Նյու Դելին, որն աշխարհին կոչ է անում վերադառնալ առավել հրատապ խնդիրների դիտարկման, առայժմ շարունակում է հավատարիմ մնալ իր իրատեսական չեզոքությանը՝ ձգտելով հասնել ուկրաինական ճգնաժամի գործնական լուծմանը: Դեռ փետրվարի 23-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության տարելիցի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձեւ, որը կողմերին կոչ էր անում վերջ դնել հակամարտությանը: Այդ փաստաթղթի օգտին քվեարկեց 141 պետություն, 7-ը դեմ էին, իսկ 32-ը՝ ձեռնպահ: Հնդկաստանը վերջիններիս շարքում էր: Դա համապատասխանում է Նյու Դելիի դիրքորոշմանը, որն անփոփոխ է մնում ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Հնդկաստանը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանին ռազմական հատուկ գործողություն սկսելու համար, չի միացել արեւմտյան պատժամիջոցներին եւ պարբերաբար ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում հակամարտության վերաբերյալ քվեարկությունների ժամանակ: Դրա փոխարեն նա ավելացրել է ռուսական նավթի գնումն իջեցված գնով:
Նյու Դելիի դիրքորոշումն առաջացրել է Արեւմուտքի կտրուկ արձագանքը: Մինչեւ հակամարտությունը քաղաքական շատ մեկնաբաններ այն կարծիքին էին, որ Հնդկաստանը անխուսափելիորեն կմիանա Արեւմուտքին: Ինչպես գրում է հնդկական «The Hindu»-ն, արդեն հակամարտության սկսվելուց հետո շատերին զարմացրեց այն, որ Հնդկաստանը չդատապարտեց Ռուսաստանին: Ոմանք կարծում են, որ նա «ֆինանսավորում» է Պուտինի հատուկ գործողությունը՝ գնելով ռուսական նավթը:
Ինչո՞ւ Նյու Դելին չընթացավ այն գծով, որն ընտրել էին նրա արեւմտյան գործընկերները: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե Հնդկաստանն ինչպես է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Ինչպես գրում է Սայմոն Տիսդալլը «The Guardian»-ում հրապարակված հոդվածում, ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի համար սա ժողովրդավարությանը միտված գլոբալ խաչակրաց արշավանք է: Նա ռուսական հատուկ գործողությունն անվանել է «դարի փորձություն»: ՆԱՏՕ-ի համար, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում հակամարտության սկիզբը համաշխարհային ժողովրդավարությանը նետված մարտահրավեր է: Համաձայն այդ կոնցեպցիայի՝ եթե Ռուսաստանը լիակատար պարտություն չկրի, դա կնշանակի «վերջ համաշխարհային կարգին»: Ուստի, փրկելու համար նրան եւ գլոբալ ժողովրդավարությունը՝ միջազգային իրավունքի հետ միասին, ժողովրդավարական եւ օրինապաշտ պետությունները պետք է դիրքորոշում որդեգրեն Ռուսաստանի դեմ եւ միանան արեւմտյան կոալիցիային:
Պետությունների ճնշող մեծամասնությունն աջակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը կոչ էր անում վերջ տալ հակամարտությանը: Իսկ ահա Հնդկաստանը եւ ՀԱՀ-ն պարբերաբար ձեռնպահ են մնում քվեարկություններից եւ հրաժարվել են միանալ պատժամիջոցներին, որովհետեւ «դրանք կիրառվել են որոշակի երկրների եւ դաշինքի կողմից միակողմանի կերպով, առանց ՄԱԿ-ի հավանության»: Բրազիլիան խոշոր պետություն է Հարավային Ամերիկայում, բայց պատժամիջոցներ չի կիրառել: Որոշ երկրներ, որոնք արեւմտյան դաշինքի մաս են կազմում, օրինակ՝ Թուրքիան եւ Իսրայելը, չեն ցանկանում միանալ «Բայդենի խաչակրաց արշավանքին»: Այդ երկրներից շատերն ուկրաինական հակամարտությունը դիտարկում են որպես եվրոպական խնդիր հետխորհրդային երկու հանրապետությունների միջեւ, հակամարտություն, որն սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Անկասկած, Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի անկախությունը, եւ Ղրիմի միացումը ՌԴ-ին հակասում է միջազգային իրավունքին: Եվ Հնդկաստանն ինչպես կարող է անտեսել այդ փաստը եւ շարունակել համագործակցությունը: Նյու Դելին մեկ անգամ չէ ՄԱԿ-ում հայտարարել, որ անհրաժեշտ է հարգել այլ երկրների ինքնավարությունը եւ տարածքային ամբողջականությունը: Բայց երբ պետությունները հայտնվում են բարոյական սկզբունքների եւ ազգային շահերի խաչմերուկում, նրանց համար ի հայտ է գալիս գլխավոր երկընտրանքը, թե որ ճանապարհով գնալ:
Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնի եւ Եվրոպայի մեծ մասի համար Ուկրաինայի հակամարտությունը հետապնդում է նաեւ արտաքին քաղաքական նպատակներ: Ինչպես ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանը թուլացնելն է, իսկ Եվրոպան ցանկանում է, որ հատուկ գործողությունը Ռուսաստանի վրա այնքան թանկ նստի, որ զսպի նրան ապագայում:
Այլ դեպք է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն ապօրինաբար նվաճել է սիրիական տարածքները, բայց չի արժանանում համաշխարհային հանրության զայրույթին:
Այլ խոսքով՝ ազգային հետաքրքրությունների եւ բարոյական սկզբունքների միջեւ ընտրություն կատարելիս Արեւմուտքը նախապատվությունը տալիս է առաջինին: «The Hindu»-ն հարց է հնչեցնում, թե այդ դեպքում զարգացող պետությունները, ինչպիսին Հնդկաստանն է, ինչու չպետք է իրենց քաղաքականության մշակման ժամանակ առաջնահերթությունը տան ազգային հետաքրքրություններին:
Իսկ որո՞նք են Հնդկաստանի ազգային հետաքրքրությունները: Ռուսաստանի հետ կապերը նրա համար կարեւոր են շատ առումներով: Առաջինը՝ էներգետիկայի ոլորտում. իջեցված գնով ռուսական նավթը փրկություն է Հնդկաստանի համար, որը աշխարհի՝ մեծությամբ 5-րդ տնտեսությունն է եւ որն իր սպառողների 80 տոկոսի վառելիքի պահանջները բավարարում է ներմուծման հաշվին: Բայց էներգետիկ կապերը կրում են հիմնականում կոնյուկտուրային բնույթ. նույնիսկ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, Հնդկաստանը կարող է այլընտրանք գտնել, սակայն առավել բարձր գնով, բայց պաշտպանական մատակարարումները վկայում են այլ բանի մասին: Վերջին 5 տարում Մոսկվան բավարարել է Նյու Դելիի ռազմական կարիքների 46 տոկոսը: Կան ծանրակշիռ փաստարկներ այն բանի օգտին, որ Հնդկաստանը պետք է դիվերսիֆիկացնի պաշտպանական ներմուծման աղբյուրները, բայց այդպիսի փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում:
Ռուսաստանը խորացնում է իր կապերը Չինաստանի հետ, որը Նյու Դելիի գլխավոր մրցակիցն է: Հնդկաստանն այստեղ մտածելու շատ բան ունի, եւ Մոսկվայի այդ որոշումը, ըստ փորձագետների, կանդրադառնա ռուս-հնդկական հարաբերությունների վրա: Իսկ Մոսկվան հույս ունի, որ Նյու Դելին կորոշի պահպանել Ռուսաստանի վրա իր ազդեցության լծակները գոյություն ունեցող կապերի միջոցով եւ չի միանա արեւմտյան կոլիցիային՝ ելնելով բարոյական պարտավորություններից:
Ուկրաինական հակամարտության ինչպիսի ելք է նախընտրելի Հնդկաստանի համար: Ոչ Ռուսաստանի թուլացումը եւ ոչ էլ Ուկրաինայի փլուզումը չեն բխում Հնդկաստանի շահերից: Հնդկաստանը ցանկանում է անհապաղ ավարտել հակամարտությունը ՝համաշխարհային տնտեսությունը կայունացնելու համար եւ կենտրոնանալ առավել հրատապ խնդիրների լուծման վրա՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ ՄԱԿ-ի բարեփոխումներ: