Թուրքիան պաշտոնապես համալրել է այն երկրների շարքը, որոնք սեփական միջուկային էներգետիկա ունեն: Բայց, ինչպես հայտնում է իրանական «Donya-e-Eqtesad»-ը, «Ակկույու» էլեկտրակայանի շինարարությունը ոչ միանշանակ իրադարձություն է: Արեւմուտքի դժգոհությունն է առաջացրել այն հանգամանքը, որ նախագծի իրականացման գործում առաջատար դերն ստացել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը, չնայած 60 տարով ուշացումով, միանում է միջուկային էներգետիկա ունեցող երկրների
շարքին: Ընդ որում՝ այդ հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը հանդիսավոր պայմաններում «Ակկույու» էր տեղափոխում միջուկային վառելիքը: Այս միջոցառման առթիվ կազմակերպված տեսակոնֆերանսին մասնակցել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանն այն է, որ Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցվել է «Ռոսատոմ» ընկերության ռուս մասնագետների մասնակցությամբ:
Էրդողանը Թուրքիայի համար կարեւոր իրադարձությանը նվիրված իր խոսքում շեշտել է, որ միջուկային վառելիքի ստացմամբ «Ակկույուն» երկրում առաջին միջուկային օբյեկտի կարգավիճակ է ձեռք բերել: Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինն օնլայն ելույթում նշել է, որ «Ակկույու» ատոմակայանն ապահովված է ամենաժամանակակից եւ հուսալի անվտանգության համակարգով եւ այժմյան աշխարհում կառուցված նման օբյեկտների շարքում ամենաանվտանգ կայաններից է:
Ենթադրվում է, որ այս տարի կսկսվի «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին հերթի շահագործման գործընթացը, իսկ հաջորդ հերթերը շահագործման կհանձնվեն մեկ տարվա ընդմիջումով:
Այն, որ նախագծի իրականացման գործում առաջատար դերը ռուսական ընկերության էր պատկանում, առաջացրել է արեւմտյան մրցակիցների դժգոհությունը: Այդ իսկ պատճառով ինչպես արտասահմանյան ԶԼՄ-ները, այնպես էլ Թուրքիայի արեւմտամետ հանդեսները բավական ակտիվորեն լուսաբանում էին կայանի շինարարության դեմ բողոքի ցույցերը՝ կազմակերպված տեղի ակտիվիստների կողմից, որոնք ներկայացնում էին կանաչների շարժումը: Արդեն վաղուց նշվել է, որ կանաչների հասարակական բոլոր խմբերը եվրոպական երկրներում ոչ այնքան «մաքուր էկոլոգիայի» կողմնակիցների միավորումներ են, որքան ազգային կառավարությունների վրա հասարակական-քաղաքական ճնշման միջոցներ: Ուստի այդ իրադարձությունը, ինչպես նշել է թուրքական մամուլը, երկրի կյանքում ունի ոչ միայն կարեւոր տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն:
«Ակկույու» նախագծի իրականացումը Թուրքիայում նաեւ շատ կողմնակիցներ ունի: Նշվում է, որ կայանի բացմամբ ու նրա բոլոր հերթերի շահագործմամբ Թուրքիան հնարավորություն կունենա ոչ միայն բավարարել էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլ նաեւ վերածվել կարեւոր էներգետիկ հանգույցի Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների համար: Թուրքիայի քաղաքական գործիչները նաեւ շեշտում են, որ կայանի բացումը, որը գործնականում հատուկ նպատակով էր պլանավորվել նախընտրական քարոզարշավի ընթացքում, գործող նախագահ Էրդողանին, որը ցանկանում է վերընտրվել, լրացուցիչ հաղթաթուղթ կտա իր մրցակիցների դեմ պայքարում:
Էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվել է 2010 թ.: «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը Թուրքիայի հարավարեւելյան Մերսին նահանգում՝ որպես ատոմային էներգետիկայի առաջին օբյեկտ, սկսվել է 2018 թ. ապրիլին: Երկրում առաջին ռեակտորի շինարարությունը նույնպես սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մոտ 20 մլրդ դոլարի արժեք ունեցող այդ նախագիծը կդառնա ամենախոշոր ներդրումը Թուրքիայում շինարարության մեկ փուլում եւ կապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Սակայն, ըստ մասնագետների, հաջորդ հերթերի շահագործմամբ տոկոսային այդ չափը միայն կաճի:
Էլեկտրակայանի շահագործումը երկրում, ընդհանուր առմամբ, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծի: Թուրքական ընկերությունների բաժինն այդ նախագծում կազմում է 35-40 տոկոս, եւ դա նրանց 6-8 մլրդ դոլար ավելացված արժեք կբերի: Ենթադրվում է, որ վերջնարդյունքում այդ ատոմակայանում կաշխատի չորս էներգաբլոկ՝ 1200-ական մեգավատտ հզորությամբ: Այսօր «Ակկույու» էլեկտրակայանի համար մասնագետներ պատրաստում է Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային համալսարանը, որում այդ ԱԷԿ-ի աշխատանքի համար ուսանում է 248 մարդ, այդ թվում 35-ն արդեն ավարտել են ուսումնառությունը:
Երբ չորս միջուկային ռեակտորներ ունեցող եւ 4800 մեգավատտ արտադրական ընդհանուր հզորությամբ էլեկտրակայանը լիարժեք շահագործվի, կարող է 35 մլրդ կվտ/ժ էներգիա առաքել, որն անհրաժեշտ է միայն մերձավորարեւելյան տարածաշրջանի խոշորագույն քաղաքի՝ ավելի քան 10 մլն բնակիչ ունեցող Ստամբուլի կարիքները հոգալու համար:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը վերջին ժամանակներս իր սեփական նախաձեռնությամբ Թուրքիային «մարդամեջ» է մտցնում: Ըստ նրանց՝ «Ակկույու» ԱԷԿ-ը դժվար փլուզվող երկար տարիների միջպետական «ամուսնություն» է:
Վերլուծելով այս դիտարկումները՝ պետք է շեշտել. կասկածից դուրս է, որ դա շահավետ է Թուրքիայի համար: Թուրքիան գործնականում ֆինանսական որեւէ պարտավորություն չունի, քանզի մոտ 22 մլրդ դոլարի ֆինանսավորումը կատարվում է Ռուսաստանի բյուջեի հաշվին, իսկ հատկացված վարկն անտոկոս է: Վարկերի մարման սխեմայում էլեկտրաէներգիայի գինը «ֆիքսված է 25 տարով», եւ հաշվի չեն առնվում գնաճն ու փոխարժեքի փոփոխությունները։ Ռուսաստանին միջոցների վերադարձը կասկածի տակ է դրվում երկարաժամկետ հեռանկարում «Թուրքիայում էլեկտրաէներգիայի արժեքի աճի հավանական սահմանափակման» եւ դոլարի փոխարժեքի ցատկի պատճառով։ Ոչինչ չի խանգարում Թուրքիայի կառավարությանը՝ վերանայելու համաձայնագրի պայմաններն ապագայում սակագնի իջեցման ուղղությամբ։ Անկարան ներդրումներ չի կատարում շինարարության մեջ, այլ ձեռք է բերում հսկողություն այն գույքի նկատմամբ, որն իրեն չի պատկանում՝ հենվելով Թուրքիայի ազգային անվտանգության եւ տնտեսական շահերի պաշտպանության վրա: Վառելիքի մատակարարումների դիմաց վճարում է ոչ թե Թուրքիան, այլ «Ռոսատոմը», այսինքն՝ գործնականում դրանք կիրականացվեն ռուսական բյուջեի հաշվին։
Իսկ ինչպե՞ս է սրան պատասխանում ՌԴ-ի «ռազմավարական գործընկեր» Թուրքիան: Ատոմակայանի բացման օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պահին թուրքական զորքերը դուրս չեն բերվի Սիրիայից: Ճիշտ է՝ նա միեւնույն ժամանակ վերապահում է արել, որ զինվորականները մտադիր չեն կտրել սիրիական հողերի մի մասը, սակայն նրանք չեն կարող հեռանալ հյուսիսային Սիրիայից, «քանի դեռ այդ հատվածներում լիարժեք անվտանգություն չի ապահովվել»։ Այսինքն՝ թուրքերի դուրսբերման հեռանկարն իրականում անսահմանություն է, քանի որ հենց Անկարան է որոշելու՝ ապահովվե՞լ է անվտանգություն, թե՞ ոչ։ Բացի այդ, Թուրքիան կարիք չունի օկուպացրած տարածքները շտապ հայտարարել իր սեփականը. չէ՞ որ արդեն ամբողջությամբ վերահսկում է դրանք։ Էրդողանի եւ Ասադի միջեւ բանակցությունների հեռանկարների մասին Չավուշօղլուն նշել է, որ չարժե արագացնել իրադարձությունները, նախ պետք է մշակել «ճանապարհային քարտեզ, ուսումնասիրել քաղաքական ասպարեզը, կայունություն հաստատել Սիրիայում», եւ միայն հետո՝ երբեւէ, ինչ-որ կերպ… Իսկ ինչո՞ւ թուրքերը պետք է բանակցեն սիրիական իշխանության հետ։ Ի՞նչ կարելի է այնտեղ քննարկել՝ Անկարայի կողմից գրավված տարածքների նկատմամբ Սիրիայի ինքնիշխանության վերադա՞րձը։ Թուրքիային դա իսկապես պետք չէ։ Այլ հարց է, որ սիրիական իշխանությունները ստիպված էին ենթարկվել ռուսական ճնշմանը եւ բանակցություններ սկսել Անկարայի հետ՝ վերջինիս ակնհայտ ցանկությամբ…
Բայց եթե Սիրիայի հարցում ռուսական էլիտան դեռ կարող է այնպիսի տեսք ընդունել, որ համագործակցում է թուրքերի հետ, ապա ի՞նչ անել ՆԱՏՕ-ի հետ: ՌԴ-ում սիրում են կրկնել, որ Էրդողանն ըմբոստացել է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ, ընդհանրապես, Արեւմուտքի դեմ, բայց իրականությունն այսպիսին է. մայիսի 2-23-ին Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Ռուսաստանի «ռազմավարական գործընկերներ» Ադրբեջանն ու Պակիստանը թուրքական Քոնիայում կանցկացնեն «Անատոլիական արծիվ-2023 թ.» համատեղ զորավարժությունները: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
«Ակկույու» ատոմակայանի շնորհիվ Ռուսաստանը աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղ գործիք է ստանում, բայց հարցն այն է, թե որքանով կուզենա օգտվել դրանից: Մոսկվան կարող է ճնշում գործադրել «ռազմավարական գործընկերոջ» վրա՝ նրա ազդեցությունը սահմանափակելու համար: Եթե իրացվի «Ակկույու» նախագծի միայն ֆինանսական, բայց ոչ աշխարհաքաղաքական մասը, ապա այդ ատոմակայանը կդառնա Թուրքիայից Ռուսաստանի կախվածության գործիք եւ ոչ թե հակառակը: Սիրիայի հարցում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը միայն ապացուցում է, որ Անկարան ամենեւին էլ մտադիր չէ ենթարկվել ռուսական հնարավոր ճնշումներին կամ սահմանափակումներին, իսկ ռուսական միջնորդությունից կարող է օգտվել ոչ թե Մոսկվայի, այլ սեփական ախորժակը բավարարելու համար: Իսկ դրան ի՞նչ է հակադրելու Ուկրաինայում «խրված» Ռուսաստանը…
Այս ամենից հետո տեղեկություն տարածվեց, որ Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներն Ամմանում տեղի ուեցած խորհրդակցության ընթացքում համաձայնեցրել են սիրիական ճգնաժամի բազմակողմանի կարգավորման ճանապարհային քարտեզը: «Ամմանում կայացած հանդիպումը նոր փուլ է բացում Սիրիայում 12-ամյա հակամարտությունից հետո,-ասել է Հորդանանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Այման աս Սաֆադին:- Արաբները ստանձնում են քաղաքական որոշման նախաձեռնությունը եւ կհասնեն տնտեսական շրջափակման դադարեցմանն ու հարազատ տներ փախստականների վերադարձին»:
Արաբական երկրները հանդես են գալիս սիրիական ճգնաժամի այնպիսի քաղաքական որոշման օգտին, որը կհանգեցնի երկրից արտասահմանյան ապօրինի բոլոր ուժերի ելքին: Այս մասին նշված է արտգործնախարարների ամփոփիչ հայտարարության մեջ:
«Քաղաքական որոշումը պետք է պահպանի Սիրիայի ինքնիշխանությունը, բավարարի նրա ժողովրդի ձգտումները եւ ազատի նրան ահաբեկչությունից,- ասված է դրանում:- Քաղաքական որոշումը պետք է հանգեցնի արտասահմանյան բոլոր ուժերի հեռացմանը, որոնք ապօրինի կերպով են գտնվում Սիրիայում»:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ