Ադրբեջանն ու Իսրայելը կարծիքներ են փոխանակել սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը: Սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւն ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հարցը քննարկել են չորեքշաբթի:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը, շեշտելով իրենց միջեւ կապերի բարձր մակարդակը, խոսել են համագործակցության հեռանկարների մասին այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, կարծիքներ են փոխանակել անվտանգության ու սահմանների պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման մասին:
Հարկ է նշել, որ երկու երկրների ուժային կառույցների ղեկավարների միջեւ կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին՝ կապված Իրանի օբյեկտների վրա վերջերս անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ տեղի ունեցած հարձակման հետ, որի հետեւում Իսրայելն է կանգնած:
Ուշագրավ է, որ Բաքուն օտարերկրյա ուժեր է «փնտրում» իր սահմանների ամրապնդման համար եւ այդ դերում տեսնում է հրեական պետության ուժայիններին: Ադրբեջանի իշխանությունները վախեցած ու նյարդայնացած են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ընթացքից, քանի որ իրենց իսկ ագրեսիվ ու նախահարձակ գործողությունների պատճառով բախվել են Հայաստանի ու Արցախի հետ, հիմա էլ Թեհրանի զայրույթն են առաջացրել՝ ստեղծված իրավիճակում բողոքներ ներկայացնելով միջազգային կազմակերպություններին: Թեհրանն ընդհանրապես դեմ է արտաքին ուժերի ներթափանցմանը տարածաշրջան, իսկ Բաքուն, Իսրայելի հետ քննարկելով սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը, ընդամենը լեգիտիմացնում է փաստված իրողությունը, որ վաղուց է Իրանի դեմ պլացդարմ ապահովել Իսրայելի համար:
Դեռ Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակման նախօրեին ադրբեջանցիները որոշեցին «ահաբեկչության» պատրվակով իրենց դեսպանության աշխատակիցներին տարհանել Թեհրանից, ինչը, բնականաբար, այնպիսի փաստ է, որը չի կարող վրիպել իրանական հատուկ ծառայությունների ուշադրությունից: Այն խոստովանության արժեք ունի. Բաքուն առնվազն տեղյակ էր նախապատրաստվող հարձակմանը: Ավելին՝ հաջողության դեպքում հարձակումը պետք է շարունակվեր՝ վերածվելով լայնամասշտաբ պատերազմի, ինչի հավանականության մասին վկայում է հենց դեսպանատան աշխատանքի դադարեցման եւ աշխատակիցների տարհանման փաստը. չէ՞ որ սովորաբար նման դեպքերում են դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հեռանում երկրից: Եվ Ադրբեջանը գիտի, որ մեղավոր է Իրանի հանդեպ, ավելին՝ գիտի նաեւ, որ դա հասկանում է Թեհրանը:
Սեփական սահմանների պաշտպանության խնդիրները Բաքուն պայմանավորում է ոչ թե իր ավանդական դաշնակցի՝ Թուրքիայի, այլ Իսրայելի հետ համագործակցությամբ: Այս քայլով էլ Ադրբեջանը բացահայտում է իր հիմնական գործակցին՝ Թել Ավիվին՝ կարծես ասելով, որ միասին են կատարել հանցանքը, միասին էլ պիտի պատասխան տան:
Բաքվի ուղերձներից մեկն էլ հասցեագրված է ՌԴ-ին. ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների դեպքում Ադրբեջանը փորձ կանի ապավինել ոչ թե Մոսկվային, ում հետ համագործակցությամբ նաեւ հաջողություններ արձանագրեց 44-օրյա պատերազմում, այլեւ այնպիսի ուժերի, որոնք, ըստ էության, գործում են Ռուսաստանի դեմ: Իրանի վրա հարձակումն իսրայելական աղբյուրները կապում են նաեւ Թեհրանի՝ Մոսկվայի հետ ռազմական ոլորտում համագործակցության հետ: Իրանը Սպահանի ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը դրել է Իրաքի քրդական խմբավորումների վրա: Միեւնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, չնայած ընդամենը՝ ակնարկով, խոստովանել է, որ անօդաչուներով նման հարձակման հետեւում իր երկիրն է կանգնած: CNN-ին տված հարցազրույցում նա Թեհրանին մեղադրել է ոչ միայն միջուկային զենք ստանալու փորձերի, այլ նաեւ Ռուսաստանին զենք տրամադրելու մեջ: Հավանական է, որ այս կերպ Իսրայելը պատասխանել է Ռուսաստանին, որը հրապարակայնորեն դատապարտել է Սպահանի վրա կատարված գրոհը:
Նաթանյահուն իր հարցազրույցում ուղղակիորեն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, միայն նշել է, որ չի պատրաստվում «երբեւէ խոսել Իսրայելի հատուկ ծառայությունների կոնկրետ գործողությունների մասին»: Բայց միեւնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել հայտարարել, որ «հնարավորը կանի»՝ «կանխելու միջուկային զենքի ստացումն Իրանում, որն ակնհայտորեն ուղղված է մեր դեմ»:
Իսրայելական ԶԼՄ-ներում տիրապետող է այն կարծիքը, որ Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումն անմիջականորեն կապված է նաեւ իրանական միջուկային ծրագրի հետ: Իբր, այդ գործարանում մշակումներ են կատարվել գերձայնային հրթիռներ ստանալու նպատակով, եւ հնարավոր է, որ ուրան էլ է մշակվել: Իսրայելական տեսակետներից մեկի համաձայն՝ Իրանին գերձայնային զենքի արտադրության տեխնոլոգիան կարող էր տրամադրել Ռուսաստանը:
Ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության մասին խոսել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նաթանյահուի հետ հանդիպումից հետո նա, որպես կայացած փաստ, նշել է, որ «Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարում»՝ դրա դիմաց Թեհրանից ստանալով անօդաչուներ:
Նաթանյահուն առաջին անգամ է հանդես գալիս Ռուսաստանի վերաբերյալ կտրուկ ձեւակերպումներով: Նա ընդգծել է, որ իրանական իշխանությունները «դրոններ են ուղարկում, որոնք անմեղ մարդկանց են սպանում Եվրոպայի սրտում, Ուկրաինայում»՝ այսպիսով կրկնելով մեղադրանքները, որոնք Կրեմլն ու Իրանը կտրուկ կերպով հերքում են: Մոսկվան պնդում է, որ Իրանը ռուսական բանակին ոչ «Շահիդ» անօդաչուներ է մատակարարում, ոչ էլ հրթիռներ:
Իսրայելի վարչապետը եւս մեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ չբացառելով ռազմական օգնությունն Ուկրաինային: Նա շեշտել է, որ ուսումնասիրում է Կիեւին «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման հարցը: Բացի այդ, Նաթանյահուն գործնականում խոստովանել է, որ իր երկիրն արդեն օգնում է ուկրաինական բանակին, բայց ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակի կերպով: «ԱՄՆ-ն վերցրել է իսրայելական սպառազինության մի մասը եւ փոխանցել Ուկրաինային»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դա «ամերիկյան որոշում» է, որին «ինքը չի առարկում»:
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին հայտարարել է, որ իրանական կողմն անպատասխան չի թողնի Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահանում գտնվող օբյեկտների վրա հարձակումը. «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»: Իսկ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում շեշտել է, որ հարձակման գլխավոր պատասխանատուն Իսրայելն է: Նա նաեւ հայտարարել է, որ Իրանն Իսրայելին կպատասխանի «այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ եւ երբ անհրաժեշտ կհամարի»: