Վրաստանի խորհրդարանի պատգամավորները ներկայացրել են մի օրինագիծ, որով դրսից ֆինանսավորվող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ: Այս մասին գրում է ամերիկյան «Eurasianet»-ը: Սա արտասահմանյան գործակալների մասին երկրորդ նախագիծն է, որը գրանցել է խորհրդարանի բյուրոն: Այն, ինչպես նշել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, արտասահմանյան գործակալների գրանցման վերաբերյալ ամերիկյան օրենքի թարգմանված տարբերակն է:
Երկուշաբթի «Ժողովրդի ուժը» հասարակական շարժման պատգամավոր Դմիտրի Խունդաձեն ասել էր, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի վրացական եւ ամերիկյան տարբերակները Վենետիկի հանձնաժողով կուղարկվեն խորհրդարանի կողմից փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո: Պատգամավորները հույս ունեն, որ մինչեւ հունիս տարբերակներից մեկը կընդունվի։
Օրինագծի տեքստի համաձայն, որը հայտնվել է PCE/PC ծառայության տրամադրության տակ, ոչ առեւտրային կազմակերպություններն ու պարբերականները, որոնք «արտասահմանյան ուժերից» ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը, պետք է գրանցվեն որպես «արտասահմանյան ազդեցության գործակալներ»: Մասնավորապես՝ «արտասահմանյան ուժեր» կարող են համարվել արտասահմանյան պետական մարմինները, արտասահմանյան քաղաքացիները կամ արտասահմանյան այլ հաստատություններ, ինչպես նաեւ արտասահմանյան կամ միջազգային օրենքների համաձայն հիմնադրված կազմակերպությունները:
Ըստ փաստաթղթի՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաեւ ԶԼՄ-ները։ Չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունները պարտավոր են գրանցվել արդարադատության նախարարությունում որպես օտարերկրյա ազդեցության գործակալ եւ ներկայացնել տարեկան հայտարարագիր իրենց ֆինանսական աղբյուրների մասին: Գրանցման ու եկամուտների հայտարարագրման մասին պահանջների չկատարումը կարող է հանգեցնել տուգանքի մինչեւ 25000 լարիի կամ մոտ 9500 դոլարի չափով:
Օրինագիծն արժանացել է եւ ընդդիմության, եւ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաեւ արեւմտյան քաղաքական գործիչների քննադատությանը Ռուսաստանի օրինակով օրենսդրության մեջ «օտարերկրյա գործակալ» հասկացության ներմուծման պատճառով։ Շատերը կարծում են, որ այն միտված է երկրում այլախոհության ճնշմանը եւ կարող է հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին: Գաղափարի հեղինակները եւ իշխող «Վրացական երազանքը» չեն ընդունում, որ այն նման է ռուսական օրենսդրությանը: Նրանց կարծիքով՝ նոր օրենքն անհրաժեշտ է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից ֆինանսավորվող սուբյեկտների աշխատանքի թափանցիկության համար։ Արդյունքում «Ժողովրդի ուժը» հայտարարել է, որ խորհրդարան կներկայացնի օրինագծի այլընտրանքային տարբերակը, որը ճշգրտորեն համապատասխանում է արտասահմանյան գործակալների գրանցման ամերիկյան օրենքին:
Վրաստանի իշխանությունների գործողությունները՝ «մամուլի դեմ պայքարը, օրենքի գերակայության թուլացումը, այժմ նաեւ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քննադատաբար են ընկալվում Բրյուսելում եւ ԵՄ անդամ երկրներում, քանի որ, վերջին հաշվով, դրանք խաթարում են եվրոպական ինտեգրման հիմնական բաղադրիչները»,- Վրաստանի քաղաքականության ինստիտուտին ասել է Գերմանիայի միջազգային հարաբերությունների խորհրդի տարածաշրջանային փորձագետ Շտեֆան Մայստերը: Վրաստանի քաղաքականության ինստիտուտը, որը հայտնի վերլուծական կենտրոն է, փետրվարի 15-ին հրապարակել է տեղացի եւ օտարերկրյա փորձագետների մեկնաբանությունները. մեծամասամբ ենթադրվում է, որ այս օրինագիծը Վրաստանին դուրս կբերի եվրոպական ճանապարհից:
Վրաստանին ասվել է, որ կարող է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալ, եթե բավարար հաջողությունների հասնի բարեփոխումների առաջնահերթ 12 ոլորտներում, որոնք սահմանվել են ԵՄ-ի գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս տարվա հոկտեմբերին Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի Վրաստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ, որից հետո ԵՄ-ի անդամ 27 երկրները պետք է միաձայն վերջնական որոշում կայացնեն նրան թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։
Թեեւ Վրաստանի՝ ԵՄ-ի ընդհանուր օրենքներին համապատասխանությունը վերջերս բարձր է գնահատվել ԵՄ-ի կողմից, մտավախություն կա, որ կառույցին անդամակցության հեռանկարները վտանգված են ժողովրդավարության հետ կապված տարբեր խնդիրների պատճառով: Օտարերկրյա գործակալների մասին օրենքն այդ ճանապարհին կարող է լինել ամենամեծ խոչընդոտներից մեկը:
Օրինագծի հեղինակները պնդում են, որ կրկնօրինակում են արեւմտյան առաջատար պրակտիկան, այդ թվում՝ «ամերիկյան» օրենքները: Սակայն քննադատները մատնացույց են անում նախադեպերը, որոնցում ոչ այնքան ժողովրդավարական երկրները հենվել են արեւմտյան, այդ թվում՝ ԱՄՆ-ի օրենքի վրա՝ քննադատներին զինաթափելու համար: Վրաստանում հաճախ են նշում Ռուսաստանի օրինակը, որտեղ մոտ տասնամյակ առաջ ընդունված այդպիսի օրենքը հանգեցրել է ռեժիմի քննադատների վրա ավելի ու ավելի ուժեղացող ճնշման:
«Պնդումները, որ վրացական օրինագիծը հիմնված է արտասահմանյան գործակալների գրանցման ամերիկյան օրենքի վրա, բացահայտ սուտ է,-հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, ում անհանգստացնում է այդ օրինագիծը:- Դա կլռեցնի Վրաստանի անկախ ձայներն ու Վրաստանի քաղաքացիներին»: Ըստ Փրայսի՝ օրինագիծը, «դատելով ամեն ինչից, ստեղծված է ռուսական ու հունգարական օրենսդրության, այլ ոչ թե ամերիկյան համանման եւ այլ օրենքների վրա:
Վրաստանում շատերը նույնպես օրինագիծը դիտարկում են որպես իշխող կուսակցության կողմից ԶԼՄ-ների եւ ոչ պետական սուբյեկտների նկատմամբ ճնշումների մաս եւ վախենում են, որ վնասակար հետեւանքներ կլինեն, անկախ նրանից՝ այն օրենք կդառնա՞, թե՞ ոչ: Օրինագիծը խոչընդոտ կդառնա Եվրահանձնաժողովի հանձնարարականի իրականացման համար, որը «նախատեսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներառումը որոշումների կայացման գործընթացում»,- Վրաստանի քաղաքականության ինստիտուտին ասել է Վանո Չխիկվաձեն, ով «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամում զբաղվում է Եվրամիությանն ինտեգրման հարցերով։
Թեեւ դեռ հույս կա, որ իշխող կուսակցությունը, ի վերջո, ձեռնպահ կմնա այդ օրինագծի քվեարկությունից, «Վրացական երազանքի» պատգամավորների առաջին հայտարարությունները, որոնք գովաբանում են այն եւ խոսում թափանցիկության անհրաժեշտության մասին, ստիպում են ենթադրել, որ օրինագիծն ընդունվելու լավ հնարավորություններ ունի: Չնայած «Ժողովրդի ուժը» պաշտոնապես անջատվել է իշխող կուսակցությունից, այդ խումբը շարունակում է մնալ «Վրացական երազանքի» գլխավորած խորհրդարանական մեծամասնության մաս: Անցյալ ամառ ձեւավորված խումբը քարոզում է դավադրության տեսություններ, թե Արեւմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Այս տեսություններում ամենասարսափելի դերերից մեկը խաղում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, ում «Ժողովրդի ուժը» մեղադրել է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ գաղտնի հանդիպելու եւ նրան շանտաժի ենթարկելու մեջ: Այս մեղադրանքների ի հայտ գալուց հետո Իվանիշվիլին, ում բոլորը համարում են Վրաստանի ոչ պաշտոնական առաջնորդ, չնայած պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից, խախտել է երկարատեւ լռությունը եւ հաստատել, որ հանդիպել է Դեգնանի հետ: Դա ամրապնդել է կասկածները, որ խումբը գործում է նրա անունից։ Այս համատեքստում խումբը հատուկ ուշադրություն է դարձնում Իվանիշվիլիի ֆինանսական դժվարություններին՝ կապված շվեյցարական «Credit Suisse» բանկի հետ՝ պնդելով, որ դրանք նույն դավադրության արդյունքն են։
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որի մասին հայտարարվել էր դեկտեմբերին, կրկին հայտնվել է օրակարգում Իվանիշվիլիի բանկային խնդիրների վերաբերյալ փաստաբանների բողոքների հետ միասին: Փաստաբաններն ասում են, որ «Credit Suisse»-ն Ուկրաինայի հակամարտության ֆոնին հորինված պատճառներով արգելափակում է Իվանիշվիլիի մուտքը սեփական ակտիվներ: Այլ կերպ ասած՝ ակնարկում են, որ պատճառը «քաղաքական շանտաժն է»:
Հենվելով վերջերս Իվանիշվիլիի փաստաբանների պնդումների վրա, ըստ որոնց՝ արեւմտյան ԶԼՄ-ները հրաժարվում են տպագրել իրենց հոդվածները, որոնք քննադատում են «Credit Suisse»-ի ղեկավարությանը, «Ժողովրդի ուժը», ընդհանուր առմամբ, կասկածի տակ է դնում անգամ եվրոպական ինտեգրման գաղափարը:
Ավելացնենք, որ մինչեւ հիմա Իվանիշվիլին որեւէ պատժամիջոցի չի ենթարկվել: «Bloomberg»-ը վերջերս մեջբերել է «Credit Suisse»-ի հայտարարությունը, որ բանկը Իվանիշվիլիին վճարել է 210 մլն դոլար՝ երկարատեւ իրավական պայքարում վրացի միլիարդատիրոջ հետ կապված նախկինում աղմկահարույց խարդախության գործի շրջանակներում: Սակայն պարզ չէ, թե դա որքանով է լուծել կամ լուծելու Իվանիշվիլիի բանկային եւ Վրաստանի քաղաքական խնդիրները։