2023 թ. Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունների «Ժողովրդական դաշինքը», ինչպես եւ սպասվում էր, առաջադրելու է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Նշենք, որ հաջորդ տարի հունիսին Թուրքիայում անցկացվելու են համընդհանուր ընտրություններ՝ եւ՛ նախագահական, եւ՛ խորհրդարանական։ Իսկ մինչ այդ Էրդողանը մի շարք քայլեր է ձեռնարկում այդ ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար։
Ըստ տարբեր հետազոտական ընկերությունների սոցհարցումների՝ վերջին շրջանում ինչպես Էրդողանը, այնպես էլ իշխող կուսակցությունը վարկանիշի հետընթաց են գրանցել։ Այդ միտումը տարածվել է նաեւ տեղական ինքնակառավարման բնագավառում. մասնավորապես՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում «ORC» հետազոտական ընկերության իրականացրած սոցհարցումների համաձայն, ամենաբարձր վարկանիշն ունի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող, մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը: «Էրմենիհաբեր» կայքի փոխանցմամբ՝ հարցումն անցկացվել է Թուրքիայի 30 խոշոր քաղաքների եւ 51 նահանգային կենտրոնների բնակիչների շրջանում, վերջիններիս ուղղվել է հետեւյալ հարցը. «Վերջին 3 տարվա կտրվածքով ինչպես եք գնահատում ձեր քաղաքապետի/նահանգապետի գործունեությունը: Արդյոք այն հաջողվա՞ծ է»: Այդպիսով՝ ՏԻՄ ոլորտը, որտեղ ԱԶԿ-ն ամենաբարձր վարկանիշն է ունեցել մրցակիցների համեմատ, այստեղ եւս նահանջ է գրանցել։
Նման զարգացումների բացասական հետեւանքները բացառելու համար Էրդողանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Օրեր առաջ «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները մեջլիս էին ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15 կետանոց առաջարկների փաթեթ, որի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է: Ըստ նախագծի՝ ներկայում գործող 10 տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն առաջարկվում է սահմանել 7 տոկոսանոց շեմ, որը վերաբերում է թե առանձին կուսակցություններով, թե կուսակցությունների դաշինքով մասնակցությանը: Այն, որ կառավարության ներկայացրած նախագիծը կընդունվի, գրեթե կասկած չկա՝ հաշվի առնելով խորհրդարանում ձայների բավարար քանակությունը։
Առաջարկվող փոփոխություններով 7 տոկոսանոց շեմը հաղթահարած դաշինքի անդամ կուսակցությունները դաշինքի ստացած մանդատները բաշխելու են ըստ առանձին կուսակցությունների ստացած ձայների համամասնության, այսինքն՝ պատգամավորների թիվը որոշվելու է ոչ թե դաշինքին ընդհանուր տրված, այլ նրանից յուրաքանչյուրի առանձին ստացած քվեներին համապատասխան։ Սակայն դաշինքի անդամ կուսակցությունները Թուրքիայի 81 նահանգներից որեւէ մեկի համար պատգամավոր գրանցելու համար պետք է այդ նահանգում բավարար ձայներ հավաքած լինեն:
Բացի այդ, փոփոխություններ են կատարվել կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու իրավունքում. դրա արդյունքում անհրաժեշտ կլինի, որ կուսակցությունը ներկայացուցչություններ ունենա ավելի քան 41 մարզերում եւ անցկացնի ընդհանուր համագումար։ «Cumhuriyet» թերթն օրինագիծն անվանել է «ընդդիմության դեմ ուղղված խորամանկ ծրագիր»: Խնդիրն այն է, որ փոփոխությունների արդյունքում ընդդիմությունը եթե նախկինում կարող էր միասնաբար հաղթել այն շրջաններում, որտեղ անհատապես չէր հաղթել, նոր նախագծով այդ հնարավորությունից զրկվում է։
Ի դեպ, դեռեւս անցած տարվանից իշխող ուժը նախաձեռնել էր նաեւ սահմանադրական փոփոխություններ։ Հանրապետության նոր սահմանադրության տեքստը նախատեսվում է հանրությանը ներկայացնել այս տարվա առաջին կեսին։ Էրդողանն անցած տարվա հոկտեմբերին նշել էր, որ եթե իշխանությունն ու ընդդիմությունը չկարողանան փոխզիջման հասնել նոր սահմանադրության հարցում, ապա դրա օգտին կքվեարկի ժողովուրդը 2023 թ. ընտրություններում։ «Մենք հպարտ ենք, որ մինչեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը կկարողանանք ժողովրդին եւ երկրին տալ առաջին քաղաքացիական սահմանադրությունը»,- հայտարարել էր Էրդողանը իշխող խորհրդարանական խմբակցության անցած տարվա նիստերից մեկում։
Այժմ Թուրքիան պաշտոնապես ապրում է 1982 թ. հերթական ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրության համաձայն, սակայն տարիների ընթացքում այն փոխվել է ավելի քան երկու երրորդով: 1990-2000-ական թթ. կատարված փոփոխությունների մեծ մասն ուղղված էր մայր օրենքը եվրոպական նորմերին համապատասխանեցնելուն։ Մինչդեռ 2017 թ. ապրիլի հանրաքվեով արմատական փոփոխություններ մտցվեցին սահմանադրության մեջ, որով Թուրքիան խորհրդարանականից վերածվեց նախագահական հանրապետության, եւ վարչապետի պաշտոնը վերացավ։ Այդ ամենի արդյունքում Էրդողանը նոր իրավունքներ ստացավ։ Թե էլ ի՞նչ է պատրաստվում փոխել Էրդողանը սահմանադրությունն ամբողջությամբ իր ծրագրերին ծառայեցնելու համար, փորձագետները լայնորեն քննարկում են։ Ուշադրության է արժանի հատկապես Այա Սոֆիայի մզկիթի իմամ Մեհմեդ Բոյնուկալինի թվիթերյան ուղերձը, որտեղ վերջինս խոսում է 1924 թ. սահմանադրության տեքստին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Ըստ այդ սահմանադրության՝ իսլամը հռչակված էր որպես պետական կրոն: Ներկայիս Թուրքիան աշխարհիկ պետություն է։ Արդյոք այս ամենը Էրդողանի կողմից արվում է հանրությունը զբաղեցնելո՞ւ համար, թե ավտոկրատ եւ կրոնապետական կառավարման անցնելու համար, դժվար է ասել, սակայն, փորձագիտական շրջանակները նշում են, որ Էրդողանը նոր սահմանադրության շուրջ քննարկումները նախաձեռնել է հիմնականում ընդդիմության եւ հատկապես ամենաուժեղ՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության ներսում պառակտումը խորացնելու համար։