Այս ատոմակայանն առաջին իսկ օրից, երբ կնքվեց համապատասխան պայմանագիրը, Թուրքիայում դարի կառույց են անվանում։ Իսկապես, պայմանները շատ իմաստներով բացառիկ են։ Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերդին նահանգում տեղակայված այս հզոր ատոմակայանը մտնում է աշխարհի ամենամեծ էլեկտրակայանների առաջին տասնյակ եւ կոչված է ապահովելու երկրում սպառվող էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը։ Այն այսօր աշխարհում ընթացող շինարարությունների շարքում ամենամեծերից է (ոմանք պնդում են՝ ամենամեծը)՝ 1200 հեկտար շինարարական մակերեսով։ Նրա 4 ռեակտորների գումարային էլեկտրական հզորությունը կազմելու է 4800 մեգավատ։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի ամենահզոր ատոմակայանը նկատելիորեն զիջում է Ակկույուին (1485 մվտ), Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի (Զապորոժիե) էներգետիկական հզորությունը 6000 մվտ է, աշխարհի ամենախոշոր ատոմակայանի հզորությունը (Ճապոնիա) կազմում է 8212 մվտ։ Հայաստանի էներգետիկ պահանջարկի 40 տոկոսն ապահովող Հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկների գումարային նախագծային հզորությունը 815 մեգավատ է (գործող էներգաբլոկի հզորությունը՝ շուրջ 407 մվտ՝ 10 անգամ զիջում է թուրքականին)։
Ակկույուի ատոմակայանի շինարարության համար Ռուսաստանը ներդնելու է շուրջ 22 միլիարդ ԱՄՆ դոլարի կարգի գումար։ Ոմանք կարծում են, որ սա Թուրքիայի ողջ պատմության ընթացքում ներդրված ամենամեծ գումարն է, որ իրականացնում է Ռուսաստանն Ակկույուի այդ ծրագրով։ Սա ամենամեծ ներդրումն է Թուրքիայի Հանրապետության եւ Օսմանյան կայսրության տնտեսության մեջ, որ եղել է պատմության ընթացքում (մենք կհիշեցնեինք նաեւ 100 տարի առաջ Լենինի օգնությունը Աթաթուրքին)։ Համեմատենք՝ Ռուսաստանին պատկանող նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար պահանջվում է 4-6 մլրդ դոլար, որն առ այսօր չի գտնվում։ Վերջին շրջանում բուն Ռուսաստանում մեծ ոգեւորություն առաջացրած եւ համաժողովրդական անվանված ամենամեծ շինարարությունը՝ Ղրիմի կամուրջը, բյուջեի վրա նստեց մոտ 3.6 մլրդ դոլար։
Մյուս կողմից՝ Թուրքիայի համար Ռուսաստանի հատկացրած այս աննախադեպ գումարը բարձր չի կարող համարվել անհեռատեսորեն ձեռնարկված նման հսկայական շինարարական ծավալների համար։ Թուրքիայում առանց մեծ հույսերի նախատեսվող երկրորդ՝ Սինոպի նույն հզորությամբ ատոմակայանի շինարարության համար ֆրանս-ճապոնական կոնսորցիումը պահանջել է դրա կրկնակին։
Ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվել է 2010 թ., շինարարության սկիզբը համարվում է 2018-ի ապրիլի 3-ը, որը հանդիսավորապես նշեցին երկու երկրների նախագահները՝ տեսակապով։ Նման բովանդակությամբ համաձայնագիր առ այսօր չի կնքվել միջուկային բնագավառում՝ այն իրագործվում է «կառուցիր, տիրապետիր, բանեցրու» սկզբունքով։ Թուրքիան առ այսօր ոչ մի լումա չի ներդրել. ողջ ներդրումները ռուսական են։ Ռուսական այդ փողերից 6 միլիարդի չափով հատկացվելու է թուրքական աշխատուժի ներգրավմանը։ Փոխարենը, համաձայն պայմանագրի, ատոմակայանն ամբողջովին պատկանելու է Ռուսաստանին, Թուրքիայում նրա շահագործումն ապահովելու է Ռուսաստանը եւ վաճառելու արտադրված էլեկտրաէներգիան Թուրքիային (առաջին եւ երկրորդ էներգաբլոկների արտադրանքի 70 տոկոսի չափով, հաջորդներինը՝ ավելի պակաս)։ Թուրքական կողմը երաշխավորում է արտադրանքի ձեռքբերումը պայմանավորված չափաբաժնով՝ 12.23 ցենտ կիլովատ-ժամի համար հաստատված գնով (առանց հարկերի)։
Ատոմակայանի առաջին հերթի բացումը
Ատոմակայանի ռեակտորները, ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվեն հետեւյալ հերթագայությամբ՝ Ակկույու-1՝ 2023 թ. ապրիլ, Ակկույու-2՝ 2024 թ. ապրիլ, Ակկույու-3՝ 2025 թ. ապրիլ, Ակկույու-4՝ 2026 ապրիլ։ Առաջին հերթի շահագործմանը, ներկա սոցիալ-քաղաքական պայմաններում, Թուրքիայում սպասում էին մեծ անհամբերությամբ։ Նախագահ Էրդողանը դա հռչակել էր տարվա ամենամեծ իրադարձություն։ Դեռ երկու ամիս առաջ նա հայտարարում էր, որ, հավանաբար, բացումը տեղի կունենա Ռուսաստանի իր գործընկերոջ անձնական մասնակցությամբ։ Հետագայում հավակնությունները որոշ չափով իջեցվեցին՝ արարողությունը կիրականացվի տեսակապով։ Վերջին օրերին կարելի էր զգալ ինչ-որ շփոթմունք։ Հայտնի է, ռուսները սովորություն ունեն մեծ մասամբ խախտել ժամանակացույցը։ Կարծես այս անգամ եւս չէին հասցրել, բայց բացումն անհրաժեշտ էր, քանի որ այն Թուրքիայում նախագահական մոտալուտ ընտրությունների քարոզչության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն էր դարձել՝ բազմաթիվ անհաջողություններից հետո։ Սկզբում վստահ խոսում էին առաջին էներգաբլոկի շահագործման մտցնելու մասին՝ ապրիլի 27-ին։ Այնուհետեւ պարզվեց՝ այդ օրն իրագործվելու է վառելիքի բեռնումը։ Արդյոք էլեկտրաէներգիայի թողարկումը կսկսվի՞ նույն օրը կամ երբ՝ լռում են։ Ողջ 27-ի օրը հաղորդագրությունների մեջ սպասում էինք այս թեմայով նյութերին, տպավորություն էր՝ նախորդ օրերին ավելի շատ էին խոսում, քան շահագործման օրը։ Միայն երեկոյան սկսեցին սուղ լուրեր հասնել։ Նախօրեին Էրդողանը վատացել էր հենց հեռուստահաղորդման ընթացքում։ Նույնիսկ խոսակցություններ տարածվեցին սրտի կաթվածի հնարավորության մասին։ Անմիջապես հետեւեց պաշտոնական հերքումը նախագահի աշխատակազմի Ապատեղեկատվությունների հերքման կենտրոնի կողմից՝ նախագահը աշխատել է 17 ժամ, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։ Միայն մի փոքր վատ է զգացել՝ «նրա մոտ ստամոքսի գրիպ է»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Ա. Սելվին։ Ցուցադրվեց նաեւ՝ ինչպես է Էրդողանը խոսում հեռախոսով, ըստ մեկնաբանությունների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Բովանդակային այլ լրատվություն առայժմ չենք գտնում։ Մեր գնահատմամբ՝ բոլոր դեպքերում ծրագրված հանդիսավոր արարողությունը եթե չասենք տապալված էր, ապա առնվազն՝ շատ հեռու էր նախատեսվող ներկայանալիությունից։ Կարծում ենք՝ դա միայն Թուրքիայի նախագահի առողջական վիճակով չի պայմանավորվում, ծրագրի իրականացման ընթացքում խոշոր խնդիրներ են գծագրվում։
Ակկույուի ծրագրի քննադատությունները
Այն, որ այս հսկայածավալ ծրագիրը մեծ անհամաձայնություններ է հարուցում, արդեն հանրագիտարանային ճշմարտություն է դարձել։ Նշվում է, որ անբավարար են թուրքական պարտավորությունները ենթակառուցվածքների ապահովման գծով, կայանը հեռու է էլեկտրաէներգիայի հիմնական սպառող արտադրական խոշոր կառույցներից, համաձայնագրում չեն նախատեսված ֆորսմաժորային հանգամանքները։ Թուրքական կողմը հատկապես դժգոհություններ է հայտնում 25 տարվա համար հաստատված գնի վերաբերյալ։ Գտնում են՝ այն շատ բարձր է, գրեթե հավասար Թուրքիայում այսօր գործող վաճառքի սպառողական գներին (նորագույն տեխնոլոգիաներով արեւից, քամուց ստացվող էլեկտրաէներգիայի արժեքը, փաստորեն, հավասարվել է ատոմակայանի պայմանագրով նախատեսված գնին)։ Հաշվի չեն առնված արտարժույթների փոխարժեքի փոփոխությունները։ Պայմանագրի կնքման պահին (հիշեցնենք, որ պայմանագիրը 2010 թ. է կազմվել)։ Այն ժամանակ ԱՄՆ դոլարի փոխարժեքը Թուրքիայում 4 լիրա էր, այժմ 20-ի սահմաններում է՝ աճել է 500 տոկոսով։ Բերում են Եգիպտոսի հետ Ռուսաստանի նմանատիպ պայմանագիրը, որտեղ գինը երկու անգամ ցածր է։
Իր հերթին՝ մեծ դժգոհություններ կան նաեւ ռուսական կողմից։ Նշվում է Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների իսպառ բացակայությունը պայմանագրում, նույնիսկ թուրք կապալառուներին վճարելու է Ռուսաստանը, Թուրքիայի քաղաքացիներն անվճար բարձր մասնագիտական կրթություն են ստանում Ռուսաստանում՝ իրենց համար նոր, ռազմավարական նշանակության ոլորտում՝ շուրջ 600 հոգի, 7.5 տարի ժամկետով (ներառյալ ռուսերենի ուսուցումը)։ Էլեկտրաէներգիայի մատակարարման գինը արձանագրված է 25 տարվա համար՝ առանց հաշվի առնելու դոլարի արժեզրկումը, էներգակիրների համաշխարհային գների հետեւողական աճը, արժույթի փոխարժեքի դինամիկան, ինչպեսեւ, որ շատ կարեւոր է, խոսք չկա ատոմակայանի ազգայնացման հնարավորությունը բացառելու պայմանի մասին։
Բազմիցս կասկածներ են ծագել ծրագրի քաղաքական նպատակահարմարության շուրջ։ Նշվում է Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծապես ընդարձակելու ուղղությամբ, մասնակցությունը Ռուսաստանը շրջանցող էներգատարների շինարարությանը, շեշտվում է նաեւ միջուկային ռազմական ծրագրերի ձեռնարկման հավանականությունը թուրք մասնագետների՝ Ռուսաստանում ստացած գիտելիքների հիման վրա։ Նման փաստերի քննությունը հիմք է տվել ռուսաստանցի հայտնի գիտնական-արեւելագետ, տնտեսագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկիին, օրինակ, արտահայտվելու, որ «իր երկրին վերջնականորեն կլինիկական հիմարի տեղ են դրել»։
Ներկայացնելով այս ամենը՝ մենք չենք չարախնդում, վատը չենք ցանկանում, ինչպես իրենք՝ Հայաստանի ատոմակայանի փակման վերաբերյալ միջազգային ատյաններում ներկայացվող իրենց մշտական պաշտոնական պահանջներում։ Բայց այս վտանգների մասին զգուշացնում են խոշոր վերլուծաբաններ, որոնք հայտնի են իրենց անվերապահորեն իրագործվող քաղաքական կանխատեսումներով։ Վարը (թերթի հաջորդ համարում.- խմբ.) ներկայացնում ենք նրանցից երկուսի ելույթները Ռուսաստանի խորհրդարանում՝ Ակկույուի ռուս-թուրքական պայմանագրի կապակցությամբ։
Մինչ այդ մի անձնական դիտարկում միայն. այս գործարքը, ի վերջո, բախման է հանգեցնելու։ Թուրքիան այն երկիրը չէ, որ խստորեն պահպանի իրեն ոչ ձեռնտու պարտավորությունները։ Երկնագույն հոսքը դա արդեն սկսում է ապացուցել։ Ակկույու ծրագիրն իր նպաստն է բերելու Ռուսաստանի տնտեսական փլուզմանը եւ, ի վերջո, փոխադարձ դժգոհություն է հարուցելու երկուսի միջեւ։ Թուրքական կողմից, նրանց հայտնի հատկությունը՝ սեփականելու ուրիշների կառուցածը, հանգիստ չի տալու նրանց, մինչեւ սա էլ իրենցով չանեն։ Ակկույուի գործարքի կապակցությամբ ռուսները մտածել են, թե ծանր պարտավորություններով այս երկրին կախման մեջ կգցեն իրենցից։ Բայց դա 2010 թ. էր՝ այն ժամանակ թուրքերը Ռուսաստանից բնազդական մակարդակի վախ ունեին։ Դրժման եւ ռուսների ծանր խաբվելու շատ խոսուն պատմական փաստի ենք ականատես եղել դեռ 100 տարի առաջ՝ Լենին-Աթաթուրք հայտնի պայմանագրի կապակցությամբ, ինչը գուցե ուրիշները մոռացել են, բայց լավ հիշում ենք հատկապես մենք՝ հայերս։ Ակկույուն երբեք չի ծածկելու իր ծախսերը, եւ հնարավոր է՝ ամբողջ 22 միլիարդը կորչի։ Իհարկե, Ռուսաստանն էլ այն երկիրն է, որտեղ պետական գումարների վատնման համար պատասխանատվություն չեն կրում։ Մի խոսքով՝ դժվար չէ ենթադրել, որ ավարտից հետո Թուրքիան ազգայնացնելու է կայանը, Ռուսաստանն էլ, ի պատասխան, արտադրական գաղտնիքները չի բացահայտելու՝ կազմակերպելով նենգադուլ, եւ կոնֆլիկտն անխուսափելի է դառնալու, քանի որ այս երկրների ռազմավարական նպատակները հեռահար կտրվածքում հակոտնյա են բոլոր առումներով։ Ամենակարեւորը՝ մենք պետք է կարողանանք ամեն կերպ դիմանալ, մինչեւ կամբողջանան հակասություններն այս պետությունների միջեւ, եւ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ դրանց բռնկումն առնչվի Հայաստանին կամ տեղի ունենա նրան մոտ տարածքներում, այսինքն, Հայաստանի գոյության իրավունքը «կազուս բելլի» չդարձնենք։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ