Սիրիայի եւ Իրաքի թուրքոմանները (թուրքմենները) հայտարարել են «Թուրքիայի ազգային պայմանագրի» սահմաններով սեփական պետություն ստեղծելու ծրագրերի մասին։ Նշենք, որ այդ մասին առաջին անգամ չի բարձրաձայնվում, մասնավորապես անցած տարվա օգոստոսին նման մտադրությունը «հիմնավորել» էին իբր «ահաբեկչությունից պաշտպանվելու եւ Թուրքիայի անվտանգության» ապահովմամբ։
Քիչ հավանական է, որ «սեփական պետություն» ունենալու մտադրությունը խմորվել է թուրքոմանների միջավայրում, առավել համոզիչ է այն, որ կան արտաքին շահառուներ։ Հասկանալու համար, թե ի՞նչ խնդիր են լուծելու թուրքոմանները Մերձավոր Արեւելքում, եւ ո՞ւմ շահերից է բխում հերթական արհեստական պետության ի հայտ գալը տարածաշրջանում, անհրաժեշտ է արձանագրել, թե ովքե՞ր են թուրքոմանները, եւ ի՞նչ է «Ազգային ուխտը»։
Օսմանյան խորհրդարանի պատգամավորների կողմից 1920 թ. հունվարի 28-ին փակ նստաշրջանում ընդունված «Ազգային ուխտը» (թուրք.` Misak-ı Milli) Օսմանյան սուլթանության անկումից հետո ծառայեց որպես Թուրքիայի նոր սահմանների սահմանազատման փաստաթուղթ։ 6 կետից բաղկացած ծավալապաշտական փաստաթղթով Թուրքիայի սահմաններում էին ներառվում Արեւմտյան Թրակիան, Կիպրոսը, Էգեյան կղզիները, նախկին Մոսուլի եւ Հալեպի վիլայեթները եւ այլն։ («Ազգային ուխտի» սահմաններին վերաբերող տարբեր քարտեզներում Թուրքիայի կազմում են ներառված նաեւ Աջարիան եւ Նախիջեւանը):
2002-ից սկսած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալով՝ Թուրքիան վերադիրքավորվեց որպես տարածաշրջանային, ապա նաեւ միջազգային դերակատար։ Սիրիայի, Իրաքի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում Էրդողանի վարած ծավալապաշտական քաղաքականությունը հուշում է, որ «Ազգային ուխտ»-ը առանցքային կարեւորություն է ստացել «նոր Թուրքիայի» ստեղծման ճանապարհին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի դոցենտ, Արեւելագիտության, միջազգային հարաբերությունների եւ հանրային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Ավատկովն ընդգծում է, որ 1920 թ. ընդունված «Ազգային ուխտը» դեռեւս ոչ ոք չի չեղարկել. «Ավելին, երբ այցելում են Անկարա՝ Աթաթուրքի դամբարան, բոլոր օտարերկրյա առաջնորդները նշումներ են թողնում պատվավոր հյուրերի գրքում հենց այս Ազգային դաշնագրի մատյանում: Ուշադրություն դարձրեք Թուրքիայի արեւելյան եւ հարավային սահմաններին՝ համաձայն այս պայմանագրի»: Ի դեպ, անցած տարի այս օրերին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նշել էր, որ իրենք «հավատարիմ են 102 (ներկայումս՝ 103 տարի.- խմբ.) տարի առաջ հայտարարված Ազգային դաշնագրի նպատակներին ու ոգուն»։
Անդրադառնալով թուրքոմաններին, պետք է նշել, որ վերջիններս թյուրքական էթնիկ խումբ են, որոնք բնակվում են հիմնականում Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածներում՝ Ջաբալ ալ-Թուրքման շրջանում (Լաթակիայի հյուսիս-արեւելք), ինչպես նաեւ Հալեպ, Իդլիբ, Հոմս, Տարտուս քաղաքներում եւ Դամասկոսի շրջանում։ Նրանց թիվը մինչ սիրիական հակամարտության սկիզբը հաշվվում էր մոտ 200 հազար, թեեւ որոշ պրոթուրքական աղբյուրներ նշում են ավելի մեծ թիվ՝ ընդհուպ 1.5- 3.5 մլն.։ 2011 թ. գարնանը սիրիական ճգնաժամի բռնկումից հետո թուրքոմաններն ակտիվ պայքար սկսեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ։ Նրանք ռազմական աջակցություն եւ ֆինանսավորում են ստանում առաջին հերթին Անկարայից՝ ձեւավորելով կառույցներ եւ խմբավորումներ։ 2011 թ. Թուրքիայում ստեղծվեց «Սիրիայի թուրքմենական շարժումը», իսկ մեկ տարի անց «Սիրիայի թուրքմենական պլատֆորմը», որին աջակցում են Թուրքիայի պաշտոնական իշխանությունները։ Թուրքոմաններից բաղկացած խմբավորումները կրում են օսմանյան սուլթանների անունները, ինչպես օրինակ՝ «Սուլթան Աբդուլ Համիդ» «Սուլթան Մուրադ», «Ադբուլ Համիդ I» եւ այլն։ Այդպիսի անվանումները մեկ անգամ եւս հուշում են խմբավորումների քաղաքական հովանավորին եւ թե ում շահերն ու հետաքրքրություններն են պատրաստ ներկայացնել։ 2014 թ. գարնանը թուրքոմանական զինված ուժերը մասնակցել են Սիրիայի հյուսիսում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի գրավմանը։ Չմոռանանք, որ արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օգտագործվեցին հյուսիսային Սիրիայից Արցախ տեղափոխված զինյալները, որոնք անմիջական մասնակցություն ունեցան պատերազմական գործողություններին։
Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածների հետ կապված՝ Թուրքիան ունի սեփական տեսլականը՝ պայմանավորված նաեւ «Ազգային ուխտ»-ով: Այդ նպատակին հասնելու համար տարիների ընթացքում Անկարան նպաստել է սիրիական այդ շրջաններում թուրքոմանների թվաքանակի ավելացմանը, որի միջոցով վերահսկողության լծակներ է ստացել։ Թուրքիայի բռնազավթած սիրիական շրջաններում ժողովրդագրական պատկերն արհեստականորեն փոփոխելու եւ դրանք թրքացման համար թուրքական բանակն ու թուրքոմաններն իրականացրել եւ շարունակում են իրականացնել մի շարք միջոցառումեր. նախ վերջիններիս վայրագությունների հետեւանքով բնիկ ազգաբնակչությունը լքել է իր տները, որի փոխարեն Թուրքիան իր վարձկաններին եւ նրանց ընտանիքներին բնակեցրել է խաղաղ բնակիչների տներում։ Հաջորդը՝ քաղաքական բաղադրիչի ապահովումն է, որի նպատակով ձեւավորել են այսպես կոչված «ժամանակավոր կառավարություն» եւ հարակից խորհուրդներ, որոնք պետք է թուրքական ինքնության քարտեր տրամադրեին Թուրքիայի բռնազավթած սիրիական տարածքում գտնվող բոլոր քաղաքացիներին։ Իսկ «փափուկ ուժի» կիրառման միջոցով էլ տարածքների նվաճումն իրականացնում են կրթական գործիքակազմով։ Անցած տարի Էրդողանը որոշում էր կայացրել այդ շրջաններում թուրքական համալսարանի հետ կապված ինստիտուտ եւ քոլեջ բացելու մասին։ Թուրքական նվաճողական քաղաքականությունը տարածվում է նաեւ Իրաքում։ Այդ համատեքստում անսպասելի չէ, որ փորձ կանի օգտագործել թյուրքական գործոնը սեփական օրակարգն առաջ տանելու համար։ Նոր քաղաքական սուբյեկտի ի հայտ գալն իհարկե ազդեցություն կունենա Մերձավոր Արերելքում ուժերի ներկա հավասարակշռության վրա, միաժամանակ լրացուցիչ լարվածություն կառաջացնի առանց այդ էլ հնոց հիշեցնող տարածաշրջանում։