Թուրքիայի նախագահին առընթեր Անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների ձեռք բերումից՝ հօգուտ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռների: Քաղաքական գործիչը նշել է նաեւ, որ Անկարան սխալ է գործել՝ կործանիչներ խնդրելով ԱՄՆ-ից: «Ես կարծում եմ, որ երկրաշարժից հետո Թուրքիան կհրաժարվի F-16 կործանիչներից, որովհետեւ դա 20 մլրդ դոլարի արժեք ունեցող փաթեթ է»,- շեշտել է նա:
Էրհանի խոսքով՝ ամերիկյան Կոնգրեսը տարբեր պատճառներով հրաժարվում է Թուրքիային տալ այդ «հնացած եւ անմրցունակ» կործանիչները: «Թուրքիան ակնկալիքներ ուներ այդ ծրագրից: Այժմ կան այլ տարբերակներ, օրինակ՝ չինական կործանիչները, որոնք վաճառվեցին Պակիստանին, ռուսական ինքնաթիռները, ինչպես նաեւ «Eurofighter»-ը»,- նշել է Էրհանը:
Ընդհանրապես՝ թուրքական պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում մշտապես շեշտում են, որ ԱՄՆ-ի համար F-16-ի գործարքը միջոց է, որի օգնությամբ նա ճնշում է գործադրում Թուրքիայի վրա: Անկարան Վաշինգտոնից 40 ժամանակակից F-16 ինքնաթիռներ եւ նման 80 կործանիչների համար արդիականացման սարքավորումներ է խնդրել 2021 թ., երբ արդեն դուրս էր մնացել F-35-ի ծրագրից՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Ընդ որում՝ մինչեւ ռուս-թուրքական պայմանագրի կնքումը ամերիկյան կողմը Թուրքային բազմիցս նախազգուշացրել էր, որ դա հակասում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերին, որ F-35-ի մասին տեղեկատվությունը արդյունքում կարող է հայտնվել Մոսկվայում: Ի պատասխան դրա՝ Անկարան հոխորտաց, որ ինքն է պատասխանատու իր անվտանգության համար եւ ինքնուրույն է պլանավորում իր քաղաքականությունը: Բայց ահա մեղադրում է ԱՄՆ-ին, երբ վերջինս Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը պայմանավորում է իր անվտանգային նկատառումներով: ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնվել՝ դաշինքի կազմում ընդգրկելով Ֆինլանդիային ու Շվեդիային, իսկ միակ խոչընդոտը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է:
Ամերիկյան լրագրողները ենթադրում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հարցը բախվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ձգտմանը: CNN-ի մեկնաբանները կարծում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի աջակցում Ստոկհոլմի նախաձեռնությանը միայն այն պատճառով, որ մտադիր է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Շվեդիային ներկայացված առարկությունները, ինչպես գրում են ամերիկացիները, սոսկ քողարկման միջոց են:
Թուրքիան կարող է զիջումներ կորզել ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց մասերի գնման հարցում ԱՄՆ-ի հետ «սակարկությունների» արդյունքների հիման վրա։ Անկարան գիտակցում է, որ ԱՄՆ-ի համար իր ռազմավարական նշանակությունը մեծ է, ուստի գործիք է գտնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը շահարկելու համար եւ առայժմ չի տալիս իր համաձայնությունը։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ Թուրքիան շատ հարցերում աջակցում է ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Դրա ապացույցն Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարման փաստն է, ինչին կոչ է անում Վաշինգտոնը։ Միեւնույն ժամանակ Անկարան վերահսկում է սեւծովյան նեղուցները եւ կարող է իր դիրքը որպես գործոն օգտագործել բազմաթիվ վեճերում։ Ապագայում դա Թուրքիային կարող է օգնել՝ ձեռք բերելու ամերիկյան F-16 կործանիչներ։ Պետք է ենթադրել, որ այս հարցի լուծումը կարող է հետաձգվել մինչեւ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները: Ի վերջո, երկրաշարժի հետեւանքների, երկրի տնտեսական վիճակի ողջ պատասխանատուն գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն է, ով մտադիր է կրկին հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում: Այսպիսի իրավիճակի ֆոնին նրան թշնամի է պետք՝ հանրությանն ազգայնական գաղափարի շուրջ համախմբելու համար, եւ Էրդողանի իշխանությունն ԱՄՆ-ին ծառայեցնում է այդ դերին: Անկարայի ներկայացուցիչներն իրենց «ստեղծագործական փայլատակման» մեջ հաճախ են անցնում բոլոր թույլատրելի սահմանները: Վաշինգտոնը մեղադրվել է անգամ երկրաշարժ առաջացնելու մեջ, որպեսզի Էրդողանն ընտրություններում պատասխան չտա շինարարության ոլորտում տեղի ունեցած չարաշահումների համար: Թող զարմանալի չթվա, բայց թուրքական իշխանությունները հակաամերիկյան այնպիսի տրամադրություններ են ձեւավորել երկրում, որ այժմ բոլոր խնդիրները կարելի է բարդել Վաշինգտոնի վրա ու սպասել ընտրություններին: Հաջողության հասնելու օրակարգն էլ պարզ է՝ օգնել տուժածներին՝ ապահովելով բուժում, սնունդ, աշխատանք, բնակարան, նպաստներ, միջազգային օգնություն, եւ լուծել հարակից այլ հարցեր:
Ստեղծված իրավիճակը, սակայն, չի նշանակում, թե Թուրքիան կհեռանա ԱՄՆ-ից ու կործանիչներ ձեռք կբերի, ասենք, Ռուսաստանից: Նրա նպատակը դա չէ, այլ ստիպելը, որ Միացյալ Նահանգները որոշակի զիջումներ կատարի: Հենց այդ նպատակով շարունակում է առաջ մղել իր գիծը: Այն, որ Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերումից՝ հօգուտ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռների, նույնպես այդ գծի տրամաբանության մեջ է: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից դաշինքի համար հակառակորդ պետություններից կործանիչների գնումը մահացու մեղք է, որը նրան դուրս կդնի ՆԱՏՕ-ից, ինչը, իր հերթին, կուժեղացնի Հունաստանի արժեքը Հյուսիսատլանտյան դաշինքում: Անկարան նման բան չի կարող թույլատրել: Այսպիսով՝ հասկանալի է դառնում, որ Թուրքիան «շոյում» է Ռուսաստանին նրա հնարավորություններն Էրդողանի նախընտրական քարոզարշավում օգտագործելու համար: Ռուսաստանյան մեդիան ու ողջ քարոզչամեքենան այժմ լծված են այդ գործին: Վերջին շրջանում ռուսաստանյան փորձագիտական ու վերլուծական շրջանակները հաճախ են զարգացնում այն միտքը, որ «Արեւմուտքը ցանկանում է իշխանությունից հեռացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ նա վերջին տարում բարձրացրել է Թուրքիայի դերը համաշխարհային գործերում»:
Միանգամայն հնարավոր է, որ Էրդողանին շատերն են ցանկանում գահընկեց անել, բայց միանգամայն այլ պատճառներով: 2007 թ. Նոբելյան դափնեկիր, Կիպրոսի միջազգային ինստիտուտի տնօրեն, տնտեսության ու էթիկայի պրոֆեսոր Թեոդորուս Պանայոտուն, օրինակ, դիմել է ԱՄՆ-ին ու ողջ աշխարհին՝ կոչ անելով «չթույլատրել Էրդողանին երկրորդ Ղրիմ ստեղծել»: Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստվում է լիովին ու վերջնականապես անեքսիայի ենթարկել Հյուսիսային Կիպրոսն առաջիկա ամիներին: Երկրաշարժից հետո, սակայն, դա անհավանական է թվում:
Ավերածությունների մասշտաբներն ու մարդկային կորուստներն այնպիսի չափերի են հասել, որ իշխանությունները համընդհանուր ընտրություններում պետք է հսկայական ջանքեր գործադրեն: Երկրի բնակչությունը քննադատելու է նրանց: Փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի ծրագիրը կհետաձգվի երկար ժամանակով, ներդրողներն էլ կարող են հեռանալ թուրքական գազային նախագծերից…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, կապված Շվեդիայում Ղուրանի այրման հետ, նախօրեին հայտարարել է, որ չի պատրաստվում Շվեդիային խորհուրդներ տալ խոսքի ազատության մասին նրա օրենքների վերաբերյալ։ Նա շեշտել է, որ Անկարան եւ Ստոկհոլմը կարող են տարբեր կարծիքներ ունենալ Ղուրանի այրման վերաբերյալ, բայց կա համաձայնություն, որում ներառված չի եղել մուսուլմանական մշակույթին վիրավորանքներ թույլ չտալու հարցը։ «Ես Թուրքիային փոխանցեցի, որ իրենք կարող են տարբեր կարծիքներ ունենալ Ղուրանի այրման վերաբերյալ։ Շատ երկրներում կան օրենքներ, որոնք սահմանափակում են նման գործողությունները, բայց չես կարող արգելել այն ամենը, ինչը քեզ դուր չի գալիս»,-ասել է Ստոլտենբերգը երեկ Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններից առաջ՝ ավելացնելով, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան կատարել են համաձայնագրի պահանջները` այդ կերպ փորձելով սանձել Թուրքիային առեւտուր անելու իր ձգտման մեջ: