Իրանը ցանկանում է զենիթահրթիռային C-400 համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից: Իսրայելը պատրաստ է մինչ այդ հարվածել իրանական միջուկային օբյեկտներին, որովհետեւ հասկանում է, որ երբ Թեհրանն սկսի կիրառել հակաօդային պաշտպանության այդ համակարգերը, չափազանց դժվար կլինի ռմբակոծել նրա տարածքը: Այս մասին նախօրեին հայտնել է «Bloomberg» գործակալությունը ՝ հենվելով իր աղբյուրների վրա: Նշվում է, որ Իսրայելում լրջորեն անհանգստանում են Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստացումից, իսկ C-400-ի ձեռքբերումը, ըստ իսրայելական աղբյուրների, գործնականում կանաչ լույս կվառի միջուկային զենքի ստեղծման առջեւ: Եվ արդեն Թել Ավիվում սկսվել են Թեհրանի վրա հնարավոր հարձակման հարցի քննարկումները, որոնց ընթացքում անընդհատ շեշտվում է, որ Իրանի կողմից C-400-ների հեռանկարային ձեռքբերումը կարող է արագացնել Թել Ավիվի կողմից հարված հասցնելու որոշման ընդունումը: Իսրայելում այժմ մտածում են միայն արագ գործելու մասին:
«Որքան երկար եք սպասում, այնքան բարդ է դա դառնում: Մենք չափազանց երկար սպասեցինք: Կարող եմ ասել, որ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ, որպեսզի կանխեմ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խոսքերը մեջբերել է «Bloomberg»-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, այսպիսի ուղերձներն ուղղված են ոչ միայն Թեհրանին, այլ նաեւ Վաշինգտոնին: Բանն այն է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի՝ կապված հնարավոր հարձակման հետ: Իսկ ամերիկյան իշխանությունները, ինչպես նշում են լրատվամիջոցները, նախապատվությունը տալիս են դիվանագիտական լուծմանը:
Տեղեկություններ կան, որ Իրանը միջուկային զենք կարող է ստեղծել ընդամենը 12 օրվա ընթացքում: Ստացվում է, որ Իսրայելը պետք է հարձակվի ամենամոտ ժամանակներս: Հարկ է նշել, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին հիմնականում Իսրայելի քաղաքական գործիչներն են խոսում: Թեհրանը հերքել ու հերքում է նման մեղադրանքները: Որպես ապացույց՝ երկիր է հրավիրվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա Իսլամական Հանրապետություն է այցելել մարտի 3-ին:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարծում են, որ Իրանն ուրանը հարստացրել է 84 տոկոսով, եւ շատ քիչ է մնացել՝ հասնելու այն մակարդակին, որն անհրաժեշտ է ատոմային ռումբ ստեղծելու համար: Իրանն առաջվա պես վստահեցնում է, որ չի փորձել ուրանը հարստացնել 60 տոկոսի մակարդակից բարձր:
Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել են, որ պաշտպանության ոլորտում Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունը հասել է «լիարժեք գործակցության», սակայն որեւէ ապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանյան տեղեկատվական տարբեր շրջանակներ նույնպես վերջին օրերին ակտիվորեն առաջ են մղում այն միտքը, որ դաշինք է ձեւավորվում ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի միջեւ: Սակայն, բացի որոշակի ուղղություններում համագործակցությունից, Թեհրանն ու Մոսկվան որոշ հարցերում լուրջ տարաձայնություններ ունեն: Մասնավորապես՝ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ (համապատասխան հռչակագրի ստորագրման տարեդարձի առիթով օրերս Բաքու էր ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը), որն առաջին հերթին Իսրայելի եւ Թուրքիայի դաշնակիցն է տարածաշրջանում: Վերջինս տարհանել է Իրանում իր դեսպանության աշխատակիցներին, միջազգային տարբեր մարմիններում գործում է այդ պետության դեմ, տարածքային պահանջներ է ներկայացնում նրան եւ լրջորեն նախապատրաստվում է Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին: Այս պայմաններում ԱՄՆ-ն, ըստ էության, հալած յուղի տեղ չի ընդունում մերձավորարեւելյան իր դաշնակցի յուրաքանչյուր կեղծիք. ամերիկյան պետական համակարգի շատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել: Թեհրանը նման զենքի կարիք պարզապես չունի, քանի որ չի կարող գերազանցել միջազգային գերտերություններին, ավելին՝ այն օգտագործելու հնարավորություն նույնպես չի ունենա:
Ինչպես նշել է քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը, Իսրայելը Իրանին պետք է այնքանով, որքանով համագործակցության անհրաժեշտ հիմքեր է ստեղծում Արաբական պետությունների լիգայի հետ: Իրանական ռազմական օբյեկտների վրա մարտական դրոնների օգնությամբ հարձակումը, որը ոչնչով հիմնավորված չէր, նպատակ ուներ պայթեցնել ողջ Մերձավոր Արեւելքը: Քանի դեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «խոստովանական ցուցմունք» չի տվել, կարելի է միայն գուշակել, թե ով է հարձակումը նախաձեռնել: Միեւնույն ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավոր չէ միջուկային ծրագրեր խափանել: Այս մասին պետք է որ իմանային նաեւ իրենք՝ հարձակվողները, ուստի ակնհայտ է, որ այդ գրոհի նպատակն էր Իրանի կողմից պատասխան գործողություններ սադրել եւ այնպիսի պատերազմ սանձազերծել, որը կապակայունացներ ողջ Մերձավոր Արեւելքը: Եթե Թեհրանն իմաստություն եւ զսպվածություն չդրսեւորեր՝ հետաձգելով պատասխան հարվածի պահը, Պարսից ծոցի երկրներն անխուսափելիորեն կհայտնվեին Իսրայելի եւ Իրանի հակամարտությունում: Այս իրավիճակի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում այն փաստը, որ Բաքուն անմիջապես հարձակումից առաջ Թեհրանից տարհանեց ադրբեջանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժները գուցե որոշակի սրբագրումներ կատարեցին հակաիրանական ծրագրերում, բայց, ինչպես երեւում է, հարձակման ծրագիրը սոսկ հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել:
Այն հարցում, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա, ոչ մի տրամաբանություն չկար եւ չկա: Իսրայելն Իրանին պետք չէ: Թել Ավիվը փորձում է խնդիրներ ստեղծել Իրանի համար: Իսրայելական անօդաչուները թռել են դեպի Իրան Իրաքյան Քուրդիստանից եւ Ադրբեջանից: Սա հարձակում էր Իրանի վրա Իսրայելի գլխավոր դաշնակիցների կողմից, եւ իրանցիները շատ լավ գիտեն այդ մասին: Այս իրավիճակում, անկեղծ ասած, դժվար է դաշնակցային վստահելի հարաբերություններ պատկերացնել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի պաշտպանության դիրքերից: Հասկանալի է՝ Իրանը չի հանդուրժում սահմանների որեւէ փոփոխություն տարածաշրջանում, եւ Թեհրանի համար Երեւանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը, թերեւս, կողմնորոշիչ է նրա հետ հարաբերությունների բարելավման հարցում:
ԱՄՆ-ը, մի խոսքով, միանշանակ չի մեղադրում Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ, Իրանը, իր հերթին, դեմ չէ, որ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունենա Հայաստանում: Սա նշանակում է, որ պաշտոնական Թեհրանը հնարավոր է համարում կարծրատիպեր կոտրել եւ նոր հարաբերություններ ձեւավորել Հավաքական Արեւմուտքի հետ: Եթե դա տեղի ունենա, Թեհրանը նաեւ հնարավորություն կստանա վերածվել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարի՝ փոխարինելով Ռուսաստանին: Վերջինիս ծրագրերը, ըստ որոնց՝ կարող է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով գազ եւ նավթ վաճառել Եվրոպային, ըստ էության, բարդանում են Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վերջին՝ 10-րդ փաթեթի ընդունումից հետո:
Քաղաքական իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, եւ հետագա իրադարձությունները կարող են ընթանալ ամենատարբեր սցենարներով: Ակնհայտ է մի բան, որ այժմյան պայմաններում նախկին դիրքորոշումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ նորերը խմորման փուլում են: Տարածաշրջանում ռազմական հնարավոր գործողություններից առաջ ու դրանց ընթացքում մարտավարական տեղաշարժերը չեն բացառվում…