի ձերբակալության մասին, որն աշխատել է Իսրայելի համար»: Հաղորդման մեջ նշվում է, որ այդ խումբն աշխատել է խուլիգանների հետ՝ նրանց միջոցով երկրում անկարգություններ կազմակերպելու նպատակով»: Հրթիռային հարձակումից ոչ ոք չի տուժել, սակայն մի քանի հրթիռ, միեւնույն է, խփել են հյուպատոսարանի շենքին: AP-ն շեշտել է, որ խոսքը նոր շինության մասին է, որում հարձակման պահին մարդ չի եղել:
Եվս մեկ հաստատում, որ այս հարձակման մեջ «իսրայելական հետք» է եղել, ստացվել է Սաուդյան Արաբիայից: Տեղի պաշտոնական հեռուստաալիքը նշել է, թե հրթիռային հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայում անցած շաբաթ գրանցված իսրայելական գրոհի ընթացքում իրանցի երկու սպաների սպանության:
Իրաքում գիշերային հրթիռային գրոհը կատարվել է Իրանի հետ «միջուկային գործարքի» նոր տարբերակի ստորագրման նախաշեմին: Փաստաթուղթը նախապատրաստության եզրափակիչ փուլում է:
Եթե ԱՄՆ-ը ներքաշվի Իրանի հետ իր համար անցանկալի պատերազմի մեջ, ինչին մղում է Իսրայելը, ապա նրա համար Ուկրաինայի հարցը կմղվի երկրորդ պլան: Թեհրանը շատ անհարմար հակառակորդ է Վաշինգտոնի համար: Իր հերթին՝ 2016 թ. Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավի քաղաքական խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը կարծում է, որ Էրբիլին հասցված հարվածը փորձություն է Սպիտակ տան այժմյան ղեկավարի համար։
«Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը ստուգում են Բայդենին»,- ասել է Պապադոպուլոսը: Նա նկատի ունի, որ ԱՄՆ-ը լուրջ հույսեր ունի՝ գնելու իրանական նավթ, որը պետք է փոխարինի ռուսականին: Վաշինգտոնն իրանական նավթի միջոցով ցանկանում է զսպել «սեւ ոսկու» աճող գինը եւ նվազեցնել էներգետիկ ճգնաժամի հետեւանքները, որոնց պատճառը հակառուսական պատժամիջոցներն են:
«Հրթիռային այս գրոհը կատարվել է այն պահին, երբ Վաշինգտոնը ձգտում է վերականգնել Թեհրանի հետ 2015 թ. միջուկային գործարքը: Այդ համաձայնագիրը գրեթե պատրաստ էր, քանի դեռ Ռուսաստանը նոր պահանջներ չէր ներկայացրել, որ Իրանի հետ իր առեւտուրն ազատվի Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցներից»,- գրել է բրիտանական «The Guardian»-ը:
Կիրակի տարածված Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Վաշինգտոնը տվյալներ չունի, թե այդ հարձակումն ուղղված է եղել Միացյալ Նահանգների դեմ: «ԱՄՆ-ի ոչ մի օբյեկտ չի վնասվել, իսկ աշխատակիցները չեն տուժել, եւ մենք տվյալներ չունենք, որ հարձակումն ուղղված էր Միացյալ Նահանգների դեմ»: Փրայսը միեւնույն ժամանակ դատապարտել է Իրանի հասցրած հարվածները՝ ընդգծելով, որ դրանք խախտել են Իրաքի ինքնիշխանությունը:
«Իրանը պետք է անմիջապես դադարեցնի իր հարձակումները, հարգի Իրաքի ինքնիշխանությունը, դադարեցնի Իրաքի ներքին գործերին իր միջամտությունը»,-հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կօգնի տարածաշրջանի իր գործընկերներին՝ «պաշտպանելու իրենց»:
Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի հյուպատոսությանը վնաս չի հասցվել, զոհեր էլ չկան, Վաշինգտոնը կարող էր ավելի կոշտ արձագանքել այդ իրադարձությանը՝ ելնելով երկու փաստից. առաջին՝ գրոհն իրականացվել է Իրանի տարածքից՝ «երկիր-երկիր» հրթիռներով, երկրորդ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը:
Հարկ է նշել, որ իրանական ռազմական այդ կառույցը գործում է Իրանի հոգեւոր առաջնորդի ցուցումով: Սակայն այս իրավիճակում, երբ ամերիկյան հասարակությունը զայրացած է նավթի գների աճից, ԱՄՆ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում միայն նավթային նոր աղբյուրներն են… Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները նույնիսկ չցանկացան խոսել Բայդենի հետ, Կատարը հազիվ է կարողանում սպասարկել գործող պայմանագրերը եւ լրացուցիչ ծավալների հնարավորություններ չունի: Այս պայմաններում ԱՄՆ-ի հույսը մնում են Վենեսուելան ու Իրանը: Վաշինգտոնը հիմա կխուսափի նրանց հետ հարաբերությունների վատթարացումից, հարաբերություններ, որոնք առանց այդ էլ լավ վիճակում չեն:
Ինչպես ասել է Իսլամական Հանրապետության նավթ արտահանողների միության ղեկավար Սեիդ Համիդ Հուսեյնին, այս իրավիճակը ԱՄՆ-ից քաղաքական որոշակի նախաձեռնություններ է պահանջում, որոնք դեռ բոլորովին վերջերս միանգամայն անընդունելի էին ամերիկյան քաղաքական գործիչների համար: Այդպիսի նախաձեռնությունների շարքում են Վենեսուելայի հետ բանակցային գործընթացը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բավական անսպասելի փափկությունը, որն ամերիկյան բանակցողները ցուցաբերել են Վիեննայում՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների ժամանակ: Սակայն Թեհրանը չի կարծում, թե գործընթացը պետք է արագացվի միայն այն պատճառով, որ Վաշինգտոնը նման անհրաժեշտություն ունի:
Հետաքրքիր է, թե ինչու Թեհրանը որոշեց հիմա իրականացնել հրթիռային հարվածը, երբ ԱՄՆ-ն զբաղված է Ուկրաինայում եւ նավթի ներկրման ահռելի մեծ անհրաժեշտություն է զգում, իսկ այն բավարարելու դեպքում Իրանը կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Սակայն Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ Արեւմուտքը, կրկին Ադրբեջանի միջոցով, փորձում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ: Ընդհանրապես՝ Արեւմուտքը ժամանակին հենց երկու ճակատում էր կռվում Ռուսաստանի դեմ՝ բալկանյան ու կովկասյան: Ուկրաինան ներկայացնում է բալկանյան ճակատը, իսկ Կովկասում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է հայտնվում Հայաստանը: Պատահական չէ, որ վերջին օրերին ադրբեջանական ղեկավարությունը, խախտելով Ռուսաստանի հետ կնքած դաշնակցային հռչակագրի պայմանները, զորք է կուտակում Հայաստանի ու Արցախի սահմաններին՝ սպասելով հարմար առիթի կամ, ավելի ճիշտ, հրահանգի: Վերջերս պայթեցվել է նաեւ Արցախի գազատարը…
Իրանի հրթիռային հարվածը որոշ տաքգլուխների «մատչելի լեզվով» բացատրեց, որ եթե երկրորդ ճակատի մասին հնարավոր է խոսել, ապա միայն՝ այլ նախաձեռնությունների շրջանակներում: Աննախանձելի իրավիճակում հայտնված ԱՄՆ-ին «բացատրեցին», որ պետք է ձեռքերը հետ քաշի տարածաշրջանից: Դա, հավանաբար, հասկացան նաեւ Բաքվում, որն իր զրահատանկերը Գյանջայից մոտեցրել է Հայաստանի սահմաններին: Թուրքական բայրաքթարները Ղրղզստանից թռչում են Տաջիկստան, թուրքական բազաներ կան իրաքյան Քուրդիստանի տարածքում, մոտ է Իսրայելը: Սրանք փաստեր են, որոնք զայրացնում են Իրանին: Եվ վերջինս ստիպված էր հիշեցնել իր ներկայության մասին…
Այն, որ ԱՄՆ-ում տարբեր շրջանակներ Բայդենից պահանջում են դադարեցնել բանակցությունները Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնման համար, անսպասելի չէ Իրանի համար: Այսպիսի մտորումների համար հիմք է տալիս Վիեննայի բանակցություններում իրանական պատվիրակության խորհրդական Մոհամմադ Մարանդիի արձագանքը էրբիլյան դեպքերին: Նա թվիթերյան իր էջում տեղադրել է հրթիռակոծության տեսանյութը եւ հայտարարել, որ «դա միայն սկիզբն է»:
Սոցիալական ցանցերում արդեն ենթադրություններ կան, որ այս հրթիռակոծությամբ Թեհրանը «միացել» է Ուկրաինայում ռուսական գործողություններին: Իրանն ուկրաինական իրադարձությունները դիտում է որպես ընդհանուր պայքար Արեւմուտքի դեմ, ուստի ճնշում է գործադրում նրա վրա: Այդ կերպ նա փաստում է տարածաշրջանը ՌԴ-ի դեմ, որպես երկրորդ ճակատ, արեւմտյան ուժերի կողմից օգտագործելու անհնարինության մասին: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Իրանի հակամարտության ակտիվացումը շահավետ է Ռուսաստանի համար նաեւ այն առումով, որ դա շեղում է ուշադրությունն ուկրաինական դեպքերից եւ տեղեկատվական այն արշավից, որը ծավալվում է ՌԴ-ի ու ռուսների շուրջ:
Ամփոփելով ասվածը՝ կարելի է եզրակացնել, որ իրանական հրթիռները հիմա կարող են փրկել տարածաշրջանը սպասվող մեծ հրդեհից: