Թուրքիայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները որոշիչ են լինելու. դրա արդյունքները ցույց են տալու, թե որքանով է ընդունելի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունն ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ միջազգային գործընկերների համար։ Փոփոխվող աշխարհում կարեւոր դերակատարություն ունեցող երկրի ղեկավարի ընտրությունը վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ համաշխարհային խաղացողների հետաքրքրություններին։
Համընդհանուր ընտրությունները՝ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, նախատեսված են այս տարվա հունիսի 18-ին, սակայն հնարավոր է, որ ժամկետի հետ կապված փոփոխություն տեղի ունենա։ «Մենք կարող ենք թարմացնել ընտրությունների ամսաթիվը՝ դրանք տեղափոխելով ավելի վաղ ժամկետի»,- նշել է նախագահ Էրդողանը։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարածաշրջանային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար՝ կոչ անելով իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին եւս հրապարակել ընդդիմադիր թեկնածուի անունը։ Ավելի վաղ Թուրքիայի ազգայնականների առաջնորդ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն լինելու է նախագահ Էրդողանը։ Նշենք, որ «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները հանդես են գալիս «Ժողովրդական դաշինք»-ով:
Էրդողանի համար գլխավոր մարտահրավերը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է (CHP)՝ Թուրքիայի ամենահին կուսակցությունը, որը ստեղծվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից եւ այսօր ճակատագրի հեգնանքով գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է։ «Ժողովրդահանրապետական կուսակցությունն ամբողջությամբ ուղղված է դեպի Արեւմուտք եւ ունի բավական մեծ թվով հետեւորդներ բնակչության աշխարհիկ հատվածում, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել ԱԶԿ-ին»,- «EADaily»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Ալինա Սբիտնեւան։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական վեց կուսակցություններ ստեղծել են «Ազգային դաշինք», որն ընդգրկում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), İYİ (Լավ) կուսակցությունը, «Ուրախություն» (Saadet) կուսակցությունը, Դեմոկրատական, DEVA («Ժողովրդավարություն եւ առաջադիմություն») եւ «Ապագա» (Gelecek) կուսակցությունները: Համընդհանուր ընտրություններում հայտ է ներկայացրել նաեւ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը նախատեսում է առաջադրել սեփական թեկնածուին։ Կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը հայտնել է, որ կուսակցությունը շուտով հրապարակելու է նախագահի թեկնածուի անունը։ «Մենք դաշինք չունենք ո՛չ Ժողովրդական դաշինքի, ո՛չ Ազգային դաշինքի հետ»,- ասել է նա։
Նշենք, որ ընդդիմադիր 6 կուսակցությունների առաջնորդները հանդիպել էին հունվարի 5-ին։ Ինը ժամ տեւած քննարկումների թեման նախագահի միասնական թեկնածուն է եղել։ «Hurriyet»-ի տվյալներով՝ ընդդիմությունն իր թեկնածուին կհայտարարի փետրվարին։ Թերթը նաեւ գրում է, որ եթե Քըլըչդարօղլուն չհռչակվի ընդդիմության թեկնածու, ապա վերջինս առաջարկել է Թուրքիայի նախագահի նախկին դաշնակից, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի թեկնածությունը։ Նա այժմ գլխավորում է ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ առաջադիմություն» կուսակցությունը։ Միաժամանակ ընդդիմության առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ նշելով, որ չեն աջակցի արտահերթ ընտրություններին, քանի որ ապրիլի 6-ից հետո կկիրառվի նոր ընտրական համակարգը, որը շատերի կարծիքով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին է։
Որպես ընտրությունների հնարավոր ժամկետներ՝ թուրք վերլուծաբանները նշում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։ Ընտրությունների անցկացման ժամկետի փոփոխությունը պայմանավորված կարող է լինել ներքին եւ արտաքին հանգամանքներով, բնականաբար, Էրդողանը հաշվի է առնելու իր համար առավել բարենպաստ պայմանները։ Իսկ դրանք քիչ չեն՝ երկրի տնտեսական դրությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդի դերի ամրագրումը, ցորենի եւ գազային հանգույց լինելու հեռանկարը, ՆԱՏՕ-ում սեփական դիրքերի ամրապնդումը՝ խաղալով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հետ, «թյուրքական աշխարհի» համախմբումը Թուրքիայի գերակայության ներքո եւ այլն։
Էրդողանի հաղթանակը կամրապնդի Թուրքիայի՝ ավելի խոշոր միջազգային դերակատար դառնալու դիրքերը՝ նպաստելով նրա ծավալապաշտական քաղաքականությանը, մինչդեռ պարտությունը կստիպի որոշակիորեն վերանայել թե տարածաշրջանում, թե համաշխարհային բեմում ձեւավորված փոխգործակցության մոդելը։ Ինչ խոսք, Արեւմուտք-Ռուսաստան առճակատման համատեքստում Թուրքիան հարմար գործընկեր է երկու կողմի համար էլ, սակայն Էրդողանի չափազանց մեծ նկրտումները կարող են ստիպել Արեւմուտքին որոշ չափով սանձել Թուրքիային։
Ի վերջո, կկարողանա՞, արդյոք, Էրդողանը կյանքի կոչել «նոր Թուրքիա» կառուցելու խոստումը, թե՞ ստիպված կլինի բավարարվել արդեն իսկ ձեռք բերածով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ