Եվրոպայի համար ռուսական էներգակիրներին այլընտրանքային մատակարարներ գտնելու փնտրտուքն ակտիվորեն շարունակվում է։ Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էին Ադրբեջանի, նաեւ Կատարի կողմից ԵՄ-ին գազով ապահովելու հեռանկարները։ Հիմա նաեւ օրակարգում է իսրայելական այլընտրանքը։
Իսրայելի եւ Թուրքիայի իշխանությունները քննարկում են իսրայելական «Լեւիաթան» հանքավայր գազատարի կառուցման հարցը, որով նախատեսվում է եւս մեկ այլընտրանք ստեղծել Ռուսաստանից Հարավային Եվրոպա գազի մատակարարման համար։ Այս նախագծի գաղափարը նոր չէ, այն քննարկվել է նաեւ մի քանի տարի առաջ. ստորջրյա խողովակաշարը նախատեսվում է կառուցել Թուրքիայից մինչեւ Իսրայելի ամենամեծ ծովային բնական գազի հանքավայր, հետագայում հասցնել Հարավային Եվրոպայի այն երկրներ, որոնք ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ներմուծումը Ռուսաստանից։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրները նշում են, որ այս թեմայով բանակցությունները շարունակվում են այն բանից հետո, երբ մարտի սկզբին Անկարա էր այցելել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Իսկ առաջիկա ամիսներին կարող են արդեն «կոնկրետ որոշումներ» կայացվել երթուղու եւ ծրագրի մասնակիցների վերաբերյալ։ Թուրքական կողմին մտահոգում է այն, որ Լեւիաթանից լրացուցիչ մատակարարումների համար արդեն երկու երթուղի է առաջարկվել՝ Եգիպտոսում արդեն իսկ գործող հեղուկացված բնական գազի կայաններով կամ նախատեսված լողացող հեղուկացված բնական գազի կայանի միջոցով։
Ըստ հաշվարկների՝ 500-550 կմ երկարությամբ խողովակաշարի գինը կկազմի մոտ 1.5 միլիարդ դոլար, ինչն ավելի շահավետ է, քան 6 միլիարդ եվրո արժողությամբ արեւելյան միջերկրածովյան գազատարը (Իսրայելից Կիպրոս, Հունաստան եւ Իտալիա)։ Նշենք, որ «Լեւիաթան» հանքավայրից գազի մատակարարումներն սկսվել են 2020 թ. սկզբին՝ վառելիք ապահովելով Իսրայելին, Հորդանանին եւ Եգիպտոսին։ Հանքավայրի սեփականատերեր «Chevron»-ը եւ իսրայելական «NewMed Energy»-ն ու «Ratio Oil»-ը պլանավորում են արդյունահանումը տարեկան 12 միլիարդից հասցնել 21 միլիարդ խորանարդ մետրի: Անցյալ տարի Եվրամիությունը ներմուծել է 155 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ինչը կազմում է դրա սպառման գրեթե 40 տոկոսը։ «Լեւիաթանի» պաշարները գնահատվում են հարյուր միլիոնավոր բարել նավթ եւ տրիլիոն խորանարդ մետր բնական գազ, որոնք կարող են հարյուր տարի ապահովել Եվրոպային: Այնուամենայնիվ, խնդիրը քաղաքական հարթությունում է եղել այս տարիների ընթացքում, 20 տարի առաջ հայտնաբերված հանքավայրերը հակամարտությունների առարկա են եղել տարածաշրջանի երկրների միջեւ։ Կհաջողվի՞, արդյոք, տարածաշրջանի երկրներին վերջնականապես համաձայնության գալ այս հարցերում եւ կապույտ վառելիքը հասցնել Եվրոպա։ Չմոռանանք, որ այդ ավազանի ռեսուրսների իրավունքը վիճարկվում է Հունաստանի, Իսրայելի, Լիբիայի եւ Թուրքիայի կողմից։
Եվրոպայում «գլոբալ էներգետիկ ճգնաժամը լուծելու» եւ ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու համար իր աջակցությունն է հայտնել Կանադան։ Այդ երկրի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնն օրեր առաջ հայտարարել էր, որ պատրաստ են Կանադայից լրացուցիչ 200 հազար բարել նավթ եւ 100 հազար բարել բնական գազ արտահանել, քանի որ աշխարհի շատ երկրներ մտադիր են «հնարավորինս օգնել դուրս մղել ռուսական նավթն ու գազը»։ «Մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ նավթը կկազմի 300 հազար բարել»,- ասել է նա։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները համաձայնագիր էր ստորագրել Եվրամիության հետ 2022 թ. համար հեղուկացված բնական գազի տեսքով առնվազն 15 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին։ Մինչ վառելիքի մատակարարումների այլընտրանքային ուղիներ են մշակվում եւ քննարկվում, ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում բնակչության վրա, նավթի եւ այլ ապրանքների գների բարձրացման հետեւանքով կտրուկ աճել են նաեւ սպառողական գները ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: