Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում: Երկրի ընտրական բարձրագույն խորհրդի ղեկավար Ահմետ Եները հայտարարել է, որ Էրդողանն ավելի քան 99 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո ստացել է ձայների 52.14 տոկոսը, իսկ նրա մրցակցի՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 47.86 տոկոսը:
Պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ Էրդողանը հանդես է եկել Ստամբուլում իր կողմնակիցների առջեւ՝ հայտարարելով, որ Թուրքիայի բնակիչները իրեն են վստահել «պետության ղեկավարման պատասխանատվությունը հաջորդ հինգ տարում»: «Այս արդյունքը մեր ազգի կամքն է: Բայց մենք միակ հաղթողները չենք: Հաղթողը Թուրքիան է: Հաղթողը մեր ժողովրդավարությունն է»: Նա նաեւ թվիթերյան իր էջում գրել է «Թուրքիայի մեծ հաղթանակի առթիվ: Թող սկսվի Թուրքիայի դարաշրջանը»:
Քըլըչդարօղլուն, հանդես գալով իր կողմնակիցների առջեւ, երկրորդ փուլի արդյունքներն անարդար է անվանել: Այս մասին հայտնում է ANKA-ն: Նա հայտարարել է, որ կշարունակի ընդդիմադիր գործունեությունը, քանի դեռ «իսկական ժողովրդավարությունը չի եկել»: Նրա կարծիքով՝ երկիրն անցել է «վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացով», բայց այս ընտրություններում «դրսեւորվել է ժողովրդի կամքը՝ փոխելու ավտորիտար կառավարությունը, չնայած ողջ ճնշմանը»: Իր հերթին՝ «Լավ» կուսակցության ղեկավար, Քըլըչդարօղլուի կողմնակից Մերալա Աքշեները շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ եւ հայտարարել, որ ընտրությունների արդյունքներից պետք է դասեր քաղել:
Հարկ է շեշտել, որ Էրդողանի հաղթանակն ավելի շատ ուրախացրել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քան թուրքերին: Նրանց համար դա նշանակում է, որ, ի թիվս այլոց, ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ նրա հակամարտության նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը նկատելիորեն չի փոխվի: Այլ պետություններին իր օգնությունն առաջարկող Մոսկվան, որն իրեն Հավաքական Արեւմուտքի ու նրա միահեծան իշխանության դեմ պայքարի առաջամարտիկ է համարում՝ հանուն բազմաբեւեռայնության գաղափարի իրագործման, այնքան է իջել, որ ցնծում է Թուրքիայի ընտրություններում Էրդողանի հաղթանակից՝ չմտածելով, որ դրանով իսկ բացահայտում է իր թուլությունը, այն, որ ոչ մեկի, առավել եւս՝ Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող ժողովուրդների համար պարզապես չի կարող անվտանգության երաշխավոր լինել:
Մի կողմ թողնելով ռուսական ցնծությունն ու վերադառնալով բուն ընտրությունների թեմային՝ պետք է հիշեցնենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է նախագահն ընտրվում երկու փուլով: Առաջին փուլում հիմնական թեկնածուների՝ Էրդողանի ու Քըլըչդարօղլուի միջեւ տարբերությունը մեծ չէր. գործող նախագահի օգտին քվեարկել էր 49.52 տոկոսը, իսկ ընդդիմության ներկայացուցչին վստահություն էր հայտնել 44.88 տոկոսը: Մինչեւ երկրորդ փուլի սկիզբը Էրդողանին, անկախ գործադրած միջոցներից, հաջողվեց իր կողմը թեքել երրորդ թեկնածու Սինան Օղանին, ով առաջին փուլում ստացել էր ձայների 5.17 տոկոսը: Նա իր կողմնակիցներին կոչ արեց քվեարկել Էրդողանի օգտին, իսկ գործող նախագահի թիմը հենց այդ պահից խնդիրը լուծված համարեց՝ հասկանալով, որ դա բավարար է վերջնական հաղթանակի համար. չէ՞ որ երկրորդ փուլում հաղթողը որոշվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիան նախագահի ընտրության հարցում հստակորեն բաժանված է էթնոաշխարհագրական նախանշանով։ Քըլըչդարօղլուն հաղթել է Միջերկրական ծովի ափին եւ երեք «մայրաքաղաքներում»՝ Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարայում։ Նրա օգտին քվեարկել են նաեւ քրդական շրջանները, թեեւ այնտեղ մասնակցությունը շատ ավելի քիչ էր, քան սպասում էր ընդդիմությունը։ Իսկ Էրդողանի օգտին քվեարկել են ավելի «խորն ընկած» տարածքների բնակիչները: Երկրորդ փուլի քվեարկության ընթացքում տեղեկություններ եղան, որ Քըլըչդարօղլուին աջակցող թաղամասերում ընտրողներն այնքան ակտիվ չեն ընտրատեղամասեր գնացել, որքան մայիսի 14-ին։
Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը անհավանական թիվ կազմեց՝ 87 տոկոս: Շատ փորձագետներ վստահ են, որ այս իրավիճակում, երբ հանրության մի ընդգծված հատված երկրաշարժի պատճառով օրվա հացի ու գլխավերեւում ծածկի խնդիր է լուծում, այսպիսի մասնակցությունը տրամաբանական չէ: Առավել եւս՝ այն շրջաններում, որոնք աջակցում են Էրդողանին, ում օրոք կառուցված շենքերի մեծ մասը ստորգետնյա ցնցումների արդյունքում փլուզվեց թղթե տնակի պես՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր զոհերի, չգիտես ինչու՝ մասնակցության տոկոսն ավելի բարձր է, քան այն շրջաններում, որոնք համակրում են ընդդիմության թեկնածուին: Սրանք հարցեր են, որոնք, ըստ վերլուծաբանների, հետաքրքրում են թուրք բնակչությանը: Հավանաբար, գործող իշխանությունը հասկանում է, որ Էրդողանին նախագահ հռչակելով եւ այդ իրադարձությունն անվանելով «ժողովրդավարության հաղթանակ»՝ չի լուծում իր առջեւ ծառացած հիմնախնդիրները: Հավանաբար, հենց դա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը գլխավորում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստիպեց հանդես գալ հայտարարությամբ՝ կոչ անելով «հասուն» վերաբերմունք դրսեւորել ընտրությունների արդյունքների հանդեպ: Այդ մասին թվիթերում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը:
«Հաղթողը ողջ Թուրքիան է: Մեր քաղաքացիներից ոչ ոք չպետք է նեղացած ու տխուր լինի: Ոչ մի քաղաքացի չի պարտվել: Եկեք հասուն կերպով ընդունենք ընտրությունների արդյունքները եւ շնորհավորենք միմյանց մեր ժողովրդավարության ամրապնդմամբ»,- նշված է հաղորդման մեջ:
Ինչպես եւ մայիսի 14-ին, երկրորդ փուլում նույնպես Էրդողանն իր ընտրատեղամասում փող է բաժանել: Ինչպես առաջին դեպ քում, այնպես էլ այս անգամ Ընտրական բարձրագույն խորհուրդը դա օրենքի կոպիտ խախտում չհամարեց, քանի որ Էրդողանը թղթադրամները տվել է ոչ թե նրանց ծնողներին, այլ անչափահաս երեխաներին: Սա ոչ մեծ ակնարկ է, որ նախագահը, եթե ցանկանա, կարող է շրջանցել օրենքը՝ պաշտոնապես ոչինչ չխախտելով:
Օրենսդրության պահպանման առումով առարկություններ են ներկայացվել նաեւ Քըլըչդարօղլուին: Իշխանամետ «Haber-7»-ը հաղորդել է, որ Բուրսա քաղաքում ընդդիմադիր թեկնածուի շտաբը հեռախոսային հաղորդագրությունների միջոցով քարոզչական բնույթի հաղորդումներ է տարածել: Բայց Ընտրական բարձրագույն խորհրդի ղեկավար Ահմետ Եները ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո հայտարարել է. «Ոչ մի բացասական իրադարձություն, որը կարող էր ազդել քվեարկության գործընթացի վրա, չի արձանագրվել»: Եղել են միայն առանձին բողոքներ, որոնք ուսումնասիրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Շատ հետազոտողներ, ովքեր նախապես հայտարարում էին, որ Էրդողանը կվերընտրվի, նշում են, որ իրենք վստահ էին մի բանում. եթե գործող նախագահը չի ցանկանում հանձնել իշխանությունը, չի պարտվի: Իսկ դա նշանակում է, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանար, Էրդողանը մի բան կմտածեր, միայն թե պահպաներ պաշտոնը…