Շուտով կլրանա Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկի մեկ տարին։ Գործընթացներն ու քաղաքական հայտարարությունները ցույց են տալիս, որ չափազանց վաղ է խոսել խաղաղության հաստատման մասին, ներկայումս ընթանում են ուժերի վերադասավորում, ռազմական հզորությունների ավելացում եւ դաշնակիցների բանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքներ։
Բրյուսելում երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի օրակարգում Հյուսիսատլանտյան դաշինքի զսպման եւ պաշտպանության հնարավորությունների ամրապնդման, ինչպես նաեւ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումներն են, ներառյալ ռազմական ինքնաթիռներ տրամադրելու հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով երկօրյա հանդիպման մեկնարկին, հայտարարել է, որ «նախանշան չկա, որ նախագահ Պուտինը պատրաստվում է խաղաղության», հետեւաբար հրատապ է համարել «Ուկրաինայի ռազմական հնարավորությունների արագ մատակարարման ապահովումը, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն»։ Ավելի վաղ նա նշել էր, որ հիմնական ուժերն ու միջոցները պետք է Ուկրաինա մատակարարել նախքան Ռուսաստանը մարտի դաշտում նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը: Ըստ Ստոլտենբերգի՝ ուկրաինական հակամարտության ժամանակ զինամթերքն ավելի արագ է սպառվում, քան կարելի է արտադրել, ինչը հանգեցնում է պաշարների սպառման։ Այդ առումով Ուկրաինայի հակամարտության ներկա փուլը նա անվանել է «լոգիստիկայի պատերազմ»։ Մինչ ընդհանուր ժողովի մեկնարկը տեղի է ունեցել Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի առանձին հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին եւ Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը։
Նախարարները քննարկելու են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման մարտահրավերների նոր մակարդակը, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերական կարողությունների եւ մատակարարումների մեծացման ուղիները: Խոսքը վերաբերում է զինամթերքի նոր գործարանների կառուցման եւ արտադրության աճին ուղղված ներդրումների մեծացմանը։ Երկօրյա հանդիպման արդյունքում նախարարները նաեւ որոշում կկայացնեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոր կենտրոնական կետի ստեղծման մասին, որը կապահովի դաշինքի կարեւորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ ներառյալ սուզանավային խողովակաշարերը եւ մալուխները, ներառյալ անդրատլանտյանները:
Ի դեպ, դեռեւս հունվարի 30-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի եւ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել էին 155 մմ տրամաչափի արկերի համատեղ արտադրություն սկսելու մասին, որոնք պետք է Ուկրաինա մատակարարվեն։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն նշել էր, որ «Ուկրաինա արկերի առաջին մատակարարումները կարող են իրականացվել արդեն այս տարվա առաջին եռամսյակում»։ Միաժամանակ նախարարը հրաժարվել է ճշտել առաքումների ծավալն ու դրանց արժեքը՝ վկայակոչելով այն փաստը, որ Ֆրանսիան «երբեք նման տեղեկություն չի հրապարակում»։ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը սահմանափակվել է միայն ասելով, որ «համատեղ ջանքերով կարտադրվեն 155 մմ տրամաչափի հազարավոր արկեր»։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը իր հերթին, ասել է, որ «խոսքը շատ միլիոնավոր ավստրալիական դոլար արժողությամբ նախագծի մասին է»։ Նրա խոսքով՝ «այս գործընկերությունը կոչված է ցույց տալու, որ Ֆրանսիան եւ Ավստրալիան միասին աշխատում են Ուկրաինային աջակցելու համար»: «Սա մեր պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության առաջին նման օրինակն է»,- ընդգծել էր նախարարը։
Խաղաղության մասին վաղ է խոսել, եւ խնդիրն Ուկրաինայի ռազմական եւ մարդկային ռերսուրսները չեն, այլեւ Արեւմուտք-Ռուսաստան առճակատման ժամանակ նոր հավասարակշռության հաստատումը, նոր «կարմիր գծերի» սահմանումը։ Այդ իմաստով ուշագրավ է Ստոլտենբերգի՝ փետրվարի 13-ին արած հայտարարությունն առ այն, որ դաշինքն սկսել է համալրել իր ռազմական ուժերը եւ նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմին սկսած 2014 թվականից։ Սա հուշում է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի համար կան հստակ ձեւակերպված նպատակներ՝ առավելագույն եւ նվազագույն ծրագիր, որի ուղղությամբ շարժվում են տարիներ շարունակ։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն էլ նշել էր, որ «դաշնակիցները ցանկանում են այս տարվա գագաթնաժողովում հայտարարել, թե ինչ է լինելու պաշտպանական ծախսերի վերաբերյալ խոստումից հետո, այսինքն՝ պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսին հասցնելուց հետո։ ՀՆԱ-ն 2 տոկոսի հասցնելու որոշումը կայացվել է 2014 թվականին եւ ուժի մեջ է 10 տարի, այսինքն՝ պետք է գործի մինչեւ 2024 թվականը: (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տարի տեղի կունեն հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում):
Ինչպես գրում է «Bloomberg» գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը մշակում է մի քանի, այդ թվում՝ իր պատասխանատվության գոտուց դուրս գտնվող հակամարտությունների միաժամանակյա մասնակցության ծրագիր, որը կստորագրվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների կողմից երեկ եւ այսօր տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների արդյունքում։ Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կներառի նաեւ դաշնակցային ռազմական ներդրումների պահանջներ։ Մասնավորապես՝ երկրներին կառաջարկվի վերահասցեավորել դրանք հավաքական պաշտպանության տեսանկյունից կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են զրահատեխնիկան, հակաօդային պաշտպանությունը եւ հակահրթիռային պաշտպանությունը։ Ինչպես պարզաբանել է գործակալության զրուցակիցը, ղեկավարության բոլոր դրույթները համաձայնեցնելուց հետո ՆԱՏՕ-ի հրամանատարությունը դաշինքի յուրաքանչյուր անդամի համար ավելի մանրամասն պահանջներ կմշակի։
Ուկրաինական ճգնաժամի մեկնարկը, որը փաստացի սկսվել է 2014-ին, ինչ-որ առումով ընդգծեց ՆԱՏՕ-ի կարեւորությունը Եվրոպայի համար, միաժամանակ հերթական անգամ կառույցի ընդլայնման հարց դրվեց։ Ֆինլանդիան եւ Շվեդիան առաջնահերթ երկրների շարքում են, մինչդեռ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը խնդրահարույց է այդ երկրների համար, իսկ ՆԱՏՕ-ի համար բավականին արդյունավետ լծակ՝ ցանկալի քաղաքական գիծ ակնկալելու հույսով։ Քանի դեռ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, Արեւմուտքը հնարավորություն ունի զերծ պահել իր տարածքը ռազմական թատերաբեմ դառնալուց։